Ֆլորա-Զաբել Հիչքոկը (Մանգասարյան)՝ Բրոդվեյի աստղն ու ամերիկյան համր կինոյի առաջին դերասանուհին, ծնվել է 1880 թ. ապրիլի 1-ին պոլսեցի պրոֆեսոր Մանգասարյանի ընտանիքում: 1894-96 թթ. Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի ջարդերի ժամանակ նրա ընտանիքը փախել է Կոստանդնուպոլսից Չիկագո: Այնուհետև Ֆլորա-Զաբելը Չիկագոյից մեկնել է Նյու Յորք՝ նվաճելու Բրոդվեյը:
Նյու Յորքում Ֆլորա- Զաբելը, ինչպես որ ծրագրել էր, մեծ հաջողության է հասնում. հազարավոր երկրպագուներ և տասնյակ լավագույն դերեր Բրոդվեյի ներկայացումներում:
Մանգասարյանն առաջին կին աստղերից մեկը դարձավ ամերիկյան համր կինոյում:
New York Tribune թերթը «Գիշերային Նյու Յորքը կենդանացնող դերասանուհիներ և դերասաններ» (1902, 29 հունիսի) հոդվածում հիացմունքով է գրել Ֆլորա-Զաբել Մանգասարյանի և նրա դերասանական տաղանդի մասին, որ դրսևորվել է “King Dodo» ներկայացումում: Թերթը նաև պատմում էր Մանգասարյանի ընտանիքի պատմությունը՝ նշելով, որ ոչ վաղ անցյալում ընտանիքը ստիպված է եղել լքել հայրենի Կոստանդնուպոլիսը հայերի դեմ սկսված հետապնդումների պատճառով:
1905 թ. արդեն կատակերգական ժանրի նշանավոր բրոդվեյան դերասանուհին ամուսնանում է հանրահռչակ ամերիկյան դերասան, Բրոդվեյի թատրոնների աստղ Ռայմոնդ Հիչքոկի հետ:
Շուտով այդ աստղային զույգը երաժշտա-կատակերգական ժանրի «նորարարության օրենսդիր» է դառնում ԱՄՆ-ում: Հիչքոկ-Մանգասարյան զույգին ընդօրինակում էին ԱՄՆ-ի
և Եվրոպայի բոլոր նշանավոր թատրոնները, նրանց մոտ ուսանելու էին գալիս տաղանդավոր դերասաններ ու դերասանուհիներ, նրանց ներկայացումները դիտելու էին գալիս ողջ երկրից, այդ թվում և ԱՄՆ-ի բարձրաշխարհիկ հասարակությունը:
Ֆլորան ու Ռայմոնդը ոչ միայն խաղում են թատրոնում, այլև իրենք էլ բեմադրություններ էին անում և շատ հյուրախաղերի էին մեկնում Ամերիկայում ու Եվրոպայում: Պոլսեցի դերասանուհուն մեծ փառք են բերում գլխավոր դերերը “The Yankee Tourist” (1907), “The Mascot” (1909), “The Man Who Owns Broadway” (1910), “The Pearl Maiden” (1912), “Toot-Toot!” (1918), “The Girl from Home” (1920) և այլ ներկայացումներում:
Ամուսնու մահից հետո՝ 1929 թ., Ֆլորա-Զաբել Մանգասարյան-Հիչքոկը սկսում է հազվադեպ երևալ բեմում և նկարահանվել կինոյում, իսկ 40-ականներից հետո առհասարակ անհետանում է ասպարեզից:
1968 թ. հոկտեմբերի 7-ինԲրոդվեյը և ԱՄՆ-ի համայն թատերական հասարակայնությունը տեղեկացավ Ֆլորա-Զաբել Հիչքոկ-Մանգասարյանի մահվան մասին: Բրոդվեյի աստղը վախճանվել է կյանքի 88-րդ տարում:
Աղբյուրը՝ RUSARMINFO