Վախճանվել է կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը մահացել է մարտի 13-ին: Այսօր հասարակությունը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում վերջին հրաժեշտը տվեց նրան:
Հովիկ Հախվերդյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Հովիկ Հախվերդյանը ծնվել է 1936 թ. մայիսի 13-ին Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, սակայն համալսարանն ավարտելուց հետո հրապուրվում է ռեժիսորի մասնագիտությամբ և աշխատանքի անցնում Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսորի ասիստենտ:
1961-1971 թթ. Հախվերդյանը Հայաստանի հեռուստապետկոմի ռեժիսորն էր: 1971 թվականից աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում։ 1969 թ. նկարահանել է իր առաջին` «Վարդան Աճեմյան» վավերագրական ֆիլմը: Այնուհետև հաջորդել են մյուս գործերը՝ «Կեսդարյա տարեգրություն» (1970 թ.), «Հայաստանի կամերային անսամբլը» (1971 թ.), «Հակոբ Կոջոյան» (1973 թ.), «Վասպուրական» (1973 թ.), «Արագած» (1974 թ.), «Բյուրեղապակի» (1974 թ.), «Ավետիք Իսահակյան» (1975 թ.), «Գորանի» (1977 թ.), «Աշխատող ատոմ» (1978 թ.), «Անձամբ պատասխանատու» (1979 թ.), «Իմ Հայաստանը» (1980 թ.), «Տարիներ, իմ տարիներ» (1981 թ.), «Մրցույթ» (1983 թ.), «Մատենադարան» (1983-98 թթ.), «Աղաղակող քարերի երկիրը» (2001 թ.), «Նարեկացի որոնելիս» (2009 թ.) վավերագրական ֆիլմերը և «Ճանապարհին» (1976 թ.), «Սերոբի ծառը» (1978 թ.) գեղարվեստական կարճամետրաժները:
Երկար տարիներ Հովիկ Հախվերդայանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 1988 թ. նա արժանացել է ՀՀ պետական մրցանակի, իսկ 2006-ին` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Հովիկ Հախվերդյանի վերջին` «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմը երաժշտության, նկարչության, խոսքի և աղոթքի գրավիչ ու միստիկ միաձուլում է: Ֆիլմի մասին կինոռեժիսորն ասում էր. «Նարեկացին ասես կողպված մի տուն լինի, որտեղ մտնել կարելի է կա՛մ երդիկով, կա՛մ պատուհանով. շքամուտքով ներս մտնելն անհնար է, քանի որ մի փականը բացելուց հետո, մյուսը պետք է բացել, հետո` մյուսը, և այսպես շարունակ»: