33fa3220-4c82-4f24-911a-6cbc54ae795bԱուդիովիզուալ հնարքներ, ինստալյացիա, վիրտուալ իրականություն, էլեկտրոնային երաժշտություն, կատարողական արտահայտչամիջոցներ ու ազդեցություն միանգամից բոլոր զգայարանների վրա. նման շոուներ եվրոպական երկրներում հաճախ են իրականացվում: Վիրտուալ աշխարհում circa69 անվամբ հայտնի բրիտանացի Սայմոն Ուիլքինսոնի նմանօրինակ աշխատանքներին՝ ֆիլմ-ներկայացումներին, միլինոնավոր մարդիկ են քաջատեղյակ:

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի հատուկ հյուրն է Սայմոն Ուիլքինսոնը, նրա վիրտուալ ֆիլմ-ներկայացումն էլ առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում:
ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Ուիլքինսոնը երկու օր՝ փետրվարի 23-ին և 24-ին ներկայացրեց իր շոուն: Տեխնիկական նորարարությունների և կինոյի սիրահարները նախապես էին գրանցվել նրա 15 րոպե տևողությամբ ֆիլմ-ներկայացումները դիտելու համար: Դա հատուկ ձևաչափ ու կարգ է: Շոուն չի կարող ամբողջ դահլիճը դիտել որպես ֆիլմ: Սայմոն Ուիլքիսոնն աշխատում է յուրաքանչյուրի հետ առանձին:

Սայմոն ՈւիլքինսոնԲրիտանական ֆիլմերի փառատոնի հատուկ հյուրի աշխատանքները ցուցադրվել են Tate Modern պատկերասրահում, թարգմանվել մի քանի լեզուներով: Նա պարբերաբար մեկնում է միջազգային շրջագայությունների: Ուիլքինսոնն ընկղմող մեդիայի և տրանսմեդիա պատմվածքի հրավիրված դասախոս է Նիդեռլանդների կինոակադեմիայում և Լոնդոնի տարբեր համալսարաններում:

Ներկայացում-ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: circa69 ընկերությունը 10 տարի առաջ է հիմնադրվել: Համատեղ ուժերով էլ ստեղծել է «Խորանարդ» ներկայացում-ֆիլմը:
1959 թ. քոլեջի 8 ուսանողներ իրենց դասախոսի հետ անհետանում են անապատում: Բոլորն անհույս նրանց են փնտրում: Երկու շաբաթ անց մի շատ տարօրինակ վայրում՝ խորանարդանման սև շինության մեջ, հայտնվում է 8 նամակ: Պարզվում է՝ դրանք գրել են անհետացած խմբի անդամները: Նամակները, որ արդեն մի քանի տասնամյակ թանգարանում են պահվում, Սայմոն Ուիլքինսոնն անձամբ է կարդացել: Նամակների հայտնվելուց հետո մարդիկ սկսել են տարբեր կարծիքներ հայտնել, վարկածներ առաջ քաշել: Այս տարօրինակ ու խորհրդավոր պատմությունը դարձել է «Խորանարդ» ֆիլմի թեման:

Իրեն միջպլատֆորմային արվեստագետ անվանող Ուիլքինսոնն Ավստրալիայում աշխատել է 8 երիտասարդների հետ ու ստացել առեղծվածային պատմության իր պատկերացումը՝ «Խորանարդ» ֆիլմը:

«Ոչ ոք չի կարող ասել, թե որն է իրականությունը և որը՝ հորինվածքը: Դրանց սահմանները միացած ու անջատված են: Իմ ֆիլմի հանդիսատեսի 63 տոկոսը համացանցում փնտրում է այս պատմության իրականն ու երևակայականը: Սակայն 15-րոպեանոց այս ֆիլմն ընդամենը դուռ է, որ կարող է տանել դեպի մեկ այլ պատմություն: Ես փորձում եմ ցույց տալ, որ ֆիլմն ընկալելու համար միայն աչքերն ու ականջները չեն մասնակցում. դա ամբողջական գործընթաց է, որը ներգրավում է բոլոր զգայարաները»,- բացատրեց Ուիլքինսոնը:

«Խորանարդը» քոլեջի ուսանողների ու նրանց դասախոսի անհետացման պատմության վիրտուալ վարկածն է: Ֆիլմ-ներկայացումը դիտողը սեփական մաշկի վրա է զգում իրական ու անիրական պատմության ազդեցությունը:

Նաիրա Փայտյան