8Երևանյան փառատոնային կյանքն այնքան հագեցած է, որ թվում է՝ քիչ-քիչ վերածվում է աբսուրդի։ Թերևս հենց այս նկատառումով «Դիալոգոսի» կազմակերպիչներն այն չփառատոն են որակել՝ խուսափելով «հացի և զվարճանքի» մայրաքաղաքյին ձևաչափից։ Փոխարենը ներկայացրել էին հարուստ բովանդակությամբ ֆիլմերի մի ծրագիր, որը երևանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու փետրվարի 22-25 «Մոսկվա» կինոթատրոնում:

Այն, որ ժամանակակից կինոարտադրությունն էլ ավելի է կոնվեյեր հիշեցնում, իսկ արտադրված ֆիլմերը՝ զուտ զվարճանքի առարկա, ստիպում է հանդիսատեսին մի պահ կանգ առնել, շունչ քաշել և ուշադիր նայել շուրջբոլորը։ Վավերագրական կինոն այսօր մեծ  թափ է առել և նկատելի վերելք է ապրում, քանզի անմիջապես արձագանքում է կյանքի իրողություններին, որսում և ժապավենին է հանձնում հարահոս և հարափոփոխ իրականությունը։ Մեր օրերում վավերագրական կինոն՝ իրական մարդկանց կյանքի մասին հուզիչ պատմություններով և  մանավանդ իրական հերոսներով, ավելի շատ դրամա է բովանդակում, քան խաղարկայինը։ Միջազգային կինոփառատոներում  գեղարվեստական ֆիլմերի կողքին հետզհետե ավելի շատ վավերագրականն է հաղթում։ Հաղթում են իրականությունն ու փաստերը։

Դա են վկայում նաև երևանյան «Դիալոգոս» չփառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերը՝ նկարահանված հայ, վրացի, թուրք և ադրբեջանցի կինեմատոգրաֆիստների կողմից։ Ժապավեններ, որոնք շոշափում են սուր և կնճռոտ հարցեր՝ կապված ժամանակակից աշխարհում ընթացող բարդ ու հակասական քաղաքական, հասարակական, սոցիալական իրողությունների հետ։

Մեր օրերում լուրերի թողարկումներ դիտելիս հաճախ կարծիք է ստեղծվում, որ  հայտնվել ենք մի անվերջանալի պատերազմի հորձանուտում։ Անհեթեթ թվացող այս պատերազմները հազարավոր մարդկանց կյանք են խլում և խեղաթյուրում ողջ մնացածներինը։ Բեկվում են հասարակ մարդկանց ճակատագրերը մեծ տերությունների վարած քաղաքականության հետևանքով։ Ամենից թանկ բանը՝ մարդկային կյանքը, արդեն վաղուց ոչինչ չարժե…

12733965_843450532449509_2841778675370614954_nՊատերազմի և խաղաղության սահմանագծում է նաև մեր տարածաշրջանը։ Հետխորհրդային երկրները վերջին տարիներին ավելի հաճախ են հայտնվում համաշխարհային լրահոսի գլխագրերում և ամենևին ոչ դրական երանգի իրադարձություններով։ Ղարաբաղա-ադրբեջանական հակամատրություն, վրաց-օսական պատերազմ, ուկրաինական կոնֆլիկտ։

«Դիալոգոսում» ներկայացված ֆիլմերն այս կամ այն կերպ առնչվում են այդ ցավոտ հարցերին։ Կինոնկարների ռեժիսորները մաքուր վավերագրության լեզվով պատմում են մեր կողքին ապրող մարդկանց, նրանց կյանքի դժվարությունների, կորուստների և մաքառման ուժի մասին։ Այն մասին, որ չնայած բոլոր խոչընդոտներին՝ մարդիկ իրենց մեջ հույս ու հավատ են պահպանում պայքարելու այն ամենի համար, ինչն իրենց համար թանկ է ու սիրելի (Արա Շիրինյանի «Պատերազմ 3պատերազմից հետո», Տիգրան Պասկևիչյանի «Պատերազմի գերիները»

Մեծ տեղ է հատկացված նաև երիտասարդների կյանքի իրական պատմություններին, որոնց մեջ հատկապես ընդգծվում է հեղինակների հետաքրքությունն ու կարեկցանքը նրանց նկատմամբ։ Երիտասարդներ, որոնց աշխարհայացքը ձևավորվել ու ամրապնդվել է չլուծված հակամարտության համատեքստում։ Նրանք պատմում են իրենց մանկության հուշերի, ներքին անհաղթահարելի վախերի ու հարաճուն տագնապների, անցյալի բեռի, դատարկ թվացող ներկայի ու անհեռանկար ապագայի մասին (Զարինա Սանակոևայի, Թեոնա Բեթլեմիձեի և Վասիլ Գուլեուրիի «Պատերազմի սերունդը», Անի Նիկողոսյանի և Լևոն Քալանթարի «Նկուղային սերունդը»

«Այս հարթակն առաջին փորձն է կինոյի լեզվով ներկայացնելու հակամարտող կողմերի անցյալն ու ներկան, խնդիրներն ու հույսերը, կորուստներն ու ձեռքբերումները։ Մենք մեծ հույս ունենք, որ այս չփառատոնը կդառնա ամենամյա։ Ոչ, սա տոն չէ, այլ փորձարկումների, լուծումներ և հնարավորություններ փնտրելու ինտերակտիվ դաշտ։ Ընտրված ֆիլմերը չեն մրցում, մրցանակներ չեն ստանում։ Մեր նպատակն այն է, որ այս ֆիլմերը ոչ թե մրցեն իրար հետ, այլ առողջ երկխոսության հարթակ ձևավորեն։ Եվ մենք այս տարի ներկայացնում ենք վերջին 10 տարիներին նկարահանված 18 վավերագրական և 4 անիմացիոն կինոնկար, որոնց հիմքում ցավն ու մտահոգությունն է, կյանքի և մահվան սահմանագծին հայտնված մարդկանց ճակատագրերը։ Անձամբ ես շատ ուրախ եմ, որ կինոնկարների հանդեպ հետաքրքրություն կա։ Քանի որ հայտնի է՝ վավերագրական կինոն քիչ  թվով մարդկանց է հետաքրքում և սովորաբար դժվարությամբ դիտվում։ Բայց ես հասցրել եմ այցելուներից շատ դրական արձագանքներ ստանալ։ Ինչու՞ ենք ընտրել «Dialogos» անվանումը. այս հին հունարեն բառը նշանակում է զրույցի և իմաստության համադրություն, ճշմարտության և լուծումների փնտրտուք, անվերջ գործողություն, շփման և հաղորդակցության միջոց»,- իր խոսքում նշում է «Դիալոգոս» չփառատոնի համակարգող, լրագրող Աննա Բարսեղյանը։

12792205_844938872300675_812033205068654684_o«Դիալոգոսի» շրջականերում նաև պրեմիերա տեղի ունեցավ։ Երևան էր ժամանել վրաց վավերագրող Թոմա Չագելիշվիլին իր «Ես չեմ հատել սահմանը, սահմանն է հատել ինձ» ժապավենով, որի համաշխարհային պրեմիերան կկայանա այս տարվա մարտին Պրահայի «One World» կինոփառատոնում։

Այս ֆիլմը պատկերում է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետևանքները՝ հասարակ մարդկանց կյանքի պատմության օրինակով։ Ներկայացվում է մի սովորական վրացական ընտանիքի տուն, որը հայտնվում է կոնֆլիկտի գոտում և մի օր էլ անսպասելի հատվում փշալարով։

«Այսպիսով, ընտանիքը բաժանվում է, հարազատները ստիպված են լինում ապրել փշալարերի երկու կողմերում։ Եվ որպեսզի տեսնեն իրենց մտերիմներին, ստիպված պետք է լինեն 300 կմ ճանապարհ կտրել-անցնել։ Մենք անընդհատ պետք է պատմենք աշխարհին, թե ինչ է կատարվում իրականում։ Վավերագրական կինոն ոչ մի դեպքում չպետք է լինի ուղղորդված քարոզչության խողովակ։ Այն բաց է ու ազատ պատմելու այն մասին, թե ինչ է տեղի ունենում իրականում, կյանքի ճշմարտության մասին՝ առանց ավելորդ գունազարդման։ Հետաքրքության առանցքում միշտ էլ մարդն է, նրա կյանքի պատմությունն ու խեղված ճակատագիրը»,- իր խոսքում նշեց Թոմա Չագելիշվիլին։

Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Ինտերնյուս-Հայաստան) կողմից Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ