Բրիտանական ֆիլմերի փառատոնի Ֆիլմ-ներկայացումները
Փետրվարի 20-ին մեկնարկած Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի 7 ֆիլմերի ցուցադրությունները «Մոսկվա» կինոթատրոնում անցան լեփ-լեցուն դահլիճներում: Յուրաքանչյուր ֆիլմ ցուցադրվեց 3 անգամ: Թարգմանությունները լուսագրերով էին, և հասկանալի է՝ ոչ այնքան հարմար ֆիլմն ընկալելու համար: Սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որ հանրությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերի փառատոնի նկատմամբ: Դատելով հանդիսատեսի վերաբերմունքից ու գնահատականից՝ փառատոնի կազմակերպիչներին հաջողվել է իրականացնել իրենց կարգախոսը՝ «Լավագույնը՝ Բրիտանիայից»:
Երևանում Բրիտանական ֆիլմերի փառատոնի վերջին օրը Փոքր թատրոնում ցուցադրվեց երկու ֆիլմ՝ «Սիրիայի թագուհիները» և «Մաքսին Փիքի Համլետը»:
Փառատոնի կազմակերպիչները, ցանկանալով անդրադառնալ պատերազմական ամենաթեժ գոտու՝ Սիրիայի խնդիրներին, հայ կինոդիտողին առաջարկեցին ֆիլմ-ներկայացում: Թեև այս ձևաչափը մեզանում ընդունված չէ, նմանօրինակ տարբերակը մեզ հայտնի է հեռուստաթատրոնից: Կամ հիշենք Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը, որը ժամանակին նկարահանվել է և այսօր կարող ենք You tube-ում դիտել: Ի տարբերություն, սակայն, Վարդան Աճեմյանի այս բեմադրության՝ «Սիրիայի թագուհիները» ֆիլմ-ներկայացումը նաև վավերագրական վկայություն է: Սիրիայի պատերազմից փրկված գաղթական կանայք պատմում են իրենց ապրումների, կրած տառապանքների մասին: Նրանք կարոտում են իրենց տունը, հարազատներին, որոնց կորցրել են կամ ստիպված են եղել լքել: Ռեժիսորը բեմադրում է սիրիացի կանանց պատմությունները, բայց եթե թատրոնում խաղում են դերասանները, ապա այս դեպքում դերասաններ չկան. կանայք իրենք իրենց են մարմնավորում՝ ականատեսի աչքերով հանդիսատեսին ներկայացնելով տարագիր, հայրենազուրկ մարդու ողբերգությունը: Ֆիլմ-ներկայացման հեղինակները ցանկացել են հենց այսօր կատարվող իրադարձությունները բեմ հանել, թատրոնն ու կինոն համադրելով՝ այդ մարդկանց ոչ թե տանել նկարահանման հրապարակ, այլ թատրոն՝ բեմից հնչեցնելով մարդկային կործանված ճակատագրերի պատմությունները:
Բրիտանական ֆիլմերի փառատոնը հարկ է համարել անդրադառնալ նաև Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին: Փոքր թատրոնում ցուցադրված «Մաքսին Փիքի Համլետը» ֆիլմ-ներկայացումն այդ առիթով էր: «Համլետի» ժամանակակից բեմադրությունը ներկայացված էր հենց հանդիսատեսի առջև՝ ոչ բեմի վրա: Առանց դեկորացիաների ու նկարչական ձևավորման, առանց շեքսպիրյան ժամանակաշրջանի զգեստների ու կենցաղավարության, բեմադրության հեղինակները, շեքսպիրյան հերոսներին ամենևին էլ չկտրելով իրենց ժամանակաշրջանից, դրամատիկական պատմությունը ներկայացրել էին անսովոր մեկնաբանությամբ ու մոտեցմամբ: Շեքսպիրյան թեման պահպանված էր՝ ստոր դավաճանություն ու ոճիր, որին անտեղյակ է Համլետը, բայց հոր տեսանելի ու շոշափելի ուրվականը բացում է գաղտնիքը, և նրա հոգին վրեժ է տենչում: Մի սենյակի չափ քառակուսի տարածքում, մեկ-երկու աթոռի, լամպերի ձևավորմամբ՝ պիեսի հերոսները խմորեցին պատմությունը, այն զարգացրին ու հանգուցալուծման հասցրին: Տեսախցիկների հետևողական «աչքից» չէին վրիպել հերոսների ապրումները, նրանց ներաշխարհի արտացոլանքն աչքերում ու անգամ ժպիտում:
Թե՛ «Սիրիայի թագուհիները», թե՛ «Մաքսին Փիքի Համլետը» հաջողվել է մատուցել և՛ որպես ներկայացում, և՛ որպես ֆիլմ: Այս կերպ, անշուշտ, հնարավոր է դարձել թատրոնը տեղափոխել աշխարհի տարբեր անկյուններ՝ օգտագործելով ընդամենը մի կտոր ճերմակ պաստառ:
Նաիրա Փայտյան