«Պատերազմի վավերագրողները» շարքի հերթական հերոսը կինոօպերատոր Արտո Խաչատուրյանն է:

– Ծնվել եմ Գանձակում, որը, ցավոք, Ադրբեջանի կազմում է: Երկու տարեկանում ընտանիքով տեղափոխվել ենք Հայաստան: Դա 1966 թվականն էր: Այսինք ներգաղթյալ եմ, ոչ թե փախստական:
Երազում էի դառնալ կինոօպերատոր ու դարձա: Մասնագիտական կրթություն եմ ստացել և՛ Երևանում, և՛ Մոսկվայում: 1981 թվականից աշխատել եմ «Հայֆիլմում» մինչև նրա փլուզվելը:

r001-002– Ինչպիսի՞ն էր 88-ի շարժումը կինոօպերատոր Արտո Խաչատուրյանի աչքերով:

– 88-ի շարժումն ինձ համար հետաքրքիր էր նախ որպես հայ տղամարդու ու քաղաքացու համար: Ծանոթ լինելով այդ շարժման ակունքներում կանգնած գործիչներին՝ տեսնում էի այդ շարժման տրամաբանական շարունակությունը: Նրանք բավականին գրագետ էին ու հեռատես՝ հասկանալու համար, որ հողը երբեք նվեր չի տրվում, այն կամ գնում ես, կամ էլ գրավում: Պատերազմն անխուսափելի էր: Ես ինքնաբերաբար ներգրավվեցի այդ ամենի մեջ ու ջոկատներից մեկի կազմում մեկնեցի Արցախ:

93-ի ամենադաժան ժամանակաշրջանում Արցախի մասին գեղարվեստական ֆիլմ նկարելու առաջարկ ստացա: Մի տեսակ տարօրինակ էր պատերազմի դաշտում գեղարվեստական ֆիլմ նկարելը, բայց այն նկարվեց: Ավելի ուշ Վրեժ Պետրոսյանի հետ աշխատում էի «Անավարտ դասամիջոց» վավերագրական ֆիլմի վրա: Այն պատմում էր պատանիների ջոկատի մասին, որի կազմում 12-15 տարեկան երեխաներ էին, հավաքվել էին տարբեր վայրերից՝ Արցախից, Երևանից, Գորիսից: Կատարյալ ազնվությամբ օժտված երեխաներ, չնայած ոմանք և՛ խմում էին, և՛ ծխում: Շատ դեպքերում ավելի արագաշարժ էին և ճկուն, քան հասուն տղամարդիկ: Կռվում էին անձնազոհ: Նրանք պարզապես սիրում էին այդ հողը:

«Արցախյան օրագիր» հայտնի ֆիլմաշարի օպերատորը ևս Արտո Խաչատուրյանն է: Զինադադարից հետո՝ 1995 թ. ավստրիացի հայազգի ռեժիսոր Օհանջանյանի հետ աշխատել է «Արցախի օրագիր» լիամետրաժ փաստագրական ֆիլմում: Ցվետանա Պասկալևայի հեղինակած «Նվիրյալները» հեռուստահաղորդումը ևս նրա օպերատորական աշխատանքի արդյունքն է: «Այս հաղորդաշարն իրականացնում ենք մեր ընկերների առաջ պարտքի զգացումով»,- ասում է կինոօպերատորը:

– Հունվարի 28-ին մենք նշեցինք Հայոց բանակի 24-րդ տարեդարձը: Ինչպիսի՞ն էին այդ բանակի ձևավորման առաջին տարիները, երբ դեռ ֆիդայական կռիվներ էին ընթանում Արցախում:

– Շուշիի գրավումն ընդունված է համարել Արցախյան պատերազմի բեկումնային փուլը, բայց մինչ այդ եղել են մի քանի գործողություններ, որոնք իրենց նշանակությամբ պակաս կարևոր չէին: Եվ այդ գործողությունները փայլուն կերպով իրականացնում էին մեր ֆիդայական ջոկատները: Սակայն կային մարդիկ, որոնք հստակ գիտակցում էին կանոնավոր բանակի անհրաժեշտությունը: Հայոց բանակը ձևավորվում էր պատերազմին զուգահեռ, պատերզմական թոհուբոհի մեջ:

– Այդ պատերազմի Ձեր՝ որպես արվեստագետի ընկալումը:

– Մենք հայ ենք, մի՛ մոռացեք: Իսկ հայն այս պատերազմը չի կարող գնահատել դիտորդի հայացքով: Այնտեղ դու ո՛չ օպերատոր ես, ո՛չ լրագրող, դու կա´մ հայ ես, կա´մ հայ չես: Ես որպես հայ եմ գնացել Արցախ: Եթե որպես օպերատոր մասնակցեի Սերբիայի կամ Վիետնամի պատերազմներին, գուցե այլ՝ ավելի չեզոք հայացքով գնահատեի պատերազմը: Չնայած պետք է նշեմ, որ սկզբում պատերազմն ավելի ռոմանտիկ մի բան է թվում: Ոչ ոք չի մտածում, որ կարող է զոհվել, առնվազն՝ կարող է վիրավորվել: Դու չես զգում՝ ինչ է պատերազմը, մինչև կողքիդ ընկերը չի զոհվում:

Հայկական յուրաքանչյուր թիզ հող ինձ համար հայրենիք է: Ինձ համար հայրենիք է նաև Արևմտյան Հայաստանը, որին նայելով մեղքի զգացում եմ ունենում: Մայրական կողմս արմատներով Արցախից է, իսկ հայրական կողմս՝ Վանից: Վանի ջարդերի ու ինքնապաշտպանական կռիվների ժամանակ հայրական տատիս ընտանիքի տասներեք երեխաներից ընդամենը երկուսն են փրկվել: Ցանկացած հայի մեջ ապրում են այս հիշողությունները, և լավ է, որ ապրում են, չնայած մենք պատմության դասերը լավ չենք սերտում: Եվ մեծ ու փոքր սխալների պատճառով հազարամյակների պատմություն ունեցող ազգն այսօր մի կերպ գոյատևում է: Շատ ենք սխալներ թույլ տալիս:

– Մեր մեծ ու փոքր սխալներով, այնուամենայնիվ, կարողացանք միավորվել և հաղթել Արցախյան պատերազմում:

– Որովհետև ունեինք զորավարներ, որոնք գիտակցում էին՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը: Ցավոք, այդ զորավարներից շատերը զոհվեցին: Գաղափարական տեսանկյունից չափազանց գնահատում եմ Աշոտ Նավասարդյանի դերակատարությունը: Նա մեծ դեր ունի բանակի ստեղծման, հետևաբար և Արցախյան պատերազմի հաղթանակի մեջ:

– Ամենատպավորիչ հուշերը, երբ անդրադառնում եք արցախյան պատերազմի տարիներին:

– Արցախն ինձ համար հիշողություն չէ, այլ ներկա, որովհետև ամսվա մեջ առնվազն մեկ անգամ այցելում եմ Արցախ, հանդիպում ընկերներիս հետ: Ինձ համար ընդունելի չեն հայաստանցի, արցախցի տարանջատումները: Ես ընդունում եմ միայն «հայ» ասվածը: Կարևոր չէ՝ որտեղից է մարդը, կարևորը նրա ազնվության աստիճանն է:

arto

– Խոսենք նաև հայ կինոյի այսօրվա վիճակի ու հեռանկարի մասին: Ինչպիսի՞ն է այսօր կինոմթնոլորտը Հայաստանում:

– Վատ է, որովհետև ով պետք է զբաղվի կինոյով, չի զբաղվում: Չնայած ունենք մի շարք անիմաստ ու անհասկանալի հիմնարկություններ: Ես անհրաժեշտություն եմ համարում «Կինոյի մասին» օրենքի ընդունումը, որովհետև, եթե լինի օրենք, կլինի նաև օրինական դաշտ: Օտարերկրացին ցանկանում է մեզ հետ աշխատել ու պայմանագիր կնքել, բայց չի կարող դա անել, որովհետև չկա այդ օրենքը: Իսկ օրենքը պիտի լինի մեր իրականությունից բխող: Չի կարելի նույնությամբ ընդօրինակել Շվեյցարիայի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի օրենքները: Մենք ուրիշ մոլորակ չենք, բայց քաղաքակրթական այլ ճանապարհ ենք անցել: Օրինակ՝ գեյ շքերթներ մեզ պետք չեն: Թող ապրեն հանգիստ, բայց դրոշակներով հրապարակում շքերթներ կազմակերպելու կարիք չկա:

Ժամանակին հայ կինոն ձևավորվում էր «Հայֆիլմի» շուրջ, դա ընտանիք էր: Ես ապրել եմ այդ ընտանիքում: «Հայֆիլմը» վերացնելով՝ մենք հերթական անգամ վերացրինք մեր պատմությունը, այս դեպքում՝ հայ կինոյի պատմությունը: Հիմա էլ ամպագոռգոռ ելույթներ են հնչում ՝ մեզ պետք է «Հայֆիլմը»: Ինչի՞ համար է պետք…

Նույն կերպ այսօր քաղաքում շենքերն են ոչնչացնում: Ասում են՝ հին է: Հինը պահելու հազար ձև կա: Քանդողները չկայացած մարդիկ են: Նրանց կայանալու հնարավորություն է տրվել, եթե չեն կարող կառուցել լավը, ուրեմն ի՞նչ պիտի անեն, քանդեն եղած լավը, որպեսզի չերևա իրենց կառուցած վատը: Մինչև նրանք կայանան, մենք կկորցնենք մեր քաղաքը:

Փոքր տարիքում մեզ սովորեցնում էին, որ Երևանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այսօր ի՞նչ է մնացել այդ թանգարանից: Միջավայրն օտար է դառնում, երբ ջնջվում են այդ միջավայրը հարազատ դարձնող հիշողությունները: Այնպիսի տպավորություն է, որ այս քաղաքը ոչ ոք չի սիրում: Իսկ ընդհանրապես ժպիտն է պակասում մեր քաղաքում, և ոչ միայն քաղաքում:

Միջակությունից խուսափելու համար ապագա կինոօպերատորներին Արտո Խաչատուրյանը խորհուրդ է տալիս զարգացնել ճաշակը դասական արվեստի սկզբունքներով: Գեղանկարչության, ինչպես նաև լուսանկաչական արվեստի փայլուն իմացություն: Կարդա՛լ, կարդա՛լ և կարդա՛լ: Ահա լավ օպերատոր դառնալու կարևորագույն նախապայմանները՝ ըստ Արտո Խաչատուրյանի:

Ալիսա Գևորգյան

 


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը

«Մենք կապող օղակ էինք քաղաքի ու ճակատի միջև». Արթուր Ներսիսյան

 Արթուր Ներսիսյանը  1988-2005 թթ. աշխատել է Արցախի հեռուստատեսությունում որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր, ներկայումս գործադիր տնօրենն է, մի շարք հեռուստաֆիլմերի...