Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի
Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբախության «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Իչպես տեղեկացնում են ռուսական կայքերը, մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված էր հինգ ֆիլմ՝ Դմիտրի Մեսխիևի «Գումարտակ», Աննա Մելիքյան «Սիրո մասին», Ստանիսլավ Գովորուխինի «Հրաշալի դարաշրջանի ավարտը», Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր», Սերգեյ Մոկրիցկու «Ճակատամարտ Սևաստոպոլի համար»:
Ամենամյա «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունը, որի հաղթողներին որոշում են Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան, կայանում է 2002 թվականից:
Նշենք, որ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը 2015-ին «Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել: Մելիքյանի ֆիլմում նկարահանվել է ռուսական ժամանակակից կինոյի մի ամբողջ աստղաբույլ՝ Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և ուրիշներ: