kinopoisk.ruՎերջապես համացանցում հայտնվեց ռուս ռեժիսոր Պյոտր Բուսլովի «Հայրենիքը» ֆիլմը։

Այս անդրադարձը բնավ գրախոսության հավակնություն չունի: Բնավ: Ավելի շուտ մտորումներ է մի մարդու, որն անցել է ֆիլմի հերոսների ճանապարհը։ Բայց եթե ֆիլմը նայելուց հետո այսպիսի խոհեր են ծնվում, ուրեմն հեղինակի ասելիքը տեղին է ու տեղ է հասնում: Եվ կարելի է վստահաբար ասել, որ եթե «Բումերը» կամ Վլադիմիր Վիսոցկու մասին պատմող ֆիլմը Բուսլովը նկարահանել է` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ապա «Հայրենիքը» ռեժիսորի անկեղծ ստեղծագործական ինքնարտահայտումն է։

Ֆիլմը պատմում է Հնդկաստանի ամենափոքր նահանգի՝ Գոայի մասին։ Այդ տարօրինակ անվանումը, որը ծագել է Գոմանչալա, Գոամանտա անունից, հայերին գուցե ոչինչ չի ասում, սակայն ռուսներն արդեն երկար տարիներ է, ինչ բնակեցրել են այս փոքրիկ հնդկական նահանգը, որը նախկինում պորտուգալական գաղութ էր։ Ուստի իր ազատականությամբ շատ նման է Բրազիլիային և շատ քիչ՝ բուն Հնդկաստանին։ Ռուսներն այստեղ նույնիսկ իրենց գյուղն ունեն՝ Մորջիմը։

Գոա

Գալով Գոա` հասկանում ես, որ նախկին խորհրդային երկրների բնակչության մի ստվար զանգված այստեղ մշտական բնակություն է հաստատել։ Թվում է, թե այստեղ կոմունիզմ է, որովհետև մարդիկ ասես վաղ քրիստոնեական համայնքում են ապրում, և լուսավոր գալիքը հենց այստեղ է։ Այստեղ չկա ռուս-ուկրաինական կոնֆլիկտ, վրաց-աբխազական խնդիրներ, Արևմուտք-Արևելք սառը պատերազմ…Ամեն ինչ սեր է ու խաղաղություն։

Մարդիկ ձմռան ամիսներին վարձով են հանձնում իրենց մոսկովյան բնակարաններն ու այդ փողով մի ամբողջ սեզոն՝ հոկտեմբերից մայիս ապրում արևադարձային այս հեքիաթում։ Եվ քանի որ Հնդկաստանը շատ էժան երկիր է, այստեղ արքայավայել են ապրում։ Տեղի բնակիչներն էլ կարծում են, որ այս սպիտակ մարդիկ գուցե իրենց հինդուիստական աստվածներն են, որոնք իջել են վերևից։ Այդպես էին կարծում նաև անցյալ դարի 60-ականների սոցիալական հեղափոխության, Վիետնամի պատերազմի ժամանակ այստեղ բնակություն հաստատած բազմաթիվ հիպիների մասին, որոնք այսօր էլ ապրում են այստեղ ու մեռնելուց հետո իրենց այրված մարմնի մոխիրը հանձնում Գանգեսի մաքրագործող ջրերին, որպեսզի արդեն հաջորդ կյանքում ռեինկարնացիա ապրեն։

Գոա 4

Ի դեպ, Գոայում մի ուրիշ դասի մարդիկ էլ կան՝ դաունշիֆտերները (downshifters)։ Սրանք թողնում են իրենց ձաձրալի և միապաղաղ գրասենյակային աշխատանքը, ամեն ինչ և երամի պես չվում «տաք երկրներ», ապրում այստեղ մուրացկանի կարգավիճակով` ազատվելով հասարարական, սոցիալական հիերարխիայից, ազատվելով նյութական բարիքներից, դրանցից ունեցած իրենց կախվածությունից։ Սկզբում դեն են նետում հեռախոսը, որը կորչում-գնում է Արաբական ծովի տաք ջրերում, հետո լուսնի ծորացող լույսի ներքո խարույկի մեջ այրում են անձնագիրը, որում Հնդկաստանի անցագրի ժամկետը վաղուց արդեն լրացել է։ Եվ մնում են այստեղ ապրելու գրեթե մուրացկանի նման, աղքատ, բայց երջանիկ, ոչինչ չունենալով և ոչինչ չկորցնելով։ Այնքան ժամանակ, մինչև որ տեղի իշխանությունները կգտնեն իրենց և առաջին իսկ չվերթով հայրենիք կվերադարձնեն։

Կինոնկարի ռեժիսորը՝ Պյոտր Բուսլովը, երկար ժամանակ` 10 տարուց ավելի ապրել է Գոայում, այստեղի համայնքի՝ քոմմյունիթիի մաս կազմել։ Այստեղ է ծնվել նրա դուստրը։ Նա պատմում է, որ երբ եկավ Գոա, ցանկացավ անպայման ֆիլմ նկարահանել, քանի որ տեղանքը շատ կինեմատոգրաֆիկ էր։ Սակայն ֆիլմը ոչ այնքան տուրիստական դրախտ Գոայի և անհոգ ու զվարթ զբոսաշրջիկների մասին էր լինելու, որքան իր տարաբախտ հայրենիքի` Ռուսաստանի և իր հայրենակիցների մասին, որոնք բախտի բերմամբ թե ճակատագրի հեգնանքով հայտնվել են այստեղ ու ակամա գաղութացնում են տեղանքը։

Իսկ ինչո՞ւ «Հայրենիք»։ Շատ պարզ։ Սեփական փորձից ասեմ` առաջին բանը, որը միտքդ գալիս է Գոայում, հենց հայրենիքդ է, լուսավոր թախիծն ու կարոտը։ Երբ հայրենիքում ես, այդպիսի զգացողություն չկա, քանի որ տանն ես։ Իսկ երբ հեռու ես, դա անընդհատ կրծում է հոգիդ, և դրանից գրեթե անհնարին է ազատվելը։ Ի՞նչն է ստիպում հատկապես անցումային փուլ ապրող կոնֆլիկտային տարածաշրջաններում բնակվող մարդկանց լքել հայրենիքն ու ապաստանել աշխարհի մյուս ծայրում, այնպես, որ իրենց հանկարծ չգտնեն։ Գուցե մե՞նք չենք լքում հայրենիքը, այլ հայրենիքն է վաղուց լքել մեզ… Այս հարցը, ըստ ամենայնի, պատասխան չունի, քանի որ միշտ և ամենուր կան մարդիկ, որոնք շարունակում են ապրել իրենց հողում` հուսալով, որ կգան ավելի լավ ժամանակներ։

&;

«Հայրենիքը» ֆիլմի հերոսները շատ տարբեր են և միաժամանակ շատ նման իրար։ Նրանց կյանքը տարբեր կերպ է դասավորվել, սակայն հայտնվել են միևնույն ժամանակ միևնույն վայրում՝ Գոա նահանգում` արևադարձային երազում։

Ֆիլմի հերոսներից մեկն օլիգարխ է, որ անբուժելի հիվանդ է, նրան շատ քիչ ժամանակ է մնացել ապրելու։ Նա և իր դուստրը՝ Եվան, թռչում են սեփական ինքնաթիռով, հավանաբար տուն են շտապում։ Բայց հանկարծ վիճում են, և հայրը հրամայում է իջեցնել ինքնաթիռը որտեղ պատահի, թողնում է այդտեղ դստերն ու զայրացած հեռանում ։ Քիչ անց հանդարտվելով նա վերադառնում է և հասկանում, որ դստերն իջեցրել է Գոայի խիտ ու վտանգավոր ջունգլիներում, իսկ Եվան չկա: Առավոտ է, Եվան արդեն Անջունայում է՝ Գոայի գիշերային կյանքի կենտրոնում։ Այստեղի հանրահայտ ջուս-կենտրոններից (սրճարան, որտեղ հրամցնում են մրգերի թարմ բնական հյութեր) մեկում՝ «Գանեշում», նա նախաճաշում է և շարժվում առաջ` միամտորեն ուրախանալով թվացյալ ազատությունից, դեռ չիմանալով, թե ինչ է սպասվում առջևում։

 

Այստեղ է նաև երիտասարդ Մակարը, որ Հնդկաստան է եկել հեռավոր Նովոսիբիրսկ քաղաքից։ Մակարի հերոսը փնտրտուքի մեջ է։ Մահաթմա Գանդիի մարդասիրական, խաղաղասիրական գաղափարներով տոգորված` նա ուղևորվել է Գոա իրեն գտնելու կամ իրեն կորցնելու համար։

Անջունայում են նաև Ալեքսեյն ու Քրիստինան, որոնք իրենց արձակուրդն են վայելում Հնդկական օվկիանոսի ափին։ Ամուսնական զույգ, որն արդեն երկար տարիներ է, ինչ ապրում է անհոգ ու երջանիկ։ Եվ ահա ծովի ափին ամուսինը կնոջը խոստովանում է, որ այլևս չի սիրում նրան։

Այստեղ են նաև մանր խուլիգաններ Դիմոնն ու Լեոնիդը, որոնք աջ ու ձախ խարդավանքներ են հյուսում և մարդկանց գցում իրենց ցանցը։

Այստեղ է նաև Գուրուն, որ նախկին թիկնապահ է և այսօր Գոայում յոգայի դասեր է տալիս, մարդկանց սովորեցնում մեդիտացիայի ճիշտ ձևերը, ապահովում այն հոգեվիճակը, որով նրանք կկարողանան անցնել զուգահեռ իրականություն՝ դեպի մեկ այլ աշխարհ։

Մակարին արդեն երկու շաբաթ հետո հոգնեցում է այս ամենը։ Եվ Գուրուն առաջարկում է նրան գնալ Կոսմոսի մոտ, որն ավելի արագ ու կարճ ճանապարհ ցույց կտա՝ անցնելու «այն աշխարհ»։ Կոսմոսն իսկապես որ հեղինակություն է այստեղ, նրա հետ համագործակցում է նույնիսկ տեղի ոստիկանապետ պարոն Դիպակը։ Կոսմոսը թմրանյութեր է վաճառում, կազմակերպում տրանս-փարթիներ, խելահեղ ռեյվեր ծովի ափին։ Սակայն սա այն ճանապարհը չէ, որ Մակարը կուզենար ընտրել։ Ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում։ Մակարը դեն է նետում հեռախոսը, այրում անձնագիրը։ Նա որոշում է այստեղ մնալ, տուն վարձել, բայքեր վերանորոգել, аպրել պարզ ու հասարակ կյանքով։ Այդպես է վարվում նաև Քրիստինան, որ թողնում է ամուսնուն, տուն է վարձում, բայք գնում։ Նա փոխում է արտաքինը. կարճ կտրում ու ներկում է մազերը, նաև դաջվածքներ անում ամբողջ մարմնի վրա և նմանվում Գոայի «ոսկի երիտասարդությանը»՝ ոչ ֆորմալ, ոչ ստանդարտ ջահելներին, որոնք այստեղ ամենուր են։ Եվան էլ է այստեղ մնում, Եվայի հայրն էլ… Բոլորը։ Ամեն մեկն իր կյանքն ունի, իր ճակատագիրը, իր կարման։ Ամեն մեկն իր հայրենիքն է գտնում այստեղ, հայրենիք, որն իրենց իսկ ներսում է, իր դրախտն ու երազանքն է գտնում, որը նույնպես իրենց ներսում է։ Քանի որ ամեն ինչ նույնն է այս արևի տակ, միայն արտաքին դեկորացիաներն են տարբեր։ Եվ «լավ է այնտեղ, ուր մենք չկանք», ինչպես երգում է ռեփեր Բաստան հատուկ այս ֆիլմի համար գրված իր երգում։

Սակայն ֆիլմի ամեն մի հերոսի կարմայի հեգնանքն այն է, որ երբ Գոայում ավարտվում է սեզոնը և սկսվում է մուսոնը՝ անտանելի հորդառատ անձրևների շրջանը, զբոսաշրջիկները լքում են այս հիպիական դրախտը: Պետք է հեռանան, սա է օրենքը։ Եվ ոչ ոք չի կարող այն խախտել կամ փոխել:․Բախտը հեգնում է նրանց, քանի որ Գոան արդեն և′ հայրենիք է, և′ տուն, և′ հավերժական սեր, որից չես ցանկանում բաժանվել, բայց ստիպված ես։ Հերոսներն անընդհատ կրկնում են` իսկ Մոսկվայում ձյուն եկավ։ Եվ քնած թե արթմնի գլխումդ օվկիանոսն է, դրա կապտա-կանաչավուն երանգն ու ոսկեգույն ավազը։ Եվ այն հզոր ալիքը, որը ծածկում է գլուխդ։ Բայց արթնանում ես քո մոսկովյան բնակարանում, որը վարձով էիր տալիս։ Եվ քեզ չի լքում կրկին ու կրկին Շիվա աստծո սրբազան հողը վերադառնալու միտքը։

Էհ, Երևանում էլ արդեն ձյուն է եկել: Ուրեմն Գոայում սեզոնի թեժ ժամանակն է: Ուրեմն այս ֆիլմն էլ անվերջանալի է, ինչպես որ անվերջանալի են հայրենիքի ձախավեր որոնումները օտար ափերում։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ