W1R6se2XY3YPbWOZw3a7njPrlZՎերջին հարցազրույցի ժամանակ «Էկրան» թերթի թղթակցի այն հարցին, թե ինչպես կգնահատեմ «Հայֆիլմի» այսօրվա վիճակը, ես կրկնեցի երկու տարի առաջ հայտնած մի53a8Ifs6aE0sDAlS3Xt2G6lkRr միտք: Սխալ և ուշացած չեմ լինի, եթե խոսքս կրկնեմ և այստեղ: Ստեղծագործական ուժերի կենտրոնացման և հավաքագրման բուռն ու անհագիստ պրոցես է ապրում «Հայֆիլմը»: Վերջին տասը տարում «ագրեսիվ» ուժերի մի հոսք՝ թարմ շնչով, ազգային արվեստի ըմբռնման մասշտաբային մտածելակերպով, կինոլեզվի նոր ձևերի և հնարքների համարձակ որոնումներով եկավ ու խառնեց «Հայֆիլմի» հանդարտիկ մթնոլորտը:

Եկավ Փարաջանովը՝ իր հակասական, հախուռն բնավորությամբ, կինոպոետիկական ինքնատիպ մտածողությամբ: Եկավ, բայց, ափսոս, որ գնաց:
Եկավ Արտավազդ Փելեշյանը` իր մոնումենտալ, հուզական, հրապարակախոս արվեստով: Եկավ և աստված տա, որ չգնա: Դառնացած եմ ասում այդ մասին, որովհետև ինչ-ինչ բաներ չեն արվում, ինչ-ինչ պայմաններ չեն ստեղծվում, որպեսզի մարդիկ մնան ու ստեղծագործեն այնտեղ, որտեղ կոչված են…
Այսպես ուրեմն, Արտավազդ Փելեշյան:
Կենսագրությունը. ծնվել է Կիրովականում, ավարտել դպրոցը, աշխատել գործարանում, ամուսնացել: Սովորական կենսագրություն, որի շարունակությունը, սակայն, արտասովոր էր և սկիզբ դարձավ մի ուրիշ կենսագրության, որը կոչվում է արվեստագետի կենսագրություն: Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ուսումնառության քրտնաջան և բեղմնավոր տարիներ և վերջապես կինոռեժիսորի կոչում: Դեռ երկրորդ կուրսում Փելեշյանը ձեռնարկեց մի ծանր աշխատանք, որը հետագայում բերեց նրան բազմաթիվ մրցանակներ.
– ՎԳԻԿ-ի հոբելյանական ֆեստիվալի գլխավոր մրցանակ
– «Իսկուստվո կինո» հանդեսի մեդալ տաղանդավոր դեբյուտի համար
– Լոձ քաղաքի լեհ պատվիրակության մրցանակ՝ Մարիենբադի միջազգային երկրորդ ֆեստիվալում
– Ուսանողների միջազգային ընկեության մրցանակ՝ լավագույն ֆիլմի համար
– ԺՏՆՑ-ի 1969 թ. բրոնզե մեդալ
– «Պրոմեթևս-69» ֆեստիվալի մրցանակը պատմա-հեղափոխական թեմայի ստեղծագործական լուծման համար
Դա «Սկիզբ» մեկմասանոց դոկումենտալ նկարն էր՝ նվիրված սովետական կարգերի հաստատման 50-ամյակին:
50 տարի. 10 րոպե, 300 մետր կինոժապավեն: Հերոսական ջանքեր պահանջող կարճառոտություն:
Մեր հիշողության մեջ դեռ թարմ է կենտրոնական հեռուստատեսության մի քանի ամիս տևող կինոէպոպեան: Պետք էր այդ ամենը տեղավորել ընդամենը 10 րոպեի մեջ: Դրա համար անհրաժեշտ էր դիտել կինոդոկումենտների հազարավոր մետրեր, ընտրություն կատարել, նոր շունչ, ուժ, գրաֆիկա տալ հայտնի, տեսնված կինոփաստերին: Եվ այդ դաժան խնդրի լուծման մեջ Փելեշյանը հասավ զարմանահրաշ արդյունքի: Մետաֆորիկ կինոմտածելակերպի իսկական տրիումֆ էր «Սկիզբը»: Ռեժիսորը կենդանի փաստերով հասել էր արվեստի ընդանրացման: Փելեշյանը դիմել էր առաջին հայացքից շատ պարզ թվացող, բայց շատ ազդեցիկ և էմոցիոնալ մեծ ներգործություն ընձեռող հնարքի՝ կադրի կրկնության: Մոնտաժի նման ճանապարհով, չափի և ճաշակի անսխալ զգացողությամբ նա հայտնագործում է փաստերի պոեզիան:
Խրամատներ, գրոհի գնացող զինվորներ, միապետի փլվող արձան, մուրճով հարվածող բանվոր, մարդկային հոսք: Եվ այս ամենի բարձրակետը` ճիշտ կոմպոզիցիայով ընտրված կադր, սև ու սպիտակի ամենուժեղ գունային հակադրության հասցված` կադրի տակից դուրս թռչող մարդիկ, որ դառնում են մի ընդհանուր զանգված՝ գլխի, ուսի, ձեռքի զանգված: Սա կրկնվում է, եթե չեմ սխալվում, մոտ քսանհինգ անգամ և ներդաշնակելով վարպետորեն ընտրված երաժշտական ռիթմի հետ` ստեղծում է մետաֆորի և էմոցիայի ուժեղ կոմպլեքս:
«…» Ես միտումով սկսեցի «Սկիզբ» կինոնկարից` բաց թողնելով երիտասարդ ստեղծագործողի համար երկու շատ կարևոր ժապավեններ՝ «Լեռնային պարեկ» և «Մարդկանց երկիրը»: Առաջինում թույլ, երկրորդում ավելի հստակ երևում են Փելեշյանի կինոմտածողության որոնումներն ու նախահիմքերը: «Լեռնային պարեկը» նկարել է 1-ին կուրսում, ՎԳԻԿ-ի ուսանողական 2-րդ ֆեստիվալում արժանացել է 1-ին մրցանակի: «Մարդկանց երկիրը»` 3-րդ կուրսում և երկու մրցանակ է վաստակել. ՎԳԻԿ-ի 4-րդ ֆեստիվալում լավագույն դոկումենտալ ֆիլմի համար և կենտրոնական հեռուստատեսության ստուդիայի մրցանակը:
Ասացի միտումով, որովհետև այս երկու ֆիլմերում ռեժիսորի ստեղծագործական որոնումներն իրենց կատարյալ տեսքով «Սկիզբում» բացահայտվեցին:
Փելեշյանի վերջին աշխատանքը «Մենք» կինոնկարն է: Նկարահանման ընթացքում ֆիլմը մի քանի անուն ունեցավ՝ «Արև», «Միասնություն» և, ի վերջո, «Մենք»: Իմ կարծիքով` կարելի է հանել չակերտները, ստորակետներ դնել և միացնել երեքն էլ: Այսինքն՝ «Արև, միասնություն, մենք», որովհետև այս ֆիլմը մեր հայրենիքի նոր առօրյան է` իր արևով, մարդկանցով: Կենցաղային ամենափոքր մանրամասնը հանգում է ամենամեծ ընդհանրացման: Ազգը անցել է թոհուբոհի միջով, տեսել է Գենոցիդ, որն իր կնիքն է դրել սերունդների դեմքերին ու հոգեբանության վրա, հետո՝ նորից պատերազմ, համաժողովրդական վիշտ, մարդու կորուստ… Բայց ժողովուրդը կա, որովհետև ազգահավաքը շարունակվում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես:
Սրանք են ֆիլմի հիմնական մոտիվները: Սակայն ֆիլմը դեռ չկա էկրանների վրա: Հոդվածը կնախորդի ֆիլմին, թե լույս կտեսնի ցուցադրությունից հետո` դժվար է ասել, իսկ առայժմ արվեստագետներն ու բանիմաց մարդիկ «Մենքը» համարում են Փելեշյանի հաջորդ նվաճումը:
Միտքս հաստատում է «Ռադյանսկայա Ուկրաինա» թերթը. «Սա խոհ-ստեղծագործություն է, իր հողին, իր հայրենիքին՝ Սոցիալիստական Հայաստանին սիրահարված ջերմ սրտի ստեղծագործություն: Փելեշյանի ֆիլմն ուրիշ նշանակություն նույնպես ունի: Դա ստեղծագործական կոչ է Ուկրաինայի հեռուստաֆիլմի վարպետներին` ստեղծելու վառ, համապարփակ, նույնատիպ կինոնկար մեր հանրապետության մասին»:
Արժե թվարկել նաև տակավին մասսայական էկրան դուրս չեկած ֆիլմի մրցանակներն ու շնորհները. Կիևի «Պրոմեթևս-69» կինոֆեստիվալում՝ լավագույն հեռուստատեսային ֆիլմի, լավագույն ռեժիսորի, նորարարական որոնման և բարձր հրապարակախոսության, նաև լավագույն հնչյունային լուծման համար:
… Ի՞նչ է անում Փելեշյանը հիմա, ինչի՞ վրա է աշխատում. նման հարցերի կինեմատոգրաֆիստներս չենք սիրում պատասխանել: Փելեշյանը չի դժվարանա իր պատասխանը մտորել, որովհետև պարզապես պարապ է: Գուցե չասենք պարապ է, քանի որ դեղնավուն պայուսակը ձեռքին, երբեմն չսափրված, շրջում է մի հիմնարկից մյուսը և հանդիսատես փնտրում իր ֆիլմի համար: Ի դեպ, վերջերս նկարահանվեց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում:
Մեղավորներ կարելի է գտնել, մեղավորներ միշտ էլ կան, բայց տվյալ դեպքում փաստ է, որ սկիզբը վերջացավ: Արտավազդ Փելեշյանը պատրաստ է լուրջ և մեծ աշխատանքի:

Ֆրունզե Դովլաթյան
1970