1Այսօր` դեկտեմբերի 10-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և «ՌեԱնիմանիա» փառատոնի համատեղ մամլո ասուլիսը: Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդ Նատալյա Ցագրիսը բարձր գնահատեց «ՌեԱնիմանիայի» և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության սերտ համագործակցությունը ֆրանսիական անիմացիոն կինոյին աջակցելու և խթանելու, ինչպես նաև անիմացիոն կինոյի ոլորտում հայ ու ֆրանսիացի արտադրողների գործընկերության զարգացման համար:

«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին իր հերթին փաստեց երկու գործընկերների կողմից նոր տեսակի համագործակցության ստանձնումը վերապատրաստման և կրթության բնագավառում: Առաջին անգամ Ֆրանսիայի դեսպանությունը կրթաթոշակ կտրամադրի երկու հայազգի երիտասարդի վերապատրաստման համար, որոնք 2016 թվականին կմեկնեն Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոց:

Կրթաթոշակի համար մրցույթը հայտարարվել է այս տարվա հոկտեմբերի 9-ին, և ընտրությունը կատարել է Անգուլեմի անիմացիոն կինոյի դպրոցը: Հայտ ներկայացրած երիտասարդ անիմատորներից կրթաթոշակը շնորհվել է Լևոն Բաղդասարյանին և Շուշանիկ Եսայանին: Լևոն Բաղդասարյանն արժանացավ առաջին կրթաթոշակին, որը հնարավորություն է տալիս 2016 թ. հունվարին մեկ ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվեն ավանդական 2D անիմացիա, CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։ Իսկ Շուշանիկ Եսայանը վերապատրաստման դասընթացի կմեկնի երկրորդ կրթաթոշակով 2016 թ. գարնանը 1,5 ամսով։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա։

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն դպրոցի (EMCA – École des Métiers du Cinéma d’Animation) հետ համագործակցության արդյունքում 2015 թ.  երկու կրթաթոշակ է սահմանել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։

«ՌեԱնիմանիա» երիտասարդ անիմատորների վերապատրաստման դասընթացի կրթաթոշակին կարող են դիմել և ուսման մեկնել 18-26 տարեկան  ՀՀ քաղաքացիներ միայն «ՌեԱնիմանիա» փառատոնի միջոցով ու երաշխավորությամբ։ «ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակի համար մրցույթն անցկացվելու է ամեն տարի։ Կրթաթոշակին աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

 


Բեռլինալեն նորովի

Բեռլինի 70-րդ կինոփառատոնը հոբելյանը դիմավորում է նոր ղեկավարությամբ ու որոշ փոփոխություններով: Փառատոնը 18 տարի ղեկավարած Դիտեր Կոսլիկի փոխարեն փառատոնն այժմ...

|20 Փետրվար 2020,11:42