12112190_1046973365337343_4654268368241304089_n«Կինոաշուն-2015»-ն այս տարի նույնպես հատեց եզրագիծը։ Նոյեմբերի 4-ին Երևանի «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը։ 

Այս յուրատեսակ ամենամյա մշակութային միջոցառումն անցկացվեց 6-րդ անգամ։ Հանդիսավոր արարողության ժամանակ ներկա էին անվանի կինեմատոգրաֆիստներ և դերասաններ, արվեստի և մշակույթի գործիչներ, կինոսեր հանդիսատես ու պարզապես հիանալի երիտասարդություն։ Եվ պետք է փաստել, որ այս ծրագիրը վաղուց արդեն սոսկ մշակութային միջոցառումից վերաճել է հասարակական հնչեղություն և պահանջարկ ունեցող, նաև սոցիալական մի շարք գործառույթներ կատարող երևույթի։

Դա էր վկայում նաև այն կինոնկարը, որը լսարանը դիտեց փակման արարողության ժամանակ։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատակիցների պատրաստած այս տեսաֆիլմը պատմում էր այն մասին, թե ինչպես է անցել «Կինոաշունը» մայրաքաղաքից դուրս՝ հեռավոր սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում և զորամասերում։ Մարզային հանդիսատեսն ի~նչ խանդավառությամբ էր ընդունում հայկական հին ու նոր կինոն, մայրաքաղաքից ժամանած հյուրերին և առիթը բաց չէր թողնում, որպեսզի ազատ ժամանակ ևս մի հայկական ֆիլմ դիտի։ Հետաքրքրությունն ու ուշադրությունը մեր ազգային կինեմատոգրաֆի հանդեպ այստեղ ակնառու էր, քանզի բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ մշակութային կյանքը Երևանից դուրս շատ պասիվ է, մարզաբնակ հանդիսատեսի համար այնտեղ գրեթե ոչինչ տեղի չի ունենում։

Եվ ահա «Կինոաշունն» արդեն 6 տարի, չնայած դժվարություններին, լրացնում է այդ բացը։ Նաև` կրթում, լուսավորում։ Ի դեպ, ծրագրի ֆիլմերը մեծ հետաքրքությամբ նայում են հատկապես դպրոցներում և ուրիշ ուսումնական հաստատություններում։ Երեխաներն այստեղ շատ շնորհակալ են իրենց ընձեռված այս բացառիկ հնարավորության համար։ Նրանց աչքերը փայլում են, երբ դահլիճում մարում են լույսերը և էկրանին սկսվում է կինոն, այն կինոն, որը օտար չէ, իրենցն է և իրենց հետ իրենց իսկ լեզվով է խոսում։ Այն գաղափարները, որոնք նրանք քաղում և ընկալում են էկրանից, կուղեկցեն ողջ կյանքի ընթացում։

Փակման արարողության ժամանակ ամփոփվեցին նաև ավանդական դարձած գրախոսականների մրցույթի արդյունքները։ Ժյուրին որոշեց, որ 1-ին մրցանակ չի շնորհվի, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը բաժանվեցին 4 աշխատանքների միջև։

DSC07706Եվ այսպես, 2-րդ մրցանակին արժանացավ 2 գրախոսական՝ Թամարա Հակոբյանի «Դժբախտ մարդկանց երջանիկ սերը» Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի մասին և Զոհրաբ Սարգսյանի (Սարգիս ՅԱՆ) «Կարմիր երազանքը» նույն ֆիլմի մասին։ 3-րդ մրցանակը կիսեցին Աննա Նադարյանը («1915») և Զարուհի Սիմոնյանը («1915. Ատելություն 100 տարի անց»), որոնց գրախոսականները Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915» ֆիլմի մասին էին: Անշուշտ, այս թեման չէր կարող անտեսվել մասնակիցների կողմից, հատկապես` այս տարի, երբ համայն հայ ժողովուրդը նշում է իր պատմության ամենից դաժան էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը։ Եվ գրախոսականներում էլ ոչ միայն վերլուծվել է կինոնկարը, այլև հայ-թուրքական ոչ միանշանակ փոխհարաբերությունները, ստեղծվել երկու ազգերի հոգեբանական դիմանկարը։
Գրախոսականների մրցույթի այս տարվա ժյուրիի նախագահ կինոգետ, ԵԹԿՊԻ կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան տիկին Անետա Երզնկյանն իր խոսքում հատուկ նշեց, որ այս տարի, համեմատած նախորդ տարվա հետ, գրախոսականների քանակը ավելի քիչ էր, սակայն որակական առումով դրանք բավականին աճել են։ Տիկին Երզնկյանը դրական միտում է նկատում այն, որ տարբեր բուհերի ուսանողները մասնակցում են «Կինոաշնան» ֆիլմերի դիտումներին և այնուհետև ցանկություն հայտնում գրել հայկական նոր ֆիլմերի մասին։ Ըստ նրա` խոստումնալից միտում է, երբ արվեստի գործը հանդիսականի մեջ հույզեր, զգացմունքներ է ծնում, ու նա ցանկանում է իմաստավորել դրանք, իր տպավորությունները հանձնել թղթին։ Սա ողջունելի է, ինչը Հայաստանի ազգային կինոկենտրոնը խրախուսում է թե′ մրցանակով և թե′ դրամական պարգևով։

Ավարտվեց ևս մի «Կինոաշուն», և նորից տխուր է բաժանվելը։ Սակայն «Ազգային կինոյի ամիսը» հեռանում է հաջորդ տարի հոկտեմբերին կրկին հյուր գալու խոստումով ու պատրաստակամությամբ։ Ուրեմն մինչ եկող տարի, մինչ նոր հանդիպում և արդեն 7-րդ «Կինոաշուն»։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ