10457836_714883615238642_6725793909103293584_nԱրուս Արիստակեսյանն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը, Յուրի Երզնկյանի ռեժիսորական կուրսը: Ավարտելուց հետո ուղեգրով աշխատանքի է անցել «Հայֆիլմ» կինոստուդիայում: Այն ժամանակ քչերին էր դա հաջողվում: Դեռ երկրորդ կուրսում, որպես ասիստենտ, աշխատել է «Արշակ երկրորդ» ֆիլմում, ավելի ուշ՝ Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ» ֆիլմում:

– Պատերազմն արդեն սկսվել էր, երբ Միացյալ Նահանգներից առաջարկ ստացա քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ ֆիլմ նկարել հայկական եկեղեցիների ու հավատքի մասին: Դովլաթյանի շնորհիվ: Նա սցենարս ներկայացրել էր ԱՄՆ-ում Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանին: Շատ էր հավանել: Սցենարն անմիջապես հաստատել էին: Ֆիլմը կոչվում էր «Յո յերթաս»: Հենց այս ֆիլմն էլ առիթ դարձավ, որ մեկնեմ Արցախ:
Եղբայրս «Վարդան Մամիկոնյան» ջոկատի հրամանատարն էր: Գիտեի, որ նկարահանումների ժամանակ Արցախում ապահով մեջք կունենանք: Առաջին այցին հաջորդեցին երկրորդը, երրորդը, չորրորդը… Դրանից հետո մի տեսակ կապվածություն էր առաջացել, կարոտում էի, անընդհատ ուզում էի գնալ ու նկարահանումներ անել: Ծանր շրջան էր, բայց շատ բարի: Չկա հիմա այդպիսի բան, կարոտում եմ…

-Ի՞նչն եք հատկապես կարոտում:

– Մարդկային հարաբերությունները, ջերմությունը, միմյանց նկատմամբ սերն ու հոգատարությունը: «Հայֆիլմը» Շուշիում մի սեփական տուն էր վերցրել, վերանորոգել: Կինոօպերատոր Բորիս Հովսեփյանն էր նախաձեռնողը: Արցախ մեկնող ռեժիսորներն ու օպերատորները հիմնականում այնտեղ էին մնում: Հրաշալի մթնոլորտ էր:
Նկարահանումներ պիտի անեինք Ամարասում, եղբայրս, ինչպես միշտ, չմերժեց: Բայց նկարահանումների ժամանակ հարձակման ենթարկվեցինք: Թե ինչպես ենք կարողացել փախչել այնտեղից, միայն Աստված գիտի:

225209_164505860276423_2664280_n

– Ճի՞շտ է, որ «Յո յերթաս»-ի ճակատագիրը Ձեզ անհայտ է: Ֆիլմի հեղինակային իրավունքը պատկանում է ամերիկյան կողմին, և Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի մահվանից հետո, որի միջոցով իրականացվել է ֆիլմի նախագիծը, կապն ընդհատվել է:

– Ֆիլմի կրկնօրինակը «Հայֆիլմում» էր, բայց ով է այսօր տնօրինում այդ ֆիլմերին` դժվար է ասել: Ֆիլմը ո՛չ թվայնացրեցին, ո՛չ էլ ինձ հանձնեցին: «Հայֆիլմի» ճակատագիրն է ընդհանրապես անորոշության մեջ, ինչի համար մեծ ցավ եմ ապրում:
Արցախյան պատերազմի մասին ֆիլմս, որը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Պատերազմ» , դարձյալ նկարահանվեց շնորհիվ Մեսրոպ սրբազանի: Չափազանց ծանր ֆիլմ էր. պատերազմն իր ողջ դաժանությամբ, որն այսօր ինձ համար ծանր է անգամ վերհիշելը: Դրա համար էլ շատ ծանր եմ տանում, երբ վատ են վերաբերվում ազատամարտիկներին: Այդ տղաները արժանի չէին այսօրվա վերաբերմունքին: Լույսի պես տղաներ՝ 18-20 տարեկան, անգամ 12 տարեկան երեխաներ, դեմքերը մինչ օրս աչքիս առաջ են, կարծեք «Սասնա ծռերի» մեր հերոսների գեղեցիկ ու խրոխտ կերպարները լինեին: Վերջերս ֆեյսբուքում տղաների լուսանկարներ էի տեղադրել, որոնք այսօր չկան: Ոմանց մայրերը զանգահարեցին, խնդրում էին այդ լուսանկարները:
Մի անգամ տղաներից մեկն ինձ ասաց. «Քու՛յր ջան, ղասաբ ենք դարձել, թե պատերազմից հետո ինչ ենք անելու, չգիտեմ»: Իրո՛ք, շատերն այսօր բան չունեն անելու, այդ թվում և իմ եղբայրը: Նրանց ճակատագիրը ոչ ոքի չի հուզում: Տարիներ առաջ ԱՄՆ-ում հանդիպեցի վիետնամական պատերազմի մի վետերանի. 5000 դոլար կենսաթոշակ էր ստանում, կարող էր ոչինչ չանել և ապրել:
«Պատերազմ» ֆիլմում ամբողջությամբ ներկայացված է Ֆիզուլիի ազատագրումը, բայց այս ֆիլմը ևս «գնաց» ԱՄՆ, քանի որ ֆինանսավորվել էր այնտեղից, մի հայ բարերարի կողմից: Ինձ մոտ ոչ մի կադր չի պահպանվել: Այս ֆիլմի ճակատագիրը ևս ինձ անհայտ է:

225351_164506033609739_3499976_n

– Սվետլանա Ալեքսիևիչի «У войны не женское лицо» գրքում հեղինակը խոսում է այն ծանր գնի ու զոհաբերության մասին, որ վճարում է հատկապես կինը՝ անցնելով պատերազմի միջով, կրելով այդ պատերազմի ամենածանր խարանը: Ինչպիսի՞ն է դարձնում պատերազմը կնոջը:

– Այնտեղ դու երբեք չես մտածում, որ պատերազմի մեջ ես: Տղաների հետ խրամատում ես, 30 մետր այն կողմ թուրքն է, անսպասելի կարող է գրադը հարվածել, բայց վախ չկա: Սարսափելի բաներ եմ տեսել՝ երիտասարդ, որի մարմինը գոտկատեղից ներքև գոյություն չուներ: Ավտոմեքենայով մենք ենք տեղափոխել հոսպիտալ: Բազմաթիվ մահեր…. Չեմ ուզում հիշել, որովհետև պատերազմից հետո հազիվ կարողացա «դուրս գալ» այդ ամենից:

-Կարողացա՞ք:

– Չկարողացա: Երևան վերադառնալուց հետո տարօրինակ բան էր կատարվում, անընդհատ ուզում էի մեկնել Արցախ, միտքս անվերջ այնտեղ էր: Երևի ձգում էր այն բարությունը, որը Երևանում չէի գտնում: Շատ են խոսում ղարաբաղցիների լավ ու վատը լինելուց, շատերը կային, որոնց մենք էլ չէինք հարգում, բայց այստեղ էլ կան մարդիկ, որոնք մարդ չեն: Ինձ հիացնում էր նրանց մաքրասիրությունը, հյուրասիրությունը: Պարզ օրինակ՝ պատուհաններին ապակի չկա, ցելոֆաններ են, մտնում ես տուն, ապշում ես սպիտակեղենի մաքրությունից: Մինչ օրս էլ շատ մտերիմ եմ այն ժամանակ Գանձասարի, իսկ այսօր արդեն Դադիվանքի հոգևոր առաջնորդ Տեր Հովհաննեսի հետ: Հանդիպման ժամանակ առաջին բառը, որ ասում էր`բանյան տաք է, գնացե՛ք լողացեք: Պատերազմի ծանր պայմաններում անգամ չէին անտեսում այդ ամենը: Երեք օր գիշերել ենք Գանձասարում: Տեր Հովհաննեսը պատմում էր, թե ինչպես էին թշնամու արկերը հարվածում ու հետ շպրտվում եկեղեցուց: Չպայթած արկերից մեկը մինչ օրս եկեղեցու պատի մեջ է:
Մի անգամ որոշեցինք նկարել Դադիվանքը: Օմարը մերոնք ազատագրել էին, անվտանգ էր: Մինչև հասանք, մթնեց, չհասցրեցինք նկարահանել: Քնեցինք ավտոմեքենայի մեջ: Եթե այսօր լիներ, կվախենայի նման բան անել, բայց պատերազմի ժամանակ վախը մեզնից ասես հեռացել էր: Առավոտյան ժամը 5-ին նկարեցինք հրաշալի արևածագը: Այն ժամանակ միայն Դադիվանքի փլատակներն էին երևում, բայց Տեր Հովհաննեսը մի խաչ էր հայթայթել ու ամրացրել փլատակների վրա:

226264_164505963609746_8169000_n

– Հաճա՞խ եք լինում Արցախում:

– 94 թվականից հետո՝ ոչ մի անգամ: Մի օր ճանապարհից պարզապես հետ եմ վերադարձել: Մեքենան ճանապարհին փչացել էր, մի ղարաբաղցի մոտեցավ ու հարցրեց՝ դուք հայ ե՞ք , թե՞ հայաստանցի: Վիրավորանքը չափազանց ծանր էր: Հայ մարդու նման վերաբերմունքը այստեղ էլ եմ տեսնում: Պարսկահայ հրաշալի հարևաններ ունեմ, կողքիս հարևանն ասում է՝ պարսիկ է: Եթե անգամ պարսիկ լիներ, մի՞թե դա վատ բան է: Չարությունն ու տգիտությունը մեզանում հասել է գագաթնակետին:

Արուս Արիստակեսյանն այսօր աշխատում է «Ար» հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր: Ֆիլմեր նկարում է այն ժամանակ, երբ, ինչպես ասում է, պատվեր է ունենում: Պատերազմից հետո նկարել է բազմաթիվ ֆիլմեր: Մեծ հաջողություն է ունեցել հատկապես Վազգեն Առաջին կաթողիկոսին նվիրված «Մյուռոնօրհնություն» ֆիլմը: «Այսօր ինչ էլ առաջարկեն, կնկարեմ»,- ասում է: Գուցե զարմանալի է, բայց վավերագրական բազմաթիվ ֆիլմերի հեղինակի երազանքը գեղարվեստական ֆիլմ նկարելն է: Երազում է նաև «Հայֆիլմի» վերածննդի մասին:

– Ժամանակին դա հզոր կառույց էր, հրաշալի կինոմթնոլորտ, պրոֆեսիոնալների թիմ, մարդկային հրաշալի փոխհարաբերություններ: Դա դպրոց էր, որն այսօր գոյություն չունի: Մի՞թե կարելի էր 100 տարվա դպրոցը մեկ օրում քանդել: Կրթվելու, զարգանալու հնարավորություն կար, իսկ այսօր ամեն ինչ կախված է նրանից` բախտդ կբերի, թե ոչ: Բայց բոլորն էլ ապրելու կարիք ունեն: Տարիներ առաջ գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանին էինք նկարում, բավականին պատկառելի տարիքում էր, վատ էր լսում, գրեթե չէր տեսնում: Հաղորդավարն ինչ-որ բան ասաց՝ մեծն արվեստ և այլն: Ասաց. «Տղա ջան, ի՞նչ մեծն արվեստ, նկարում ենք, փող ենք աշխատում, տուն ենք պահում»:
Պարզ է, որ ասածի կեսը կատակ էր, ի վերջո կար տաղանդ, որը Աստված էր տվել և տվել էր շռայլորեն, բայց այս մարդը նաև ապրել էր ուզում: Եվ իր խոսքում նա անկեղծ էր: Եթե կինոն ինձ համար դառնա ապրուստի հնարավորություն, մեկ վայրկյան անգամ հեռուստատեսությունում չեմ մնա: Կինոյից հետո հեռուստատեսությունը չափազանց պարզունակ է թվում: Ես այսօր դասավանդում եմ այն ինստիտուտում, որն ավարտել եմ: Հրաշալի երիտասարդներ կան: Եթե նախկինում կուրսում մեկ-երկուսն էին առանձնանում իրենց աշխատասիրությամբ և շնորքով, ապա այսօր այդ թիվն անհամեմատ մեծացել է: Շատ ավելի պրպտող են աղջիկները:

229238_164505906943085_632094_n

– Այսինքն` նոր սերունդը հույս է ներշնչում:

– Այո՛, բայց ավարտելուց հետո ի՞նչ են անելու, սերիա՞լ են նկարելու, թե՞ հարսնիք (ինչպես իրենք են ասում):

– «Արվեստի» այդ ժանրը մեզանում բավականին արագ է զարգանում:

– Այո՛, «արվեստի» այդ ժանրը և քյաբաբանոցները: Դա դժբախտություն է: Ես ճանաչում եմ հրաշալի օպերատորների, որոնք այսօր միայն էլիտար հարսանիքներ են նկարում: Կան երևույթներ, որոնցից կարող ես հիվանդանալ. երիտասարդներն այսօր Վլե ու Թաթուլ են լսում: Ամենից շատ նյարդայնանում եմ, երբ ոչ պրոֆեսիոնալները սկսում են թելադրել պրոֆեսիոնալներին, իսկ պրոֆեսիոնալների պակաս կա ամենուր: Մեծ աղմուկ հանած մի ֆիլմ էի դիտում ու մտածում՝ մի՞թե ռեժիսորն օգնական չուներ, որ հուշեր` XIX դարին վերաբերող ֆիլմում անտենաները կադրից պետք էր հեռացնել, որովհետև XIX դարում անտենա չկար: Ես կարծում եմ, որ ռեժիսորը պետք է սկսի բանվորի աշխատանքից: Չես կարող դառնալ ռեժիսոր առանց վարպետից սովորելու: Ես ռեժիսոր եմ դարձել՝ սովորելով Ֆրունզե Դովլաթյանից: Ոսկե կանոն ուներ՝ երբեք որևէ մեկին չվիրավորել. ծով համբերություն էր: Դերասանին ասում էր՝ շա՛տ լավ է, չնայած գիտեր, որ վատ է: Շա՛տ լավ է, բայց մի հատ էլ էսպես փորձենք: Դովլաթյանն ընդունում էր իր օգնականների նկատողությունները:
«Կարոտ» ֆիլմի նկարահանումներն էին, չափազանց հոգնած էր: Նկարում էինք այն տեսարանը, երբ Առաքելին ասում են՝ պատմի՛ր, ինչպե՞ս անցար սահմանը: Մի երիտասարդ կար, որը պետք է հագցներ ձեռնաշղթան այն պահին, երբ Առաքելը թքում է Սարկիսովի դեմքին: Ամբողջ ընթացքում երիտասարդը ձեռնաշղթան պատրաստ վիճակում պահել էր, բայց գործողությունը չէր կատարվել, և այդ դիրքը կադրում անհեթեթ էր թվում: Չդիմացա, մոտեցա ու ասացի. «Ֆրունզե՛ Վաղինակովիչ, ասեք, թող չնախապատրաստի: Նայեց ինձ, ասաց` ապրե՛ս դու: Երբեմն այնքան հոգնած են լինում, որ նման բաները չեն նկատվում: Դովլաթյանի հետ աշխատանքը տանջանք էր, որովհետև մի տեսարանը տասն անգամ կարող էր նկարել, բայց նաև հաճույք էր: Դա հայ կինոյի ոսկե շրջանն էր, պրոֆեսիոնալների դպրոց , որն այժմ չկա, բայց հավատացնում եմ` նորից կհավաքվեն նման տաղանդներ, եթե համապատասխան մթնոլորտ ստեղծվի: Նոր անուններ կհայտնվեն, որովհետև այս ազգը ունակ է տաղանդներ ծնելու: Տաղանդավոր բազմաթիվ երիտասարդներ այսօր սերիալներում են նկարվում, իսկ ի՞նչ անեն, ապրել է պետք, իսկ որտե՞ղ ապրեն, եթե ոչ սերիալում: Ես համաձայն չեմ այն կարծիքին, որ սերիալը կարող է փչացնել դերասանին: Լավ դերասանն այսօր կարող է խաղալ սերիալում, իսկ վաղը Շեքսպիր տվեք, նա կխաղա: Ռեժիսորն ու հավաքարարը չեն կարող նույն գումարը ստանալ: Մեզանում այդ համահարթեցումը բոլոր սահմաններն անցել է:

Ալիսա Գևորգյան

 


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը

«Մենք կապող օղակ էինք քաղաքի ու ճակատի միջև». Արթուր Ներսիսյան

 Արթուր Ներսիսյանը  1988-2005 թթ. աշխատել է Արցախի հեռուստատեսությունում որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր, ներկայումս գործադիր տնօրենն է, մի շարք հեռուստաֆիլմերի...