Vrej Kassouny 2Վաղը` հոկտեմբերի 28-ին, Երևանում արդեն յոթերորդ անգամ կմեկնարկի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման փառատոնը։ Այն կտևի մինչև նոյեմբերի 3-ը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքում կթևածի անիմացիոն կինոյի մոգական հմայքը։ Այս տարի ևս փառատոնի կազմակերպիչները բավական հագեցած ծրագիր են նախապատրաստել, որը կգոհացնի թե′ պահանջկոտ հանդիսատեսի քիմքը, թ′ե օգտակար կլինի ոլորտի մասնագետների և տեսաբանների համար։ Կինոցուցադրումներ, պրեմիերաներ, վարպետության դասեր և էլի շատ ու շատ նորություններ, որոնց մասին «Կինոաշխարհը» զրուցել է փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունու հետ։

– Պարոն Քասունի, խնդրում եմ բացեք այս տարվա փառատոնի փակագծերը, ի՞նչ նորություններ կան։

1– Այս տարվա գլխավոր նորությունը և ձեռքբերումը «ՌեԱնիմանիա» անիմոցիոն կինոյի կրթաթոշակի (scholarship) հիմնադրումն է։ Արդեն պայմանավորվել ենք, որ այն լինի ամենամյա։ «KassArt» ստուդիան պայմանավորվածություն է ձեռք բերել ֆրանսիական անիմացիոն կինոյի մայրաքաղաք Անգուլեմի Անիմացիոն ֆիլմերի և արվեստի ստուդիայի հետ։ Մեզ այս ծրագրում աջակցում է Ֆրանսիայի դեսպանատունը։ Հնարավորություն ունենք տարին երկու ուսանող ուղարկելու Անգուլեմ։ Ուստի բոլոր հետաքրքրվողները, խնդրեմ, կարող են դիմել մեզ։
Չմոռանանք` մեր փառատոնը ստեղծվել է, որպեսզի աջակցի անիմացիոն կինոյի զարգացմանը Հայաստանում, հարթակ ստեղծի փոխշփման համար, որպեսզի տեղի երիտասարդ մասնագետները շփվեն օտարերկրյա մասնագետների հետ։ Սա աշխարհում ընդունված պրակտիկա է։ Ուսման տևողությունը 1,5 ամիս է։ Ակնկալում ենք, որ նրանք միջազգային վարպետներից սովորելով` շատ մեծ փորձառություն ձեռք կբերեն։ Նրանք կծանոթանան, կողք կողքի կաշխատեն, կընկերանան և գուցե համագործակցեն։ Ուսանողը ձեռք կբերի համակիրներ, գործընկերներ։ Բայց, իհարկե, շատ բան իրենից՝ ուսանողից է կախված։ Բնականաբար, սկսնակներին չենք ընտրելու, քանզի պայմանները սուղ են։ Ժյուրին էլ Հայաստանից չի լինելու, որպեսզի հետագայում չասեն` ծանոթի անցկացրինք։ Ամեն ինչ լինելու է բաց, թափանցիկ և համապատասխանելու է միջազգային ստանդարտներին։
Երկրորդ նորությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Վերածնունդ» ծրագիրն է, որում ընդգրկել ենք այս կամ այն առումով Հայոց մեծ եղեռնին անդրադարձող ֆիլմեր։

– Լավ, այդ դեպքում այս տարի ի՞նչ պրեմիերաներ ունեք։

– Այո, ունենք 6 միջազգային պրեմիերաներ, որոնք ընդգրկված են նաև հիմնական մրցութային ծրագրում։ Մեր բացման ֆիլմը՝ Բենուա Ֆիլիպպոնի և Ալեքս Հեբոյանի «Լուսնի պահապանը» (Ֆրանսիա), չքնաղ գեղեցկության, հրաշք ֆիլմ է։ Ռեժիսորներից մեկն էլ հայ է և ներկա կգտնվի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանն ու ֆիլմի հայաստանյան ցուցադրությանը։
Բացման ֆիլմը Լուսնի պահապանըԻ դեպ, բացման և փակման արարողությունների բեմադրող ռեժիսորն այս տարի կրկին Վահան Բադալյանն է՝ Հ. Իգիթյանի անվան Փակման ֆիլմը Մարգարենմանկական գեղագիտական կենտրոնի թատրոն-ստուդիայի ղեկավարը։ Ռեմի Շայեյի «Երկար ճանապարհը դեպի հյուսիս» (Ֆրանսիա-Դանիա), Ժան Բուլթհելի «Տխրությունը» (Ֆրանսիա-Նիդեռլանդներ-Բելգիա), Միդզուհո Նիշիկուբոյի «Ջիովաննիի կղզին» (Ճապոնիա), Ալեն Գանյոլի և Ժան-Լուպ Ֆելիչիոլիի «Ուրվական տղան» (Ֆրանսիա) և Ռոջեր Ալլերսի «Մարգարեն» (Կանադա-Ֆրանսիա-Իռլանդիա-Լիբանան-Քաթար-ԱՄՆ)՝ ըստ լիբանանցի և ամերիկացի փիլիսոփա, նկարիչ, գրող և բանաստեղծ Ջեբրան Խալիլ Ջեբրանի հրաշալի պոեզիայի։
«Մարգարեն» մեր փակման ֆիլմն է, որով իրավամբ հպարտանում ենք։ Ֆիլմի համապրոդյուսերը հոլիվուդյան աստղ, հայտնի մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկն է։ Ամեն փառատոն չէ, որ կարող է բերել այս ֆիլմը և ցուցադրել իր երկրում։ Գիտեք, բազմաթիվ փառատոներ մերժվել են։ Այնպես որ այս ֆիլմը հաստատ չպետք է բաց թողնել։ Մանավանդ, որ ցուցադրվելու է ընդամենը է մեկ անգամ, այն էլ` փակման օրը։

– Ինչ՞ կասեք հիմնական մրցութային ծրագրերի և դրանց մեջ ընդգրկված ֆիլմերի մասին։

– Մեր 6 պրեմիերաներից 4-ն ընդգրկված են նաև հիմնական մրցութային ծրագրում. իհարկե, լիամետրաժ ֆիլմերի։ Դրանք են՝ Սերգեյ Սերյոգինի «Հավասարակշռության կախարդը» (Ռուսաստան), Սամյուել Օրթի-Մարթիի «Նվաճվածը» (Իսպանիա), Յան Բալեժի «Փոքրիկը ձկան խանութից» (Չեխիա-Սլովակիա-Գերմանիա), որոնց միանում են «Լուսնի պահապանը», «Ջիովաննիի կղզին», «Տխրությունը», «Երկար ճանապարհը դեպի հյուսիս» ու նաև հայկական արտադրության մեկ անիմացիոն կինոնկար՝ Դավիթ Սահակյանցի «Անահիտը»։ Մենք համարեցինք, որ այս ֆիլմը ներկայանալի է, ուստի պարտավոր ենք հարթակ ստեղծել դրա համար։ Մեր գործը, կոպիտ ասած, ներկայացնելն է։ Իսկ ֆիլմն արժանի է մրցանակի, թե ոչ, արդեն ժյուրին կորոշի։ Չէ՞ որ «ՌեԱնիմանիան» նախ և առաջ հարթակ է հայ հեղինակների համար, երիտասարդությանը ներկայացնելու համար։ Ի դեպ, նշածս ֆիլմերից մի քանիսը որոշ ընդհանրություններ ունեն, քանի որ պատմում են տարբեր պատմական անցքերի մասին։ Դրանց իրադարձությունները կատարվում են անցյալում և հորինված չեն, որոշակի փաստերի հետ են կապված։ Ունենք նաև ծավալային անիմացիայի օրինակ՝ տիկնիկային անիմացիա։

– Իսկ ինչպիսի՞ն է ծրագրի ընդհանուր պատկերը լիամետրաժ մրցույթից դուրս։

– Ինչպես միշտ, կունենանք կարճամետրաժ ֆիլմեր, երաժշտական հոլովակներ, հեռուստատեսային ձևաչափի գործեր, ավարտական, ուսուցողական, վավերագրական և նորարար-փորձարարական։ Կունենանք նաև ֆիլմ, որը կպատմի էքսպերիմենտալ անիմացիոն կինոյի պատմության մասին։ Այն մասին, որ այս երևույթը խորը ավանդույթ ունի համաշխարհային կինեմատոգրաֆում։ Այս կոնտեքստում կցուցադրենք Ամեր Շոմալիի և Փոլ Քովանի «18՝ պահանջված» (“The Wanted 18”) կանադա-պաղեստինյան արտադրության ֆիլմը։ Այստեղ ևս կան հայկական ֆիլմեր` Արեգ Մկրտչյանի, Լևոն Պետրոսյանի։ Այս տարի մեզ դիմել են 12-13 հայկական ֆիլմեր, և ընտրել ենք 7-8-ը։
Ես մի միտում եմ նկատում. այսօր շատ են նկարահանում անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմական են, նյութն էլ՝ փաստա-վավերագրական։ Մյուսը տիկնիկային անիմացիան է։ Այսօր կարծես այդ կենդանի ծավալային անիմացիան իսկական վերածնունդ է ապրում։ Մեկ այլ միտում էլ կա՝ դեպի աբստրակտ, վերացական անիմացիան։ Սա արդեն փորձարարության տարածություն է։ Պարզ է, որ նաև թվային տեխնոլոգիաներն են ազդել անիմացիայի վրա։ Սակայն համակարգիչն ամեն դեպքում մնում է միայն գործիք։ Ավանդական անիմացիայի սկզբունքները պահպանվում են։ Համակարգիչն ընդամենը միջոց է։

– Հետաքրքիր է, ովքե՞ր են այս տարվա ժյուրիի անդամները։

– Լիամետրաժ մրցույթում՝ Ջեք Պողոսյանը, Լևոն Մինասյանը և Պասկալ Մորետտին։ Կարճամետրաժում՝ Ալեքս Հեբոյանը, Ռուբեն Մալայանը, Խուան Պաբլո Զարամելլան։ Երաժշտական հոլովակները կգնահատեն Շուշան Պետրոսյանը, Արեն Բայադյանը, Միհրդատ Գազազյանը, Տաթևիկ Մանուկյանը, Լիզ Արթինյանն ու Նիկոլաս Բյանկո-Լևրինը։ Ավարտական ֆիլմերը կդատեն Գարի Շվարցը, Ռոն Դիենսը և Շամիրամ Խաչատրյանը։ Իսկ ֆիլմի լավագույն գեղարվեստական կոնցեպտը կգնահատեն Նարեկ Վան Աշուղաթոյանը, Արև Պետրոսյանն ու Արամ Մեհրաբյանը։ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ևս կան ժյուրիի անդամներ, հիմնականում` պատանիներ. Նանե Սարգսյան, Նունե Խաչատրյան և Գրետա Մանուկյան։

– Էլ ի՞նչ հյուրեր եք ունենալու այս տարի։ Ովքե՞ր կվարեն վարպետության դասերը։

– Վարպետության դասերը մեզ համար շատ կարևոր են։ Դրանք կանցկացվեն «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում, «Էոն» հակասրճարանում և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ Եվ բոլորն էլ, ինչպես միշտ, անվճար են լինելու։ Մեզ մոտ է գալիս Հարրի Շվարցը։ Ինձ թվում է` ավելորդ է ասել, թե ով է նա, հատկապես` կինոսերներին։ Նրանից բացի, արգենտինացի Խուան Պաբլո Զարամելլան։ Նա երիտասարդ անիմատոր է, սակայն իսկապես տաղանդավոր է, բազմաշնորհ։ Այսօր աշխարհի 10 հիմնական անիմատորների շարքում է։ Նա վարպետության դաս կվարի տիկնիկային անիմացիայի գծով։ Կունենանք նաև սեմինար, որը կնվիրվի պատկերապատմանը։ Այն կվարի Նիկոլաս Բյանկո-Լևրինը։ Նաև ներկայացնելու ենք այն ընկերությունը, որն արտադրել է Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին», այսինքն` Sacrebleu Productions-ը։ Երևանում ներկա կլինեն դրա ներկայացուցիչները, պրոդյուսերները։ Լինելու է Լիզ Արթինյանը, որ կվարի վարպետության դաս` նվիրված նախագծի կոնցեպցիային, դրա կառուցմանը։ Կլինի նաև Շառլի Սանսոնետտին, որ մեր փառատոնի խորհրդի անդամ է։ Նա վարպետության դաս կվարի անիմացիոն ֆիլմերի արտադրության վերաբերյալ։ Կգա նաև Պասկալ Մորետտին, որ հարց ու պատասխանի ձևաչափով անմիջական զրույց կվարի։ Նշեմ, որ փառատոնի օրերին «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ՝ «ՄոսԿաֆե»-ում, կգործի յուրատեսակ կինոակումբ։ Երեկոյան ժամը 22։00-ից մինչև կեսգիշեր բոլոր ցանկացողները կարող են ներկա լինել այս բացառիկ հանդիպումներին։ Ինձ թվում է, որ դրանք մեծապես կհարստացնեն մեզ բոլորիս։

– «ՌեԱնիմանիան» այս տարի նաև պատկերապատման փառատոն է։ Կմանրամասնե՞ք։

– Այո, իսկապես, դա մեր երրորդ շատ կարևոր նորությունն է, որը նորություն է բառի բուն իմաստով։ Քանի որ մեր փառատոնի շրջանակներում այսպիսի բան երբևէ չի եղել։ Մենք ունենալու ենք պատկերապատման գրքեր, որոնց շնորհանդեսներն ենք անցկացնելու։ Իսկ դրանցից մի քանիսի հեղինակներն անգամ Երևանում վարպետության դասերով հանդես կգան։ Ի դեպ, ունենք նաև Ցեղասպանությանը վերաբերող պատկերապատման գրքեր։ Աշխարհում դրանք 12-ն են։ Եվ գիտեք, որ միայն այս տարի լույս են տեսել դրանցից 3-ը։ Եվ բոլորն էլ միջազգային վարպետներ, նշանավոր հեղինակներ են ստեղծել։ Սա մեզ համար շատ հետաքրքիր է։ Նոյեմբերի 1-ը կիրակի օր է, եթե չեմ սխալվում, ցերեկային ժամերին մենք կանցկացնենք գրքի ստորագրության ժամ։ Բոլորին անխտիր հրավիրում եմ։ Բացառիկ բան է սպասվում։ Հետագայում արդեն կարելի կլինի ձեռք բերել տվյալ գրքերը մայրաքաղաքի «Արթբրիջ» գրախանութում։
Այսպիսով «ՌեԱնիմանիայի» ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում, «Լոֆթում», «Էոնում» և «Թումոյում»։ Այո, չեմ ժխտում, մենք ֆինանսական խնդիրներ ունենք։ Սակայն էլի եմ կրկնում` մենք փառատոն չենք անում, որպեսզի գումար հավաքենք, այլ միջոցներ են ձեռք բերում, որպեսզի փառատոն կազմակերպենք։

Զրույցը վարեց Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆԸ