C398A710832DB6E801D834D0043D098EE25E9C0704492605889CFAA38BF339FCՀոկտեմբերի 11-ին Երևանի «Մոսկվայի տանը» կայացավ Էստոնիայի, Գերմանիայի և Ֆինլանդիայի համատեղ արտադրության «Սուսերամարտիկը» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Ֆիլմն արտադրող ALLFILM ընկերության պրոդյուսեր Իվո Ֆելտը վրաց-էստոնական համատեղ արտադրության «Մանդարիններ» ֆիլմի պրոդյուսերն է։ Ֆիլմի ռեժիսորն ազգությամբ ֆինն Կլաուս Խյարյոն է։
Կինոնկարը հրաշալի սուսերամարտիկ Էնդել Նելիսի կյանքի պատմությունն է, որը Էստոնիայի սպորտի պատմության մեջ հայտնի է նրանով, որ հիմնադրել է սուսերամարտի նոր դպրոցը, մարզել հրաշալի երիտասարդների, որոնք հետագայում մասնակցել են բազմաթիվ մրցույթների ու գրեթե միշտ հաղթանակած վերադարձել։
Նելիսը երիտասարդ և շնորհալի մարզիկ էր, ցանկանում էր իր կյանքը կապել այս մարտարվեստի հետ։ Նա լավ առաջադիմում էր, և մարզչի բոլոր հույսերը նրա հետ էին կապված։ Սակայն սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և նրա մարզական ուղին ընդհատվում է։ Նելիսը կիսով չափ գերմանացի է. մայրը էստոնուհի է, իսկ հայրը՝ Կելլեր ազգանունով, ծագումով Գերմանիայից է։ Եվ երբ սկսվում է պատերազմը, նրան ևս շատերի հետ տանում են կռվելու գերմանական բանակի շարքերում։ Այնուամենայնիվ, նա և իր ընկերները չեն ընդունում Հիտլերի քաղաքականությունը և փախչում են մարտի դաշտից ։
Նելիսը Լենինգրադից, որտեղ ապրել ու սովորել է, գալիս է էստոնական փոքրիկ Հաապսալու քաղաքը։ Տեսնելով նրա դիպլոմը` տեղի դպրոցի տնօրենը զարմանում է, թե ինչու է այսպիսի որակավորմամբ մարդը որոշել ապրել ու աշխատել աշխարհից կտրված այս վայրում։ Նելիսն էլ ի պատասխան նշում է, որ պարզապես մեծ քաղաքներ չի սիրում։ Նելիսին աշխատանքի են վերցնում տեղական դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սակայն դեռևս պարզ չէ, թե որ մարզաձևի։ Նելիսը որոշում է պարապմունքներ վարել սահնակներով։ Քանի որ քաղաքում միշտ ցուրտ է, այս սպորտաձևով զբաղվելը օգտակար կլինի դպրոցի աշակերտների համար, նաև՝ անվնաս քաղաքական տեսանկյունից։ Սակայն շուտով պարզում է, որ այստեղ սահնակներ էլ չկան։ Իսկ դպրոցի տնօրենը հանդիմանում է` լենինգրադյան բուհի դիպլոմ ունեցողը կարող է մի բան մտածել։
Նելիսը շատ է կարոտում սուսերամարտը։ Մի օր դպրոցում մարզասուսեր է գտնում և սկսում ինքն իր հետ երևակայական սուսերամարտել։ Դա տեսնում է աշակերտուհի Մարթան և հայտարարում, որ այսուհետ սուսերամարտի պարապմունքներ են լինելու։ Ամբողջ դպրոցը մեկ մարդու պես գալիս է վարժանքների։ Այն, որ այս մարզաձևն այսքան ժողովրդականություն է վայելում խորհրդային երկրի երեխաների շրջանում, զարմացնում է Նելիսին։
03_Vehkleja_V6tted_Mart_Avandi_autor_Asko_LinnoՍկզբում մարզվում են ծառերի երկար ճյուղերով, որպեսզի հանկարծակի չվիրավորեն միմյանց։ Հետո արդեն Նելիսին օգնության է հասնում ընկերը, որ Հաապսալու է ուղարկում սուսերամարտի օգտագործված պարագաներ։ Շատ կարճ ժամանակում Նելիսը մեծ հաջողության է հասնում։ Դպրոցի բոլոր աշակերտները տիրապետում են սուսերամարտի արվեստին։ Նելիսի անձնական կյանքում էլ կարծես ամեն ինչ լավ է։ Նա հանդիպում է Կադրիին, որը ջերմացնում է նրա սիրտն ու հոգին այդ ցրտաշունչ համապատկերում։ Կադրին շարունակ կրկնում է, որ երեխաները սիրում են նրան որպես հոր։ Նրանց մեծ մասի հայրերը մահացել են պատերազմի ժամանակ, և նրանք հայրական սիրո մեծ կարիք ունեն։ Նրանք վստահում են Նելիսին, հավատում։ Սակայն Նելիսը գիտի, որ վաղ թե ուշ իրեն գտնելու են և մեղադրելու որպես ազգի դավաճանի՝ կապված իր հոր ազգության և պատերազմական վիճակի հետ։ Նա քաջ գիտակցում է, որ ազգային անվտանգության անողոք մեքենան իրեն էլ է տանելու Սիբիրի հեռավոր ճամբարներ։
Ֆիլմի ամենից ուժեղ ակորդը ֆինալն է, երբ Նելիսը, խաղասեղանին դնելով իր կյանքը, տանում է երեխաներին մասնակցելու Լենինգրադում կայանալիք սուսերամարտի համամիութենական առաջնությանը` շատ լավ հասկանալով, որ միգուցե այլևս չվերադառնա իր համար այդքան հարազատ դարձած քաղաքը, էլ չտեսնի ու չհամբուրի սիրելի Կադրիին։ Երեխաները, ինչպես և սպասվում էր, հաղթում են։ Բայց Նելիսին գտնում ու տանում են։ Երեխաները տեսնում են այդ ամենը, հասկանում կատարվածն ու խոր ցավ ապրում:

D238B6BD25B146BBC1444208BF65567AF6E8D44C2B3905A15290C8382621797A

1953 թ. Ստալինը մահանում է։ Դատապարտված մարդիկ ազատ են արձակվում ճամբարներից։ Էկրանին նորից տեսնում ենք այն գնացքը, որով Նելիսը Հաապսալու էր եկել։ Կրկին Նելիսը` տանջված, ավելի հասուն ու իմաստուն, բայց նույն բարի ու ներող հայացքով։ Կառամատույցում կանգնած է Կադրին։ Իսկ նրա կողքին երեխաներն են։ Եվ առաջին անգամ կադրում արև ենք տեսնում, որն ասես ճեղքել է ամպերն ու հայտնվել երկնակամարում։ Ջերմ արև, որը լույսով է լցնում, հույս ներշնչում և կարծես նշանավորում, որ արդեն ձնհալի ժամանակներն են…
«Սուսերամարտիկն» այս տարի Էստոնիայի կողմից ներկայացված է «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
Իսկապես փայլուն ռեժիսորական, օպերատորական, կոմպոզիտորական և բեմանկարչական աշխատանք։ Սակայն թերևս հարկ է կանգ առնել ֆիլմի դրամատուրգիայի վրա։ Սցենարը գրված է դասական սկզբուներով։ Ֆիլմի պատումը հանդարտ է, խաղաղ հոսող, սակայն կուլմինացիոն կետերում կրակում է։ Ստեղծված է կուռ և ամբողջական պատմություն, հերոսները լիարժեք են, նրանց թիկունքում հանդիսատեսը կենսագրություն է տեսնում։
Ֆիլմի ցուցադրությանը ներկա գլխավոր դերակատարները՝ Մյարտ Ավանդին և Ուրսուլա Օյան, նշեցին, որ ռեժիսորն իրենց հետ աշխատում էր մեծ հավատի ու վստահության մեթոդով։ Իրենք էլ հաճույք էին ստանում երեխաների հետ աշխատելիս, քանզի նրանք շատ տաղանդավոր են։
«Սուսերամարտիկն» ազգային կինոյի փայլուն օրինակ է, երբ ստեղծագործության արմատները հարազատ հողում են, իսկ պտուղները համամարդկային են ու հասկանալի աշխարհին։ Ֆիլմն իսկապես հուզում է։ Արվեստի գործառույթն էլ հենց դա է, որ սկզբում հուզի, իսկ հետո արդեն մարդն սկսի իմաստավորել տեսածը։
Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ