«Պատերազմի վավերագրողները» շարքից «Կինոաշխարհի» հերթական հերոսը ռեժիսոր և կինոօպերատոր Միքայել Ղազարյանն է:

– Մասնագիտությամբ ռեժիսոր եմ, բայց նաև օպերատորական կուրսեր եմ անցել: Առաջին ուսուցիչս այդ ոլորտում վաստակաշատ կինոօպերատոր Լևոն Աթոյանցն է: 60-ականների կեսերին նա Երևանում հիմնեց առաջին արվեստի դպրոցներից մեկը, որտեղ գործում էր նաև օպերատորական խումբ: Այդ դպրոցն ավարտած օպերատորներից շատերը հետագայում մեծ ավանդ ունեցան հայկական կինոյում: 1968 թ. ընդունվեցի «Հայֆիմ» կինոստուդիա, որտեղ աշխատում էի հրաշալի անձնավորությունների հետ: Նրանք ինձ շատ բան սովորեցրին մասնագիտական առումով: Շփվում էի ժամանակի այնպիսի անհատականությունների հետ, ինչպիսիք էին Հենրիկ Մալյանը, Ալբերտ Յավուրյանը, Էդմոն Քյոսայանը, որի «Տղամարդիկ» ֆիլմի աշխատանքներին եմ մասնակցել: «Գիքորը» ֆիլմում ասիստենտ եմ աշխատել: Մասնակցել եմ մի շարք այլ ֆիլմերի աշխատանքներին:
Մասնագիտական ուղիս հետագայում շարունակվեց «Երևան» ստուդիայում: 1988-ին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, և շնորհիվ իմ լավ բարեկամ, կինոօպերատոր Շավարշ Վարդանյանի, սկսեցի նկարահանումներ կատարել օպերայի հրապարակում: Մենք վավերագրում էինք այդ ժամանակ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Շավարշը ֆիլմ էր նկարում նոր ձևավորվող հայկական բանակի մասին: Գիշեր-ցերեկ աշխատում էինք այդ ֆիլմի վրա:

1992 թ. փետրվարին Միքայել Ղազարյանն աշխատանքի անցավ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունում: Ավելի ուշ ստեղծվեց «Զինուժ» ծրագիրը, որը հեռարձակում էր սահմանային իրավիճակին վերաբերող և նոր կազմավորվող բանակի ու գործող ջոկատների մասին նյութերը:

– Երևանում լրատվական սով կար, շաբաթվա մեջ մի քանի անգամ մեկնում էինք Արցախ և սահմանամերձ գոտիներ: Նկարահանումներ էինք կատարում ու վերադառնում Երևան: Այն ժամանակ այսօրվա տեխնիկական հնարավորությունները չկային, չէինք կարող նյութը ուղարկել, ամեն մեկին էլ չէինք կարող այն վստահել, ստիպված էինք ինքներս հասցնել:
Նկարահանող խմբերը բազմաթիվ փորձությունների են հանդիպել, երբեմն հրաշքով են ազատվել մահից: Օպերատորները սկզբում տարերայնորեն էին գործում. ով ցանկանում, վեր էր կենում ու այս կամ այն ջոկատի հետ գնում Արցախ նկարահանումների: Ոմանք կոնկրետ ջոկատների հետ էին աշխատում: Աշխատանքը համակարգված չէր, և երբեմն կոպիտ սխալներ էին թույլ տրվում: Մարդիկ նկարում էին մեր դիրքերն ու հրապարակում՝ մոռանալով, որ այդ նյութերը դիտում են նաև Ադրբեջանում: Մեր հրամանատարները հաճախ դժգոհում էին: Ռազմական ղեկավարությունը որոշեց համակարգել այդ ամենը, և տեղին սահմանափակումներ մտցվեցին:

Կենսագրության արցախյան շրջանը Միքայել Ղազարյանի հիշողության մեջ դաջվել է հատկապես մի քանի արտասովոր ու հերոսական կերպարներով: «Կինոաշխարհի» հետ զրույցում նա պատմեց Ռեմ Մարդանյանի մասին, որի մականունն Արցախում Ռեմբո էր: Նրա անունն իսկ ադրբեջանցիների համար ահ ու սարսափ էր:

– Բացառիկ խելացի անձնավորություն: Երկու բարձրագույն ուսումնական հաստատություն էր ավարտել: 1993-ին Արցախում զինադադար էր հայտարարված, այդ ընթացքում ես, Գնել Նալբանդյանն ու Արայիկ Շարբաթյանը մեկնեցինք Լաչին, որի դիրքերից մեկը պահպանում էին Սովետաշենի գնդի տղաները: 18 տարեկան նորակոչիկներ էին: Ջոկատի հրամանատարը Ռեմ Մարդանյանն էր: Նրա հետ նստած` մոմի լույսի տակ զրուցում էինք, ու հանկարծ ադրբեջանցիները սկսեցին հարվածել գրադով: Առաջին հարվածին Ռեմն արձագանքեց ընդամենը թեթև ռեպլիկով, հետևեց երկրորդ հարվածը, Ռեմն ասաց՝ պերելյոտ ա: Երբ հետևեց երրորդ հարվածը, ասաց ՝ մեր վրա է: Ու գրադն ընկավ ուղիղ մեր բակը: Բարեբախտաբար ոչ ոք չտուժեց, բացառությամբ մի զինվորի, որի քթի ներքևի հատվածն էր թեթև վնասվել:
Առավոտյան դիրքերում ուժեղ կռիվ էր ծավալվել, երիտասարդ զինվորներից մեկը տանկ էր խփել, պատկերացնո՞ւմ եք ոգևորությունը: Մենք հասանք այն պահին, երբ տղաները դիրքերի վրա քոչարի էին պարում: Իջանք խրամատ ու սկսեցինք նկարահանումներ կատարել, և հանկարծ ադրբեջանական տանկը հարվածում է մեզ: Զոհեր չունեցանք, բայց լուրջ վիրավորվածներ կային: Չեմ կարող նկարագրել իմ վիճակը, երբ կես ժամ հազում ես ու բերանիցդ հող է թափվում, նայում ես շուրջդ ու չես հասկանում` ի′նչ է կատարվում, որտեղ ես, երկնքո՞ւմ ես, թե՞… Չես հասկանում՝ ընկերներդ ո՞ղջ են, թե՞ ոչ: Երբ ուշքի եկանք, սկսեցինք վիրավորներին տեղափոխել դիրքերից, այդ ժամանակ սկսեցին աշխատել թշնամու դիպուկահարները: Մի տղա կար, սարսափելի վիճակում էր, հույս չունեինք, որ կփրկվի, բայց փառք Աստծո, փրկվեց:
Ռեմն ինձ գրավել էր իր բացառիկ համարձակությամբ: Ինձ թվում է` նա վախ չուներ, այնքան հավասարակշռված էր իրեն պահում ցանկացած իրավիճակում: Որպես հրամանատար` նա գիտակցում էր՝ եթե ինքն իրեն կորցնի, կկորցնի նաև տղաներին: Ուղիղ մեկ շաբաթ նրա ջոկատը դիմակայել էր ադրբեջանցիներին՝ տալով ընդամենը մեկ զոհ:
Պատերազմի դաշտում մահվան հանդեպ վերաբերմունքն այլ է: Գնդակը գալիս է, և դու չգիտես՝ այն կհարվածի՞ քեզ , թե՞ ոչ: Մերոնք վերցրել էին Սարսանգի ջրամբարն ու պահպանում էին դիրքերը: Ես Տիգրան Դևրիկյանի հետ այնտեղ էի: Արցախցի հրամանատարը շատ հանգիստ տոնով մեզ պատմում է. «Երեկ առավոտյան այն դիրքից մեր տղաներից մեկին հենց այստեղ թխալ են»: Մենք էլ նույն տեղում կանգնած ենք, այդ պահին վախենում ես, փորձում ես ինչ-որ ապահով տեղ մտնել, բայց երբ տեսնում ես վիրավոր տղաներին, մոռանում ես վտանգի մասին, մտածում ես միայն նրանց փրկելու ուղղությամբ: Անկախ քեզնից փորձում ես ինչ-որ բանով օգտակար լինել: Գիտես, որ ժամանակը չի սպասում ու յուրաքանչյուր վայրկյան կարող է ճակատագրական լինել: Իմիջիայլոց, ի տարբերություն ադրբեջանցիների, հայերը երբեք իրենց զոհված ընկերներին մարտի դաշտում չէին թողնում: Չեմ ուզում պատերազմից մանրամասներ պատմել, որովհետև մեր զրույցը կարող է վերածվել սարսափ ֆիլմի, բայց այնտեղ ամեն ինչ պատահում է:

1

Կենտրոնում` Ռեմ Մարդանյանը, աջից` Գնել Նալբանդյանը

Միքայել Ղազարյանի ռազմական թեմայով առաջին ֆիլմն էր «Դառնալ զինվոր»: Այն, ինչպես ասում է, զրոյից ստեղծված հայկական բանակի մասին է՝ իր անցած ուղիով ու առօրյայով: Հետագայում նկարեց «Գերիներ» ֆիլմը, որում պատմում է, թե ինչպես են մարդիկ Ադրբեջանում զորակոչվել ու Հայաստանում գերության մեջ հայտնվելուց հետո ինչպես են նրանց վերաբերվել:

– 1993 թվականին ստեղծվեց «5-րդ բիրգադը», որի հրամանատարն էր Ռեմ Մարդանյանը: Այդ ջոկատից 70-անց մի տարեց մարդ է տպավորվել: Նրա արտաքինն արդեն ամեն ինչ ասում էր: Տարիներ անց հանդիպեցի նրա որդուն, պարզվեց, որ հայրը պատերազմից հետո է մահացել, անցել էր ամբողջ պատերազմը: Այս ջոկատում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին համախմբվել, մի մասն անգամ չէր պատկերացնում, թե ուր է եկել: Նրանց մեջ կային նաև հիասթափվողներ: Ոմանք չէին դիմանում դժվարություններին:
Երբ հաղթահարում ես վախն ու հայտնվում առաջնագծում, ամեն ինչ փոխվում է. քեզ համար կարևոր է դառնում ընկերդ, հասկանում ես, որ միասին արդեն ուժ եք: Պատերազմի ամենակարևոր դասերից մեկը հենց դա է՝ գնահատել ընկերություն ասվածը, մարդ հասկացողությունը: Այնտեղ տարբեր մարդկանց եմ հանդիպել, այդ թվում նաև այնպիսիներին, որոնք հանցագործներ էին ու եկել էին Արցախ միայն պատսպարվելու, բայց պատերազմն այն տեղն է, որտեղ նաև ինքնամաքրման միջով ես անցնում, մարդկային հարաբերություններն այստեղ վերարժևորվում են: Այս միջավայրում կեղտը խանգարում է, չես կարող ապրել դրանով, պիտի մաքրվես, որպեսզի կարողանաս բնականորեն հարմարվել միջավայրին:

2

Միքայել Ղազարյանի «Սև հովազներ» ֆիլմը պատմում է համանուն ջոկատի անցած մարտական ուղու մասին , իսկ «Հաղթություն» ֆիլմը «Մուշ» հետախուզական ջոկատի պատմությունն է: Ռեժիսորի «Կարոտից խելառը» ֆիլմը նվիրված է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին:

– Երբ առաջարկություն ստացա նկարել այս ֆիլմը, որոշեցի ուսումնասիրել՝ ինչ կա ընդհանրապես Թաթուլի մասին: Մի գիրք ընկավ ձեռքս, պարզվեց, որ Թաթուլը նաև հրաշալի բանաստեղծություններ է գրել, երգել է ազգագրական խմբում: Գիրքն ընթերցելուց հետո որոշեցի Թաթուլին ներկայացնել ոչ թե որպես ռազմիկ, այլ մի մարդ, որը մինչև Շահումյանում հերոս դառնալն ապրում էր բնականոն կյանքով, երգում էր իր էրգրի երգերն ու գրում բանաստեղծություններ: Ինձ այնքան պատմություններ էին պատմել Թաթուլի մասին, որ ֆիլմը նկարելիս խճճվել էի, չգիտեի՝ որը օգտագործեմ, որը՝ ոչ:

– Ինչպիսի՞ վերջաբան եք տեսնում արցախյան հակամարտությանը: Հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը հնարավոր համարում ե՞ք: 3

– Ժամանակին մի մեծ նախագծի մասին էի մտածում, ստեղծել միջազգային ինտերնացիոնալ հեռուստաընկերություն, որը կմիավորեր տարբեր ազգերի երեխաներին, այդ թվում և հայ ու ադրբեջանցի: Նրանք կարող էին շփվել եթերում, տեսակետներ փոխանակել, ճանաչել միմյանց: Ես կարծում եմ` այդ երկխոսությունը պետք կայանա այն սերնդի միջոցով, որն այսօր պետք է ձևավորվի: Ընդհանրապես այս հակամարտությունը չափազանց խորն է նստած մեր արյան մեջ, բայց ես չգիտեմ՝ ինչպիսին կլինի դրա վերաբերյալ իմ թոռնիկի կարծիքը: Եթե նա ավելի կոսմոպոլիտ լինի միայն այն պատճառով, որ Հայաստանից հեռու է, դա արդեն խնդիր է: Արտագաղթն այսօր մեր թիվ մեկ չարիքն է:

Ռեժիսոր և օպերատոր Միքայել Ղազարյանն այսօր ֆիլմեր չի նկարում: Երկար ժամանակ, ինչպես ասում է, սցենարների վրա է նստած: Մի քանիսն արդեն սեղանին են: Դրանք ֆիլմ դառնալու հավակնությամբ ապրող պատմություններ են, պատմություններ մարդու և մարդկային մենակության մասին:

Ալիսա Գևորգյան


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը

«Մենք կապող օղակ էինք քաղաքի ու ճակատի միջև». Արթուր Ներսիսյան

 Արթուր Ներսիսյանը  1988-2005 թթ. աշխատել է Արցախի հեռուստատեսությունում որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր, ներկայումս գործադիր տնօրենն է, մի շարք հեռուստաֆիլմերի...