12112190_1046973365337343_4654268368241304089_nԴրսում կրկին հոկտեմբերն է։ Հայաստանը կրկին աշնանային հյութեղ գույներով ծիրանի է հագել։ Իսկական ոսկե աշուն է: Սակայն մեզ մոտ այս օրերին նաև կինոաշուն է, քանի որ հոկտեմբերի 1-ից ամբողջ հանրապետությունում մեկնարկել է հայկական ազգային կինոյի մեկամսյակը։ Հայաստանի բոլոր մարզերում ու զորամասերում, Երևան քաղաքի բոլոր համայնքներում, դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում մեկ ամիս շարունակ՝ մինչև նոյեմբերի 4-ը, հայկական հին ու նոր կինոյի շունչ ենք զգալու։ Բացի ֆիլմերից, մեզ սպասում են նաև թեմատիկ ցուցադրություններ, հանդիպումներ կինոգործիչների հետ, հոբելյանական երեկոներ։
«Կինոաշնան» շրջանակներում նախատեսվում է ցուցադրել ինչպես հայկական հին, այնպես էլ վերջին տարիների կինոնկարներ, որոնք ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։ Հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտելու լիամետրաժ և կարճամետրաժ խաղարկային, վավերագրական և անիմացիոն կինոնկարներ, նաև երիտասարդ ռեժիսորների դեբյուտներ։
Այս անգամ ևս հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ մարզերին։ Քանի որ բոլորին է հայտնի` ներկայիս հայաստանյան ծանր ու բարդ պայմաններում մարզային բնակչությունը գրեթե ամեն ինչից կտրված է, մշակութային կյանքն էլ աշխույժ չէ։ Ուստի այսպիսի միջոցառումները թե′ տեղի բնակչության ժամանցն ապահովելու, թե′ ճանաչողական գործառույթ կատարելու առիթ են` ծանոթացնելով մարզաբնակներին հայկական կինոարվեստի նորույթներին։ Հետևաբար այս անգամ էլ ծրագրում ընդգրկված են բոլոր 10 մարզերն իրենց մշակույթի կենտրոններով։
Այսպիսով, տարեցտարի «Կինոաշունն» ամբողջ երկրում նաև կինոցանց է ձևավորում ու զարգացնում։ Նույնը վերաբերում է նաև մայրաքաղաքի 12 համայնքներին, որտեղ հանդիսատեսը ֆիլմերի անվճար ցուցադրությունների հնարավորություն կստանա։ Ինչ վերաբերում է բուհերին, ապա «Կինոաշուն-2015» ծրագրի կինոնկարները կներկայացվեն Երևանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանում, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Նրանց այս տարի միացել է նաև Երևանի մշակույթի պետական քոլեջը։
2015 թ. նշում ենք նաև մեր անվանի կինոգործիչների հոբելյանները, առանց որոնց այսօր հնարավոր չէ պատկերացնել մեր ազգային կինեմատոգրաֆի դիմանկարը։ «Նաիրի» կինոթատրոնում կանցկացվեն հոբելյանական երեկոներ, որոնք նվիրված կլինեն կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի 80-ամյակին, Գրիգոր Մելիք-Ավագյանի ու Աղասի Այվազյանի 90-ամյակներին։ Բանախոսներն են կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, կինոգետներ Սիրանույշ Գալստյանն ու Սուրեն Հասմիկյանը։ Միջոցառումների ընթացքում կցուցադրվեն հոբելյարների հեղինակած կինոժապավենները, կծավալվեն ասուլիսներ, բանավեճեր։ Իսկ «Հայաստան» կինոթատրոնում կանցկացվի Հենրիկ Մալյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկո, որը կվարի կինոգետ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Կինո+» մշակութային հանդեսի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը։ Երեկոյի ընթացքում կցուցադրվեն հատվածներ նշանավոր ռեժիսորի ֆիլմերից, ներկա կլինեն անվանի կինոգործիչներ ու դերասաններ։
Մի առանձին ծրագիր էլ կներկայացվի ՀՀ զորամասերում ու սահմանապահ համայնքների գյուղերում։ Հենց այստեղ է, որ էական դեր և արժեք ունի մարտական ոգին և հայրենասիրական շունչը բարձր պահելը։ Ուստի ընտրված ֆիլմերն ունեն թեմատիկ ուղղվածություն և ըստ իրենց բովանդակության` հավաքվում են մեկ միասնական առանցքի շուրջ, այն է` ամուր պահել հայ զինվորի, հայրենիքին ծառայողի ոգին, հաղորդակիցը դարձնել նրան արվեստի լավագույն նմուշներին, առհասարակ մշակույթին։
«Կինոաշուն-2015» ծրագրի առանցքում է նաև Հայոց ցեղասպանության թեման։ Ուստի այս տարվա ծրագրի հիմնական 2-րդ ուղղվածությունն է հանրահռչակել Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված ֆիլմերը, հատկապես` նոր կինոնկարները, որոնք ստեղծվել են վերջին տարիներին։ Ռոբեր Գեդիգյանի «Մի խելագարի պատմությունը», Հրանտ Հակոբյանի «Հանդիպումը», Կարին Հովհաննիսյանի «1915»-ը, Ռուբեն Քոչարի «Հայերի ընկերները», Ա. Իգիթյանի և Վ. Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը», չեխական հեռուստատեսության համար նկարահանված Մարտին Մահդալի «Ցեղասպանության հավերժական վիշտը», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզը», Արա Երնջակյանի «Խավարումը», Վիգեն Չալդրանյանի «Ապրիլը», Արթուր Սուքիասյանի «Մեր Ատլանտիդան» և այլ ժապավեններ են ընդգրկված «Կինոաշնան» այս բաժնում։ Ի դեպ, ծրագրում, կարելի է ասել, առանձին խորագրով ընդգրկվել են ռազմական, հայրենասիրական բնույթի կինոնկարներ, որոնցում երևում են պատերազմն ու մեր երկրի պաշտպան հերոսը։ Դրանք են` Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը», Արտակ Զիլֆիմյանի «Չեզոք գոտին», Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհը», որոնք նույնպես կցուցադրվեն ՀՀ զորամասերում և սահմանային գյուղերում։
Բարի երթ։ Կհանդիպենք նոյեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Կինոաշնան» փակման արարողության ժամանակ, երբ կամփոփվեն նաև ուսանողների համար կազմակերպվող գրախոսականների մրցույթի արդյունքները։
Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ