Apricot-Tree-posterԱշխարհի շատ երկրներ մեծ ուշադրություն են դարձնում իրենց ազգային առանձնահատկությունների հանրահռչակմանը։ Ռուսաստանը, օրինակ, ունի մարդաբանական ֆիլմերի փառատոն, Ֆրանսիայում էթնոգրաֆիկ կինոյի հիմնադիր Ժան Ռուշի հետևորդներն ակտիվորեն զարգացնում են այս ոլորտը։
Հայկական կինոյում, եթե անդրադառնալու լինենք ազգագրական թեմաների արծարծմանը, դարձյալ պիտի վկայակոչենք մեր դասականներին՝ Արտավազդ Փելեշյանին, Սերգեյ Փարաջանովին, Համո Բեկնազարյանին, Ֆրունզե Դովլաթյանին, Հենրիկ Մալյանին։ Հատկապես Փելեշյանն ու Փարաջանովը հատուկ շեշտադրումով վեր են հանել մեր ազգային առանձնահատկությունները, ծիսակարգերը, ավանդույթները։ Փարաջանովն ավելի շատ հորինում էր դրանք՝ ի շահ գեղագիտության ու վիզուալ տպավորության։ «Կինոաշխարհի» հարցազրույցներից մեկում ազգագրագետ Լևոն Աբրահամյանը պատմում էր, որ Փարաջանովն այնքան համոզիչ ու գեղեցիկ էր բեմադրում այդ ծեսերն ու հանդիսությունները, որ անգամ հայտնի ազգագրագետները փաստում էին, որ կինոռեժիսորը շատ ճշմարտացիորեն է վեր հանում ազգային ավանդույթները, այնինչ դրանք իրականում գոյություն չունեին։ Սա Փարաջանովի ֆենոմենն է։ Իսկ փելեշյանական կինոարվեստում հնձած խոտը սարի լանջն ի վար քարշ տալը, ոչխար լողացնելը, հարսանեկան ծեսերը հայ ազգագրության բյուրեղյա պատկերներ են։
Մեր օրերում ազգագրական կինոն մեծ համարում չունի։ Թեման կինոռեժիսորների ու սցենարիստների հետաքրքրության շրջանակից դուրս է, թեև երբեմն-երբեմն անդրադարձներFAHF-Folk-Art-Hub-Foundation լինում են։ Քաջ գիտակցելով, որ մեր ժողովրդի ընդերքում դեռևս չբացահայտված արժեքներ կան, մի խումբ կինոգործիչներ՝ կինոգետներ, քննադատներ, ռեժիսորներ, Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի հովանավորությամբ, նախաձեռնել են «Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը։ Այն մեկնարկեց հոկտեմբերի 3-ին «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում։ Կազմակերպիչները միտումնավոր են ազգային հարդարանքով, կահ-կարասիով ձևավորված այդ վայրն ընտրել. նպատակ ունեն ստեղծել մտերմիկ միջավայր, որտեղ ծնունդ կառնեն նոր գաղափարներ, համագործակցության նոր հեռանկարներ։ «Կինոաշխարհը» զրուցեց փառատոնի կազմակերպիչների հետ՝ ավելի հստակեցնելու նրանց մոտեցումներն ու նպատակները։

 

 

12038056_912518765495049_7203504538252819503_n
– Փառատոնին մասնակցում է 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը. ի՞նչ նժարի վրա են մեր ֆիլմերը, մրցունա՞կ են արտասահմանյան ֆիլմերի հետ։

big_aeaa46050 - CopyԳարեգին Զաքոյան – «Ծիրանի ծառ» փառատոնին ընդհանուր առմամբ ներկայացվել է 23 ֆիլմ, որոնցից 10-ը՝ Հայաստանից։ Բավականին ուժեղ 2-3 ֆիլմ ունենք, որ ոչնչով չեն զիջում դրսի ֆիլմերին։ Իսկ քանի որ մեր ֆիլմերը քանակով շատ են, ինչ-որ առումով քանակը նաև որակ է ապահովում։ Ես կարծում եմ` սա դեռ սկիզբն է, հետագայում մեր երիտասարդներն ավելի որակյալ ֆիլմեր կնկարեն, կպրպտեն, կհետաքրքրվեն: Չէ՞ որ իրենց աշխատանքները մեր փառատոնին ներկայացնելով՝ հնարավորություն կունենան հետագայում մասնակցելու նաև դրսի փառատոներին։

– Շա՞տ բան ենք բաց թողել անցած տարիների ընթացքում. ազգագրական, մարդաբանական, ժողովրդական արվեստների ու արհեստների հանրահռչակման առումով հատուկենտ ֆիլմեր ունենք։

Գարեգին Զաքոյան – Պարույր Սևակից միրոպեանոց կինոժապավեն ունենք, երբ նա ծխում է, Մինաս Ավետիսյանից՝ նույնպես։ Չարենցից ընդհանրապես ոչինչ չունենք, թեև այն ժամանակ կինո ունեինք ու կարող էինք Չարենցից իրական կադրեր ունենալ։ 70 տարի ի՞նչ ենք արել այս առումով. գրեթե ոչինչ: Եթե նույնիսկ փորձել ենք հավերժացնել ինչ-որ երևույթներ, ապա դրանք շինծու և կեղծ են։ Իսկ մեր օրերում ֆիլմեր ենք նկարում թանգարանային նմուշների մասին. ինչ նպատակով՝ անհասկանալի է։ Շատ ֆիլմեր կան նվագարանների մասին. բայց դրանք ի՞նչ են տալիս մեր ազգին։ Չէ՞ որ վաղուց բացահայտված թեմաներ են, մի քիչ այսպես նկարել, թե մի քիչ այնպես, էական չէ։ Այնինչ հարկավոր է բացահայտել հենց մեր առօրյան, այն, ինչի մեջ ամեն օր ենք ապրում, բայց չենք նկատում դրանց ազգային առանձնահատկությունը։ Ստեղծագործողը հենց դրանով է տարբերվում սովորական մահկանացուներից, որ օտարի աչքով նայում է մեզ ու մեր կյանքից պոկում-հանում ամենայուրօրինակն ու ազգայինը։ Մեզ նոր Փարաջանով կամ Ֆելինի պետք չէ, մեզ պետք է մեր հետաքրքիր կողմերը վեր հանող ստեղծագործողին գտնել։

– «Ծիրանի ծառն» ի՞նչ հավակնություններ ունի. ենթադրենք՝ ունենք լավ ֆիլմեր ու դրանք կցուցադրվեն փառատոնի օրերին, հետո՞։

Լևոն Դեր-Բեդրոսյան – Ես շատ կուզենայի, որ այստեղ հավաքված տեսնեի մի քանի տասնյակ երիտասարդների, որոնք աշխուժորեն կքննարկեին այս թեմաները, big_506774f84 - Copyկներկայացնեին նոր կինոնախագծեր։ Այս փառատոնը նպատակ ունի միջազգային երկխոսություն սկսել հայ և օտարազգի կինոգործիչների, ազգագրագետների միջև։ Ֆիլմերից դուրս պետք է ձևավորվի մտքերի փոխանակման, աշխույժ քննարկումների և շփումների մթնոլորտ։ Պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի մեր երիտասարդները, բացի ազգային դաշտից, ինքնադրսևորվեն նաև դրսում, նոր ազդակներ ստանան ստեղծագործելու համար։
Գարեգին Զաքոյան – Ֆրակներ ու թիթեռնիկներ, գլամուրային, ցուցադրական արարողություններ, կարմիր գորգեր չեն լինելու այս փառատոնին։ Մեզ համար գլխավորը որակյալ ֆիլմերը խթանելն ու դրանց համար ճանապարհ հարթելն է։

– Դուք ծանոթ եք մեր ազգագրական ֆիլմերին. կա՞ն թեմաներ, որոնք կուզեիք էկրանավորված տեսնել։

Գարեգին Զաքոյան – 1960-ականներին Փարաջանովը եկավ ու բացահայտեց քյամարը։ Դրանք աղբանոցներում շպրտված էին, Փարաջանովը կոպեկներով էր գնում այդ հին գոտիները։ Նրանից հետո միայն մարդիկ ուշադրություն դարձրին հագուսի այդ մոռացված դետալին ու հասկացան, թե Փարաջանովն ինչ հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել, ինչ կարևոր բացահայտում է արել։ Ֆրանսիացի ընկերներիցս մեկն այս օրերին Երևանում էր ու ապշահար արձագանքեց. «Աշխարհի ոչ մի երկրում նման բան գոյություն չունի. հասարակական տրանսպորտում մեծահասակ, ալեհեր մարդն իր տեղը զիջում է երեխային»։
Այս երևույթին մենք ամեն օր ենք առնչվում, ճի՞շտ է, բայց ոչ մեկս ուշադրություն չենք դարձնում։ Իսկ ֆրանսիացին տեսավ։ Հիմա մեզ պետք է այդպիսի օտար մի աչք, որպեսզի նկատի ու էկրան բարձրացնի մեր ազգային առանձնահատկությունները։ Հայաստանը փռված էր մեր առջև, բայց Մարտիրոս Սարյանը նկարեց, ու դրանից հետո միայն նկատեցինք մեր երկրի ու ժողովրդի առանձնահատկությունները։
ՀասմիկյանՍուրեն Հասմիկյան – Շատ կարևոր է «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի քաղաքական նպատակը։ Գլոբալիզացիայի դարում անհասկանալի է՝ ո′ր երկիրն է ֆիլմ նկարում։ Համատեղ ֆիլմարտադրություններ՝ հայ-ֆրանսիական, հայ-շվեյցարական. նման ֆիլմերը դեմք չունեն։ Դրանք տուրիստական տեսանկյունից գրված սցենարներ են, և փող տվող երկրի հետքն այդ ֆիլմերի վրա պարզ երևում է։ Այդ կորպորատիվ ֆիլմերի 90 տոկոսը ոչ միայն գեղագիտական նշանակություն չունի, այլև ընդգծում է գլոբալիզացիայի թերությունները։ Էթնոգրաֆիկ ֆիլմերը մեծ նշանակություն ունեն նաև հայերիս համար։ Չէ՞ որ ազգային արժեքների էթնիկ պատկանելության հարցերում մեր հարևանները պարբերաբար արշավներ են սկսում մեր դեմ, փորձում յուրացնել մեր ավանդույթներն ու ազգային ժառանգությունը։ Ազգագրական ամենափոքրիկ դետալն անգամ կարող է շատ վճռորոշ, ճակատագրական դեր խաղալ։ Պետք է անսխալ, նպատակային օգտագործել ու ներկայացնել այդ արժեքները։ Միջազգային հանրության ուշադրությունն այդ արժեքների վրա հրավիրելը չափազանց կարևոր է։ Հիմա արդեն շրջանառվում է դեգլոբալիզացիայի գաղափարը, ուրեմն դրա անհրաժեշտությունը կա։

 

«Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը։ Կազմակերպիչները հույս ունեն, որ հաջորդ տարիներին կունենանք էթնոգարֆիկ նոր, մրցունակ ֆիլմեր։
Նաիրա Փայտյան