download (1)«Կինոշոկ» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 1992 թ. ի վեր ծովափնյա Անապա քաղաքում։ Փառատոնին ամեն տարի ներկայացվում են ֆիլմեր ԱՊՀ և Բալթյան երկրներից։ Այս տարի այն անցկացվեց սեպտեմբերի 13-20-ը։ Հայաստանը Արման Չիլինգարյանի «Եվ 7-րդ օրը» և Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը» ֆիլմերով մասնակցում էր հիմնական մրցույթին։ Գրող, հրապարակախոս, կինոգետ,  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն էլ լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ էր։ «Կինոաշխարհն» այցելեց նրան և փորձեց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ, այսպես ասած, առաջին ձեռքից։

– Պարոն Մուրադյան, որպես «Կինոշոկի» ժյուրիի անդամ, թերևս ուրիշ աչքով էիք նայում ներկայացված ֆիլմերը։

– Գիտեք, կինոն միշտ նույն աչքով ես նայում։ Բայց քանի որ ժյուրի ես և պարտավոր ես իմաստավորել նայածդ ավելի խիստ չափանիշներով, գնահատական տալ ամեն կինոնկարին, ապա ավելի ուշադիր ես դիտում։ Որպեսզի կարողանաս և′ արվեստի ամբողջականությունն ընկալել, ամեն առանձին ֆիլմը որպես ինքնաբավ ստեղծագործություն, և′ արժևորել առանձին կինեմատոգրաֆիական մասնագիտությունները։ Սա է տարբերությունը մեր և պարզ հանդիսատեսի միջև։ Սակայն, իհարկե, գնահատող լինելուց զատ և առաջ դու հասարակ հանդիսատես ես, որ բոլորի հետ հավասար առաջին անգամ մեծ էկրանին դիտում ես կինոնկարը։

kinoshock2015-20-19

«Կինոշոկ 2015»-ի ժյուրին, աջից առաջինը` Դավիթ Մուրադյան

– Ի՞նչ փառատոն է «Կինոշոկը»։ Ի՞նչ տեղ ունի այն աշխարհի կինեմատոգրաֆիական քարտեզին։

– Այս փառատոնը նորություն չէ, երկար տարիների պատմություն ունի, անցյալ դարի 90-ական թվականներից սկսած, երբ մի ամբողջ իրականություն փուլ եկավ ու քանդվեց։ Այդ տարիներին սա մի հանգուցակետ էր, որտեղ հավաքվում էին նախկին Խորհրդային Միության երկրների կինեմատոգրաֆիստները։ Հանգուցակետ, որը ամայացած իրականության պայմաններում պահպանում էր կինոյի մթնոլորտը, միջավայր էր ստեղծում, արվեստի լույսը վառ էր պահում։ «Կինոշոկը», եթե խոսելու լինենք պայմանական հասկացություններով, փոքր կինեմատոգրաֆների փառատոն է։ Փոքր երկրների, փոքր բյուջեներ ունեցող, մեծ շուկա չունեցող։ Եվ այս հարթակը հնարավորություն էր տալիս նրանց մտնելու ավելի լայն շրջանառության մեջ, շփվելու աշխարհի հետ։ Գիտեք, լինում էին «Կինոշոկեր», երբ իսկապես «շոկ» էր՝ թե′ լավ և թե′ վատ իմաստով։ Այսինքն` ցնցում էր լինում ինտելեկտուալ, էսթետիկական, կինոլեզվի իմաստով։ Լինում էին իրադարձություններ, սակայն ոչ շատ խոշոր։ Կինոփառատոնի անվանումն ինքնին հուշում է մեզ, որ երբ այն ստեղծվում էր, փառատոնն իր առջև խնդիր ու նպատակ էր դրել ցուցադրել կինո, որը շեղվում է խորհրդային կինեմատոգրաֆի ավանդույթներից գաղափարական և գեղարվեստական իմաստով։ Օրինակ` այսօր եվրոպական և համաշխարհային արթհաուսի խոշոր դեմք համարվող Շարունաս Բարթասի վերելքը սկսվել է հենց Անապայում։ Եվ այս տարի էլ նա ֆիլմ ուներ «Կինոշոկում»։ Նա հավատարիմ է այն փառատոնին, որը տարիներ առաջ բացահայտել է իր անունը։

– Ի՞նչ թեմաներ են հուզում ժամանակակից ռեժիսորներին։ Ի՞նչ միտումներ նկատեցիք այս տարվա փառատոնում։

– Քանի որ առաջին անգամ չէր, որ այնտեղ ժյուրիի անդամ էի, տարեցտարի հետևելով փառատոնի ծրագրին, կարող եմ հստակ պատկերացում կազմել և վստահ ասել, թե ինչ է փոխվել մեր կյանքում։ Կինոն դառնում է պրիզմա, հայելի, որում մենք մեզ ենք տեսնում, տեսնում ենք, թե ինչ տրանսֆորմացիաներ է ապրում մեր հասարակական, սոցիալական կյանքը։ Նաև աշխարհի որոշակի ամբողջական խճապատկեր է ձևավորվում աչքիդ առաջ։ Այսօր արդեն գալիս է նոր սերունդ, որը պատմում է իրեն բաժին հասած խնդիրների մասին։ Սակայն այս տարին, ընդհանուր առմամբ, հայտնությունների տարի չէր։ Կարող եմ ասել, որ այս տարի նորմալ կինոյի փառատոն էր։ Օրինակ` արևելյան կինոյում` միջինասիական երկրների ֆիլմերում հիմնական թեման փոփոխվող ժամանակներում հավերժական արժեքների պահպանման թեման էր։ Եվ սա առանցքային է նրանց համար։ Ե′վ ժյուրին, և′ հանդիսատեսը շատ բարձր գնահատեցին կիրգիզական «Երկնային քոչվորները» ֆիլմը, որի ռեժիսորն էր Միրլան Աբդիկալիկովը։ Սա խաղաղ պատումի օրինակ էր, որտեղ առաջնայինը պարզ կենցաղն է։ Սովորական առօրեականությունն էր դրա դրամատուրգիայի հիմքում։

– Խոսենք հայկական ներկայության մասին։ Անցած տարիներին, օրինակ, Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» և Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները» կինոնկարները գլխավոր մրցանակների են արժանացել։ Ինչպիսի՞ն էր պատկերն այս տարի։

– Այս տարի, ցավոք, մրցանակների չարժանացանք, սակայն կարողացանք պատվով ներկայացնել մեր երկիրը։ Եվ ամենաուրախալին այն է, որ երկու դեպքում էլ մրցում էին երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր։ Դա ինչ-որ առումով նոր անունների մուտք էր։ Գիտեք, մեր կինոն զգալի հաջողություններ է ունեցել «Կինոշոկում» և ոչ միայն Ձեր թվարկած հեղինակների աշխատանքներով։ Հիշում եմ, որ Հարություն Խաչատրյանը նույնպես այս փառատոնում մրցանակ է ստացել։ 2011 թ., Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով «Կինոշոկում» նաև մի ամբողջ հայկական ծրագիր է եղել։ Սա խոշոր ֆորում էր, եթե կարելի է այդպես անվանել։ Ամեն օր ցուցադրվում էին ֆիլմեր, կազմակերպվում էին կլոր սեղաններ, բուռն քննարկումներ էին լինում։ Այնպես որ Հայաստանի տեղն այստեղ միշտ էլ զգալի է եղել։ Իսկ այս տարի, երբ մասնակցում էին Արման Չիլինգարյանն ու Վահրամ Մխիթարյանը, նույնպես շատ հետաքրքիր ստացվեց։ Եղան նկատելի արձագանքներ, լինում էին բանավեճեր։
Արման Չիլինգարյանը շատ հետաքրքիր մտածողություն ունի։ Նրա առաջին ֆիլմն ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել։ Այս երկրորդը` նույնպես։ Սակայն կային նաև շատ հակասական կարծիքներ։ Դրական է այն, որ երիտասարդ ռեժիսորն ասպարեզ մտավ, ճանաչում ձեռք բերեց։ Սա լավ փորձ է նրա հետագա ստեղծագործական կյանքի համար։ Բայց եթե որպես կինոգետ գնահատելու լինեմ ֆիլմը, այն, իհարկե, կարող էր ավելի լավը լինել։ Քանի որ ֆիլմում արծարծված է բավականին լուրջ թեմա՝ 1988 թ. երկրաշարժը։ Արդեն թեմայի մասշտաբն ու ճակատագրականությունը սթափեցնում են։ Պատմությունն էլ խտացված է մեկ մարդու մասնավոր ճակատագրի շուրջ, որը սարսափելի փլատակների տակից փորձում է դուրս բերել իր թոռանը։ Գլխավոր դերում Աշոտ Ադամյանն է։ Եվ պատկերացնո՞ւմ եք, կինեմատոգրաֆիստների մեծ սերունդն անմիջապես ճանաչեց արտիստին մեծ էկրանին։ Այսպես ասեմ` ընդհանուր առմամբ շատ դրական աուրա կար` կապված հայկական ներկայության հետ:

 

– Ամփոփելով մեր զրույցը` կցանկանայի գնահատեիք փառատոնային կյանքն աշխարհում ու Հայաստանում։ Ի՞նչ արժեք, դեր ու նշանակություն ունեն կինոփառատոները արդի իրականության պայմաններում։ Ի՞նչ գործառույթ են կատարում և ի՞նչ են տալիս։

– Եթե խոսելու լինեմ, օրինակ, «Ոսկե ծիրանի» մասին, ապա սա մեր կինոյի համար իսկապես որ լուրջ ձեռքբերում է։ Մենք ամեն տարի ականատեսն են դառնում, թե ինչպես մերօրյա երիտասարդությունն առավոտից երեկո խանդավառված մասնակցում է փառատոնի շրջանակներում իրականացվող բազմաթիվ միջոցառումներին, լինի ֆիլմի ցուցադրություն թե վարպետության դաս։ Ասպարեզ է գալիս մի նոր սերունդ, որը թրծվում ու աճում է այս միջավայրում։ Սովորում են, այնուհետև հնարավորություն են ստանում կիրառելու իրենց գիտելիքները գործնականում։ Հետո նրանք ֆիլմեր կնկարահանեն, կմասնակցեն միջազգային փառատոների։ Եվ, ով գիտի, միգուցե և հաջողեն։ Այդ արդյունքն արդեն այսօր շատ լավ տեսանելի է։ Նույնն էլ աշխարհում։ Ֆիլմերն ու դրանց հեղինակները դուրս են գալիս իրենց նեղ, լոկալ շրջանակներից դեպի մեծ կինոաշխարհ։ Եվ հարթում են իրենց ճանապարհը, առաջխաղացում ապրում։ Հաստատվում են կապեր, ստեղծվում են նախադրյալներ համագործակցության համար։ Կա ընթացք, որը ես անվերապահորեն դրական եմ գնահատում։

Զրուցեց Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆԸ