4 (2)«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում մայրաքաղաքի «Փոքր թատրոնում» ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Ռոբեր Գեդիգյանը անցկացրեց իր վարպետության դասը արվեստի բուհերի ուսանողների  և իր ֆիլմարվեստով հետաքրքվող բոլոր անձանց համար։ Հիշեցնենք, որ Գեդիգյանը գտնվում էր Հայաստանում իր վերջին՝ «Խենթ պատմություն» ֆիլմի երևանյան պրեմիերայի առիթով, որով բացվեց «Ոսկե ծիրանը»։ Գեդիգյանը նաև այս տարի գլխավորում էր «Ոսկե ծիրանի» խաղարկային մրցույթի ժյուրին։ Քանի որ ֆրանսաբնակ այս հայազգի ռեժիսորի կինեմատոգրաֆիական կարիերային ոչ բոլորն են մեր երկրում ծանոթ, վարպետության դասը Գեդիգյանը սկսեց՝ պատմելով իր մասին։

Գեդիգյանը ծնվել է 1953 թ․ Ֆրանսիայի հարավում՝ Մարսել քաղաքում։ Մարսելը հայաշատ քաղաք է, քանի որ անցյալ դարասկզբի ողբերգական դեպքերից հետո շատ հայեր Բեյրութով եկել հասել են այստեղ։ Ռեժիսորի հայրը հայ է, մայրը՝ գերմանացի։ Այդ պատճառով էր ռեժիսորն իր խոսքում նշում, որ գերմաներեն է խոսում, որովհետև հենց դա է իր մայրենի լեզուն։ Գեդիգյանը պատմեց, որ արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում է կինոյով, կինոարտադրությամբ, իսկ առաջին ֆիլմը 26 տարեկանում է նկարահանել։ Այսօր արդեն նա ոչ միայն ֆրանսիական, այլև եվրոպական կինոյի ճանաչված վարպետ է։ Նա նկարահանել է թե′ հեղինակային ֆիլմեր, որոնք խորը հոգեբանական են, թե′ մեծ ժողովրդականություն վայելող, մասսայական կինոնկարներ, որտեղ սակայն զգացվում է ռեժիսորի սուր դիտողականությունը, ուշադրությունը մանրամասների, դետալների նկատմամբ։ Ռեժիսորի մի շարք ֆիլմեր արտահայտում են ժամանակի հասարակական տրամադրությունները և սուր սոցիալական բնույթ ունեն․«Վերջին ամառը», «Երջանկությունը փողի մեջ է», «Կյանքի ու մահվան համար», «Մարիուսն ու Ժանետը», «Սրտի տեղում», «Ի զեն», «Քաղաքում ամեն ինչ հանգիստ է», «Մարի-Ժոն և նրա 2 սերերը», «Իմ հայրը ինժեներ է», «Լեդի Ջեյն», «Կիլիմանջարոյի ձյունը», «Արիանայի թելը» և այլն։

Գեդիգյանը պատմեց, որ բացի «Խենթ պատմություն» կինոնկարից, որում անդրադառնում է Հայոց ցեղասպանությանն ու դրա հետևանքներին, դրանց ազդեցությանն արդեն մեկ այլ սերնդի ճակատագրերի վրա, ևս մեկ «հայկական» ֆիլմ է նկարահանել՝ «Ճամփորդություն դեպի Հայաստան» (2006 թ.)։ Այս կապակցությամբ ռեժիսորը հիշեց, որ 2006 թ․ նաև մեկ այլ վարպետության դաս է անցկացրել Հայաստանի Ազգային պատկերասրահում, որտեղ այն ժամանակ ամենավերին՝ 9-րդ հարկում կինոդիտումներ, կինոդասընթացներ էին անցկացվում։ Ընդհանուր առմամբ Գեդիգյանը 19 ֆիլմ է նկարահանել, որոնք իր համար շատ կարևոր են։ Եվ դրանցից գրեթե բոլորում խաղում է իր կինն ու մուսան` ոգեշնչման աղբյուրը՝ խարիզմատիկ դերասանուհի Արիան Ասկարիդը, որ, ի դեպ, ազգությամբ իտալուհի է։ Գեդիգյանն ասում է, որ իր կինը ազդեցույթուն չունի իր սցենարների վրա։ Ռեժիսորները միշտ էլ վախենում են, որ դերասաններն իրեն կդավաճանեն։ Ռեժիսորին հասունություն է պետք, որպեսզի հասկանա, որ նրանք կարող են իրեն օգնել, աջակցել, անել առաջարկ, բայց ոչ որպես դերասան, այլ որպես հերոս, պերսոնաժ։ Ռեժիսորն ու դերասանը պետք է միասին ստեղծագործեն, համատեղ։

Ըստ Գեդիգյանի` կինոյի բնագավառում հաջողելու համար շատ կարևոր է արտահայտվելու մեծ ցանկություն ունենալ։ Պետք է շատ մեծ ցանկություն ունենալ խոսելու մյուսների հետ բոլոր հնարավոր միջոցներով, մասնավորապես՝ կինոյի։ Երիտասարդ տարիքում նա քաղաքականությամբ էր զբաղվում․ հենց այն նույն պատճառով, որով այսօր զբաղվում է կինոյով։ Ռեժիսորը համոզված է, որ մարդը չի կարող ապրել միայն իր համար, հետևաբար պետք է մտածել նաև ուրիշների մասին։ Պետք է անել առաջարկներ, մտքեր փոխանակել, շփվել, երկխոսության մեջ մտնել, որպեսզի բոլորս միասին կարողանանք հասկանալ այն աշխարհը, որում ապրում ենք, ու նաև վերափոխել այն։ Կինոյով զբաղվելը մեծ պատասխանատվություն է, քանի որ մարդիկ չեն զբաղվում կինոյով զուտ ծիծաղելու կամ ցրվելու համար, գումար աշխատելու կամ էլ դերասանուհիների հետ սեթևեթելու։ Պետք է գործելու, ինչ-որ մի բան անելու, նվիրվելու կամք և բնավորություն ունենալ։ Այլապես պետք է մեկ այլ մասնագիտություն ընտրել ։

«Մի գերմանացի փիլիսոփա կար, որ ասում էր` եթե ուզում եք զբաղվել փիլիսոփայությամբ, ապա ամեն օր պետք է թերթ կարդաք։ Ես կարծում եմ, որ նույնը կինոյի դեպքում է։ Հենց այստեղ է, որ ծնվում են գաղափարները, մտքերը, թեմաները։ Իսկ հետո արդեն կինեմատոգրաֆիստներս վերափոխում ենք այս ամենը, վերածում սյուժեի, ֆաբուլայի և հերոսների, սկսում պատմություն պատմել։ Հենց այսպես սկսվում է դրամատուրգիան։ Հերոսները պետք է ապրեն, լինեն կուռ ու ամբողջական, ունենան նպատակ, պատճառ այս կամ այն կերպ գործելու համար։ Այդպես է ծնվում ժամանակակից աշխարհի մասին պատմող պատումը։ Ուստի միշտ էլ կա հարաբերության մի շատ ուժեղ տեսակ, հարաբերություն այն ամենի հետ, ինչը մեզ շրջապատում է։ Այն ամենը, ինչը մեր շուրջն է կատարվում ու նաև մեզ հետ, այն ամենը, ինչը տեսնում ենք մեր կողքին։ Կարծում եմ` այս ամենը կարող է վերածվել ֆիլմի։ Իսկ հետո պետք է զարգացնել այդ պատմությունը։ Նաև ընդհանուր զարգացություն, կրթվածության մակարդակ է պետք ունենալ։ Պետք է անպայման հիմնվել նախորդ սերունդների ստեղծած մշակույթի վրա։ Հոգևոր սնունդը շատ կարևոր է, քանի որ կինոյի աշխարհը սինթետիկ է, և ամեն բան այստեղ փոխկապակցված է»,- մտահղացման, սցենարական հիմքի փնտրտուքի մասին խոսելիս ասում է Ռոբեր Գեդիգյանը։

Վարպետության դասի ընթացքում ռեժիսորը խոսեց նաև ֆրանսիական կինոյի մասին։ Նա պատմում է, որ ֆրանսիական կինոն շատ հին պատմություն և հարուստ ավանդույթներ ունի։ Այն իսկապես որ շատ հզոր կինոարտադրություն է աշխարհի մասշտաբով։ Այստեղ առկա է նաև տնտեսական գործոնը։ Բոլոր մարդիկ, որոնք աշխատում են ֆրանսիական կինոյի բնագավառում, իսկապես ֆրանսիական կինոյի սիրահարներ են և մարտիկներ։ Ըստ նրանց` ազգային մեծ կինո ունենալու համար պետք է նախևառաջ ունենալ միջազգային մեծ կինեմատոգրաֆ, գլոբալ հարթակ։ Ֆրանսիական կինոյում աշխատում են մասնագետներ ամբողջ աշխարհից, որոնք իրենց գործի մասնագետներն են։ Այստեղ նաև շատ կինոփառատոներ կան, որտեղ ռետրոսպեկտիվներ են անում` անընդհատ ցուցադրելով դասական կինո։ Այդ պատճառով էլ, օրինակ, Ֆրանսիայում շատ հայտնի են Սերգեյ Փարաջանովն ու Արտավազդ Փելեշյանը։ Ֆրանսիական կինոյում անընդհատ սերնդափոխություն կա, և բոլորը միասին են աշխատում։ Այստեղ անընդհատ նորություն կա։

Այնուհետև ռեժիսորը խոսեց դերասանական արվեստից․ «Դերասանների հետ աշխատելիս իմ գործելաոճում շատ բան է փոխվել ժամանակի ընթացքում։ Սակայն, անկեղծ ասած, սկզբնական շրջանում ես այդ ամենի մասին չէի մտածում։ Հիմնականում նույն թիմի հետ եմ աշխատում։ Դուք բոլորդ գիտեք կնոջս՝ Արիանին։ Այսինքն` իմ մեթոդը մի բան է, որը ես չեմ կարող բոլորին խորհուրդ տալ։ Դա իմ անհատական ոճն է։ Հիմնական պատճառն այն է, որ իմ բոլոր ֆիլմերում կան հերոսներ, որոնք իմ տարիքին են։ Բայց նաև կան երիտասարդներ, երեխաներ, տատիկներ և պապիկներ։ Ուստի իմ թիմը մեծ է, և մենք կարող ենք ցանկացած ժանրում աշխատել։ Գիտեք, դերասաններս հաճախ ամուսնացել են, ընտանիք կազմել կամ պարզապես սիրահետել են միմյանց, սիրահարվել, որոշ մտերիմ հարաբերություններ ստեղծել նկարահանման հրապարակում և դրանից դուրս։ Այսպիսով, սկզբում աշխատում էի դերասանների հետ, հիմա էլ աշխատում եմ նրանց երեխաների հետ։ Եվ միշտ էլ իմ մտքերն ու գաղափարները շատ ավելի շատ են, քան ֆիլմերս։ Շատ դժվար եմ ընտրում, թե ինչը նկարահանել, ինչը` ոչ»։

Գեդիգյանն ասում է, որ այսօր համացանցը, այո, կարող է օգնել որոշակի ֆիլմերի տարածմանը, որոնք չեն կարող հասնել հանդիսատեսին այս կամ այն պատճառով։ Սակայն իրականում, ըստ նրա, ֆիլմը պետք է նայել կինոթատրոնում, մի մեծ ու մութ դահլիճում, այլ մարդկանց հետ միասին, որոնք այդ նույն պահին կիսում են քո զգացողությունները, ապրումակցում են հերոսներին, կատարվում է իդենտիֆիկացիա։ Այստեղ որոշակի մթնոլորտ գոյություն ունի, սա պահ է, որը մարդիկ ապրում են իրար հետ։ Հետևաբար ֆիլմի անհատական սպառումը, ըստ Գեդիգյանի, պակաս հետաքրքիր է։

«Ինչպե՞ս որոշեցի կյանքս ֆիլմերի հետ կապել. պատահականություն տեղի ունեցավ։ Կինս՝ Արիանը, սիրում է ասել, որ հենց ինքն է պատճառն ու մեղավորը։ Մի մարդ, որին ճանաչում էր Արիանը, առաջարկեց ինձ իր հետ սցենար գրել։ Բայց սցենարը ինքս գրեցի, որովհետև հասկացա, որ իմ ապրումները չեմ կարող ուրիշին տալ, պետք է ինքս դա անեմ։ Ես այդ ժամանակ շատ երիտասարդ էի՝ ուսանող։ Ամեն օր ինքնարտահայտվում էի քաղաքականության մեջ։ Հետո արդեն անհամաձայնության պատճառով այնտեղից դուրս եկա և սկսեցի զբաղվել կինոյով։ Եվ իմ բոլոր քաղաքական արտահայտումները անցան կինեմատոգրաֆ։ Իսկ, օրինակ, իմ վերջին ֆիլմերում ավելի պատմական փաստեր եմ վերցնում․ ֆրանսիական դիմադրության շարժումը, նախագահ Միտերանը և այլն։ Բացի այդ, կարող եմ ասել, որ փոքր բյուջեով նույնպես կարելի է լավ ֆիլմ նկարահանել։ Գումար իրոք հարկավոր է, բայց եթե ժամանակակից ֆիլմ եք նկարահանում, ձեզ այնքան էլ շատ բան պետք չէ։ Կարելի է հարևանի տանը ընտանիքով կամ ընկերներով ֆիլմ նկարահանել։ Սա «վայրի» ֆիլմերի տարբերակն է, ինչպես անվանում են ֆրանսիական կինոյում։ Կարևորը գաղափարն է, միտքը և դրա մարմնավորումը։ Թե չէ կարող ես ամեն բան էլ ունենալ, բայց զուտ ստեղծագործական իմաստով ոչինչ չծնել։ Պետք չէ միջոցներ փնտրել, պետք է նկարահանել այն ամենով, ինչն այդ պահին ձեռքիդ տակ ունես։ Մանավանդ այսօր` տեխնոլոգիական այս ողջ հրավառության օրերում։ Հավաքվեք երիտասարդներով ու նկարահանեք։ Ձեզ ոչ ոք չի խանգարում։ Ամեն բան հնարավոր է, բայց ցանկություն է պետք», – ասում է ռեժիսորը։

Վարպետության դասի ընթացքում իհարկե հնարավոր չէր շրջանցել նաև Ցեղասպանության ցավոտ թեման։ Այս մասին խոսելով` Գեդիգյանը նշեց, որ շատ ֆիլմեր են նկարահանվել այս թեմայով անցյալում և այսօր էլ ակտիվորեն նկարահանվում են։ Գեդիգյանը խուսափում է դրանց գնահատական տալուց, բայց շատ է կաևորում բոլոր փորձերը։ Ըստ նրա` այն ռեժիսորները, որոնք անդրադառնում են այս իսկապես բարդ թեմային, ամեն դեպքում ճանապարհ են բացում, արահետ։ Իսկ այն հարցին, թե ինչու Մեծ եղեռնին նվիրված ֆիլմերը, որպես կանոն, վատն են, Գեդիգյանը հետևյալ կերպ է պատասխանում․ «Եթե իսկապես կարծում եք, որ այդ ֆիլմերը վատն են, այդ թվում՝ նաև իմ վերջին ֆիլմը՝ «Խենթ պատմությունը», ապա թերևս պատճառն այն է, որ Թուրքիան և համայն աշխարհը դեռևս չեն ընդունել այդ ոճիրի իսկությունը, չեն ճանաչել այն։ Այդ երկիրը չի կատարել մեր պահանջները, չի փոխհատուցել մեզ՝ հայերիս։ Տեսեք, թե ինչ կատարվեց Գերմանիայի, հրեաների ու Հոլոքոստի դեպքում։ Ինձ թվում է, որ մեկնաբանություններն այս պարագայում ավելորդ են»։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ