IMG_5032ՆՓԱԿ-ի, ամենամյա «Մեկ կադր» փառատոնի, ժամանակակից կինոյի միտումների, աուդիո-վիզուալ միջավայրի և առհասարակ մշակույթի ու հասարակության արդի օրվա մասին է «Կինոաշխարհի» զրույցը փառատոնի ծրագրերի տնօրեն, «ՆՓԱԿ»-ի թատրոնի և կինոյի բաժինների վարիչ Վահրամ Ակիմյանի հետ։
– Վահրամ, ինչպե՞ս եկար ՆՓԱԿ և կինո։
– 90-ական թվականներն էին, երբ ավարտում էի դպրոցը և մտածում էի, թե ինչով զբաղվել կյանքում։ Կինո շատ էի սիրում, միշտ սիրել եմ և ցանկացել լուրջ զբաղվել դրանով։ Սկսեցի հետաքրքվել մեր երկրում եղած կինոկրթությամբ, մասնակցեցի որոշ դասընթացների, և այդ ամենը, մեղմ ասած, ինձ չգոհացրեց։ Ի վերջո, որոշեցի արվեստի կրթությանը հասնել ոչ ավանդական ճանապարհով։ Մտածեցի սովորել մի բան, որն ինձ միշտ պետք կգա` լեզու՝ անգլերեն: Որոշեցի սովորել բուհի բանասիրական ֆակուլտետում, իսկ մնացածին հասնել ինքնակրթությամբ։ ԵՊՀ անգլերենի բաժնում ուսման տարիների ընթացքում մի գեղեցիկ օր պատին հայտարարություն տեսա ՆՓԱԿ-ի մասին, որում ասվում էր` այն մարդիկ, որոնք հետաքրքված են աուդիո-վիզուալ արվեստներով, կարող են այցելել ՆՓԱԿ։
Այն ժամանակ մշակութային կյանքը մեզանում այնքան էլ հարուստ չէր։ Եվ ժամանակակից արվեստն էլ մեծ հետաքրքություն էր առաջացնում։ Ու մենք ընկերներով եկանք մի տեղ, ուր ռոք համերգներ էին անցկացվում, նկարիչները ներկայացնում էին իրենց ինստալյացիաները, պերֆորմանսները։ Գեղանկարչություն, կինո, թատրոն, գրականություն, երաժշտություն, լուսանկարչություն։ Այդպես հավաքվեցինք ու սկսեցինք աշխատել։ Եվ այն կրթությունը, որ ես փնտրում էի, ոչ ուղղակիորեն սկսվեց հենց ՆՓԱԿ-ում, Գագիկ Ղազարեի ղեկավարությամբ։ Ամեն ինչ դուրս էր ավանդական միջավայրից։ Մենք հայտնվեցինք ռեժիսուրայի գործնական դասընթացներում։ Եվ այդ ամենը ժամանակի ընթացքում անչափ զարգացրեց, հարստացրեց մեզ։ Իսկապես շատ բան սովորեցինք կատարողական արվեստներից։
– Եվ ինչպե՞ս հղացաք «Մեկ կադրի» գաղափարը։
– Հիշում եմ, որ հենց ՆՓԱԿ-ում առաջին անգամ սկսեցինք կինոդիտումներ անցկացնել, որոնք վարում էր Զավեն Բոյաջյանը։ Եվ դատելով մարդկանց արձագանքից ու թվից` սա իսկապես որ պահանջված բան էր։ Սակայն այդ ժամանակ` 2003-05 թթ., կինոմիջավայրը դեռ այնքան էլ աշխույժ չէր։ Զուտ նաև տեխնիկական ու արտադրական իմաստով։ Մենք էլ մտածեցինք, որ կարելի է անցակցնել մի կինոֆորում, որտեղ մարդկանց համար հնարավոր դառնա ֆիլմ նկարահանել շատ պարզ միջոցներով, այն ամենի օգնությամբ, ինչն այդ պահին կա ձեռքի տակ։ Փառատոն, որտեղ նախևառաջ կկարևորվի գաղափարը, միտքը, ուղերձը հանդիսատեսին։ Իսկ տեխնիկապես դրանք կարող են լինել անկատար. թող չլինեն մոտնաժ, բարձր տեխնոլոգիաներ կամ լավ որակ ու անթերիություն։ Այդ 1 րոպեն էլ կդառնա վարժանք մտքի համար, որի ընթացքում ռեժիսորը կանի իր մաքսիմալը։ Գիտես, սկզբում շատ դժվար էր։ Մարդիկ չէին հասկանում, թե ինչպես պետք է նկարահանեն ֆիլմ 1 րոպեում։ Սակայն հետագայում ամեն ինչ կարգավորվեց։ Եվ այդ տարի մենք արդեն 13 ֆիլմ ունեցանք այս ֆորմատով։ Հետագայում էլ ֆորումը դարձավ մրցութային, ավելացան անվանակարգերը, և այդպես շարունակ մինչև այս օրը։ Իսկ ես էլ իմ հերթին անընդհատ այս ամենի մեջ էի։ Եվ սա իսկապես որ մի մեծ դպրոց էր։ Երբ անընդհատ լսում ես մասնագետների կարծիքը, վերլուծությունը, զրույցները, քննարկումը, ձեռք ես բերում չափանիշներ, գնահատման ստանդարտներ։ «Մեկ կադրի» դեպքում ես շատ եմ կարևորում շփումը, քննարկումները, սուր բանավեճերը: Մենք այսօր մեզանում դիալոգի լուրջ պակաս ունենք։
– Լավ, ինչ՞ է քեզ համար կինոն առհասարակ։ Հասցրե՞լ ես այս տարիների ընթացքում պարզել դա, թե՞ մտորումները դեռ ընթացքի մեջ են։
– Եթե գանք սկզբից, ապա մեկնակետը XIX դարի վերջն է և XX դարի սկիզբը, երբ կինոն արդեն որոշակի ավարտուն ֆորմա ստացավ։ Սկզբում կինոն պարզապես դոկումենտացիա էր, իրականության էլեմենտար ֆիքսում։ Այն մտքերը տեղ հասցնելու, գաղափարների ագիտացիայի միջոց էր։ Ավանգարդի շրջանում էլ այն եղել է պրոպագանդայի միջոց։ Կինոն` որպես ատրակցիոն, մասսաների վրա ներազդելու ապարատի մի մաս, քաղաքական-հասարակական գործիք։ Հաջորդ քայլն արդեն դոկումենտալ մանիպուլյատիվ իրականությունից հեռացումն է դեպի պայմանական, գեղարվեստական իրականություն` մեծ ազդեցություն կրելով թատրոնից։ Մինչ այդ կինոն ավելի մոտ էր լուսանկարչությանը։ Այն հեռուստատեսության, ԶԼՄ-ների նախատիպն էր։ Իսկ հետո արդեն թատրոնից էլ հեռացավ, քանզի սկսեց ձեռք բերել պլանային մտածողություն՝ իրականության վերարտադրումը ժամանակի և տարածության ընթացքում։ Ի տարբերություն պլաստիկական արվեստների, որոնք չեն տևում ժամանակի ընթացքում և չեն փոխում իրենց արդյունքը։ Իհարկե, հնարավոր է, որ օրինակ` կտավի ընկալումը ժամանակի մեջ փոխվի, սակայն դրա արդյունքը՝ ոչ։ Թատրոնն էլ հոսում է ժամանակի մեջ, բայց չի փոխում այն կոմպոզիցիոն պատկերը, որը դու տեսնում ես։ Կերպարվեստը պլանային է, բայց փոփոխվող չէ, իսկ թատրոնը փոփոխվող է, սակայն պլանային չէ։ Կինոն, լինելով տեխնոգեն, սկսեց իր մեջ առնել տարբեր արվեստների առանձնահատկություններ։ Այն սկսեց սինթեզել դրանք և այդ ամենը տրանսֆորմացրեց, ձևափոխեց։ Արդյունքում ստացանք հիբրիդ, համաձուլվածք։ Ոչ թե արվեստի սինթեզ, քանի որ սինթետիկ է ինքին պրոցեսը, այլ ինքնուրույն արվեստ, որն օգտվում է մյուսների արտահայտչամիջոցներից` դարձնելով դրանք իրենը։ Բոլոր արվեստներն էլ օգտնվում են միմյանցից, թափանցում, ներազդում միմյանց վրա։
– Ուրեմն ի՞նչ է կատարվում կինոյում արդի պայմաններում, մեր օրերում։
– Շարունակելով արվեստների փոխներգործության թեման` նշեմ, որ թերևս գրականությունն է, որ ամենից բացն է, ազատը, չպարտադրողը, դեմոկրատը, ինտերակտիվը։ Քանի որ գրողի հետ միասին դառնում ես վեպի համահեղինակը։ Կարող ես գեներացնել, մեկնաբանել դա, ինչպես որ կցանկանաս։ Իսկ եթե խոսելու լինենք մեր օրերի մասին, ապա այսօր մենք, կինո ասելով, հասկանում ենք խիստ տարբեր բաներ։ Տեսաբանները հանգեցին վիդեոարվեստ տերմինին, որը, ըստ իրենց, կինո չէ։ Քանի որ այստեղ չկա ֆաբուլա, պատմություն։ Այն կարող է հատվածային, բեկորային լինել, կիսատ ու կտրտված, շատ սուբյեկտիվ ու անձնական։ Սա շատ վիճելի հարց է։ Քանզի նշածս ամեն ինչը մեկը մյուսից է ծնվել, մեկը մյուսի ներսից է դուրս եկել։ Պարզապես կինոն այնքան է լայնացրել իր սպեկտրը, որը վիդեոարտը դրա մասն է ընդամենը։ Օրինակ` Էնդի Ուորքոլը, որ մի քանի ժամ քնած մարդու էր նկարահանում։ Դա արդեն դեստրուկտիվ մոտեցում է կինոյի ավանդական պատկերացումներին։ Բայց ավանդույթը չի բնորոշում արվեստն ընդհանրապես։ Քանի որ հնի ու նորի միջև միշտ էլ բախում կա։ Այսօր` ժամանակակից պայմաններում, բոլոր արվեստները շատ մեծ ազդեցության տակ են կինոյից։
– Եվ, ըստ քեզ, ո՞ւր կտանի այս ամենը։
– Կինոն ամեն ինչ է այսօր։ Եվ արվեստի մյուս տեսակներն են այսօր սկսել են դառնալ կինո։ Կինոն կլանել է արվեստի բոլոր տեսակները։ Ձևավորվել է աուդիո-վիզուալ հզոր մի դաշտ, միասնական միջավայր. թվային տեխնոլոգիաների զարգացումը, ԶԼՄ-ները, մեդիան, ինտերնետը, 3D-ն։ Մեր ամբողջ կյանքն է դարձել է կինո։ Նույն պոպ մշակույթը կամ ուղիղ եթերը, եռաչափ իրականությունը… Այս ամենն արդեն ռեալություն է։ Եվ արվեստագետն էլ այս պայմաններում պետք է լինի բազմապլան, իր ստեղծագործություններն արարի մուլտիմեդիայի տիրույթներում։ Ամեն ինչ կընթանա, կգնա կհասնի այն կետին, կհանգի նրան, որ այս ամբողջ վիրտուալ, զուգահեռ իրականությունը կփոխարինի ռեալ գոյություն ունեցող իրականությանը։ Սա էլ իր հերթին կհանգեցնի մարդու էլ ավելի զարգացման, նրա հետագա էվոլյուցիայի։ Գիտությունն ու արվեստն էլ մեկ հարթակի վրա կլինեն, այսինքն՝ դրանք արդեն կան։ Եվ պրոգրեսը կշարունակվի։
– Իսկ կինոն կատարո՞ւմ է սոցիալական գործառույթ։
– Խոշոր հաշվով այն թե′ սոցիալական, թե′ հասարակական գործառույթ չունի։ Կինոն ընդամենը երևույթ է, որը հնարավոր է դիտարկել այս կամ այն կերպ, վերագրել նրան այս կամ այն ֆունկցիաները։ Կա′մ ստեղծողը, կամ դիտո′ղը օգտագործում է այն իր ուզած ձևով։ Այն պարզապես աուդիո-վիզուալ դաշտի պրոդուկտ է։ Աշխարհն այսօր դարձել է բաց, թափանցիկ և շատ արագ։ Եվ այդ ռիթմն էլ թելադրում է իր կանոնները։ Մենք այսօր գոյություն ունենք մեկ միասնական ինֆորմացիոն միջավայրում։ Այս ամենը հանգեցրել է բիոմիջավայրի տրանֆորմացիայի դեպի նոոմիջավայր։ Էդուարդ Լերուայի բառերով ասած՝ բիոսֆերայից դեպի նոոսֆերա։ Եվ մարդն էլ դարձել է ինֆորմացիոն հոսքից կախված։ Եվ եթե նա դուրս է այդ միջավայրից, ապա նրա մեջ հարց է ծագում` արդյոք իրականության մի մասն է, արդյոք իսկապես գոյություն ունի։ Այս դաշտից դուրս լինելը հավասար է նրան, որ դու չկաս։
– Այդ դեպքում արվեստն ունա՞կ է նպաստելու գիտակից քաղաքացիական հասարակության կայացմանը։
– Եթե ժամանակ կար, երբ հասկանում էինք սա որպես ֆիզիկական ակտ՝ մի կոնկրետ վայրում, մի կոնկրետ ժամանակ հավաքվեցին մարդիկ, կատարեցին այսինչ կամ այնինչ գործողությունը, ապա այսօր այլևս այդպես չէ։ Քաղաքացիական բարձր գիտակցական մակարդակ ունեցող հասարկությունը բաժանվել է 2 մասի, որի մի մասը հանգրվանել է վիրտուալ տիրույթներում։ Եվ անպայման չէ, որ բոլորը միասին ռեալության մեջ մասնակցեն այս կամ այն ակցիային։ Սակայն նրանց միջև գոյություն ունի համերաշխություն, համակրանք, երբ նրանք գոնե մտքի, գաղափարի մակարդակում, իրենց գիտակցության մեջ միանում են այդ ակտիվ ու գործող զանգվածին։ Սա նաև դրսևորվում է աուդիո-վիզուալ միջավայրում։ Օգնում են նաև սոցիալական ցանցերը, երբ զուգահեռ իրականության մեջ քեզ միանում են հազարավոր մարդիկ և հնարավոր դարձնում ռեալ գործողության իրականացումը մատերիալ աշխարհում։ Սակայն այնպես չէ, որ ինտերնետն է այսօր նպաստում հեղափոխություններին։ Այն պարզապես անհրաժեշտ կատալիզատոր է, որն ընդամենը արագացնում է արդեն պատրաստի ռեակցիան։ Քանզի հասարակությունն արդեն հասունացել է և պատրաստ է ընդվզելու։ Այս դեպքում նրան պայքարի ելնելու միայն մի թեթև ազդակ էր պետք։
– Բայց չէ՞ որ այսպիսի պայմաններում կա նաև մեդալի հակառակ կողմը։ Լինում է այնպես, որ այդ փոփոխություններն այնքան էլ դրականորեն չեն ազդում մարդկանց ու միջավայրի վրա։
– Այո, քանի որ հանրության այն գիտակից զանգվածը, որն ի զորու է որևէ բան փոխելու, կրիտիկական զանգված չէ։ Հիմնականում նա «էսքեփիստ» է, այսինքն՝ փախչող, գնացող, հեռացող։ Նա միշտ պատրաստ է հեռանալու, եթե խնդիրը չի լուծվում։ Խնդրի հետ առճակատվելու դեպքում հեռանում է, քանզի երբեմն պատրաստ չէ զոհեր տալու։ Արդյոք մենք պատրա՞ստ ենք փոխել մեր կյանքը, զոհել ինչ-ինչ բաներ, որպեսզի ստանանք դրա արդյունքը որոշ ժամանակ հետո։ Հաճախ արդյունքը կարող է և դրական չլինել։ Շատ արագ կատարվող փոփոխությունները, ռադիկալ հեղափոխությունը՝ հենց այստեղ ու հենց այս պահին, դատապարտված է անհաջողության։ Որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում հետագայում հասարակությունից դրա բոլոր հետևանքները մարսելու համար շատ երկար ժամանակ է պահանջվում։ Ուստի հարց է ծագում` մենք այսօր պատրա՞ստ ենք դիմանալ այդ բոլոր հարվածներին։ Ինձ թվում է` ոչ։ Քանի որ այդ դեպքում շատ ու շատ թանկ բան կոչնչացվի։ Իսկ այդ ամենի կառուցումը նորից առնվազն ամուր ֆունդամենտ կպահանջի։ Հող ոտքերի տակ, որպեսզի հնարավոր լինի ամեն ինչ զրոյից վերականգնել։ Արդյոք այդ փլատակների մաքրումը չի՞ բերի էլի մի երկարատև ապատիայի պրոցես, որի համար պետք է աշխատանք տանել, վերացնել ամեն ինչ։ Փոփոխությունը դեռ գործողություն չէ։
Զրուցեց Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆԸ