4Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում մայրաքաղաքի Փոքր թատրոնում և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ ամերիկյան անկախ կինոյի վառ ներկայացուցիչ, վիդեոյի ու թվային կինոյի պիոներ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ռոբ Նիլսոնի վարպետության դասը արվեստի բուհերի ուսանողների և կինոյով հետաքրքրվող բոլոր անձանց համար։

Նշենք, որ այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաների» շրջանակներում նաև ցուցադրվեց ռեժիսորի նոր ֆիլմը՝ «Կամուրջ դեպի սահման», որը, սակայն, հակասական արձագանք գտավ հայ հանդիսատեսի շրջանում ։

Ներկայացնելով իրեն` Նիլսոնը պատմեց, որ ծնվել է 1939 թ․ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում՝ Ռայնլենդերում (Օնեյդա)։ Պատանեկությունն անցել է Սան Ֆրանցիսկոյի նեղուցի հարակից բնակավայրերում, իսկական ամերիկյան միջավայրում, որի մասին Չեխովը հավանաբար կասեր` ամերիկյան այս ծայրամասի կյանքը զերծ չէ տաղտուկից և ձանձրույթից։ Եվ երեխաների միակ մխիթարությունը ժամանակի հերոսները՝ վեսթերնի կովբոյներն էին ու մոգական կինեմատոգրաֆը։ 1957 թ․ ապագա ռեժիսորն ավարտել է Կալիֆոռնիա նահանգի Տամալպաիս միջնակարգ դպրոցը, 1962 թ.` Հարվարդը։ Մասնագիտությամբ չի զբաղվել, փոխարենը շատ է կինո սիրել։

1978 թ․ Նիլսոնի դեբյուտն էր մեծ կինոյում։ Նա Ջոն Հանսոնի հետ նկարահանեց «Հյուսիսային լույսերը»։ Սա յուրատեսակ պատում է «հեռացած ու մոռացված» Ամերիկայի մասին։ 1915 թ․ Հյուսիսային Դակոտայի ֆերմերները պայքարում էին հզոր բանկերի դեմ, որոնք ցանկանում էին խլել գրավ դրված հողերը։ Սա անհատների պայքարն էր անողոք համակարգի դեմ։ Եվ այս ամենի խորապատկերում ծավալվում է երիտասարդ տղայի ու աղջկա անզուգական սիրավեպը։ Սա հարգանքի տուրք էր անցյալին, նոստալգիկ, ռետրո ոճի մի պատմություն` հագեցած էլեգիայի մեղմ երանգներով։ Իր իսկ Նիլսոնի խոսքով` ինքը շատ է սիրում իր այս ֆիլմը, այն իր համար շատ կարևոր է, քանզի հենց դրա միջոցով իրեն ճանաչեցին ու գնահատեցին։ Ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնում որպես լավագույն ռեժիսորական դեբյուտ ստացավ «Ոսկե տեսախցիկ» մրցանակը։

Այս կինոնկարին հաջորդեց ամերիկյան անկախ կինոյի գլուխգործոցներից մեկը՝ «Ազդանշան 7»-ը, որի պրոդյուսերը Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան էր։ Նիլսոնը խոստովանում է, որ շատ զարմացած է այն փաստով, որ Կոպպոլայի պես ռեժիսորը դարձել է իր ֆիլմի պրոդյուսերը։ Այդ ձեռնարկից հետո Նիլսոնը դրականորեն փոխել է իր կարծիքը այս մեծ վարպետի մասին։ Նա պատմում է, որ այս ֆիլմում առաջին անգամ օգտագործել է ENG տեսախցիկներ, որոնք օգտագործվում են պրոֆեսսիոնալ հեռուստալրագրության մեջ, նաև՝ ոչ մեծ պորտատիվ կասետային վիդեոմագնիտաֆոններ՝ U-Matic։ Նիլսսոնը հիշեց, որ ընդամենը 4 գիշերում են նկարահանել ֆիլմը, այնուհետև 35-միլիմետրանոց ժապավենի վրա են գրանցել, որպեսզի հնարավոր դառնա դրա ցուցադրությունը կինոփառատոներում, որոնցից առաջինը Կոլորադոյինն էր։ Նիլսոնը պատմում է, որ հետո արդեն նկարահանեց իր ամենից «ամերիկյան» ֆիլմը՝ «Եզրին»-ը, որում նկարահանվեցին Բրյուս Դեռնն ու Փեմ Գրիերը։ Երկու տարի առաջ կյանքից անժամանակ հեռացած հանրահայտ ամերիկացի կինոքննադատ և հեռուստահաղորդավար Ռոջեր Էբերտը հիացական խոսքեր է ասել այս ֆիլմի մասին․ «Այս ֆիլմը հաղթանակի մասին չէ, այլ այն կամքի, որը մնում է մարզիկի մեջ, երբ բոլոր ուժերն ու հույսերը լքել են նրան անվերադարձ»։ Հետագայում արդեն Նիլսոնն իր ուսանողների հետ, երբ դասավանդում էր Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում, ամերիկյան անկախ կինոյի մի հրաշալի տարատեսակ էր փորձարկում` այդպիսով սկիզբ դնելով իր նորարարական ու փորձարարական աշխատանքներին։ «Այս ֆիլմերը շատ ցածր բյուջե ունեին, դրանցում ներգրավված էին ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, երկխոսությունները զերծ էին թատերայնությունից և շատ աշխույժ ու դինամիկ էին»,- ասում է ռեժիսորը։
Նիլսոնը պատմում է, որ իր ստեղծագործական կենսագրության մեջ իր համար ևս մի հատկանշական ֆիլմ կա՝ «Տապն ու արևի լույսը», որի համար 1988 թ․ Ռոբերտ Ռեդֆորդի հիմնած ամերիկյան անկախ կինոյի «Սանդենս» կինոփառատոնի գլխավոր մրցանակն է ստացել «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։ Եվ արդեն այս ժամանակ Նիլսոնը սկսել էր գործնականում օգտագործել իր հայտնի մեթոդը՝ վիդեո, թվային կինեմատոգրաֆը, որի առաջամարտիկն է համարվում։

Նիլսոնն անընդհատ փնտրտուքի մեջ է, անընդհատ որոնում է կինոյի լեզվի, արտահայտչականության նոր հնարավորություններ։ Նա անընդմեջ փորձարկումներ է անում, ասես` «լաբորատոր» հայտնագործություններ ։ Իր իսկ խոսքով` էկրանային ճշմարտություն է փնտրում, քանի որ իր կինոն իրական գործողություն է, «կենդանի գործողության» հանդիսանք։

1990-2005 թթ․ ընթացքում ռեժիսորը ևս 10 ֆիլմ նկարահանեց` հենց այս «գծին» հետևելով, ընթանալով սեփական ճանապարհով, նկարահանելով այնպիսի ֆիլմեր, որոնք սովորական հանդիսատեսի համար անհասկանալի են և շատ հեռու են կինոյի մասին ավանդական պատկերացումներից։ Նիլսոնն ուժեղ կովբոյի նման անընդհատ քանդում է պատերը, քանզի սիստեմից դուրս է աշխատում, հեռու է հոլիվուդյան «կախյալ» կինոարտադրությունից։ Վարպետը ստեղծագործում է մի յուրատեսակ գեղագիտության մեջ` փորձելով ոչ թե գումար աշխատել և արտադրել պրիմիտիվ ֆիլմեր, այլ զուտ արվեստի խնդիրներ լուծել։ Եվ, ըստ էության, հենց սա է ամերիկյան ազգային կինոն։ Քանի որ Հոլիվուդն անդրազգային կինոարդյունաբերություն է, որը հաշվարկված է ամբողջ աշխարհի հանդիսատեսի համար։ Եվ պատահական չէ, որ Նյու Յորքի կինոարխիվը շատ բարձր է գնահատել Նիլսոնի կինոարվեստը` որպես զուտ ամերիկյան կինեմատոգրաֆիական ավանգարդ, որը հետագայում հանգեցրեց վիդեոարտի զարգացման։

Նիլսոնն ափսոսում է միայն, որ հաճախ իր կինոն համեմատում են տեսողական, պլաստիկական արվեստների՝ կերպարվեստի զանազան տեսակների հետ` անվանելով այն «տեսողական պոեզիա», «երաժշտություն աչքերի համար»։ «Ֆիլմերս պարզ են, անկեղծ, ազնիվ ու անմիջական»,- իր խոսքում նշում է ամերիկյան անկախ կինոյի վարպետը։

«Հիշում եմ, երբ մի քանի տարի առաջ էլի «Ոսկե ծիրանում» էի, և ցուցադրում էին իմ «Կարիք» ֆիլմը, ցուցադրությունից հետո մարդիկ շատ էին վրդովված։ Եվ եթե նախորդ ֆիլմերս անտուն մարդկանց մասին էին, ապա այս մեկը պատմում էր «սեքս-ինդուստրիայի» կուլիսային կողմերի մասին, թե ինչ կա այդ վուլգար լույսերից այն կողմ․․․Իսկ այնտեղ կան հասարակ մարդիկ, որոնք, չնայած իրենց զբաղմունքին, չեն կորցրել իրենց մարդկային դեմքը, փորձում են պահպանել իրենց մտերիմներին, ընկերություն անել ու նաև սիրել․․․ «Հատակի մարդկանց կյանքի էսթետիզացիա». քավ լիցի։ Այո, իմ այդ էսթետիկան շատ հեռու է ստերիլ ու գեղեցիկ լինելուց։ Ինչ է, միայն այսպես կոչված «սիրուն» բաների՞ց է պետք խոսել։ Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ «տգեղի գեղագիտություն»։ Մարդիկ իմ ֆիլմում խղճահարություն չէին տեսել։ Հետաքրքիր բան էի այդտեղ մտածել, ասես հանդիսատեսն ինքն էլ գործողության անմիջական մասնակիցն է, լիովին խորասուզվում է իմ առաջարկած իրականության մեջ։ Զանազան սյուժետային գծեր ու կերպարներ միախառնվում են, միահյուսվում։ Եվ այստեղ ևս օգտագործել եմ բացառապես թվային տեխնոլոգիաներ, ինչն էլ ապահովել է իմ անկախությունը, վիդեո եմ ներմուծել հյուսվածք։ Սա հնարավորություն է տալիս իջեցնելու բյուջեն, բացի այդ, ավելի ինտիմ, կամերային, ինչ-որ չափով փակ ու հերմետիկ միջավայր եմ ստեղծում։ Այսօր ռեալիթի շոուները ամենուր են, մտքերն ու մեկնաբանություները սրա շուրջ ձեզ եմ թողնում»,- նշում է Ռոբ Նիլսսոնը։

Ռեժիսորը չի սիրում, երբ իրեն անվանում են չափից դուրս ռեալիստական, նույնիսկ նատուրալիստական մաներայի ռեժիսոր։ Նա պարզապես ասում է, որ ինքն անկախ կինոարտադրող է։ Եվ այդ ստեղծագործական ազատությունն ամենամեծ արժեքն է իր համար։ Նա կինեմատոգրաֆը նմանեցնում է պոեզիային, այն մարդու հոգուց է բխում, ու նաև այն թիմի, որի հետ աշխատում ես։ Եվ շատ կարևոր է այդ մարդկանց ճիշտ ընտրելը։

«Մոռացեք ամեն ինչ և բացվեք։ Եթե հետաքրքրված եք մարդկային զգացմունքներով՝ ուրախությամբ, տխրությամբ և այլն, ապա մի թողեք, որ ձեզ կանգնեցնեն։ Դուք կարող եք կյանքի հրաշալի դիտորդ լինել, նկատել բոլոր մանրուքները։ Չէ՞ որ դետալային մտածելը շատ կարևոր է հատկապես կինոյում։ Կինոն պիտի բնազդային լինի, պարունակի հզոր էներգետիկական լիցք, որը դուք կփոխանցեք հանդիսականին, կէլեկտրականացնեք նրան։ Էկրանից մի պատմեք մարդկանց պատմությունը, ամեն ինչ պետք է զգայական լինի։ Ձեր միջից դուրս քաշեք այն զգացմունքները, որոնք կենցաղային բնույթի են։ Ստեղծագործելու համար հզոր հույզեր են պետք։ Կարող ես և նախօրոք չիմանալ, թե ինչ ես նկարահանելու, որպեսզի հետագայում խուսափես կրկնություններից։ Կինոն ժամանց չէ, մենք չենք զբաղվում կինոյով, որպեսզի ցրվենք կամ զվարճանանք»,- խորհուրդ է տալիս ռեժիսորը սկսնակ կինեմատոգրաֆիստներին։

Նիլսոնը նաև հասցրեց խոսել «Direct Action» կոչվող մանիֆեստից, որը որոշ նմանություններ ունի դանիական «Դոգմայի» հետ, որի հեղինակները Լարս ֆոն Թրիերն էին ու Թոմաս Վինտերբերգը։ Հետո արդեն հիշատակեց իր պապին՝ Ֆրիտյոֆ Հալմբոյին, որ լուսանկարիչ և վավերագրական ֆիլմերի հայտնի ռեժիսոր էր Ամերիկայում։ «Պապիկս իր տեսախցիկներն ու մնացյալ սարքերը պահում էր նկուղում։ Իսկ ես, երբ փոքր էի, անընդհատ ուզում էի, որ ծնողներս ինձ տան նկուղը, որպեսզի զբաղվեմ այնտեղ, խաղամ, ժամանակ անցկացնեմ։ Լավ կատակ է,- ծիծաղում է ռեժիսորն ու նաև հորդորում բոլորիս, որպեսզի իր ֆիլմերը նայելուց բացի, եթե հետաքրքրված ենք իրենով, իր անձին ավելի լայն ու խորը նայենք։ Օրինակ` կարդանք իր բանաստեղծությունների ժողովածուն, քանի որ ինքն իրեն ամեն դեպքում պոետ է համարում։ Նիլսոնը բոլորիս խորհուրդ է տալիս սովորել բնությունից, այն աղբյուրից, որից մենք ծնունդ ենք առել և որը մեզ մարդ է պահում։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ