4 (1)Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման օրը` փակման պաշտոնական արարողությունից ժամեր առաջ լեհական կինոյի վարպետ Քշիշտոֆ Զանուսսին երևանյան կինոսերների համար վարպետության դաս անցկացրեց Փոքր թատրոնում։ Սկսեց սեփական տեսքի վերաբերյալ կատակելով, թե իբր ինքն այդ օրը քաղաքում միակ մարդն է, որ այսպես սոլիդ է հագնված։ Դրանով վարպետը ցանկացավ ընդգծել իր յուրահատուկ վերաբերմունքը «ծիրանային» կինոտոնի նկատմամբ։ Իր խոսքով` այլ կերպ իրեն երբեք թույլ չէր տա մասնակցել ոսկեծիրանյան կինոշաբաթին։

Զանուսսին պատմեց, որ առաջին անգամ չէ Երևանում, հասցրել է նախորդ տարիներին դասավանդել Ռոման Բալայանի ղեկավարած ԵԹԿՊԻ-ի Բարձրագույն ռեժիսուրայի դասընթացներում, նաև պատվավոր հյուրի կարգավիճակում լինել «Ոսկե ծիրան» կինոփառատոնում։ Զանուսսին նաև հասցրել է Ամենայն հայոց կաթողիկոսից «Եղիցի լույս» մրցանակը ստանալ համաշխարհային կինոարվեստում ունեցած մեծ ավանդի և ֆիլմերում հոգևոր-բարոյական հարցեր բարձրացնելու համար։ Նա նշում է, որ Հայաստանն իր համար արդեն շատ հարազատ ու սիրված վայր է, ուր ցանկանում է անընդհատ վերադառնալ։ Հետո նշեց, որ թեև իր կապերը Հայաստանի ու հայկական կինոաշխարհի հետ արդեն վաղուց է, ինչ գոյություն ունեն, շատերը, հատկապես երիտասարդ սերունդը միգուցե չի ճանաչում իրեն կամ էլ առաջին անգամ է դիտում իր հեղինակած կինոնկարները։ Ուստի կարիք կա կրկին ու կրկին անգամ ներկայանալու, մի փոքր պատմելու սեփական ստեղծագործական ուղուց, անցյալում իր նկարահանած ֆիլմերից։

Զանուսսին պատմում է, որ երիտասարդ տարիքում ֆիզիկա է ուսումնասիրել Վարշավայի համալսարանում և փիլիսոփայություն՝ Կրակովում։ 1958 թ․ սկսած` սիրողական ֆիլմեր է նկարահանել, որոնք լավ արձագանք ու մրցանակներ են ստացել, ինչն էլ քաջալերել է ապագա ռեժիսորին դիմել Լոձի կինոդպրոցը և սովորել կինեմատոգրաֆիական արհեստը։ 1966 թ. ավարտելով կինոյի աշխարհում այս ամենից հեղինակավոր բուհը, որը թերևս Եվրոպայում կարելի է համեմատել միայն չեխական ՖԱՄՈՒ-ի հետ, Զանուսսին նկարահանել է իր դիպլոմային ֆիլմը՝ «Գավառաբնակի մահը», որը մրցանակների է արժանացել Վենետիկում և Մանհեյմում։ Նա իր այս սկզբնական փուլում անթիվ-անհամար վավերագրական, փաստագրական ու հեռուստատեսային կինոնկաներ է նկարահանել, որոնց մի մասը հաջողված է, իսկ մյուս մասը գուցե նույնիսկ լավ կլիներ` ընդհանրապես չլիներ։ Դրանցից թերևս ամենից հաջողվածը պատմում է մեկ այլ նշանավոր լեհի՝ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մասին։

Իսկ արդեն 1969 թ․ ռեժիսորը նկարահանում է «Բյուրեղի կառուցվածքը» ֆիլմը, որում նա իրեն բացահայտում է որպես սառը ռացիոնալիստի, ժամանակակից լեհական մտավորականության բարքերի անողոք ուսումնասիրողի։ Այս ֆիլմից հետո Զանուսսիի մասին սկսեցին հատուկ հարգանքով խոսել։ Ընդամենը 30 տարեկան հասակում նա կարողանում է խոսել շատ բարդ հարցերի շուրջ, գոյաբանական խորունկ խնդիրներ վեր հանել, քննել իր ժամանակակցին՝ մարդուն։ Նա սառնասիրտ բժշկի պես հերձում է մարդու ներաշխարհը, վեր հանում ամենից թաքնվածը, ապահով կերպով սքողվածը. «Եվ այստեղ է, որ մարդիկ հասկանում են, որ իրենք հոգի ունեն։ Չնայած այսօր էլ դեռ մարդիկ կարծում են, որ այդ ներքին գոյացությունը չկա։ Պարզապես ծիծաղելի է: Գիտեք, դրան մեծապես օգնում է սերը։ Եվ իմ բոլոր ֆիլմերն էլ նախևառաջ մտորումներ, զրույցներ են սիրո մասին։ Շատերը, հատկապես երիտասարդները կարծում են, որ սերը զգացմունք է։ Իմ տանը` Լեհաստանում, շատ կենդանիներ կան՝ շներ և կատուներ։ Այ նրանք շատ զգացմունքներ ունեն, անընդհատ բազմանում են։ Սակայն ես միշտ հակադարձում եմ․ սերը պարզապես ու պարզունակ զգացմունք չէ։ Դա աշխատանք է, ամենօրյա տաժանակիր աշխատանք, որը պետք է պատվով կատարել առավոտից մինչև երեկո։ Դուք պետք է ամեն օր պատրաստ լինեք խնամել ու հոգ տանել ձեր սիրելիի, ձեր ընտանիքի մասին։ Դուք ուզում եք, որ նրանք լավ լինեն, այս աշխարհում իրենց լավ զգան, և ամեն հնարավոր ու անհնարին բան անում եք դրա համար։ Ու նաև ցանկանում եք, որ օրեցօր ավելի լավը դառնան։ Դուք պետք է նրանց կողքին լինեք այն ժամանակ, երբ նույնիսկ շատ վատ է։ Պատրաստ լինեք, եթե անհրաժեշտությունը կա, տառապել սիրելիի հետ։ Ինչպես, օրինակ, Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի հերոսները, որոնք իրար հետ լինելու, միմյանց ցավը պակասեցնելու համար դժոխքի բոլոր ոլորաններով են անցնում։ Սերը խաղուպար, անվերջ զվարճություն ու բերկրանք չէ։ Այն ինքնին կյանքն է, կյանքի ծարավը»։

«Բյուրեղի կառուցվածքից» հետո Զանուսսին նկարահանեց արդեն «Ընտանեկան կյանքը», «Իլլյումինացիան», «Քառորդ բալանսը», «Պաշտպանիչ գույները», «Եթե դու ինչ-որ մի տեղ կաս», «Պարադիգմա», «Ձեռքի հպումը», «Հավելումը» և այլ ֆիլմեր։ Իսկ 1984 թ․ նկարահանված «Հանգիստ արևի տարին» ֆիլմի համար ռեժիսորը «Ոսկե առյուծ» հեղինակավոր մրցանակ է ստացել Վենետիկում, նաև՝ Պասինետտիի գավաթ «Լավագույն ֆիլմի համար»։ Սակայն Զանուսսիի համար մեկ այլ մրցանակ է շատ թանկ ու կարևոր` 1980 թ․ նկարահանված «Հաստատուն գործոնը» կամ «Կոնստանտա» ֆիլմի համար Կաննի միջազգային կինոփառատոնում ստացած Էկումենիկ ժյուրիի մրցանակը։ Այդ ժյուրին, ըստ Զանուսսիի, գնահատել է կինոնկարի բովանդակությունը, բարձրացված խնդիրները, որոնք անմիջականորեն առնչվում են մարդկային կյանքի հոգևոր ու բարոյական տիրույթներին։ Այսպիսով, գնահատվել ու արժևորվել է ֆիլմի ուղերձը՝ ուղղված հանդիսատեսին։

Զանուսսին հիշում է, որ արդեն նոր հազարամյակի սկզբին՝ 2000 թ․ էկրաններ բարձրացած «Կյանքն ինչպես սեռական ճանապարհով փոխանցվող մահացու հիվանդություն» ֆիլմը պարզապես գերեց հանդիսատեսի սրտերը, ու Մոսկվայի փառատոնում «Լավագույն ֆիլմի համար» «Սուրբ Գեորգի» մրցանակին արժանացավ։ Առհասարակ, ռեժիսորի խոսքով, իր համար շատ կարևոր է հատկապես Ռուսաստանում հասկացված լինելը։ Քանզի այդ երկրում ապրում է շատ կիրթ, մտավոր մեծ պաշար ունեցող, էսթետիկական նուրբ լիցքերով օժտված հանդիսատես, որը շատ է գիրք կարդում։ «Ի սկզբանե Բանն էր․․․»։ Ըստ վարպետի, ինչպես և բոլոր արվեստներն ու մարդու կողմից ստեղծված ամբողջ մշակույթն առհասարակ, ամեն բան սկզբնավորվել, սաղմնավորվել է բառից, խոսքից: Այսինքն` ամեն ինչի հիմքում գրականությունն է, և ամեն արվեստի տեսակ, ցանկացած ստեղծագործություն բաց տեքստ է՝ հասցեագրված հանդիսականների բազմահազարավոր լսարանին։ Կինոն սկիզբ չի առել կերպարվեստից, որտեղ չկա ժամանակի գործոնը։ Չէ՞ որ այն ամեն դեպքում ժամանակա-տարածական արվեստ է։ Իսկ պատկերն ընդամենն օգնում է միտքը, գաղափարը ճիշտ տեղ հասցնել։

«Սև արևը», «Սիրտը ափի վրա», «Պերսոնա նոն գրատա», «Օտար մարմինը». սրանք ռեժիսորի վերջին տարիների քիչ թե շատ հաջողված ֆիլմերից են, որոնք, սակայն, որակական առումով, ինչ խոսք, զիջում են վարպետի արդեն դասական դարձած, լեհական և համաշխարհային կինոյի ոսկե ֆոնդում իրենց ուրույն տեղը գտած դասական կինոնկարներին։ Բայց միգուցե վարպետը չէ, որ փոխվել է, այլ աշխարհն է փոխվել։ Կիսասոցիալիստական հասարակարգը տեղը զիջել է կապիտալիստական հասարակարգին, որտեղ ամեն ինչ սոսկ «սնափառության տոնահանդես է», ինչպես կասեր մեկ այլ նշանավոր լեհ ռեժիսոր Անջեյ Վայդան, «ամեն ինչ վաճառքի»։ Բայց փոխվե՞լ են արդյոք մարդիկ։

Զանուսսին իր խոսքում հատուկ նշում է․ «Արվեստի պատմության մեջ կարող ենք տեսնել, որ դրա զարգացումը միշտ էլ ալիքներով է ընթացել։ Սակայն կարծում եմ, որ այսօր հատկապես կինոյի լեզուն մի մեծ հետընթաց է ապրում։ Չկան մեծ հեղինակներ, ամեն ինչ կրկին նմանվել է պրիմիտիվ բալագանի, պարզունակ ու անմիտ ատրակցիոնի, որպիսին այն անցյալ դարի սկզբում էր։ Սա հիրավի ճգնաժամային փուլ է, տոտալ կինեմատոգրաֆիական անգրագիտության շրջան, որն ինձ ուղղակի զայրացնում է»։

Ինչ վերաբերում է դերասաններին, ապա Զանուսսին հենց նրանց և նրանց հետ տարվող աշխատանքն է համարում ամենից կարևորը կինոյում։ «Դերասանների ընտրությունը շատ կարևոր է։ Իսկ վատ ու անտաղանդ դերասանին միայն հանճարեղ ռեժիսորը դուրս կբերի բեմահարթակ, որպեսզի այնուհետև կարողանա նրան մանիպուլյացիայի ենթարկել, ստիպել, որ նա անի այն ամենը, ինչ որ ռեժիսորն ուզում և պահանջում է»,- ասում է վարպետը։

Վարպետության դասի ընթացքում Զանուսսին հասցրեց նաև կանանց անդրադառնալ, և իր վերջին՝ «Օտար մարմինը» ֆիլմի հետ կապված ասաց, որ դրանից հատկապես դժգոհ էին ֆեմինիստուհիները։ Ըստ նրա` ֆեմինիզմի շարժման բուն իմաստն այն է, որ կանայք ունենան հավասար իրավունքներ, հնարավորություններ և պարտականություններ, ինչպես և տղամարդիկ։ Բայց երբ կինն ուզում է միայն կարիերա անել և էլ ոչ մի ուրիշ բանի մասին չի մտածում, քիչ-քիչ իսկական տղամարդու է վերածվում, սա արդեն սոսկալի երևույթ է, բնության ընթացքի խախտում։

Զանուսսիի համար շատ կարևոր է բարի հետք թողնել հանդիսատեսի սրտում, մի քաղցր հիշողություն։ Սակայն, ըստ նրա, հանդիսատեսն էլ պետք է կարողանա հասկանալ ու արժևորել մշակութային արժեքը։ Սկսնակ ռեժիսորներին նա խորհուրդ է տալիս նկարահանել այնպիսի ֆիլմեր, որոնք զուտ նեղ, տեղական նշանակության չեն լինի, այլ կհետաքրքրեն միջազգային հանդիսատեսին։ Բայց նաև ավելացնում է, որ կինոն միշտ էլ եղել և մնում է «մեր բարի ցանկությունների ու նպատակների գերեզմանատուն»։ «Բախումը, կոնֆլիկտը ստեղծագործելու առաջին նախապայմանն է։ Դուք պետք է անընդհատ պայքարեք։ Եվ եթե դրան պատրաստ չեք, ամեն բանի հետ համաձայն եք, ապա արվեստը ձեր տեղը չէ։ Կարող եք հանգիստ գնալ ու աշխատել բանկում, ապրել անհոգ ու շատ փող ունենալ։ Սակայն շուտով հոգևոր քաղց կզգաք և ամեն ինչ ձեզ համար կսկվի նորից՝ ինքներդ ձեզ ուղղված հարցից, որն ավելի թանկ արժե, քան դրա թվացյալ պատասխանը»,- ասում է ռեժիսորը։
Վերջում էլ Զանուսսին առաջարկեց իր հեղինակած և իր հետ բերած մի քանի տեսարժան ֆիլմերից դրվագներ դիտել։ Քանի որ, ըստ իրեն, այն ռեժիսորը, որ իր վարպետության դասի ընթացքում շատ է խոսում և գործնականում ոչինչ ցույց չի տալիս, օրինակի վրա չի բացատրում, կասկածանքի, տարակուսանքի և մտահոգության տեղիք է տալիս։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ