Երեկ` հուլիսի 12-ին, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում մամլո ասուլիսով հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի դերասանուհի Օրնելլա Մուտին: Չնայած նա բավականին հոգնած էր, քանի որ միայն նախորդ օրը, այն էլ երեկոյան էր ժամանել Երևան, սիրով հանաձայնեց հադիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների ու հանդիսատեսի հետ: Ինչպես և ենթադրվում էր, դահլիճը լեփ-լեցուն էր:

IMG_5428[1]
Մուտին խոստովանեց, որ Հայաստանն իրեն արդեն շատ է դուր գալիս, հատկապես այն, որ փողոցում բոլորն իրար ջրում են ու ժպտում: Ըստ դերասանուհու` սա շատ զվարճալի երևույթ է և իրեն շատ ուրախացրեց: Իսկ Հայաստանի մասին նա լսել է վաղուց իր ազգությամբ ռուս ընկերուհուց, որ ամուսնացած է հայի հետ: Մուտին ասաց` գիտեր, որ Հայաստանը հրաշք երկիր է, բայց ոչ թե իր գեղեցկության, այլ հոգևորի, ոգեղենության ու նաև այստեղ ապրող մարդկանց իմաստով:
Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելլին, որին ռեժիսոր Դամիանո Դամիանին է Օրնելլա Մուտի հնչեղ ու երաժշտական կեղծանունը տվել, ծնվել է 1955 թ. մարտի 9-ին Հռոմում:
Մուտին պատմեց, որ իր հայրը նեապոլիտանացի էր, իսկ մայրը Էստոնիայից էր: Պարզվում է, որ մոր կողմից Օրնելլայի տատիկն ու պապիկը ռուս են եղել:
IMG_5429[1]Նշենք, որ Օրնելլա Մուտին իր առաջին դերասանական փորձերը սկսել է արդեն 15 տարեկանում: Սակայն անկեղծանում է, որ իր առջև ամենևին էլ նպատակ չի դրել դառնալ դերասանուհի: Նրա մեծ քույրն է շատ պատահական նրան քաստինգի տարել կինոստուդիայի նկարահանման հրապարակ` հաշվի առնելով քրոջ գերազանց արտաքին տվյալներն ու մարմնի մոդելային կառուցվածքը: Մուտիի առաջին լուրջ կինոնկարը ռեժիսոր Դամիանո Դամիանիի «Ամենագեղեցիկ կինն» է: Այս ֆիլմի մասին խոսելիս դերասանուհին նշեց, որ իսկապես շատ է հարգում իր մարմնավորած կերպարին` մի պարզ աղջկա, որ իր մեջ քաջություն է գտել և դեմ է դուրս եկել հին սիցիլիական բիրտ սովորույթին, ըստ որի` առևանգված աղջիկը անպայման պետք է ամուսնանա իրեն առևանգողի հետ, եթե նույնիսկ նրան չի սիրում:
Այնուհետև Մուտին պատմեց իր մեկ այլ նշանավոր ֆիլմի մասին. դերասան Ուգո Տոնյացցիի հետ նա հանդես է եկել իտալացի նեոռեալիստ և միաժամանակ հրաշալի կատակերգակ ռեժիսոր Մարիո Մոնիչելլիի «Ժողովրդական սիրավեպ» կինոնկարում: Դրանից հետո էլ դերասաուհին խաղում է Ֆրանչեսկո Ռոզիի «Հայտարարված մահվան քրոնիկոնը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը անգլիացի սրտակեր Ռուպերտ Էվերետտն էր: Հետո էլ արդեն հանդես է գալիս մի շարք այլ նշանավոր իտալացի և օտարերկրացի ռեժիսորների ֆիլմերում` շլացնելով բոլորին իր շքեղ գեղեցկությամբ և նրբագեղ ճաշակով. Ֆրանկո Ռոսսի, Կարլո Վերդոնե, Ֆրանչեսկո Մազելլի, Էտտորե Սկոլա, Վիսենտե Արանդա, Ժոզե Դայան, Պատրիս Լեկոնտ, Վուդի Ալեն, Գրիգորի Չուխրայ, Պիտեր Գրինուեյ:
Մուտիի խոսքով` բոլորն էլ առանձնահատուկ են իր համար, անչափ սիրելի, քանզի ամեն մեկն ուներ իր ուրույն մոտեցումը, մեթոդը, տեսլականը:
Իսկ այն հարցին, թե արդյոք չի գրավում դերասանուհուն ռեժիսուրան և մի գեղեցիկ օր չէ՞ր ցանկանա ինքն էլ ֆիլմ նկարահանել, Մուտին սկզբում պատասխանեց, որ չգիտի: Այնուհետև ավելացրեց, որ այս հարցն իրեն տառացիորեն մի քանի օր առաջ որդին է տվել: Մուտին խոստովանեց, որի իհարկե շատ կուզեր, սակայն կարծում է, որ լավ ռեժիսորի կողքին անպայման պետք է լավ օպերատոր կանգնած լինի, որպեսզի ճիշտ կառուցի կոմպոզիցիան, պատկերը, քանի որ կինոն նախևառաջ տեսողական արվեստ է: Մուտին նշում է, որ ռեժիսորական աշխատանքն իր համար մեծ փորձառություն կլիներ, սակայն ինքը շատ անվստահ է: Միաժամանակ ասաց, որ չնայած իր կասկածներին` շատ ուշադիր է և շատ բան է նկատում, ավելին, քան տղամարդիկ: Քանի որ, իր կարծիքով, կանայք մանրուքների մեջ են խորանում, ինչը շատ կարևոր է կինեմատոգրաֆում:
Ըստ Օրնելլա Մուտիի, հատկապես այն դերերը, որոնցով ինքը հանդես է եկել Մարկո Ֆերրերիի և Դինո Րիզիի ֆիլմերում, շատ գնահատելի են դերասանական արվեստի տեսանկյունից: Այդուհանդերձ նշեց, որ կինոքննադատները շատ բարձր են գնահատում իր երկու դեր, որոնք կատարել է օտարերկրյա կինոնկարներում` ռեժիսոր Մարկ Հոջեսի և պրոդյուսեր Դինո դե Լաուրենտիսի «Ֆլեշ Կորդոն»-ում և գերմանացի նշանավոր ռեժիսոր, հեղինակային կինոյի վարպետ Ֆոլքներ Շլյոնդորֆի «Սվանի սեր»-ում: Ի դեպ, վերջինս նկարահանվել է գրող Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումով» նշանավոր վեպի հիման վրա, Մուտիի խաղընկերներն են Ալեն Դելոնը և Ջերեմի Այրոնսը: Եվ հենց այս ֆիլմն է, որ ցուցադրվելու է երևանյան «Ոսկե ծիրանում»` արտամրցութային «Հարգանքի տուրք» ծրագրում:
Դերասանուհու համար ավելի հեշտ է խաղալ գրական ստեղծագործությունների էկրանավորումներում, պատմական ֆիլմերո՞ւմ, թե՞ ժամանակակից իրականության նյութի հիման վրա նկարահանված ֆիլմերում: Մուտին պատասխանեց, որ բոլորն էլ իր համար հավասարապես հետաքրքիր են: «Սվանի սերը», այո, գրական հիմքի վրա է նկարվել, պատմական ֆիլմ է` զգեստներով, ծանր դեկորացիաներով ու նաև անցյալի շունչը, մթնոլորտը վերստեղծելով: Անշուշտ, այսպիսի ֆիլմերը նկարահանող անձնակազմից պահանջում են երկար ժամանակ պատրաստվելու, ուսումնասիրելու, մանրակրկիտ աշխատանք կատարելու համար:
Բայց հայ հանդիսատեսին դերասանուհին ամենից շատ ծանոթ է հենց այն ֆիլմերից, որտեղ նա խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ: Եվ ԶԼՄ-ները հավանաբար չէին կարող շրջանցել այս թեման: Մուտին էլ իր հերթին նշեց, որ այո, իր համար ևս առանձնահատուկ կարևոր ու հիշարժան են այն ֆիլմերը, որոնցում հանդես է եկել Չելենտանոյի հետ: Այդ կինոնկարներն առանձին էջ են նրա ստեղծագործական կենսագրության մեջ:
Օրնելլա Մուտիի հետ խոսեցինք նաև երջանկության գաղափարի մասին: Նա ասաց, որ ամեն մարդ այս աշխարհ է գալիս, որպեսզի ուրախ լինի, իրեն երջանիկ զգա, որպեսզի ապրի խաղաղ ու ներդաշնակ իր և իր շրջապատի հետ` այդպիսով միանալով տիեզերական ներդաշնակությանը: Ըստ Մուտիի` հասարակությունը հաճախ մարդու մեջ տեսնում է այն ամենը, ինչը նա չունի, և շատ հազվադեպ է գնահատում նրա ունեցածը: Իսկ ինքն իրեն դերասանուհին համարում է երբեմն ջղային ու շատ մեծ տեմպերամենտով անձնավորություն, շատ էմոցիոնալ, որ առաջնորդվում է ինտուիցիայով, սրտի ձայնով ու զգացմունքներով:
Այս անկեղծ խոստովանությունները շատ ոգևորեցին ներկաներին, որոնք Մուտիին օրհնված ծիրան հյուրասիրեցին, այնուհետև կորիզ տվեցին: Դերասանուհին խոստացավ տնկել այն իր այգում, որ ինքն էլ հեռավոր Իտալիայում արևավառ ու ջերմ Հայաստանից մի մասնիկ ունենա ու միշտ համեղ ծիրան համտեսի:
Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ