ulofco.thumbTert.am-ը, հղում անելով Showbiz411.com-ին, տեղեկացնում է, որ ամերիկահայ գործարար Քըրք Քրքորյանը հոգացել է, որ իր մահից հետո էլ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի:

Հաղորդման մեջ մասնավորապես ասվում է.

Այժմ աղբյուրը հայտնում է, որ «Խոստում» (The Promise) վերնագրով ֆիլմի նկարահանումները կշարունակվեն: Դրանում հանդես են գալու հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը:

«Խոստումը» նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը այս կերպ ֆինանսավորելու է Survival կինոընկերությանը ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում:

Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը այս առիթով ասել է, որ Survival Pictures-ը ծնվել է Քրքորյանի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին:

Նրա բնորոշմամբ` «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում: Գլեյզերը ասել է նաև, որ Քրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:

Այս լուրի առիթով Facebook-ի իր էջում հրապարակում է արել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Նա մասնավորապես տարածել է նույն լուրի առիթով Variety հանդեսի հրապարակումը և հայտնել, որ ինքը ևս մասնակից է այս նախագծին:

«Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս առաջիկա խոշոր կինոֆիլմի առիթով: Հայտնվելու դեպքում ավելի շատ մանրամասներ կհայտնեմ», – գրել է Թանկյանը: