IMG_5449[1]Երևանում է աշխարհահռչակ դերասանուհի Նաստասյա Կինսկին: Առիթը երևանյան «Ոսկե ծիրան» փառատոնն է: Նշանավոր գերմանացի դերասան Կլաուս Կինսկիի դուստրը հուլիսի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում հանդես եկավ բաց մամլո ասուլիսով, որին մասնակցեցին հայաստանյան  ԶԼՄ-ների ներկայացուցիչները և Կինսկիի դերասանական արվեստով հետաքրքվողները:

Նշենք, որ դերասանուհին սկզբում անդրադարձավ իր կենսագրությանը, պատմեց ընտանիքի մասին: Տեղեկացրեց, որ իր արտասովոր անունը` Նաստասյա, հայրը իրեն տվել է ի պատիվ ռուս նշանավոր գրող Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի գլխավոր հերոսուհու: Իսկ իրենց յուրահատուկ լեհական ազգանունը` Նաքշինսկի, հայրը փոխել ու դարձրել է Կինսկի` ավելի պարզ ու հասկանալի բոլորին: Կինսկին հիշեց նաև իրենց ներընտանեկան ոչ հեշտ փոխհարաբերությունները`հոր արտիստական տարօրինակությունները, մոր ազատականությունն ու ամենաթողությունը: Երիտասարդ տարիքում աղջիկը շատ բան է տեսել, շատ բան է ապրել ու ներծծել, հատկապես` այն, ինչ վերաբերում է մարդկային փոխհարաբերություններին, մարդկային հարափոփոխ կերպարներին ու դիմակներին: Եվ այն հարցին` արդյոք դերասանուհին երկար է մնում իր մարմնավորած դրամատիկ կերպարների ազդեցության տակ, պատասխանեց, որ դրանց որոշ մասը, այնուամենայնիվ, մնում է իր հետ, դառնում իր անձի մի մասը, չես կարող ոչինչ անել: Կինսկին նշում է, որ ռեժիսորները, հատկապես` հեղինակ ռեժիսորները բավականին պահանջկոտ են և դերասաններին էլ որպես տիկնիկների են վերաբերվում: Ուստի պետք է շատ ուժեղ, համառ ու կամային լինել:

IMG_5459[1]

 

Կինսկին շեշտեց, որ իր համար մեծ հաջողություն էր կյանքում, որ դերասանուհի դարձավ և շատ շնորհակալ է այդ հնարավորության համար: Ըստ նրա` դերասանը պետք է բաց լինի, պատրաստ գնալու ամեն տեղ և ընդունելու ամեն բան:

Սրա հետ կապված կարելի է վերհիշել 1976 թ., երբ Vogue ամսագրի համար Նաստասյային նկարահանում էին Սեյշելյան էկզոտիկ կղզիներում: Նրան արդեն երկրորդ անգամ բացահայտում է ռեժիսոր Ռոման Պոլանսկին ու համոզվում, որ Կինսկին հրաշալի կխաղա իր «Թեսսը» ֆիլմում: Սակայն Կինսկին պատմում է, որ իրականում մեծ կինոյի աշխարհ է բերել իրեն Վիմ Վենդերսի այն ժամանակի կինը, որ մի օր տեսնում է աղջկան դիսկոտեկում պարելիս և ենթադրում, որ Կինսկին հոյակապ թեկնածություն է ամուսնու «Կեղծ շարժում» ֆիլմի համար: Եվ այդպես էլ սկսվում է Կինսկիի կինոկարիերան, որն այնուհետև Գերմանիայից պիտի տեղափոխվեր ԱՄՆ և էլ ավելի մեծ հռչակ ձեռք բերեր: Եվ պատահական չէ, որ այս տարի հենց նրա դեմքն է զարդարում Վենետիկի միջազգային կինոփառատոնի պաստառը որպես հարգանքի տուրք համաշխարհային արթհաուսում ունեցած ավանդի համար: Կինսկին նշում է, որ իր համար այս փաստն անակնկալ էր, սակայն շատ հաճելի և տպավորիչ. պարզապես ուրախ է դրա համար: Նշում է, որ երբ մարդը մի բան սիրում է, պետք է սովորի որքան հնարավոր է շատ, տքնաջան աշխատել, որպեսզի կարողանա հասնել իր առջև դրված նպատակներին:

Իսկապես որ, Կինսկիի արտակարգ գեղեցիկ, նուրբ ու փխրուն սլավոնական արտաքինը ստիպեցին մի շարք նշանավոր ռեժիսորների ուշադրություն դարձնել այդ «վայրի ծաղկի» վրա: Ինչն էլ հետագայում հանգեցրեց նրան, որ Կինսկին խաղաց հեղինակային կինեմատոգրաֆի ամենից հռչակավոր դեմքերի մոտ` դառնալով արտ-կինոյի կենդանի կուռք:

Նաստասյա Կինսկին նաև հիշատակեց իր ամենից նշանավոր ու իր կարծիքով հաջողված դերերը. Ալբերտո Լատուադայի «Այնպիսին, ինչպիսին որ կաս», Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ամբողջ սրտով», Պոլ Շրյոդերի «Կատու-մարդիկ», Ժան-Ժան Բենեքսի «Լուսինը հոսող առվում», Ժակ Դերեի «Սիրային հիվանդությունը», Լինա Վերտմյուլլերի «Լուսնային գիշերով», Դեյվիդ Լինչի «Ներքին կայսրությունը»: Կինսկին խորին ակնածանքով հիշատակեց նաև Եժի Սկոլիմովսկուն, Տավիանի եղբայներին, Անդրեյ Էշպային ու նաև հայազգի ամերիկաբնակ ռեժիսոր Դերան Սարաֆյանին ու վերջինիս «Անկման արագությունը» կինոնկարը, որում նույնպես հանդես է եկել: Իհարկե, այս պարագայում չէր կարելի չհիշատակել Վիմ Վենդերսին, որի մի շարք ֆիլմերում է նկարահանվել Կինսկին: Հատկապես`«Փարիզ, Տեքսասը», որը կցուցադրվի «Ոսկե ծիրան»  փառատոնի շրջանակներում` արտամրցութային «Հետահայաց» ծրագրում:

Կինսկին իր խոսքում ավելացնում է, որ արվեստը, մշակույթը հրաշալի են, քանի որ դրանք միավորում են մարդկանց, աշխարհն են մեկտեղում ասես տիեզերական ներդաշնակության մեջ: Եվ նույնն էլ  ասաց «Ոսկե ծիրանը». փառատոնը միջազգային է և հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու աշխարհի կինեմատորգրաֆիական համայնապատկերի մասին:

Երևան քաղաքն էլ շատ է դուր եկել դերասանուհուն: Ըստ նրա` սա շատ բաց, ուրախ ու բարի, ամենակարևորը` հյուրընկալ քաղաք է: Ընդհանրապես նա սիրում է միայնակ քայլել քաղաքում, ինչը նաև Երևանում է անում: Ըստ Կինսկիի, ճամփորդությունները հնարավորություն են տալիս բացահայտելու, անընդհատ հայտնագործելու:

Կինսկիի համար նաև շատ թանկ է Երևանում ցուցադրվելիք Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեցյալները» ֆիլմը, որը նկարահանվել է գրող Անդրեյ Պլատոնովի «Պոտուդան գետը» պատմվածքի հիման վրա: Ֆիլմն այս պատմում է նուրբ, կամերային ու ինտիմ մի պատմություն` պատերազմից վերադարձած տղամարդու, իր կնոջ հանդեպ նրա մեծ սիրո և ֆիզիկապես սիրելու անկարողության ողբերգականության մասին:

Չէր կարելի շրջանցել նաև հռչակավոր լուսանկարիչ Ռիչարդ Ադեվոնին, որի մուսան է եղել Նաստասյա Կինսկին: Բավական է հիշել միայն դերասանուհու նշանավոր լուսանկարը, որում Կինսկին ամբողջովին մերկ է, նրա մարմինը պատում է մի մեծ օձ` կարծես շղթայելով նրա գեղեցկությունը, միաժամանակ հափշտակելով ու պաշտպանելով այն: Այս կապակցությամբ էլ հենց շատ տեղին հնչեց այն հարցը, թե արդյոք հե՞շտ է ընդունել սեփական կարիերայի վերելքներն ու անկումները: Կինսկին ի պատասխան նշեց, որ իր համար մեծ հաջողություն էր դառնալ դերասանուհի: Եվ ուրեմն ամեն բան էլ նա բնական է ընդունում, դրանք իր կյանքի ճամփորդության, այդ մեծ արկածի մի մասն են: Նա ասում է, որ ոչ մի բանի համար չի ափսոսում, իրեն ոչինչ չի պակասում, և կարծես թե ամեն ինչ շատ նորմալ ու լավ է իր կյանքում: Ըստ դերասանուհու` թե′ հաջողությունները և թե պարտությունները բնական են, պետք է, սակայն, կարողանալ վեր կենալ և շարունակել առաջ շարժվել, չընկճվել, չհուսահատվել, երբեք չնահանջել:

Կինսկին խորապես հավատացած է, որ մարդուն սեր և խաղաղություն է հարկավոր: Մարդ էակը սիրո կարիք ունի միայն, կարիք ունի երջանիկ լինելու: Ըստ նրա` մարդը պետք է շատ աշխատի ու նաև երազի, երազի` մյուս մարդկանց հետ միասին: Եվ վերջում էլ դերասանուհին հավելում է, որ այս գաղափարները շատ սերտ շաղկապված են այն վավերագրական կինոնկարների հետ, որոնց վրա ինքն այժմ աշխատում է: Դրանք պատմում են մեծ հերոսների` մարզիկների մասին, որոնք կարող են օրինակ ծառայել բոլորիս համար` հասնելու սեփական երազանքին:

Մարիա Թոքմաջյան