7066-1karabakh-open.info-ն գրում է.
Արդեն մեկ ամիս է, ինչ Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում սկսվել են «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները:
Խաչմաչում է գտնվում ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հայրական տունը:
Ֆիլմը ընդգրկում է Սումգայիթյան ջարդերի ժամանակաշրջանը եւ այն մարդու մասին է, ով անկախ ամեն ինչից չի հանձնվում, պայքարում է մինչեւ վերջ եւ դառնում գյուղի վերջին բնակիչը: Ֆիլմի մանրամասների մասին, ինքը՝ Ջիվան Ավետիսյանը խոստացավ խոսել օգոստոսի վերջին՝ ֆիլմի նկարահանման ավարտից հետո։
Ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքներին մասնակցում է նաեւ մասնագիտությամբ կինոռեժիսոր, ֆիլմի նկարիչ-բեմադրող Նահապետ Սարգսյանը:
Ասում է՝ հեշտ է հարմարվել գյուղի առօրյային, քանի որ ինքն էլ է գյուղից՝ Եղեգնաձորի Խաչիկ գյուղից: «Խաչմաչն արդեն հարազատ է դարձել ինձ համար. շատ բաներ ասոցացնում եմ մեր գյուղի հետ: Այստեղ կան հետաքրքիր տեսարժան վայրեր եւ շատ սիրուն միջավայր է: Էլ չեմ խոսում մարդկանց վերաբերմունքից, ովքեր ամեն հարցում պատրաստ են օգնել»:
Նահապետը բացի նկարիչ – բեմադրող լինելուց կատարում է նաեւ ֆիլմի համար նախատեսված տների վերանորոգման աշխատանքները: «Այդ հարցում ինձ օգնում են եւ մասնագիտությունս, եւ նկարելու ձիրքը, քանի որ այս աշխատանքին նայում եմ ոչ թե նկարչի կամ վերանորոգողի աչքերով, այլ ` ռեժիսորի, ու արդեն գիտեմ` ինչպե՞ս պիտի նկարել , ի՞նչ չափերով, ի՞նչ գույներով, որ կադրում ճիշտ երեւա»: Իսկ երեկոները նստում է իր Մոսու ամու (այդպես են գյուղում ասում Մովսես պապիկին)՝ իր կողմից վերանորոգած պատշգամբում եւ երազում. «Երազանքս է նկարահանել Ակսել Բակունցի պատմվածքները»:
Նահապետն ասում է, որ այնքան է կապվել գյուղին, որ ցանկանում է իր ֆիլմերից մեկը նկարահանել Խաչմաչում, քանի որ, ըստ նրա, այստեղ կա այն միջավայրը, այն վիճակը, որն անհրաժեշտ է ֆիլմի համար:
Իսկ մինչ այդ, Նահապետը Մոսու ամու տան բակում արդեն հասցրել է կազմակերպել իր ֆիլմերի փոքրիկ ցուցադրություն։ Նա արդեն նկարահանել է 3 ֆիլմ, որոնց սցենարի հեղինակը հենց ինքն է , եւ որոնցից «Эхо» -ն «Վեբ ծիրան» կինոփառատոնում լավագույն կարճամետրաժ ֆիլմի երկրորդ մրցանակին է արժանացել։

Էվելինա Համբարձումյան
ԱրՊՀ ուսանող