unnamedԻրինա Օհանյան. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Երկու տարի բարձրագույն դասընթացներ անցել Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում: Վերադարձից հետո որպես ռեժիսորի օգնական աշխատել է Հրաչյա Ղափլանյանի հետ Երևանի դրամատիկական թատրոնում, որն այն տարիներին ամենաժամանակակից երիտասարդական թատրոնն էր համարվում: Նրա առաջին բեմադրությունը թատրոնում «Վայրի աղջիկն» էր  (1983 թ.):

– Իսկապես հաջողված ներկայացում էր: Հրաշալի դերասաններ՝ Արթուր Ութմազյան, Տաթևիկ Ղափլանյան, Ռաֆայել Քոթանջյան: Օպերատորը Արսեն Ասլանյանն էր: Դրսում արված նկարահանումներն այն ժամանակ նորույթ էին, և նա դա օգտագործեց: Հնչում էր Կլայդերմանի երաժշտությունը, որը շատերը մինչ օրս անվանում են «Վայրի աղջկա» երաժշտությունը:

Հեռուստաթատրոնն ինձ ավելի էր հրապուրում, քանի որ սիրում եմ կադրը, խոշոր պլան ասվածը, սիրում եմ աչքեր, հոգեբանություն, փորձում եմ ամեն ինչի խորքը մտնել: Թատրոնը նման հնարավորություն չէր տալիս: Թատրոնը բղավոց է, իսկ հեռուստատեսությունը՝ լռություն: Այն ավելի ակնառու է դարձնում զգացմունքը: Մի խոսքով՝ սիրեցի հեռուստատեսությունը: Ի դեպ, հեռուստատեսությունում աշխատանքի անցա Մհեր Մկրտչյանի հաստիքով, որն այդ ժամանակ տեղափոխվել էր: Երբ Ստեփան Կարպիչին ասացի, որ ուզում եմ աշխատել հեռուստատեսությունում, ասաց. «Լա՛վ, աղջիկ ջան, բայց Ժան Անույի գործը ֆրանսիական է, դու գնա ու բեմադրի ամենավատ հայկական գործը: Եթե այդ թույլ գործից մի բան կարողացար ստեղծել, ես կընդունեմ քեզ աշխատանքի»:

Հասկանալի պատճառով չեմ նշի, թե ում գործը, բայց ես բեմադրեցի այն և դրա շնորհիվ ընդունվեցի հեռուստաթատրոն, որտեղ աշխատեցի 9 տարի: Այդ տարիներին բեմադրեցի Ալբերտո Մորավիայի «Արհամարհանքը», Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում», «Մեֆիստոֆել», «Սպանել տղամարդուն» և բազմաթիվ այլ ներկայացումներ: Վերջինը Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» ներկայացումն էր: Դրանից հետո սկսվեցին մութ ու ցուրտ տարիները: Առանց հոսանքի դժվար էր հեռուստատեսությունում բեմադրություններ անելը, և որոշեցի գնալ ռադիոթատրոն: 27 ներկայացում էլ ռադիոթատրոնում բեմադրեցի: Դրանք այսօր պահպանվում են Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդում»:
Այն ժամանակ, երբ տրանսպորտ չկար և շատերս ոտքով էինք տուն գնում, մի անգամ ճանապարհին հանդիպեցի Վազգեն Սարգսյանին, որին ծանոթ էի դեռ Գրողների միությունից: Շատ ուրախ ինձ գրկեց ու ասաց. «Էդ դո՞ւ էիր նկարել»: Ասում եմ՝ ինչը՞: «Չարենցը: Ես նայում եմ, նայում ու մտածում` տեսնես ո՞վ է էս ռիսկով տղեն, ու վերջում կարդում եմ քո անուն-ազգանունը»: Հարցրեց՝ հիմա ի՞նչ ես նկարում: Ասացի՝ լույս կա՞, որ նկարեմ, առանց լույսի ի՞նչ նկարեմ: Այդ խոսքը դարձավ ճակատագրական: Վազգենն ասաց. «Քեզ տանելու եմ բանակ, որ նկարես մեր տղաներին»: Այդ պահին այնքան հեռու էի այդ ամենից, ասացի. «Զավենի՛չ, ես արվեստագետ մարդ եմ, ի՞նչ գործ ունեմ այնտեղ»: Այդ պահին առաջարկին շատ լուրջ չվերաբերվեցի, բայց հետագայում…

unnamed (4)ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում իմ առաջին վավերագրական ֆիլմը «Կարոտն» էր` նվիրված Երվանդ Կարապետյանին՝ Ճուտոյին, որը զոհվել է: Ֆիլմն ունեցավ գրեթե նույն հաջողությունը, ինչ «Վայրի աղջիկը» թատրոնում: Մինչ օրս պաշտպանության նախարարությունում եմ և դրա համար երբևէ չեմ զղջացել:

Մուտքը հայկական բանակ ու առաջին այցը Արցախ ինձ համար բեկումնային իրադարձություններ չէին, քանի որ ակտիվորեն մասնակցում էի արցախյան շարժմանը: Ունեի շատ ընկերներ, որոնք արդեն պատերազմի մեջ էին: Նրանց միջոցով լավ տեղեկացված էի, թե ինչ է կատարվում Արցախում: 94-ին առաջին անգամ մեկնեցի Շուշի: Դա հրաշք էր, որը պաշտում եմ: Չեմ կարող բացատրել` ի′նչ կա այնտեղ, բայց այդ քաղաքի մագնիսական ուժը ձգում է, չնայած մինչ օրս ավերակներ են այնտեղ: Ցավ ու հպարտություն ես ապրում միաժամանակ:

21 տարիների ընթացքում Իրինա Օհանյանն արցախյան պատերազմին ու այդ պատերազմի հերոսներին նվիրված ավելի քան 30 ֆիլմ է նկարել: «Մայրը», «Ես այնքան մոտ էի իրականությանը», «Առաջին գիծ», «Ճանապարհ», «Մելոն», «Հողի գույնը», «Տաք արյուն», «Պատերազմի երեխաները», «Ճակատագրեր», «Մահից առաջ և հետո», «Այրվող լեռներ», «Պատվո Ասպետ», «Հավատավորը», բազմաթիվ այլ ֆիլմեր, որոնք հարստացնում են արցախյան պատերազմի կինովավերագրությունը:

– Պատերազմի մասին ֆիլմ նկարելը շատ ծանր է, առավել ծանր է զոհված տղաների մասին նկարելը: Լինելով կին, տղա զավակի մայր ու զգացմունքային անհատականություն, unnamed (2)երբևէ չեմ կարողացել սառը հայացքով նայել այն ամենին, ինչ նկարել եմ: Այդ պատճառով էլ իմ բոլոր ֆիլմերը շատ զգացմունքային են ստացվել: Արվեստագետը երբեք չի կարող փախչել իր «ես»-ից: Ես նկարել եմ շատ հերոսների, որոնցից ուզում եմ առանձնացնել նախ Վազգեն Սարգսյանին. շատ պարզ, զգացմունքային, ակտիվ անձնավորություն: Կարող էր բղավել, իսկ 2 րոպե անց ինչ-որ բանից հուզվել, և աչքերին արցունքներ կարող էին հայտնվել: Վազգենը շատ լավ բնորոշել է իրեն. « Շատերն ինձ արջի տեղ են դրել, բայց ես այդպիսին չեմ»: Նա չափազանց հետաքրքրված էր այն ֆիլմերով, որոնք նկարում էի: Անընդհատ կարող էր զանգահարել, հետաքրքրվել: Բազմիցս տեսել եմ նրա արցունքները այդ ֆիլմերը դիտելիս: Վազգենը իրոք նվիրյալ էր, նա սրտանց սիրում էր բանակը: Ցավալի է, որ այդպիսի ավարտ ունեցավ: Վազգենին է նվիրված իմ «Հավատավոր» ֆիլմը, որը նկարել ենք նրա մահվանից հետո:

Արցախյան պատերազմի հերոսների մեջ ինձ համար յուրահատուկ կերպար է նաև Լեոնիդ Ազգալդյանը: Չեխովի խոսքերը՝ մարդու մեջ ամեն ինչ պետք լինի գեղեցիկ, ուղղակիորեն վերաբերում են Լեոնիդին: Թող ներող լինեն բոլորը, բայց նա իսկապես անկրկնելի էր: Կիրթ, գեղեցիկ, յուրահատուկ վերաբերմունքով դեպի իր զինվորը, խիստ, կարգապահ, պատասխանատու: Լեոնիդն իսկապես առանձնանում էր:

Մեր բանակում կային հրաշալի տղաներ, լինեին նախարար թե շարքային զինվոր: Մեխակ Մեխակյանը, որին նվիրված է «Պատվո Ասպետ» ֆիլմը, չորս երեխա էր թողել ու մեկնել պատերազմ: Պատմաբան էր, ազնվագույն երիտասարդ: Անցավ պատերազմի ամբողջ ծանր ճանապարհը ու զոհվեց 94-ի մայիսի 1-ին: Ընդամենը մի քանի օր անց կնքվեց հրադադարը: Բարեբախտաբար այսօր մեր կողքին է երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը՝ նվիրյալ, ազնվագույն մարդ, որի հոգին ևս ուրիշ բարձունքներում է:
Իմ ամենածանր ֆիլմերից մեկը կոչվում է «Պատերազմի երեխաները»: Մեկնեցինք Արցախ, մտանք Ստեփանակերտի սոցիալական ծառայություն, ու խնդրեցի այն երեխաների ցուցակը, որոնք վիրավորվել էին արկերի պայթյուններից, լուրջ խնդիրներ ունեին: Այդ ժամանակ տեղեկացանք Ստեփանակերտի «Զանգակ» մանկատան մասին: Այնտեղ նկարահանումների ժամանակ ես չէի կարողանում զսպել արցունքներս: Անմեղ երեխաներ, որոնք ոչ մի մեղք չունեին այս պատերազմի մեջ, բայց սարսափելի տուժել էին այդ պատերազմից: Մեկը ոտքն էր կորցրել, մյուսը՝ ձեռքը, ականջը, մյուսը՝ տեսողությունը: Չափազանց ծանր էր այդ ամենը: unnamed (3)

Հավանաբար Աստծո կամքով պիտի անցնեի այդ ամենի միջով, որովհետև պատերազմի իրականությունն ինձ, ինչ-որ առումով, ծանոթ էր մանկուց: Հայրս Հայրենական պատերազմի մասնակից էր: Նա զինվորական հարուստ գրադարան ուներ: 10-14 տարեկանում ես անընդհատ քիթս մտցնում էի այնտեղ, գիշերները թաքուն դուռը բացում ու կարդում էի այդ գրքերը: 88-ին կարծեք վերակենդանանում էր իմ նախնիների անցյալը. տատս Էրզրումից էր, պապս՝ Իգդիրից: Եղեռնի պատճառով պապս կորցրել էր ողջ ընտանիքն ու մնացել մենակ: Անգամ խորհրդային տարիներին նրա սենյակի պատին փակցված էր Զորավար Անդրանիկի նկարը, որի զինվորն էր եղել 16 տարեկանում: Նա երբեք չկարողացավ մոռանալ իր անցյալը: Եվ ես սպունգի նման բոլորից հավաքել էի այդ պատմությունները, որոնք շարժման տարիներին վերաիմաստավորվում էին իմ մեջ: Հիշում էի շարժումից մոտ 10 տարի առաջ պապիկիս ասած խոսքերը մահվան շեմին. «Եթե պատահի, որ հայն ու թուրքը նորից բախվեն խաչմերուկում, հիշի՛ր, որ տարաբախտ պապիկիդ արյունը մեջդ է, վրեժս կլուծես»: 88-ին, երբ լսեցի Սումգայիթում կատարվածի մասին, հասկացա, որ պապիկիս կամքը կատարելու ժամանակն է: Անմիջապես գնացի Սուրբ Սարգիս եկեղեցի, մոմ վառեցի պապիկիս հիշատակին ու ասացի՝ պա՛պ, եկավ այն պահը, որի մասին դու ասել էիր, ու ես հիմա կկանգնեմ այնքան, որքան կկարողանամ: Ու ես, իրոք, փորձեցի անել այնքան, որքան կարող էի ու դեռ կարողանում եմ:

Երբեմն տխրում եմ, մտածում՝ մի՞թե հնարավոր է այսքան նկարել զոհվածների մասին: Մի անգամ Այդին Մորիկյանին բողոքեցի, ասացի Այդի՛ն, շատ ծանր է նկարել այս ֆիլմերը: Ես ամբողջ հոգով կրում եմ այդ բեռը: Հումորով, բայց հանճարեղ մի բան ասաց. «Դու այնքան պաշար ես կուտակել, որ այն աշխարհ գնալիս բոլոր տղաները քեզ գրկաբաց են ընդունելու»:

unnamed (1)

– Ինչքանո՞վ է կարևոր պատերազմի վավերագրությունը, և որքանո՞վ են այդ ֆիլմերը փոխանցում ճշմարտությունն իրական պատերազմի մասին:

– Վավերագրությունը պատմություն է, իսկ պատմությունը միշտ անհրաժեշտ է ճշմարտության բացահայտման համար: Պատերազմից հետո հաճախ խեղաթյուրումներ են լինում: Մարդիկ սկսում են հեքիաթներ պատմել իրենց «հերոսությունների» մասին: Ես երբեմն վախենում եմ զրուցել տղաների հետ, որովհետև հիասթափություններ եմ ունենում: Կան պատմություններ, որոնք չես էլ կարող պարզել՝ եղել է, չի եղել: Ու՞մ պատմածն է ավելի մոտ ճշմարտությանը: Երբեմն փորձում եմ շատերի հետ զրուցել, որ կարողանամ գտնել ճշմարտությունը, որ որևէ մեկին չարժեզրկեմ կամ գերագնահատեմ: Իհարկե, կան կերպարներ, որոնց մասին ամեն ինչ ասված է, և նրանց հերոսության ապացույցներն այլևս ավելորդ են: Բայց նշածս տհաճ երևույթը կա: Կա նաև նախանձ՝ ինչու՞ այս մեկի մասին նկարեցիր, իմ մասին չնկարեցիր: Ըստ իս, եթե ինչ-որ բան արել ես հանուն հայրենիքիդ, ապա նման բաներ չես կարող քեզ թույլ տալ: Իհարկե, յուրաքանչյուր ֆիլմ ռեժիսորի սուբյեկտիվ ընկալումն է, բայց փաստերի հանդեպ պատասխանատու վերաբերմունքը ես չափազանց կարևորում եմ»:

Իրինա Օհանյանի վերջին՝ «Երկնային լույս իջեցնողները» ֆիլմի հերոսներն արցախյան պատերազմի միջով անցած երկու հայ բժիշկներ են՝ Կամո Շաբոյանը և Միքայել Բայաթյանը: Վերջինը պատերազմում կորցրել է ոտքը: Առողջական ծանր խնդիրներով հանդերձ` այսօր էլ աշխատում է զինվորական հոսպիտալում: Արցախյան պատերազմն այսօր էլ շարունակվում է, և մեր հարաբերական խաղաղությունն էլ ձեռք է բերվում մերօրյա հերոսների արյան գնով: Նրանց հերոսական պատմություններն էլ մի օր կդառնան կինովավերագրություն, որպեսզի ոչ ոք չմոռացվի և ոչինչ չմոռացվի, որպեսզի ապրողներս իմանանք մեր խաղաղ երկնքի ու անառիկ սահմանի համար վճարվող գինը: Սրա համար են ծնվում նաև ռեժիսոր Իրինա Օհանյանի կինոպատմությունները, որոնք, որքան էլ հերոսական ու գեղեցիկ, միևնույնն է, ռեժիսորի համոզմամբ` ամենասարսափելի իրականության մասին են, իրականություն, որը կոչվում է պատերազմ:

Ալիսա Գևորգյան


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը

«Մենք կապող օղակ էինք քաղաքի ու ճակատի միջև». Արթուր Ներսիսյան

 Արթուր Ներսիսյանը  1988-2005 թթ. աշխատել է Արցախի հեռուստատեսությունում որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր, ներկայումս գործադիր տնօրենն է, մի շարք հեռուստաֆիլմերի...