Աշխարհի ամենափոքր կինոփառատոնը
Իսպանիայում` Ասկասո գյուղում, որ գտնվում է Արագոն մարզի կենտրոն Ուեսկիից մոտ հեռավորության վրա, անցկացվելու է աշխարհի ամենափոքր կինոփառատոնը: Այս անսովոր միջոցառումը կոչվում է La Muestra De Ascaso 2015: Կինոփառատոնը կազմակերպում են մադրիդցիներ Միգել Կորդերոն և Նեստոր Պրադեսը, որոնք բնիկ Կաստելիոնայից են: Փառատոնը տեղի կունենա օգոստոսի 25-ին: Այս ձեռնարկի մասին հայտնի է դարձել «Испанияпо-русски» հրատարակության շնորհիվ:
Ասկասոյի այս արտասովոր կինոփառատոնը Կորդերոն և Պրադեսը կազմակերպում են արդեն չորրորդ անգամ, և ամեն անգամ այն հաջողությամբ է պսակվել: Ինչպես նշում է վերոհիշյալ հրատարակությունը, ներկայումս Ասկասո գյուղակում ապրում է 3 բնակիչ: Սա փաստորեն լքված բնակավայր է: Կազմակերպիչների խոսքով` «ամենփոքր» կինոփառատոնի համար ավելի լավ վայր հնարավոր չէր գտնել:
Ֆիլմերի ցուցադրությունը տեղի է ունենալու բաց երկնքի տակ, այն հատվածում, որը նախկինում ծառայել է իբրև կալատեղ: Անձրևի դեպքում հնարավոր կլինի պատսպարվել տեղի պանդոկում: Ցուցադրությունից հետո այդտեղ էլ տեղի կունենան ֆիլմերի քննարկումները:
Անցած տարի փառատոն է այցելել մոտ 100 մարդ: Այս տարի, ինչպես և նախկինում, կազմակերպիչները 140 տեղ են պատրաստել: Հյուրերը նստելու են պլաստիկ աթոռներին:
Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են 7 լիամետրաժ և 10 կարճամետրաժ ֆիլմեր: Փառատոնը բացվելու է խորհրդային ռեժիսոր Միխայիլ Կալազոտովի վերականգնված վավերագրական ֆիլմով: Ցուցադրվելու են նաև Վիմ Վենդերսի և Խուլիան Ռիբեյրո Սալգադոյի «Հողի աղը», Ագուստին Օսոյի և Աննա Սոլյերի իսպանա-մեքսիկական «Los días sin Joyce» ժապավենը, Ֆրան Արաուխոյի և Էռնեստո դե Նովայի «El Rayo»-ն և ուրիշներ:
Փառատոնը կտևի հինգ օր: Մեկ օրվա տոմսի արժեքը 3 եվրո է, իսկ 10 եվրոյով կարելի է գնել աբոնեմենտ բոլոր միջոցառումների համար:
Աբյուրը` kulturologia.ru

