2253Հունիսի 10-ին եզրափակվեց երևանյան ՆՓԱԿ-ում անցկացվող «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը։ Այն այս տարի անց էր կացվում արդեն 13-րդ անգամ։ Հիշեցնենք, որ այս տարի փառատոնին մասնակցության հայտ էր ներկայացրել 783 ֆիլմ, իսկ ընտրական շրջանի արդյունքներով փառատոնի ընթացքում ցուցադրվեց 140 ֆիլմ, որոնցից 71-ը՝ հիմնական մրցույթում, իսկ 69-ը՝ հատուկ ծրագրերով։ Ընդհանուր առմամբ այս տարի փառատոնին մասնակցեց 31 երկիր։ Հիմնական մրցույթում ֆիլմերը մրցում էին «Մեկ կադր», «Կարճ ֆիլմեր» և «Կինո առանց սահմանի» անվանակարգերում։

2251«Շատ լավ է, որ բացման և փակման արարողություններն անցնում են այսքան մեծ ոգևորության մթնոլորտում, սակայն կցանկանայի, որ սա լիներ նաև փառատոնի բուն ընթացքում, ֆիլմերի ցուցադրության և քննարկումների ժամանակ։ Մենք կարիք ունենք մեկս մյուսին տեսնելու, լսելու, հասկանալու, ճանաչելու։ Կուզեի նաև հատուկ կերպով նշել ժյուրիի բացառիկ աշխատանքը, որը շատ բաց էր, ազատ, ազնիվ ու անկեղծ։ Իսկապես հրաշալի մի գործընթաց էր հետևելը այդ աշխատանքներին, հաճախ նաև սուր բանավեճերին»,- փակման խոսքում նշեց ՆՓԱԿ-ի գործադիր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Գագիկ Ղազարեն։

Այնուհետև սկսվեց փակման բուն արարողությունն ու մրցանակների հանձնումը։ Առաջին մրցանակը, որ շնորհվեց «Մեկ կադրի» շրջանակնեում, «Հեղինակների ձայնն» էր։ Նախորդ օրը մրցութային երեք անվանակարգերի մասնակից հեղինակների բաց քվեարկության ժամանակ, երբ նրանք իրենց ձայնն էին տալիս իրենց նախընտրած որևէ գործի, «Հեղինակների ձայն» հատուկ դիպլոմին արժանացավ Սևակ Բաղդասարյանի «Օրփեոսը», որը ստացավ ձայների 30%-ից ավելին։

Ապա բեմ բարձրացավ «Մեկ կադրի» ժյուրին՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, խմբագիր, լրագրող Ռուզաննա Բագրատունյանը, ռեժիսոր Դիանա Կարդումյանն ու ռեժիսոր, կինոարտադրող Արզուման Հարությունյանը, որոնք էլ հանձնեցին մրցանակներն այս անվանակարգում։ Տիգրան Խզմալյանի խոսքով` իրենք երկար ու սուր քննարկումներ ունեցան, սակայն, ի վերջո, կարողացան փոխզիջման գալ։ Խզմալյանը նաև գոհունակություն հայտնեց, որ մեր կինոյում նոր սերունդ կա, որը ոճ ու ձեռագիր ունի։ Սա քաղաքացիների մի նոր ալիք է, որն օժտված է յուրատեսակ գեղագիտությամբ։ Ըստ Խզմալյանի` այս օրերին, երբ կինոն գրեթե վերանում է, հենց այս երիտասարդներն են, որ կարողանում են կինո ստեղծել ու մեզ վերադարձնել այս արվեստը, վերադարձնել այն մարդկանց ու քաղաքին։

2254

Սևակ Բաղդասարյանի «Օրփեոսի» թեման այստեղ էլ շարունակվեց, քանի որ հենց այս ֆիլմն արժանացավ ժյուրիի հատուկ հիշատակմանը՝ կինոլեզվի գրագետ յուրացման և կիրառման համար։ Ժյուրիի հատուկ մրցանակ շնորհվեց Թեհմինե Ենոքյանին «Սեր» ֆիլմում սոցիալական անարդարության թեման պարզ մարդկային զգացմունքներով և փոխհարաբերություններով արտահայտելու համար։ Հիշեցնենք, որ Ենոքյանի ֆիլմը հատված է Շանթ Հարությունյանի դատավարությունից, երբ նա հանդիպում է իր որդու հետ։ Տիգրան Խզմալյանը հատուկ նշեց նաև ռեժիսորի ներքին ազատությունը՝ անդրադառնալու այսպիսի կարևոր թեմայի։

Լավագույն արտասահմանյան «Մեկ կադրն» այս տարի շնորհվեց Հաիթիի բնակիչ Յորգեն Յոհանսենին («Պլաստիկե տոպրակ»)՝ կոյուղու և կեղտի մեջ կյանք, շունչ, հույս, լույս տեսնելու համար։ Իսկ լավագույն հայկական «Մեկ կադրը», նաև դրամական մրցանակը (100 հազար դրամ) շնորհվեց Արթուր Շառոյանին «23AA93854120» նորարար-փորձարարական աշխատանքի, ողբերգության կերպարը զուսպ և արժանապատիվ ներկայացնելու համար։

«Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք այսպիսի հետաքրքիր ծրագիր էին կազմել, ընտրել ֆիլմերը։ Դրանցում իսկապես կար ոճ և բազմազանություն։ Այստեղ առկա էր որոշակի սպեկտր, որի պրիզմայով մենք, կարելի է ասել, աշխարհի պատկեր տեսանք։ Այսպիսի փոքր ծրագրում կար բավականին մեծ ընդգրկում։ Հաճույք ստացանք նաև մեր քննարկումներից, որոնք իսկապես որ բանավեճի մթնոլորտում էին անցնում։ Եվ այս գործընթացը նույնպես շատ յուրատեսակ էր։ Իհարկե, լինում էինք համակարծիք ու նաև տարակարծիք։ Գիտեք, գնահատելը միշտ էլ բավական բարդ ու պատասխանատու գործ է, քանզի երբեք չի լինում, որ մի ֆիլմ լինի ամենից ամենան։ Սակայն մենք ամեն դեպքում փորձեցինք գալ ընդհանուր հայտարարի»,- իր խոսքում նշեց «Կարճ ֆիլմեր» անվանակարգի ժյուրիի ղեկավար, կինոգետ Սիրանույշ Գալստյանը։

2262

Այս անվանակարգում հատուկ հիշատակման արժանացավ Տաթև Հակոբյանը հոգեբանական «Օտարը» ֆիլմում կյանքի նուրբ զգայական շերտը ժամանակակից կինոյի միտումներին համապատասխան ներկայացնելու համար։ Ժյուրիի հատուկ մրցանակ շնորհվեց Գագիկ Մադոյանին «Ճանապարհ» ֆիլմի համար։ «Լավագույն հայկական կարճ ֆիլմ» ճանաչվեց Ադրինե Գրիգորյանի «Բավականը»՝ հրատապ սոցիալական թեման ճշգրիտ կինեմատոգրաֆիկ լեզվով արտահայտելու համար։ Ֆիլմը նաև դրամական մրցանակ ստացավ՝ 200 հազար դրամ։ «Լավագույն արտասահմանյան կարճ ֆիլմի» մրցանակը շնորհվեց Կայե Կասային և Ալբերտ Պինտոյին՝ «Ընկերություն «Ոչինչ» ֆիլմում մեր ժամանակակից իրականության մեջ ոչնչի վերածված մարդկային կյանքի պատկերման ու արտացոլման համար։

Այս անվանակարգի ժյուրիի անդամ Վահե Գևորգյանցը Կինեմատոգրաֆիստների միության անունից Հատուկ մրցանակ շնորհեց Լուսինե Շահգելդյանին՝ «Քանդելով պատերը» ֆիլմով մեր հասարակության մեջ տարբեր մարդկանց խնդիրները տեսանելի դարձնելու համար։

2261Ի դեպ, նշենք, որ այս նույն անվանակարգի ժյուրիի մյուս անդամ՝ դերասան, արձակագիր և դրամատուրգ Հովհաննես Թեգյոզյանն իր խոսքում հատուկ մատնանշեց այն փաստը, որ իրենց տեսած բոլոր ֆիլմերում էլ լեզու ստեղծելու որոշակի փորձ է արվում։

Ավարտին կրկին բեմ բարձրացավ Գագիկ Ղազարեն,  նա պետք է մրցանակ շնորհեր «Կինո առանց սահմանի» անվանակարգում: Հաղթող ճանաչվեց Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» կինոնկարը՝ իր ընտանիքի կինեմատոգրաֆիական դիմանկարի շնորհիվ ստալինյան սարսափելի ժամանակների և բռնաճնշումների տեսանելի  պատկերը ստեղծելու համար։

2264

Ղազարեն նաև հավելեց, որ «Մեկ կադրում» կրկին հաղթեց կինոն։ Նա բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնեց և մեր երկրին խաղաղություն ցանկացավ, որպեսզի կարողանանք բոլոր խնդիրների տակից հեշտությամբ դուրս գալ։ Ապրենք գալիք` արդեն 14-րդ «Մեկ կադրի» և կինոյի հետ նորանոր հանդիպումների սպասումով։

Փակման արարողությունն ուղեկցվում էր «Նաիրի» ռոք խմբի կատարմամբ, որն իր ռիթմիկ երաժշտությամբ դինամիկ շունչ և մթնոլորտ պարգևեց հանդիսատեսին` ասես երկխոսելով էկրանին ցուցադրվող կինոնկարների հետ։

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ