Peter-Musurlian

Վավերագրող ռեժիսոր Փիթըր Մուսուրլյանն իր «Էմմի» մրցանակով

«Asbarez»-ը տեղեկացնում է, որ վավերագրող ռեժիսոր Փիթըր Մուսուրլյանը ներկայացվել է Լոս Անջելեսի մամուլի ակումբի «Երևելի վավերագրական» մրցանակին իր «Պատմական Հայաստան» ֆիլմի համար, որն առաջին անգամ ցուցադրվել է հայկական «Հորիզոն» հեռուստատեսությամբ 2014 թ. հոկտեմբերին:

«Ավելի քան 25 րոպե» անվանակարգում, բացի Մուսուրլյանից, մրցելու են ևս չորս հավակնորդներ:

40 րոպեանոց «Պատմական Հայաստանը» պատմում է էքսկուրսավար Արմեն Արոյանի  հետ մի խումբ ամերիկահայերի ուղևորության մասին Արևելյան Թուրքիայում: Նրանք այցելում են քաղաքներ, ավաններ և գյուղեր, ուր 100 տարի առաջ` նախքան Հայոց ցեղասպանությունը, բնակվել է ավելի քան 2 մլն հայ:

Այս ուխտագնացությանը մասնակցում է նաև Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը, որ ամբողջ ֆիլմի ընթացքում մեկնաբանում է պատմական անցյալը:

Այս եզակի ֆիլմը, որի օպերատորը, սցենարիստը և խմբագիրը «Էմմիի» մրցանակակիր Փիթըր Մուսուրլյանն է, բովանդակում է այնպիսի տեսանյութեր, որոնք  լոսանջելեսցի հանդիսատեսը մինչ այս երբևէ չի տեսել:

«Հորիզոնի» պրեմիերայից հետո ֆիլմը ցուցադրվել է մի քանի անգամ: Միայն 2015-ի ապրիլին KLCS TV-ով  այն 60 հազար դիտում է ունեցել:

Մուսուրլյանը 2013 թ. «Էմմիի» մրցանակակիր է դարձել «Բըրբենքի աֆրիկյան քույր քաղաքը» վավերագրական ֆիլմի համար, որը հեռարձակվել է Բըրբենքի հեռուստաալիքով:

Փիթըր Մուսուրլյանը USC լրագրական դպրոցի շրջանավարտ է, երեք մագիստրոսական աստիճան ունի, ԱՄՆ բանակի մասին արտասահմանյան ռեպորտաժների հարուստ փորձ, 14 RTNA «Ոսկե խոսափող» մրցանակ և մրցանակի առաջադրում «Էմմիի» 7 անվանակարգերում:

1989 թ. մայիսին հիմնադրված «Հորիզոն» հայկական հեռուստատեսությունը հեռարձակում է նորություններ, տեղեկություններ և լուսաբանում Հարավային Կալիֆոռնիայի հայ համայնքի կյանքը:

Հարավային Կալիֆոռնիայի 57-րդ լրագրողական մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու հունիսի 28-ին Լոս Անջելեսում` Millennium Biltmore հյուրանոցում: