unnamed (1)Կան ռեժիսորներ, որոնց դեբյուտային ֆիլմերից հետո հասկանում ես, որ սպասելու ես նրանց հաջորդ գործերին: 2011-ին նկարահանված «Դիմանկար մթնշաղում» ֆիլմից հետո իմ այդ ցուցակում ավելացավ նաև Անգելինա Նիկոնովան: Նրա երկրորդ՝ «Վելքըմ հոմ» ֆիլմը ցուցադրվեց 2014-ի ամռանը, սակայն հասկանալի պատճառներով համացանցում հասանելի դարձավ միայն վերջերս: Դիտելուց հետո տպավորություն ստեղծվեց, որ այն ամերիկյան հայ էմիգրանտների վերջին ալիքի մասին պատմող ամենահուզիչ ֆիլմերից է:
Նյույորքյան այս պատմության մեջ կան մի քանի գծեր, որոնք զարգանում են զուգահեռաբար:
welcom16052014-1Առաջինը պատմում է Բաբկեն անունով մի հայի մասին, որ երեք երեխա ունի, սպասում է չորրորդին, զբաղվում է գորգերի վաճառքով և նկարահանվում է ցածրաբյուջե արթհաուս ֆիլմերում: Նա մեծ բարեկամություն ունի և արդեն սովորական դարձած փողի խնդիր:
Մյուս գիծը ռուս նախկին մոդելի՝ Սաշայի պատմությունն է: Սաշան գովազդների հաջողակ ռեժիսորի՝ Ջոնիի մուսան է, welcom16052014-6քաղաքացիություն չունի, հետևաբար չունի նաև աշխատելու իրավունք: Չնայած դրան` նա ապրում է էմիգրանտին անհասանելի հանգիստ կյանքով՝ շնորհիվ սիրուց խճճված Ջոնիի և նրա փողերի:
Երրորդը գիծը Ջոնիի կյանքն է, որը խղճահարությունից չի բաժանվում իր կնոջից, ինչը հանգեցնում է կոնֆլիկտի Սաշայի հետ: Հերթական կեսգիշերին, երբ տղամարդը զարթուցիչի զանգից հետո ուզում է տուն գնալ, Սաշան սկանդալ է սարքում, մկրատով կտրում սիրեկանի նվիրած կրեդիտ քարտը և խզում հարաբերությունները՝ օտար երկրում մնալով առանց փողի և հովանավորի: Սկզբնական շրջանում Սաշայի միակ հույսը մի տարեց ռուս կին է, որ աշխատելով հասարակական զուգարանում` հատ-հատ կուտակում է մեկդոլարանոցներ` սովետական սովորության համաձայն իր տան հարցը կաշառքով լուծելու համար: Սաշայի, Բաբկենի և Ջոնիի գծերը կանխատեսելի հատվում են ֆիլմի վերջում:
unnamed (2)Բաբկենի դերում հանդես եկող Կարեն Կարագուլյանի պարագայում խաղալ բառը հավանաբարն տեղին չէ: Ինչպես հարցազրույցներից մեկում նշել է ֆիլմի ռեժիսորը, սցենարի հիմքում հենց Կարենի կյանքի պատմությունն է: Լինելով էմիգրանտ և չլինելով պրոֆեսիոնալ դերասան` նա կադրում կրկնում է կադրից դուրս ապրած կյանքը:
Բաբկենի բարեկամների դերակատարներից մի քանիսը հայ հանդիսատեսին ծանոթ են 90-ականներին բավականին հայտնի երգիծական սկետչերից: Թվում էր, թե մեր երկրում չնկատված և արտերկրում հաստատված դերասանական «կորած սերնդի» ներկայացուցիչների էկրանային կյանքը սահմանափակվում է այդ վիդեոներով: Սակայն տարօրինակ կերպով նրանք կարծես վերածնվում են այլազգի ռեժիսորի ֆիլմում՝ փայլուն ցույց տալով հայ էմիգրանտի հոգեվիճակը ԱՄՆ-ում:
Բաբկենին հայկական միջավայրում շատ սիրում և գնահատում են: Նա ընտանիքի օրինակելի հայր է, նաև դժվարության մեջ բոլորին հասնող մարդ: Սկետչերի թեման շարունակելով` մտքիս գալիս է «Կարգին» հաղորդման այս դարձվածքը. «Բաբկենը մեր ընգերն ա»:
Միայնակ մնացած Սաշան Նյու Յորքում պետք է ինչ-որ կերպ գոյատևի: Իր տարեց ծանոթուհուց վերցրած գումարը որպես նախնական կապիտալ օգտագործելով` նա սկսում է զբաղվել թմրանյութերի վաճառքով: Սկզբնական շրջանում Սաշան ֆինանսական հաջողություններ ունի, սակայն մի անգամ հրաշքով է փրկվում ոստիկանությունից` ստիպված լինելով թմրանյութի մեծ դոզա գցել ջուրը, իսկ մի մասն էլ կուլ տալ՝ ավելի մեծ փորձանքից ազատվելու համար: Ոստիկանական բաժանմունքում նստած և աֆեկտի տակ գտնվող Սաշայի աչքերում դառը դեմքով սևամորթ ոստիկանը երևում է որպես մկանուտ մերկապարող: Ռեժիսորական այդ լուծման արդյունքում ստացվում է Ամերիկայի ալեգորիկ պատկերը՝ ամերիկյան երազանքն իրական է դառնում միայն թմրանյութի ազդեցության տակ:
Գտնված տեսարաններից է մատաղի համար ոչխար գնող և այն մորթել չկարողացող չորս հայ տղամարդկանց տեսարանը: Նրանք ստիպված են զանգել Երևան, որ գիշերվա կեսին իմանան մորթելու ձևը, սակայն միևնույն է, չեն կարողանում դա անել:
Երբ կտրվում են արմատները հայրենիքից, օտար են դառնում նաև ծեսերը: Երբ սեփական ոչխարներ չունես, իսկ ուրիշինն էլ չես կարողանում մորթել, ուրեմն Նյու Յորքում կարող էս չունենալ այն պարտադրված կարգավիճակը, որը պետք է ունենայիր Հայաստանում:
Բաբկենի կինը՝ փոքրամարմին Թամարան, հայ կնոջ այն տիպն է, որն իրեն ամբողջովին նվիրում է երեխաներին: Դժվար պայմաններում, ոչ հարազատ միջավայրում չորս երեխա մեծացնելու պատճառը միգուցե նաև այն է, որ ապագայում այս երեխաները իրար մեջք են դառնալու ու մենակությունն այնքան սուր չի զգացվելու:
unnamedԱռանձին թեմա է հայ տրանսսեքսուալի՝ Համլետի պատմությունը, որի գաղտնիքը գիտի միայն եղբայրը՝ Բաբկենը: «Սա ազատ երկիր է, և այստեղ կարող եմ ես «ես» լինել»-, ասում է Համլետը, որ արդեն փոխել է անունն ու հայրենիքը, և «լինել, թե չլինել» հարցն այլևս առարկայազուրկ է: Խզվել է կապը ժամանակների միջև. Ինչ-որ բան այլևս այն չէ հայկական թագավորությունում:
Էմիգրանտ հայերն էապես չեն փոխել իրենց նիստուկացը Ամերիկա տեղափոխվելուց հետո: Ավանդական հավաքույթներ, կենացներ ընտանիքների բարգավաճման համար, կշտամբանքներ դեռ չամուսնացածներին. մի խոսքով, հայկական սեղանների ավանդական մենյուն:
Չամուսնացածների թվում է նաև Համլետը: Նա հանել է հոնքերը, միտք ունի նաև կուրծքը մեծացնել, սակայն հայկական միջավայրում ստիպված է թավ հոնքեր դնել: Լինելով ազատ դրսում` այս նորաստեղծ փոքր Հայաստանում նա Համլետ խաղալու խնդիր ունի:
Բաբկենը գորգ վաճառող է աշխատում, սակայն նրա երազանքը դերասան դառնալն է: Սա ֆիլմի նուրբ շերտերից մեկն է՝ հայի ընդվզումը օտարների կողմից իրեն պարտադրված վաճառականի կերպարի դեմ: Հայը կարծես ազատագրվում է իր այդ դերից: Ամերիկյան թվացյալ ազատությունը Բաբկենին ներշնչում է գնալ իր երազանքի հետևից: Բաբկենը կարող է լինել վաճառող, արևելքցի, բայց այսուհետ` միայն էկրանին: Վերջապես Դե Նիրոն ու Ալ Պաչինոն մաֆիոզ չէին, նրանք մաֆիոզ էին խաղում:
Բաբկենի Կարապետյան ազգանունը շատ դժվար է արտասանվում, նրան ասում են Կարապեշըն, սակայն այնտեղ, որտեղ այդ ազգանունը կարևոր է, նա ուղղում է: Իսկ կարևոր է արվեստում` կինոյում, որտեղ խաղում է Բաբկեն Կարապետյանը:
Ռեժիսորը հայկական միջավայրը ցույց է տալիս մարդկանց միջոցով, ոչ թե դետալների, քանի որ դետալը էկզոտիկ տարրեր է մտցնում: Հերոսները խոսում են ականջի համար բարեհունչ հայերենով: Սա այն հազվագյուտ ֆիլմերից է, որտեղ հայկական միջավայրն արժանապատվորեն է ներկայանում` չնայած որոշ տեղեր շոշափվող ոչ ավանդական թեմաներին: Հայկական ընտանիքներն իրար հասնող են, նույնիսկ ոչ հայաշատ Նյու Յորքում կարողանում են պահպանել կապը, սեղան նստել իրար հետ, պատահական հանդիպման դեպքում հրավիրել միմյանց մի գավաթ սուրճի:

«Վելքըմ հոմը» նկարահանված է Նիկոն D800 ֆոտոխցիկով և ֆոտոօբյեկտիվներով, ինչը ստեղծում է 16մմ ժապավենի տրամադրություն: Պատկերը շատ գրավիչ է, կադրը կարծես ճչում է ազատությունից: Ֆիլմը հիշեցնում է նախորդ դարի ամերիկյան անկախ կինոն, իսկ որոշ տեսարաններում ուղղակի աղերսներ կան Կասսավետիսի ֆիլմերի հետ: Դրամատուրգիայի առումով էլ, եթե Կասսավետիսի հիմնական թեման փախուստն է առօրյա, ծանոթ միջավայրից, ապա այստեղ այդ փախուստը, բխելով էմիգրացիայի խնդրից, երկակի բնույթ ունի: Ընդհանրապես երկակիությունը ֆիլմում ամեն տեղ է, կատարվող գործողությունները ունեցել են իրենց հայելային պատկերը իրական կյանքում: Էմիգրանտները էմիգրանտ են, Ջոնիի նկարահանվող ֆիլմը ցածրաբյուջէ է: Իհարկե, դա նորույթ չէ կինոյում, սակայն ամեն դեպքում արված է շատ բարձր մակարդակով:
Ֆիլմի վերջը համարյա անեկդոտիկ է: Ծեր կինը Սաշայի խորամանկության շնորհիվ տեղավորվում է ոչ ավանդական տարեց զույգերի պանսիոնում` այդպես էլ չիմանալով, թե որտեղ է ապրում: Բաբկենը ֆիկտիվ ամուսնանում է Սաշայի հետ, քանի որ Ջոնը բավական մեծ գումար է վճարում նրա ընտանիքին՝ գումարը հանձնելով անձամբ Բաբկենի կնոջը՝ Թամարային: Եվ դա կարծես նրա ամուսնու խաղացած դերերի վճարն է: Ֆիլմն ավարտվում է, բայց շարունակ մտածում ես Բաբկենի ապագայի մասին: Չէ՞ որ Բաբկենը մեր ընգերն ա:

Վարդան Դանիելյան