Նկարահանվելու է վավերագրական ֆիլմ Սերգեյ Դովլաթովի մասին
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանվելու է հայ-ռուսական համատեղ արտադրության վավերագրական ֆիլմ՝ նվիրված հայկական արմատներով հայտնի ռուս գրող Սերգեյ Դովլաթովի մահվան 25-րդ տարելիցին:
50-60 րոպե տևողությամբ կինոնկարը ներկայացնելու է Դովլաթովի ստեղծագործության տեղն ու նշանակությունը ռուսական մշակույթի խճանկարում և փորձելու է բացահայտել գրողի գործերի առեղծվածն ու յուրահատկությունը: Ֆիլմի նպատակն է հանրությանը ներկայցնել հայկական արմատներով այն ստեղծագործողներին, որոնք ապրել և արարել են հայրենիքից հեռու:
Կինոնկարի հեղինակները Ազա Բաբայնն ու Վադիմ Դուբնովն են: Ֆիլմը լինելու է վավերագրական, սակայն ունենալու է գեղարվեստական տարրեր: Այն բաղկացած է լինելու նախաբանից, էպիլոգից և վեց տարբեր մասերից: Յուրաքանչյուր մաս սկսվելու է Դովլաթովի գործերի ընթերցումով : Ֆիլմի յուրաքանչյուր բաժնում կներկայացվելու է Դովլաթովի հայտնի գրքերից մեկը: Հեղինակները օգտվելու են արխիվային նյութերից, մասնավորապես, Դովլաթովի հարցազրույցներից ու ելույթներից, սովետական կինոկադրերից, հեռուստաժամանակագրությունից և այլն:
Ֆիլմի ստեղծման համար նկարահանումներ կիրականացվեն այն վայրերում, որտեղ ապրել և ստեղծագործել է բանաստեղծը, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգում, Տալլինում, Թբիլիսիում, Պսկովում և Նյու Յորքում: