Ատոմ Էգոյանի ելույթըԿանադահայ անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի ելույթը  Հայոց ցեղասպանության կապակցությամբ հրապարակվել է National Post կանադական պարբերականում:

 «100 տարի առաջ իմ տատերն ու պապերը չէին էլ կարող պատկերացնել այն աղետը, որ բաժին էր ընկնելու իրենց: Նրանք հետևում էին սարսափին մինչ խլվում էր իրենց կյանքը, իրենց ընտանիքները սպանվում էին իրենց աչքի առաջ»,- այսպես է սկսում իր ելույթը Էգոյանը, որը հնչել է Տորոնտոյում` Օնտարիոյի օրենսդիր մարմնի բակում, Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման ժամանակ:

Էգոյանը արձանագրում է, որ այժմ` 100 տարի անց, «մենք հասկանում ենք, որ Հայոց ցեղասպանությունը պիտի որ ահազանգ ծառայեր», քանի որ ցեղասպանությունից հետո 100 տարի շարունակ մարդկությունն էլի ու էլի ականատես է լինում նման` «նախկինում անպատկերացնելի պետականորեն կազմակերպված սպանդների»:

Նրա գնահատմամբ` Հայոց ցեղասպանությունը պիտի որ «սանձարձակ ռասիզմի ողբերգական հետևանքների շատ պարզ օրինակ»  ծառայած լիներ այն պայմաններում, երբ որևէ իշխանություն որոշում է, որ գոյություն ունի «վերջնական լուծում»  ասվածը:

Իսկ Հայոց ցեղասպանության սարսափների հայտնի դառնալուց հետո, երբ պարզ դարձավ, որ հայ ցեղը զրկվել է իր հայրական հողից, որ այն, ինչ աշխարհը կարդացել է թերթերում, իսկապես ցեղասպանության առաջին լայնորեն ահազանգված օրինակն էր պատմության մեջ, թվում էր, թե մոտեցում կա այդ վայրագության հանդեպ:

Էգոյանի դիտարկմամբ` նախկին Օսմանյան կայսրության նավթային պաշարների հանկարծակի մեջտեղ գալու հետ արևմտյան տերությունները «դեն նետեցին» արդարության հարցը, Հայոց ցեղասպանության դասերը մոռացվեցին: Անվանի ռեժիսորը շեշտել է, որ հենց այս ոճիրի անպատժելիությունն է նացիստներին թույլ տվել մտածել, թե պատերազմի քողի տակ կարելի է մեկ այլ ցեղ բնաջնջել. այս կերպ ցեղասպանություն գործելը դարձել է անպատժելի:

Էգոյանը մեջբերում է Հայոց ցեղասպանության ժամանակ Հալեպում Գերմանիայի հյուպատոսին, որը Գերմանիայի կանցլերին իր զեկույցում ասել է, թե Թուրքիայի իշխանությունները «երբեք չեն կարողանա ժխտել պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ կատարվել է»: Սակայն, Էգոյանն արձանագրում է, որ Թուրքիայի իշխանությունները մինչ օրս էլ հենց դա են անում:

Էգոյանը ուշադրություն է հրավիրում հետևյալ ասպեկտին. «Որպես հայ` մենք հաճախ չափազանց պատրաստակամ ենք  ասելու, թե Ցեղասպանությունը իրականացվել է օսմանյան թուրքերի կողմից: Մեկդարյա վտանգավոր ժխտումից հետո ինչո՞ւ ենք այդքան զգուշավոր ներկայիս նոմենկլատուրայի հարցում: Ինձ թվում է, որ մենք Թուրքիային չմատնանշելու զգուշավորություն ենք դրսևորել, քանի որ ցանկանում ենք` ներկայիս Թուրքիան ելքի տեղ ունենա, ասելու համար, որ մեր նախնիներին ոչնչացնելու որոշումը սահմանափակվում է միայն պատմության տվյալ պահով»:

Էգոյանն առաջարկում է այսօր` 100 տարի անց, այլևս «չմեղմել» ձևակերպումները:

Իսկ այն դեպքերի համար, երբ Թուրքիայի իշխանությունները «նոր էջից սկսելու» կամ հավատալու հրավերներ են հղում, երբ ասում են, թե իրենք կիսում են հայերի ցավը, Էգոյանը նկատում է, որ Թուրքիան չի կարող կիսել հայերի տառապանքները, քանի որ թուրքերի ապրած ոչինչ  չի կարող համեմատվել այն աղետալի կորուստների հետ, որ ունեցել են հայերը:

Թուրքիան կարող է փորձել հասկանալ դա` ցեղապսանությունը, կարող է զղջալ դրա համար, կարող է ներողություն խնդրել դրա համար, սակայն հենց այդ «նվնվան» «դա»-ն` ցեղասպանությունը, հրաժարվում  է ճանաչել:

Էգոյանի դիտարկմամբ` այսօր որևէ թուրք չի կարող անմիջականորեն պատասխանատվության կանչվել Ցեղասպանության համար, սակայն մյուս կողմից ժխտումը բորբոքում է հայերի ցավը, իսկ թուրքերի շրջանում այլ տեսակի ցավ է առաջացնում` կարեկցության իսկական ու լիակատար զգացողության արտահայտման անկարողության ցավը:

Այնուհետև մեջբերելով կանադացի անվանի հնդկացիագետ Թոմաս Քինգին՝ Էգոյանն ասում է, որ մարդիկ դեմ չեն սպանել իրար այնքան, որքան կարծում են` պետք է սպանել: Իսկ ժամանակակից պատմությունը ցույց է տվել, որ մենք դեմ չենք սպանել այն մարդկանց,  որոնց չենք սիրում, և դեմ չենք սպանել, եթե դա կարելի է անել հեռավոր վայրերում և աչքից հեռու: Իսկ սպանելը, ըստ Քինգի, հատկապես «ընդունելի» է, եթե սպանդը հնարավոր է կապել զոհերի որևէ արատի կամ կենսակերպի թերության կամ էլ բնության անբեկանելի օրենքի հետ: Եվ կամ այս բոլորը՝ միասին վերցրած: «Եվ ինչ բախտավորություն է սպանելու այսքան գերազանց ուղիներ ունենալ՝ առանց ձեռքերը «թաթախելու»,- ասում է Քինգը:

Իսկ Էգոյանը հավելում է, որ 100 տարի առաջ հայ ազգը ջարդվել է ամենադաժան եղանակներով, իսկ դահիճների ձեռքերը ոչ միայն թաթախվել, այլև կորել են արյան մեջ: Այսօր այդ դաժանությունը շարունակվում է վտանգավոր` պետական ժխտման տեսքով:

Նշելով, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, Էգոյանն ասում է, որ այդ «վճռորոշ հատկանիշը» հայերի վրա ներելու ծանր պատասխանատվություն է դրել: Սակայն հավուր պատշաճի ներելու համար էլ մեզ հարկավոր է իսկական զղջում տեսնել նրանց մեջ,  ովքեր մեզ խնդրում են ներել: Հայերին հարկավոր է հստակ և աներկբա ներողություն:

Խոսելով կանադահայության մասին՝ Էգոյանը առաջարկում է գնահատել այն, որ իրենք ապրում են մի երկրում՝ Կանադայում, որն ընդունել է հայերի ցավը, մի շրջանում՝ Օնտարիոյում, որը վաղուց ընդունել է հայերի աղետը և մի քաղաքում՝ Տորոնտոյում, որը գրկաբաց ընդունել է հայերի շնորհն ու նպաստը:

Էգոյանը նշում է, որ երիտթուրք մարդասպանները չէին էլ կարող պատկերացնել, որ հայ ինժեներները մասնակցելու են այդ քաղաքի կառուցմանը, որը հայ բժիշկները մեծ ձեռքբերումներ են ունենալու կանադական հիվանդանոցներում, որ հայ մտավորականները դասավանդելու են կանադական համալսարաններում, օգնելու են օրենքների կիրառմանը, պաշտպանելու են մարդու իրավունքները,  երգեր են երգելու երեխաների համար, ներկայացումներ ու ֆիլմեր են բեմադրելու, սիմֆոնիկ նվագախմբեր են վարելու, որ հայերը Կանադայի այդ հատվածում իրենց նպաստն են բերելու նոր կյանքին:

«100 տարի առաջ մեր մշակույթը գրեթե «հնձվեց», 100 տարի անց մենք ուժեղ ենք, միահամուռ, վճռական, վճռական այն հարցում, որ արդարություն լինի, վճռական, որ իբրև հայ` կօգտագործենք մեր փորձառությունը՝  հետամուտ լինելու նաև այլոց արդարության համար:  Ապաքինման գործընթացը հայի համար կարող է սկսվել ճանաչմամբ, հարգանքով, փոխհատուցմամբ», – եզրափակում է կինոռեժիսորը:

 

Թարգմանությունը Դավիթ Պ. Վարդազարյանի