downloadՎավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիան դեռ անցյալ տարվանից նկարահանում է Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմեր։ 2014-ին նկահանել է երկուսը, այս տարի արդեն պատրաստ է ևս չորսը։ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմերից բացի, կինոստուդիան ունի կինոնախագծեր, որոնք նույնպես շոշափում են ցեղասպանության թեման՝ անդրադառնալով այդ ողբերգության հետևանքներին, մարդկային ճակատագրերի մասնավոր դեպքերի։ Դրանք խորհրդանշական, խտացնող իմաստ են պարունակում և ցույց են տալիս Հայոց ցեղասպանությունից հետո շարունակվող ու չդադարող ողբերգության հետքերը։

Արմեն Խաչատրյանի «Մենք կանք-2» ֆիլմը պատմում է ստամբուլահայ մի ընտանիքի մասին, որն Արևմտյան Հայաստանի իր ծննդավայր գյուղից տարհանվել, վերաբնակվել է Ստամբուլում։ Հայրենի գյուղում այլևս հայեր չկան, այն  քրդերով է լցված, բայց ֆիլմի հերոսը չի կարողանում մոռանալ իր բնօրրանը, իր հայրենիքը և ժամանակ առ ժամանակ Ստամբուլից գնում է իր գյուղ՝ կարոտն առնելու։ Մտնում է իր տուն,  այգի։ Սա է նրա հայրենիքը՝ իր ներսում,  իր հոգում արմատներ գցած, հաստատված ու դեռ ապրող հայրենիքը։

Արմեն Խաչատրյանը մեծ դժվարություններով ընդամենը մեկ շաբաթում է կատարել նկարահանումները, գնացել Ստամբուլ, գտել իր հերոսին, հետո նրա հետ ուղևորվել նրա հայրենի գյուղ. ու այդ ամենը՝ թուրքական վերահսկողության ներքո։

Վրեժ Պետրոսյանի լիամետրաժ ֆիլմը միսիոներուհի Մարիա Յակոբսոնի մասին է։ Ռեժիսորը վաղուց է ուսումնասիրել Արևմտյան Հայաստանում միսիոներական առաքելություն իրականացրած օտարազգիների գործունեությունը։ Մարիա Յակոբսոնի հետքերով նա հասել է Լիբանան, որտեղ այսօր էլ կա որբերի համար նախատեսված այն դպրոցը, որ հիմնադրել է  միսիոներուհին։

«Հայոց պատմություն. երկու ցեղասպանություն» ֆիլմը կինոռեժիսոր Գերոգի Գևորգովի հեղինակած շարքի հերթական աշխատանքն է։ Այդ ֆիլմով նա ներկայացրել է սուլթան Համիդի և երիտթուրքերի կազմակերպած 1890-1920 թթ. ցեղասպանությունները։ Պատմական անդրադարձը ներառում է նաև թարմ վավերագրեր, արխիվային փաստաթղթեր, որոնք «Հայկ» կինոստուդիան նկարահանել է այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում։

Հաջորդ ֆիլմը, որի վերնագիրն է «Հանդիպում», պատմում է հայ ժողովրդի դահիճներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռան ՝ Հասան Ջեմալի և վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռան՝ Արմեն Գևորգյանի հանդիպման մասին։ Թուրք ցեղասպանի ու նրան  արժանի պատժի ենթարկած հայ վրիժառուի ժառանգներն առերեսվել են իրենց պապերի անցյալի հետ, նայել միմյանց աչքերի մեջ։  Ռեժիսոր Հրանտ Հակոբյանն այդ հանդիպումը հավերժացրել է պատմության համար։

Հրանտ Հակոբյանը նոր է վերադարձել է Թուրքիայից, որտեղ նկարահանել է ևս մի ֆիլմ մեկ այլ հայ վրիժառուի մասին, որն ընդամենը 20 տարի առաջ զենքով պայքարել է թուրքերի դեմ, բանտ նստել, հետո սպանվել։ Ռեժիսորն ապրիլի 24-ին եղել է Ստամբուլում ու նկարահանել Թուրքիայում ապրող հայերի բողոքի ցույցերն՝ ընդդեմ թուրքական կառավարության մերժողական քաղաքականության։

Վավերագրական հերթական ֆիլմը նկարահանման ընթացքի մեջ է։ Այն Լևոն Զեքյանի մասին է, որին Հռոմի պապը վերջերս է նշանակել Ստամբուլի կաթոլիկ հայ եկեղեցու առաջնորդ։  Լևոն Զեքյանը Վենետիկում հիմնադրել է մի դպրոց, որտեղ օտարազգիները սովորում են հայոց լեզու, հայ ազգային երգ ու պար, արվեստներ։

«Հայկ» կինոստուդիան նկարահանում է նաև այնպիսի ֆիլմեր, որոնց հերոսները թեև անմիջականորեն չեն առնչվում Հայոց ցեղասպանության թեմային, բայց իրենց ճակատագրի դիպվածներով, ներկայով կրում են Մեծ եղեռնի ծանր հետևանքները։ Օրինակ՝ այպիսի մի պատմություն է ներկայացնում  եղեռնից փրկված մի հայի մասին ֆիլմը։ Հերոսը գաղթում է Իտալիա, այնտեղ ստեղծում հայկական համայնք, որը 100 տարի անց էլ պահպանում է իր ինքնությունը, մշակույթը և ավանդույթները փոխանցում  նոր սերնդին։

Այս ֆիլմերում վավերագիրները կարմիր գծի նման անց են կացնում Հայոց ցեղասպանության պատմական իրողության շարունակականությունը։ Եղեռնի ցավը, հետքերն ու հետևանքներն անջինջ են վերապրածների սերունդների, նրանց կյանքի շերտերում։

«Հայկ» կինոստուդիայի նկարահանծ ֆիլմերից յուրաքանչյուրին պետական աջակցություն է հատկացվում 2-5 միլիոն դրամի չափով։ Տարեկան նկարահանվում է 12-14 ֆիլմ։

Կինոստուդիան նաև համատեղ ֆիլմեր է նկարահանում, օրինակ՝ Չիլլիի, Արգենտինայի հետ, ու դարձյալ ցեղասպանության թեմայով։ Համագործակցության սկիզբը դրվել է 2014-ին Կաննի կինոշուկայում։ Մեր և օտարազգի ֆիլմարտադրողների շահերը համընկել են, նախագծերը՝ հավանության արժանացել ու սկսել կյանքի կոչվել։ «Հայկ » կինոստուդիայի ղեկավար Ռուբեն Գևորգյանցը նկատում է, որ նման համագործակցությունն ավելի շոշափելի արդյունք է տալիս, քան միայն Հայաստանի կողմից նկարահանված ֆիլմերը։ Ի վերջո, օտարերկրյա կազմակերպությունները, շահագրգռված լինելով իրենց ֆինանսական ներդրումներով, համատեղ նկարահանված ֆիլմերի համար ճանապարհ են հարթում դեպի միջազգային շուկա, հեղինակավոր փառատոներ, մեծ էկրաներ, ինչը և ճանաչում է բերում նաև հայ կինոգործչին։

 

Նաիրա Փայտյան