11245476_857234701022817_8038724202852283059_nԱզգային կինոյի զարգացման հիմնադրամի և «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտեն որոշում է կայացրել հերթական  «Հայակը»  անցկացնել  2016 թվականի գարնանը։ «ՀԱՅԱԿ -2016»-ը ամփոփելու է  2014-2015 թվականներին Հայաստանում և արտերկրում արտադրված հայկական ֆիլմերն ու գնահատելու է ոլորտի զարգացումներն ու ձեռքբերումները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմկոմիտեն։

Հայտարարությունում նշված է, որ սույն որոշումը պայմանվորված է 2015 թվականի Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գերհագեցած ու բազմաբնույթ ծրագրերի անցկացումով՝ Հայաստանում ու արտերկրում։

Բացի այդ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պետական աջակցությամբ նկարահանվել և շարունակվում են նկարահանվել մեկ տասնյակից ավելի ֆիլմեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ուստի, կազմկոմիտեն հաշվի առնելով այս հանգամանքը, որոշում է կայացրել հաջորդ տարվա մրցանակբաշխության անվանակարգերի ցանկում ավելացնել առանձին անվանակարգ՝ հատուկ Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի գնահատման համար։