Armen 004_2«Պատերազմի վավերագրողները» շարքի հերթական հերոսն Արմեն Հարությունյանն է:  1990 թ. նա հիմնադրել ու ղեկավարել է «Խաչեր» ջոկատը: Մասնակցել է Արենիի, Խաչիկի, Երասխավանի, Արծրունիի պաշտպանական մարտերին: 1991 թ. ԼՂՀ Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի պաշտպանության ժամանակ վիրավորվել է մարտական առաջադրանք կատարելիս: 1992-93 թթ. որպես արտահաստիքային թղթակից աշխատել է  ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունում: Ավելի ուշ ծառայության է անցել լրատվական ծառայության հեռուստահաղորդումների բաժնում: Եղել է «Զինուժ» ծրագրի գլխավոր խմբագիրը, ապա՝ թղթակցական կետերի բաժնի պետը: Որպես «Զինուժի» թղթակից-խմբագիր լուսաբանել է  ԼՂՀ պաշտպանական, ազատագրական գործողությունները: Մասնակցել է ԼՂՀ պաշտպանության բանակի «Գոյամարտ», Երկրապահ կամավորականների միության «Մեր հաղթանակը» հեռուստածրագրերի ստեղծմանն ու հեռարձակմանը: Ավելի քան 30 ֆիլմերի համահեղինակ  է և բեմադրող օպերատոր, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ: Շատերը նրան ճանաչում են որպես Խաչիկցի Արմեն:

Armen 001-3– Դառնալով երևանաբնակ` ես այնուամենայնիվ  մնացել եմ նույն խաչիկցի գառնարած տղան: Սա իհարկե հումոր է, բայց ճշմարտության բաժինը մեծ է: Ծնվել եմ նախկին Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում: Հայրական կողմս բնիկ Վայոց ձորից է, մայրական կողմս՝ բնիկ վանեցիներ: Եղեռնից մազապուրծ եղած Եղիազար պապս հաստատվել էր Վայոց ձորի Խաչիկ գյուղում, որտեղ հրաշքով գտել է հարազատ քրոջը:

Խաչիկը սահմանամերձ գյուղ է: Վարդան Դևրիկյանը հրաշալի մի գիրք ունի՝ «Չսկսված, չավարտված պատերազմ»: Դժվար է ասել՝ երբ և ինչպես  սկսվեց  Արցախյան պատերազմը, բայց  ադրբեջանցիների հետ խաչիկցիների  պայքարը սկսվեց անասնագողությունից: Նրանք մեր ոչխարներն էին գողանում: Մի անգամ էլ մեր հովվին էին բռնել ու ծեծել: Անասնագողությունն աստիճանաբար վերածվեց մարդաորսի: Մայիսին վերադարձել էի զինվորական ծառայությունից, իսկ հունիս- հուլիս ամիսներին իրավիճակը բավականին  սրվեց: Խաչիկում շատ շուտ հասկացան իրավիճակի լրջությունը, որովհետև գյուղը կարծես սեպի մեջ էր, չորս կողմն ադրբեջանական գյուղեր էին: Համբերության բաժակը լցվեց, ու խաչիկցիները, զենք վերցրած, սկսեցին պայքարել:

Մանկության տարիներին ես եղել էի Ստեփանակերտում, Լաչինում, բայց Արցախ աշխարհի հետ բուն ծանոթությունը տեղի ունեցավ Շահումյանում, որտես ես հասկացա՝ կա′մ կռվում ենք, կա′մ ամեն ինչ կորցնում:  Ցավոք  կորցրեցինք Շահումյանը, բայց ես երազում ու հավատում եմ, որ մի օր այն կազատագրենք, Գետաշենում քոչարի կպարենք, ու ես էլ հեռուստաեթերից կհայտարարեմ՝ աչքդ լո՛ւյս լինի, հա՛յ ժողովուրդ:

Առաջին կուրսի ուսանող էի, երբ Վազգեն Սարգսյանի շնորհիվ հայտնվեցի ՊՆ լրատվության ծառայությունում: Այնտեղ հանդիպեցի Գնել Նալբանդյանին, Բաղդասար Մհերյանին, Արմեն Դուլյանին: Երբ Գնել Նալբանդյանն ինձ ներկայացրեց Դուլյանին, վերջինս ասաց՝  գնա ու հենց ձեր գյուղի մասին էլ գրի: Մինչ այդ ես արդեն թղթակցում էի, գրում հոդվածներ: Եղել էի Արցախում, վիրավորվել: Այժմ հիշում եմ Խաչիկ գյուղի ճանահարհի մասին պատմող իմ հոդվածը, որը սկսվում էր հետևյալ տողով. «Մթնաձոր տանող միակ ճանապարհի նման այն փակվում է առաջին ձյունից և հակառակորդի առաջին կրակոցից»:

Armen 002-2Իրոք դա այդպես էր, որովհետև ճանապարհն անցնում էր ադրբեջանական հենակետերի առջևով: Նյութը կարդալուց հետո Շավարշ Վարդանյանը հանձնարարեց անմիջապես մեկնել Խաչիկ ու նկարահանել ռեպորտաժը: Ինչ-ինչ պատճառներով ռեպորտաժը չնկարվեց, և իմ` որպես զինվորական լրագրողի առաջին աշխատանքը դարձավ էրքեջցի Կամոյի մասին պատմող ռեպորտաժը: Կամոն Էրքեջ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր: Կռվել էր Դևի, մեր առաջին ազգային հերոսներից  Ջիվան Աբրահամյանի հետ միասին: Զոհվել էր Էրքեջի պաշտպանության ժամանակ: Զոհվել էր նաև Կամոյի կինը: Դրանից հետո բազմաթիվ նկարահանումներ ենք կատարել, և չափազանց շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք երիտասարդ ուսանողիս վստահեցին այդ աշխատանքը:

Արցախյան պատերազմի վավերագրության ստեղծման գործում անփոխարինելի դեր կատարեց ՀՀ ՊՆ լրատվական ծառայության «Զինուժ» ծրագիրը: Պատերազմի տարիներին լրատվական կենտրոն ստեղծվեց նաև Արցախում, որը, ըստ Արմեն Հարությունյանի, կարողանում էր դիմակայել Ադրբեջանի տեղեկատվական պատերազմին: Սկզբում որպես զինվորական թղթակից, հետագայում իրավիճակի պարտադրմամբ նաև օպերատոր դարձած Խաչիկցի Արմենը շարունակում է .

– Ես բոլորի հոգին հանում էի, որ սովորեցնեն ինձ աշխատել տեսախցիկով: Վերջապես դա հաջողվեց: Մի դիպվածի շնորհիվ ես հանդիպեցի Իրինա Օհանյանի հետ, որ նկարել էր Armen 003_2«Վայրի աղջիկը». դեռ  խորհրդային տարիներից ես նրան համարում էի մեր թատերարվեստի լավագույն դեմքերից մեկը: Երբեք մտքովս չէր անցնի, որ Իրինա Օհանյանը մի օր կլինի իմ ռեժիսորը և ես կլինեմ նրա ֆիլմերի բեմադրող օպերատորը: Վերջերս Իրինայի հետ հաշվեցինք, և պարզվեց, որ միասին  23 ֆիլմ ենք ստեղծել: Այդ շարքում աենասիրելին ինձ համար, թերևս, Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմող «Հողի գույնը» ֆիլմն է: Ընդհանրապես Լեոնիդի` որպես մտավորականի, որպես հայրենիքի իրական նվիրյալի կերպարն է չափազանց հզոր: Նա այն մարդկանցից էր, որոնք մեր բանակը պրոֆեսիոնալ հիմքի վրա դրեցին: Մեկ անգամ եմ շփվել նրա հետ: Ծխելու համար ինձ այնպիսի նկատողություն արեց, որ  նրա զոհվելուց հետո էլ  նրա տղաների ներկայությամբ չէի ծխում:

Խոսելով մեր բանակի կայացման մասին` պետք է նշեմ, որ կարևոր նշանակություն ունեցան Երասխավանի մարտերը: Մտավորական, հանցագործ, բժիշկ, գիտնական, թաղի լավ տղա. նրանք, ովքեր զենք  էին վերցրել ու գնացել կռվելու, հենց Երասխավանում հասկացան պարզ ճշմարտությունը՝ իրենցից ոչ մի ուժ չեն ներկայացնում, երբ առանձին են, բայց ամուր  բռունցք և ուժ են, երբ միասնական են: Մեր հաջորդ կարևոր հանգրվանը Շուշին էր: Շուշիի ազատագրման գործողությունն արդեն ձևավորված բանակին բնորոշ գործողություն էր: Մեր կամավորական տղաները հենց Շուշիում հասկացան, որ Արցախը պահելու և հաջողության հասնելու համար, այո՛, պետք է շարք կանգնել և ենթարկվել պրոֆեսիոնալ մարդկանց հրամաններին:

Armen 002-3Պատերազմն այսօր էլ ավարտված չէ, սահմանային լարվածությունն անընդհատ   առկա է, բայց եթե Ադրբեջանը դեռ իր տեղում է, դա միայն մեր բանակի շնորհիվ է: Մեր խաղաղությունն այսօր հայոց բանակի սպաների և 18-19 տարեկան զինվորների ուսերին է, որոնք մեծ պատվով և պատասխանատվությամբ իրականացնում են իրենց ծառայությունը:

Ռազմական լրագորության ոլորտում պատկառելի փորձ ունեցող, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ավագ սպա Արմեն Հարությունյանը նաև հավելում է.

Բանակին վերաբերող նյութերում այսօր պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Հայ  լրագրողները երբեմն այնպիսի մանրամասն տեղեկատվություն են ներկայացնում իրենց նյութերում, որ ադրբեջանցի ամենահիմար հետախույզն անգամ կարող է օգտվել դրանցից:

 Ալիսա Գևորգյան


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը

«Մենք կապող օղակ էինք քաղաքի ու ճակատի միջև». Արթուր Ներսիսյան

 Արթուր Ներսիսյանը  1988-2005 թթ. աշխատել է Արցախի հեռուստատեսությունում որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր, ներկայումս գործադիր տնօրենն է, մի շարք հեռուստաֆիլմերի...