Ֆորսաժ-7Այս օրերին միջազգային լրատվամիջոցները հաշվում են «Ֆորսաժ-7»-ի (Furious 7)` պաշտամունքային կինոֆրանշիզայի նոր մասի եկամուտները: Արձանագրվում է, որ էկրան բարձրանալուց հետո միայն առաջին շաբաթ-կիրակի օրերին «Ֆորսաժը» ռեկորդային հասույթ է ունեցել ամերիկյան կինոթատրոններում` 143 մլն ԱՄՆ դոլարի չափով: Սա այս տարվա առայժմ ամենաեկամտաբեր առաջին ցուցադրության շաբաթ–կիրակին է: Աշխարհի կտրվածքով նույն ֆիլմի հասույթը կազմել է 384 մլն դոլար:
Զգում եք, չէ՞, անդրադարձ է ֆիլմին, բայց միայն փողի ու եկամտի մասին: Դե ինչ, այսպիսին է ժամանակակից պաշտամունքային մեյնսթրիմը: Ինքս ֆիլմը նայեցի, բայց դիտել սկսեցի միայն այն պահից` մոտ ֆիլմի կեսից, երբ նշվում է, որ թեժացող գործողությունները ծավալվում են Ադրբեջանում: Ֆիլմում դա նշվում է «Ադրբեջան` Կովկասյան լեռներ» գրությամբ:
Ադրբեջանի այս «աստղային հայտնությունը» ամենասպասված ֆիլմերից մեկում ուշադրությունս գրավեց, քանի որ հիշեցի՝ ընդամենը օրեր առաջ մամուլում հաղորդվում էր, որ Մեքսիկան փող է տվել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի պրոդյուսերներին՝ երկիրը նոր ֆիլմում «նշելու» և իր իմիջը բարելավելու համար: Ինձ համար ակնհայտ էր, որ Արդբեջանի դեպքում էլ մոտավորապես նույն մոդելն է գործել: Մի քիչ փորփրեցի: Պարզվեց` իրականում Ադրբեջանի նկարահանումները արվել են ԱՄՆ-ում՝ Կոլորադոյում, իսկ «Կովկասյան լեռները» ամերիկյան Փայքս Փիք լեռն է:
Փաստորեն Ադրբեջանում ոչ մի նկարահանում չի եղել, ուղղակի հետագայում արդեն պատրաստի ֆիլմում «նշվել է», որ դեպքերը ծավալվում են Կովկասյան լեռներում՝ Ադրբեջանում: Ւսկ Ադրբեջանում տեղայնացվել է ֆիլմի ամենաթեժ տեսարաններից մեկը, թե ինչպես են երկնքից լեռներում վայրէջք կատարում գլխավոր հերոսների մեքենաները՝ հերոսներով հանդերձ, և անցնում իրենց գործողությանը:
Բայց նման «մանրուքներն» արդեն այնքան էլ կարևոր չեն, քանի որ վերջին օրերի առաջատար լրատվամիջոցներն այս տեսարանը համարում են ամենատպավորիչներից մեկը կինոյում և դա կապում են Ադրբեջանի հետ: Այդ թվում՝ Cinemablend-ը, Telegraph-ը, Time-ը, People-ը, Screen Daily-ն, Vanity Fair-ը, Guardian-ը, Los Angeles Times-ը և այլն:
Ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Վանն այս «ադրբեջանական» դրվագի հետ կապված ասել է միայն, որ իրենից պահանջել են խելահեղ մի բան՝ պարաշյուտով վայրէջք կատարող մեքենաների տեսարան ապահովել որևէ տեղում:
Ֆիլմի դերակատարներից Վին Դիզելն էլ շատ ավելի վաղ՝ մոտ 2 տարի առաջ, երբ ընթացքի մեջ էին նկարահանումները, հրապարակել էր լուսանկար, որում ֆիլմի հերոսները «ադրբեջաներեն» գրության ֆոնին են: Դա «Կովկասյան լեռներում» օպերացիան հաջող ավարտելուց հետո հաղթական հերոսների հավաքի դրվագն է: Բայց տեքստն իրականում կիսաթուրքերեն-կիսաադրբեջաներեն է: Թուրքերեն գրված է «Նախազգուշացում», ապա ադրբեջաներեն՝ «Երբեք միայնակ մի աշխատեք ջրում կամ ջրին մոտ տարածքում»: Ինչ-որ անհեթեթ բան: Բայց դե, մյուս կողմից, Վին Դիզելի պես աստղը նման նկար տարածելով՝ անասելի մեծ PR է անում Ադրբեջանին:
Ահա այսպիսի դիտարկում ֆինանսներ–կինո-իմիջ հարաբերությունների ֆոնին: Ի դեպ, Մեքսիկայի իշխանությունները Բոնդիանային 20 մլն դոլար էին առաջարկել: Անհայտ է, թե Ադրբեջանը ինչքանով է «գնել» Կովկասյան լեռները «Ֆորսաժ – 7»-ում, բայց սա հաստատ Բոնդին չզիջող, աստղերով չզիջող կինո է, ուստի Ադրբեջանի այս հոլիվուդյան նկարահանման գինն էլ պիտի որ Բոնդինից քիչ չլինի: Ի դեպ, Ադրբբեջանն անցյալում` 1999-ին, իրեն ամենաբնորոշ կողմերով՝ Բաքվի Նավթաքարերի թաղամասով ու խավիարի գործարանով, արդեն «հայտնվել էր» կինոյում: Եվ գուշակեք, թե որ ֆիլմում: Բոնդիանայի «Ամբողջ աշխարհն էլ քիչ է» մասում:
Մի երկու խոսք էլ բուն ֆիլմի մասին: Ընտիր նկարահանած, սուպեր–էքշըն է՝ գտածո ժանրի սիրահարների համար: Բայց ֆիլմն ինձ համար ամենապարզ ու պրիմիտիվ ձևով բացահայտում է, թե ինչ աստիճանի կործանումի է հակված Ամերիկան իր կինոմշակույթով: Այս ֆիլմում ամենացայտուն ձևով երևում է, թե ամերիկացիներն ինչ պատրաստակամությամբ են «Կովկասյան լեռներում ինչ-որ տեղ» կամ Մերձավոր Արևելքում («Ֆորսաժ-7»-ի ամենից տպավորիչ տեսարանները Դուբայում են նկարահանվել) տալիս-ավերում են ամեն ինչ ամենուր, միայն ոչ սեփական երկրում: Իրականում դա պիտի որ կապ ունենա բուն ամերիկյան պատմության հետ:
Լայն առումով՝ շատ տպավորիչ ֆիլմ է մեքենաների՝ սիրուն ու թանկ մեքենաների մասին, որտեղ մարդիկ ավելի շատ դեկորացիայի դեր են կատարում, ավելի շատ մեքենա-մարդիկ են, որոնց «հիմնական բնազդը» վրեժն է: Կովկասյան լեռներում մեքենաներով թռչելը՝ չհաշված: Իրականում գուցե սա պատմություն է այն մասին, թե ինչպես ամերիկյան մեքենաներն անցան Կովկասյան լեռները, մի բան, որ, ինչպես հիշում եք, մեկ դար առաջ չկարողացան անել բրիտանական նավերը:

Դավիթ Պ. Վարդազարյան