Volodya Ter-Astvacatryan

Վոլոդյա Տեր-Աստվածատրյան

«Կինոաշխարհի» հարցազրույցը «Սև հովազներ», «Կարոտից խելառը» և «Հաղթություն» ֆիլմերի օպերատոր և պրոդյուսեր Վոլոդյա Տեր-Աստվածատրյանի հետ

– «Հաղթություն» ֆիլմի ստեղծման գործում մեծ ավանդ ունի Արցախյան պատերազմի մասնակից Վոլոդյա Ավանեսյանը, որն այսօր, ցավոք, կենդանի չէ: Մի մարդ, որ ծնվել էր Արցախում, ապրել Արմավիր քաղաքում: Ավարտել էր Երևանի տնտեսագիտական համալսարանը, կայացած տնտեսագետ էր, ամենակարևորը՝ հիանալի անձնավորություն: Վոլոդյան ակտիվ մասնակցություն էր ունեցել Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի ինքնապաշտպանական կռիվներին: Այս գյուղում է գտնվում Բռի Եղցի եկեղեցին, որտեղ դասավանդել է Մաշտոցը: Նոր Շենում` Վոլոդյա Ավանեսյանի տանը, տևական ժամանակ ապրել է Մոնթե Մելքոնյանը: Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներիս Վոլոդյան հաճախ էր պատմում նրա մասին. ցույց էր տալիս թախտը, որտեղ քնել էր: «Մոնթեն շատ էր սիրում մածուն»,- հիշում էր Վոլոդյան:

«Հաղթությունը» պատմում է «Մուշ» հետախուզական ջոկատի մասին: Պատերազմի ժամանակ ադրբեջանցիները մոտեցել էին գյուղի մատույցներին: Մի զենք կա, որը բարձր ճնշում է առաջացնում, այնպես որ մոտակայքում գտնվող մարդու համար կոնտուզիան անխուսափելի է: Ադրբեջանցիները նման զենք էին օգտագործել: Արայիկ անունով մի տղա տանկը քշել էր դեպի խրամատը, որտեղ մեծ թվով ադրբեջանցիներ կային: Նրանցից մոտ 200-ը սպանվել էին: Դրանից հետո Արայիկը անհետացել էր: Փորձել էին նրան գտնել, բայց ապարդյուն: «Մուշը» բավականին լուրջ գործողություններ է իրականացրել: Ջոկատի տղաների մասին հետաքրքիր ու հերոսական պատմությունները ներկայացված են ֆիլմում: Ցավոք, ջոկատի տղաներից այսօր քչերն են կենդանի:

Mush jokat

«Մուշ» ջոկատի տղաները

 

Նկարահանումների ընթացքում մեզ պատմեցին սակավամիտ Օձուխի մասին, որը սովորական փայտով այնպես է նվագում, որ դուդուկից չի տարբերվում: Իր մտավոր խնդիրներով հանդերձ` Օձուխը կարևոր գործ էր արել: Նա մարտի ժամանակ կարողացել էր անցնել թշնամու թիկունքն ու այնտեղից յոթ ինքնաձիգ բերել, և դա այն ժամանակ, երբ մենք զենքի լուրջ խնդիր ունեինք: Նոր Շենի բարձունքում գտնվող եկեղեցու վրա մեծ խաչ կա, որը պատերազմի ժամանակ մշտապես թշնամու թիրախում է եղել: Տեղացիները համոզված էին, որ խաչը պահպանում է իրենց գյուղը, և քանի դեռ այն կանգուն է, գյուղը չի հանձնվի: Այսօր Նոր Շենում սրբատեղի է նաև «Մուշ» ջոկատի զոհված տղաներին նվիրված հուշարձանը, որն ամեն տարի` մայիսի 9-ին, մեկ մարդու նման համախմբում է ողջ գյուղը:

Վոլոդյա Ավանեսյանի պատմություններից ևս մեկն եմ ուզում հիշել. «Մարտունու պայքարից հետո հակառակորդը լքում էր գյուղը: Մոտ 3 կմ ժողովուրդը հեռացել էր գյուղից, ու հանկարծ երեխայի լացի ձայն եմ լսում: Շրջվեցի, տեսնեմ փոքրիկ մի աղջիկ: Հետ էր մնացել հարազատներից: Այդ օրերին այնքան սառնասիրտ էինք դարձել, կորցրել էինք Մոնթեին, մի տեսակ գազազած էինք: Բայց երբ երեխային տեսա, հիշեցի աղջկաս, որն ամեն անգամ տուն գնալիս փաթաթվում էր ինձ ու գլուխը կարոտով դնում սրտիս: Ադրբեջանցի աղջկան գրկեցի, դրեցի մեքենայի մեջ ու քշեցի դեպի հեռացող ամբոխը: Աղջկա մայրը ողբալով մեզ էր մոտենում: Երբ երեխային հանձնեցի նրան, ծնկի իջավ, ոտքերս էր ուզում համբուրել: Հետո գրպանից թաշկինակով փաթաթված ոսկի հանեց ու ինձ մեկնեց: Ասացի՝ ինձ ոչինչ պետք չէ, իսկ նա պատասխանեց. «Ուրեմն ես կաղոթեմ, որ Աստված պահպանի քո կյանքը»: Դրանից հետո բազմիցս հայտնվել եմ բարդ իրավիճակներում, անգամ ծանր վիրավորվել եմ, բայց մահից փրկվել եմ: Մինչև հիմա հիշում եմ այդ կնոջ դեմքը, որը հառել էր դեպի երկինք ու աղերսում էր Տիրոջից պահպանել կյանքս»:

Վոլոդյա Տեր-Աստվածատրյանը հետաքրքիր մանրամասներ է հիշում նաև «Կարոտից խելառը» ֆիլմի նկարահանումների ընթացքից: Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մասին պատմող այս ֆիլմը ևս Արցախյան պատերազմի վավերագրության ու կինոլեզվի ժամանակակից մեկաբանությունների ամբողջություն է:

– Ֆիլմը նկարահանվել է 2008 թվականին Թաթուլի ընտանիքի, մասնավորապես՝ ավագ եղբոր աջակցությամբ: Վավերագրական կադրերն այստեղ այնքան էլ շատ չեն, որովհետև Թաթուլ Կրպեյանը, ցավոք, շատ չի նկարահանվել: Օգտագործվել է այն, ինչ եղել է ընտանեկան արխիվում:

Tatul Krpeyan

Թաթուլ Կրպեյանը դստեր` Ասպրամի հետ

Թաթուլը ծնվել էր Արեգ գյուղում, որն այժմ նրա անունով է կոչվում: Նկարահանումների ընթացքում եղբայրը՝ Մանվելը, պատմում էր. «Ամեն երեկո երեխաներով ձեռնամարտի էինք բռնվում, և Թաթուլը միշտ հաղթում էր: Շատ էր սիրում, երբ պատմում էի նրան պատերազմի մասին: Երբ պատմում էի, թե ինչպես մերոնք գնացին հաղթեցին գերմանացիներին, գրավեցին Բեռլինը, վերջում անպայման հարցնում էր՝ իսկ քանի՞ թուրք սպանեցին: Կարծես չէր էլ լսում, որ խոսքը գերմանացիների մասին է»:

Երբ Արցախյան պատերազմը սկսվեց, Թաթուլը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող էր: Նա Գետաշեն էր մեկնել իբրև ուսուցիչ: Հասկանալի է, որ դա ընդամենը պատրվակ էր:

– Ինչո՞ ւ «Կարոտից խելառը»:

– Որովհետև Թաթուլին այլ բնորոշում գտնելը դժվար է: Նրա արմատները մեր պատմական հայրենիքից էին, որի կարոտով էր ապրում: Այս ֆիլմում ևս մեզ օժանդակել է Վոլոդյա Ավանեսյանը: Մենք Գետաշենից կադրերի խնդիր ունեինք: Վոլոդյան դիմեց մոսկվաբնակ իր ընկերոջը, որը մեծահարուստ էր: Նրա առաջարկած մեծ գումարի դիմաց մի ադրբեջանցի համաձայնել էր մեկնել Գետաշեն ու նկարահանել ամբողջ գյուղը, բոլոր այն վայրերը, որտեղ եղել էր Թաթուլը: Չէր նկարել միայն հայկական եկեղեցին: Ադրբեջանցու նկարահանած տեսանյութն օգտագործվել է մեր ֆիլմում: Այն պատմում է նաև մի ավանդույթի մասին, որը հիմնել է Թաթուլը և մինչ օրս պահպանվում է նրա հարազատ գյուղում: Ամեն տարի ապրիլի 24-ին այստեղ ցեղասպանության տարեթվին համապատասխան թվով անիվներ են այրում: Բարձունքը, որտեղ վառվում է հսկայական խարույկը, տեսանելի է Թուրքիայի տարածքից:

Misha Ghazaryan&Volodya Avanesyan

Ռեժիսոր Միշա Ղազարյանը Վոլոդյա Ավանեսյանի հետ

Երրորդ՝ «Սև հովազներ» ֆիլմի նախաձեռնությունը համանուն ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանինն էր: Ֆիլմը պատմում է ջոկատի անցած մարտական ուղու մասին: Թե′ նախորդ երկու ֆիլմերի, թե′ այս ֆիլմի ռեժիսորը Միշա Ղազարյանն է: Նկարահանումների մեծ մասն իրականացրել ենք Ճամբարակում, նաև՝ Բերձորում: Այս ֆիլմի նկարահանումների ընթացքում ևս մեր ստեղծագործական խումբը բազմաթիվ հետաքրքրիր բացահայտումներ արեց:

Հերոսական դեմքեր, դրվագներ կբացահայտվեն նաև ռեժիսոր Միշա Ղազարյանի և օպերատոր Վոլոդյա Տեր-Աստվածատրյանի համատեղ աշխատանքի արդյունքում ծնվող նոր ֆիլմերում 1994-ի զինադադարով չավարտված պատերազմի, մերօրյա հերոսների մասին: Արցախյան պատերազմի հերոսների արյամբ ազատագրված հայրենիքի սահմանին կռիվը լուռ ու դավադրաբար շարունակվում է: Շարունակվում է նաև Արցախյան պատերազմի վավերագրությունը:

Ալիսա Գևորգյան


Սիմոն Աբգարյան․Մարդիկ արարում են գեղեցիկի և էսթետիզմի տիրույթում և թույլ չեն տա, որ աշխարհը խավարով պատվի

2020 թվականի ինքնամեկուսացման երեք ամիսների ընթացքում ֆրանսիացիները, ուղիղ ժամը ութին, պարտաճանաչ բացում էին տան պատուհանների փեղկերը և հնարավորինս բարձր ծափահարում։...

, |3 Հուլիս 2020,10:17