Սամվել Ամիրխանյան«Պատերազմի վավերագրողները» շարքի հերոսներից է Սամվել Ամիրխանյանը: Ծնվել է 1973 թ. Երևանում: 1990-95 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրա բաժնում: 1993-2004 թթ. աշխատել է «Նավիգատոր» ստուդիայում որպես օպերատոր: 2004-ից աշխատում է «Բաղինյան Արտ Վիդեո» ստուդիայում որպես ռեժիսոր և օպերատոր: Նկարահանած ֆիլմերն են՝ «Զորակոչ», «Արթուն լինենք», «Սպիտակ իմ ցավ», «Դուդուկ», «Ապաշխարության շարականներ», «Միտք և կամք», «Ավանդական Նոր տարի», «Վարդանանց կանչ»:
Ինստիտուտում սովորելու տարիներին ակտիվ, աչքի ընկնող ուսանող էր, բայց մասնագիտական ունակություններն իրացնելու հնարավորությունները քիչ էին: Ծանր տարիներ էին, մի կողմից` փլուզվում էր հայ կինոն, մյուս կողմից՝ պատերազմ էր: 1992-ին երկրորդ կուրսի ուսանող էր, երբ կինոռեժիսոր Կարեն Գևորգյանն առաջարկեց ներգրավվել «Նավիգատոր» խմբում, որը պիտի մեկներ Արցախ նկարահանումների:
– Բախտս բերեց, որ հանդիպեցի լուրջ վարպետի: Կարեն Գևորգյանը վերադարձել էր Մոսկվայից: Նախաձեռնել էր «Հայոց նոր տարեգրություն» ծրագիրը, և անհրաժեշտ էր Արցախում զբաղվել վավերագրությամբ: Մեր առջև դրված բուն խնդիրն այսպես ասած չոր վավերագրությունն էր: Նկարահանել այն, ինչ կատարվում էր Արցախում: Չէր կարելի բաց թողնել և ոչ մի ակնթարթ, քանի որ հենց այդ ժամանակաշրջանում էր ձևավորվում մեր անկախ պետականությունն ու հայկական բանակը: Տեղի էին ունենում լուրջ գործընթացներ:
3Ահռելի ծավալով հավաքվեց արցախյան վավերագրությունը: Նկարահանումներ ենք կատարել ռազմաճակատի բոլոր հատվածներում: Երբ առաջին անգամ Արցախից վերադարձա, կուրսեցիներս հարցուփորձ էին անում՝ ինչպե՞ս էր, ի՞նչ տպավորություններ ունեմ: Շատերը, այդ թվում և ես, մինչ մեկնելն անտեղյակ էինք՝ ի′նչ է իրականում կատարվում Արցախում: Գիտեինք , որ զոհեր, վիրավորներ ենք ունենում, բայց տեղեկատվության այսօրվա հոսքն այն ժամանակ, բնականաբար, չկար: Երբ ինձ հարցրին տպավորություններիս մասին, պատասխանեցի՝տղե՛րք, ես կարծում էի` պատերազմը սև ու սպիտակ է, բայց պարզվեց` գունավոր է: Մեր սերունդը մեծացել էր Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող հրաշալի ֆիլմերով, և պատերազմն իմ պատկերացումներում այդ ֆիլմերի սև ու սպիտակ գույներն էին գուցե:
Արցախում որոշ ժամանակ աշխատում էի հոսպիտալի տարածքում: Պատկերացրեք՝ սկզբում դադար է, հետո՝ վիրավորների անընդհատ հոսք , վիրավորներից ոմանք մահանում են: Հիշում եմ, երբ նկարում էի բժիշկների դեմքերը, որոնք յուրաքանչյուր կյանքի համար կռիվ էին տալիս: Մի անգամ ընկերս, որ նույնպես նկարում էր, ուշադրությունս հրավիրեց բժշկի աչքերին, որը վիրավորի մարմնից բեկորներ էր հանում: Աչքերն այնպիսի ցավ էին արտահայտում, կարծես այդ բեկորները սեփական մարմնից էր դուրս քաշում: Հենց այդ ժամանակ հասկացա, որ պատերազմը միայն կրակոցներն ու պայթյունները չեն: Պատերազմը նաև թիկունքն է:
Ամենածանր ցավը պատերազմում որդուն կորցրած մոր սուգն է: Այն լուռ այրիներն են, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են գերեզմանատներում: Դրանք պատկերներ են, որոնք վավերագրողի աչքերում յուրահատուկ իմաստ են ստանում:
Պատերազմը նաև մարդկային դեմքերն են՝ խոշոր պլաններով: Ուզում եմ առանձնացնելՄոնթեին: Նրա մասին խոսում էին այնպես, ինչպես Սասունցի Դավթի մասին կխոսեին: Մարտունու շրջանում յուրաքանչյուր երրորդ տղայի անունը Ավո է կամ Մոնթե: Սա, կարծում եմ, շատ կարևոր բան է վկայում:
Այն ժամանակ, երբ զենք-զինամթերք չկար, մարդիկ իրենց հերոսության գնով էին հրաշքներ գործում: Ագո անունով մի երիտասարդ ընդամենը երկու փամփուշտ ունեցող մի ատրճանակով մեն-մենակ անցել էր հակառակորդի դիրքն ու այնտեղից մի քանի ավտոմատ բերել, հետն էլ՝ մի քանի գերի: Ես այնտեղ էի, երբ նա զոհվեց: Սարսափելի ցավ էր:
– Ի՞նչ հետք է թողնում պատերազմը նոր կյանք մտնող երիտասարդի հոգում:
– Պարզապես ժամանակից ավելի շուտ ես հասունանում: Նժդեհը հրաշալի խոսք ունի. «Պատերազմում բախվում են զենքերն ու զորքը, բայց միշտ հաղթում է ոգին»: Մեր հաղթանակն այդ ոգու արդյունքն էր: Ոգի, որն ամրապնդվել էր տասնամյակների ընթացքում: Ես կարծում եմ, որ խորհրդային տարիներին ազգայինը մեր ներսում ավելի էր եռում, քան անկախության տարիներին: Խորհրդային շրջանում մենք իսկապես հայրենասիրական լավ դաստիարակություն էինք ստանում: Դա կուտակվում է մեր մեջ, ու երբ առիթը գալիս է, այն ժայթքում է, ինչպես դա տեղի ունեցավ արցախյան շարժման ընթացքում:

2
– Հայրենական պատերազմի հերոսների կերպարների շնորհիվ մենք հաղթեցինք արցախյան պատերազմում, բայց այդյոք այդ հաղթանակը կերտած հերոսներն այսօր ուղենի՞շ են նոր սերնդի համար:
– Ցավոք, մենք հետևողական չենք ոչ մի հարցում: Հաղթանակից հետո էլի լուրջ աշխատանք էր պետք: Որպես ականատես ու վավերագրող` ես գիտեմ, թե ինչ գին ենք վճարել այդ հաղթանակի համար: Ու այնտեղից գալ և տեսնել այս համատարած պարապուրդը՝ վերևից ներքև, անտանելի էր: Անթիվ չինովնիկներ, որոնք, ոչինչ չանելով, միայն աթոռ էին զբաղեցնում, մինչդեռ երկրում շատ անելիք կար:
– Ինչպիսի՞ կինոարտադրանքի վերածվեց Արցախում ստեղծված վավերագրությունը:
– Կարեն Գևորգյանը ժապավենի վրա երկու հեղինակային ֆիլմ ստեղծեց, որոնցից մեկը կոչվում էր «Կոչեմ ապրողաց», մյուսը՝ «Երկընտրանք»: Վերջինը մի տեսակ հրապարակախոսական ֆիլմ դարձավ, որը վերլուծում է մեր ազգի էությունն ու ճակատագիրը՝ պատերազմի պրիզմայով: Հետագայում տեսաշար ստեղծվեց՝ «Պատերազմն առանց մեկնաբանության»: Այն պարզապես տեսանյութերի ամբողջություն է: Ստեղծվեց տասը մասից բաղկացած ֆիլմաշար, որը զուտ վավերագրություն է՝ առանց մեկնաբանությունների: Ժանրային առումով սա բավականին հետաքրքիր էր:
«Նավիգատոր» ստուդիայի աշխատանքը չսահմանափակվեց միայն պատերազմի վավերագրությամբ: Ավելի ուշ ստեղծվեց «Հայոց տուն» ծրագիրը, որն անդրադառնում էր մեր տնտեսությանը: Նկարել ենք մեր գրեթե բոլոր գործարանները՝ մեծ մասը թալանված: Դա՛ էր այն ժամանակ մեր տնտեսության իրական դեմքը: Մենք մեր ձեռքով արժեզրկեցինք մեր հաղթանակը, գործ չարեցինք, չտքնեցինք…
– Ինչի՞ արդյունք էր տիրոջ զգացողության կորուստը:
– Մի անգամ պատահաբար լսեցի Կարեն Գևորգյանի ու հրամանատարներից մեկի զրույցը: Գևորգյանը հարցրեց. «Լա՛վ, ի՞նչ պիտի լինի այս ամենի վերջը»: Գնդի հրամանատարը պատասխանեց. «Մենք մեր գործն արել ենք, հիմա երկիրն իր ձեռքը պիտի վերցնի կա′մ հոգևորականը, կա′մ փիլիսոփան»: Նա հասկանում էր, որ պատերազմի դաշտում իրենց գործն արած մարդիկ պիտի հերթափոխը հանձնեն ուրիշներին, բայց այդ ուրիշները չկային: Ու շատերն այդ հաղթանակի իրավունքով շարժվեցին առաջ՝ առանց հասկանալու, որ իրականում առաջ չեն շարժվում: Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ. շատ հարցերի պատասխաններն ինքս էլ չեմ գտնում, բայց գիտեմ, որ ամեն մարդ պիտի զբաղվի ի՛ր գործով:
– Իսկ Դուք կարողացա՞ք զբաղվել Ձեր գործով: Ի՞նչ ստեղծեցիք կինոյում:
– Պատերազմից հետո հստակ էր, որ իմ ուղին վավերագրությունն է: Ինստիտուտն ավարտելուց հետո մեկնեցի ծառայության: Այդ ընթացքում նախարար Վազգեն Սարգսյանին առաջարկեցի մի ֆիլմ նկարել, երկու տարի իմ կողքին գտնվող մեկ զինվորի օրինակով ներկայացնել բանակային կյանքի ընդհանուր պատկերը: Վազգեն Սարգսյանը ողջունեց ու անգամ աջակցեց ծրագրին: Ֆիլմը նկարվեց, այն կոչվում էր «Զորավոքկոչ», բայց, ցավոք, ինչ-ինչ պատճառներով, գաղափարն ավարտուն տեսք չստացավ:
Դավիթ Ամալյանը հրաշալի խոսք ունի. «Բանակը մեր որձ տղան է»: Ինչպես կսիրես որդուդ, այնպես էլ հայկական բանակն եմ սիրում: Ես անընդհատ հետևել եմ մեր բանակի կազմավորման ընթացքին՝ գիտակցելով նրա արժեքը: 19-20 տարեկանում անգամ գիտակցում էի, որ չափազանց կարևոր ու հզոր ուժ է բանակը: Իմ բոլոր ֆիլմերն այս կամ այն կերպ առնչվում են բանակին, հայրենիքին, հայրենասիրությանը: Սրանք ինձ համար կարևոր արժեքներ են:
Ես շատ կցանկանայի, որ պատերազմի տարիներին հավաքված վավերագրական նյութն օգտագործվեր նոր ստեղծվող ֆիլմերում: Այսօր նկարահանում են ֆիլմեր պատերազմի մասին, փորձում են մարտական տեսարաններ, իրավիճակներ ներկայացնել: Բայց դա այնքան հավաստի ու ազդեցիկ չէ, ինչպես կարող էին լինել իրական տեսարանները: Եթե ռեժիսորներն ուսումնասիրեին և օգտվեին վավերագրական նյութերից, կարծում եմ` նրանց ֆիլմերը դրանից միայն կշահեին: Վավերագրությունը կարող է և պետք է սպասարկի մեծ կինոն, մի բան, որ մեզանում չի արվում: Հայ կինոն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի: Որպես թիվ մեկ խնդիր ես կնշեի պրոդյուսերի ինստիտուտի բացակայությունը: Ո՞վ է ռեժիսորը. հիմնականում ռոմանտիկ պատկերացումներով մի անձնավորություն, որն ասելիք ունի: Այդ ասելիքը տեղ հասցնելու համար պրոդյուսերական աշխատանք է պետք, որը , ըստ էության, չպետք է լինի ռեժիսորի խնդիրը: Աշխատանքը տուժում է, երբ ռեժիսորը փորձում է զբաղվել ամեն ինչով: Հաջողված մի քանի օրինակներ գուցե կան, բայց դա օրինաչափություն չէ:
Սամվել Ամիրխանյանի նկարահանած վերջին ֆիլմը «Վարդանանց կանչն» էր, որը ներկայացվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Արդեն հինգ տարի «Հայ ասպետ» նախագծի ռեժիսորն է: Նրա ու նախագծի հեղինակ Կարին Տոնոյանի գաղափարները համընկան, ու հասկացան, որ լավ հասարակություն ստեղծելու համար պետք է լավ կրթել այդ հասարակությանը: Կրթական այս նախագծում ևս ռեժիսորը փորձում է հավատարիմ մնալ բանակի թեմային: Նրա առաջարկությամբ «Հայ ասպետ» խաղին մասնակցում են նաև հայկական տարբեր զորամասեր ներկայացնող թիմեր: Հաղթողների լավագույն մրցանակը՝ 10-օրյա արձակուրդ:
– Յուրաքանչյուր զորամասում այսօր շատ խելացի տղաներ ունենք, որոնք խաղի միջոցով ինքնարտահայտվելու հնարավորություն են ստանում՝ միաժամանակ բարձրացնելով ողջ զորամասի պատիվը: Եթերում խելացի զինվորին տեսնելը, կարծում եմ, յուրաքանչյուրիս համար մեծ հպարտություն է: Լավ կրթությունն այսօր մեր հասարակության կարևորագույն խնդիրներից է: Հայտնի օրինաչափություն գոյություն ունի. հանցագործությունների թիվը նվազեցնելու համար ոչ թե պատիժն են խստացնում, այլ բարձրացնում են կրթության որակը: Լավ կրթությունը կփոխի մեր հասարակությունը: Հրաշալի սերունդ ունենք, որը մեծ հույս է ներշնչում:

Ալիսա Գևորգյան

 

 


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը

«Մենք կապող օղակ էինք քաղաքի ու ճակատի միջև». Արթուր Ներսիսյան

 Արթուր Ներսիսյանը  1988-2005 թթ. աշխատել է Արցախի հեռուստատեսությունում որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր, ներկայումս գործադիր տնօրենն է, մի շարք հեռուստաֆիլմերի...