Վրեժ ՔասունիՄարտի 20-27-ը Կահիրեի օպերայի տանը տեղի կունենա Կինոյի և արվեստի միջազգային 22-րդ մանկական փառատոնը (Cairo International Film and Arts Festival for Children), որն անցկացվում է տեղի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Կահիրեի Կինոյի և արվեստի միջազգային 22-րդ մանկական փառատոնի «Անիմացիա և հեռուստատեսություն» մրցութային ծրագրի միջազգային ժյուրին նախագահելու է երգիծանկարիչ, անիմատոր, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին։

Կահիրեի Կինոյի և արվեստի միջազգային մանկական փառատոնը ստեղծել է մի նոր միջազգային հարթակ՝ ներկայացնելու մանկական ֆիլմերը և արվեստը, ակտիվացնելու կապերը արվեստագետների միջև, որը դրական և արգասաբեր ազդեցություն ունի մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված ֆիլմերի արտադրության ոլորտի վրա։

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին: Փառատոնի նպատակն է խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային տարբեր հարթակներում:

Ամեն տարի փառատոնի շրջանակում տեղի են ունենում բազմաթիվ անիմացիոն ֆիլմերի միջազգային և տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանում համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվում են վարպետության դասեր: