11096636_825854377468269_1119552806_n1Մեր օրերում քիչ է պատահում, որ երիտասարդները պատկառանք զգան մեծահասակի նկատմամբ։ Բայց աչքի պոչով նայեք, երբ կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի միջանցքներով Սուրեն Հասմիկյանն է անցնում։ Ամենաաղմկոտ ուսանողներն անգամ զսպվում են, հարգանքով բարևում վարպետին։ Որքան էլ ժամանակներն ու բարքերը տարերայնորեն փոխվում են, հաստատված արժեքներն ու մարդ-անհատականություններն իրենց ամրագրված տեղն ունեն։ Ու դա վաստակած տեղ է, արժանիորեն ձեռք բերված։
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատրոնի միջազգային օրվա առիթով տոնական մի քանի արարողություններ էին մեկտեղվել։ Այդ օրը նշվեց ինստիտուտի պրոֆեսոր, կինոգետ, թատերագետ, վաստակաշատ մանկավարժ Սուրեն Հասմիկյանի ծննդյան 80-ամյակը։ Թեև վարպետը ծնվել է մարտի 19-ին, բայց մտերիմները, ընկերներն ու սաները նրա ծնունդը խորհրդանշաբար մարտի 27-ին նշեցին։
Ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը ողջ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների անունից պաշտոնապես շնորհավորեց պրոֆեսորին և հանձնեց ինստիտուտի պաշտոնական ուղերձն ու Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» պատվո մրցանակը: Նրան ջերմ մաղթանքներ հղեց նաև մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը և հանձնեց մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը՝ Ոսկե մեդալը: Սուրեն Հասմիկյանին շնորհավորեց նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և հանձնեց փառատոնի հիմնադիր խորհրդի պատվոգիրը: Իրենց ջերմ շնորհավորանքները հղեցին նաև «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը, որ նաև ընթերցեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի ուղերձը:

– Պարոն Հասմիկյան, սկսենք Ձեր ազգանունից։ Այն հատուկ ծագում ունի ու խորհրդանշում է նաև ձեր մասնագիտական նախասիրությունները դեռ մանկուց, այդպե՞ս է։
– 12-13 տարեկան էի. մի օր հայտարարեցի, որ ազգանունս փոխում եմ, և վերջ։ Այսուհետև գրվելու եմ տատիս՝ դերասանուհի Հասմիկի անունով։ Ոչ ոք լուրջ չընդունեց, ես էլ՝ ճիշտն ասած։ Բայց Հակոբյանը դարձրի Հասմիկյան։
– 80. պատկառանք ներշնչող տարիք է։
– Մի գաղտնիք ասեմ. դեռ 10 տարի առաջ ես ինձ համարում էի երիտասարդ, խոստումնալից մասնագետ, բայց հիմա, դժբախտաբար, զգում եմ, որ այլևս երիտասարդ չեմ։ Այ դա վատ է։
– Մի քանի տասնամյակ է, ինչ դասավանդում եք։ Սերունդների փոփոխություն, մշակութային մթնոլորտի շեղումներ հաստատ զգացել ու նկատել եք։ Ինչպե՞ս են դրանք անդրադառնում Ձեզ վրա։
– 45 տարի է դասավանդում եմ։ Սերունդների փոփոխություն բոլոր առումներով միշտ է կատարվում, բայց այն, որ անգամ իմ դասին չնստած ուսանողները դրսում տեսնում են ինձ ու ժպտալով հարցնում՝ ինչպե՞ս եք, պարոն Հասմիկյան, ինչ-որ բանի մասին ինչ-որ բան ասում է, կարծում եմ։ Բայց ավելի լավ է նրանք նստեն իմ դասերին։ (Ծիծաղում է։) Մարդն այսօր վտանգված է, որովհետև առհասարակ քաղաքակրթությունն է կործանման փուլում։ Մշակույթի գաղտնիքը մշակույթի մեջ չէ միայն, արմատները խորքային են ու տարբեր շերտերում են թաքնված։ Եթե սկսենք դրանք վերլուծել, մի քանի ժամը չի բավականացնի։
– Ե՞րբ կլսենք, որ Սուրեն Հասմիկայնը նոր գիրք է գրել կամ կինոքննադատական նոր վերլուծություն է հրապարակել։
– Նոր գրքի մտադրություն չունեմ, բայց պիեսիս վրա եմ աշխատում։ Իսկ կինոքննադատությամբ, դեռ 20 տարի առաջ եմ ասել, որ այլևս չեմ զբաղվելու։ Ես իմ կարծիքն ունենում եմ, իհարկե, բայց չեմ հրապարակում։ Դա թող ավելի երիտասարդներն անեն։ Իմ ժամանակն ուրիշ է, նրանցը՝ ուրիշ։ Կինոքննադատների նոր սերունդ կա, շատ շնորհալիներ կան։ Նրանց հայացն ու մտածելակերպը ժամանակակցի մոտեցում է. դա է ճիշտը։ Կինոյով ես շատ եմ զբաղվել, իսկ թատրոնի մասին ընդամենը 3 հոդված եմ գրել։ Մինչդեռ թատրոնի դերասանը թատերագիտական գրվածքների կարիք շատ ունի։ Թատրոնի դերասանն առանց ծափահարությունների ուղղակի գոյություն չունի, իսկ կինոն ուրիշ է. կինոյի դերասանն առանց քննադատության էլ կապրի։ Հակված եմ պաշտպանելու դիլետանտիզմը։ Այն կարող է ավելին ի հայտ բերել ու բացահայտել, քան պրոֆեսիոնալիզմը, որովհետև դիլետանտիզմն ունի մտքի, մտածելակերպի ազատություն։ Ամենագեղեցիկն այն է, երբ չկա սեփական շահ։ Օրինակ՝ բակում խաղում են երեխաները, նրանք քո երեխաները չեն, բայց դու նայում ես նրանց ու հիանում. այ դա է գեղեցկության չափանիշը. չկա քո շահը, բայց կա կատարյալ գեղեցկությունը։

Սուրեն Հասմիկյանի 80-ամյակին նվիրված ցերեկույթին ներկա էին նաև նրա սաները։ Կինոգետ Սիրանույշ Գալստյանը վարպետի մասին մի առանձին գորովանքով է խոսում. «Պատիվ եմ ունեցել դեռ 20 տարի առաջ Սուրեն Հասմիկյանի ուսանողը, այնուհետև՝ ասպիրանտը լինելու։ Ես եկա թատրոնի և կինոյի ինստիտուտ՝ սիրահարված Ֆելինիին, ու այստեղ տեսա ֆելինիական գեղարվեստական կերպարներից մեկին։ Կարծես Ֆելինիի ֆիլմերից դուրս եկած լիներ պարոն Հասմիկյանը։ Ինձ համար նա իմաստության չափանիշ է՝ խելք՝ գումարած բարություն։ Հանձին նրա՝ ես սահմանել եմ ինձ համար իմաստության բանաձևը։ Բյուրեղացված ազնվություն. պարոն Հասմիկյանը միշտ եղել է այդպիսին՝ նույն անաչառ վերաբերմունքը, անգամ նրա մանկական ծիծաղն է նույնը մնացել։ Նրա գրքերում բանականության յուրօրինակ ազատություն կա։ Առաջին գիրքը՝ «Սեղմ կադրը», այնուհետև մյուս աշխատությունները. նա կենսափիլիսոփայության, դասական փիլիսոփայության ենթատեքստով է դիտարկել կինոն ու առհասարակ արվեստը»։

«Սեղմ կադրը» կինոգետները, տեսաբաններն ու կինոպատմաբանները համարում են դասագիրք, իսկ Սուրեն Հասմիկյանի մյուս ՝ «Փրկության կղզի», «Книга без конца» գրքերն աշխարհընկալման համապարփակ կոթողներ են։
Սուրեն Հասմիկյանը 1000-ից ավելի հոդվածների հեղինակ է, մեծ մտածող։ Հենց միայն նրա ներկայությունը բուհերում, արվեստաբանների, պաշտոնյա մտավորականների շրջանակներում շատերի համար սեփական արժանիքները չֆետիշացնելու, սեփական ունակությունները ժուժկալության սահմաններում գնահատելու պահանջ-հորդոր է ենթադրում։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ