Անդրեյ Զվյագինցևի անունը հայտնի է հայաստանյան կինոսերների շատ նեղ շրջանակին: Պատճառը գուցե ռեժիսորի ֆիլմերի փառատոնային կյանքն է, որը դրանք չի հասցնում երևանյան մեծ էկրաններ: Սակայն ամեն ինչ փոխվեց այս տարի Կաննի կինոփառատոնից հետո, երբ «Լևիաթանը» մրցանակ ստացավ լավագույն սցենարի համար: Ռուսական ԶԼՄ-ները երկար տոնեցին տաղանդավոր հայրենակցի հաղթանակը` համարելով նրան նոր Կիրա Մուրատովա և Ալեքսեյ Բալաբանով:

Ուշագրավ է, որ պաշտոնական պրեմիերայից երեք շաբաթ շուտ ֆիլմը հայտնվեց համացանցում: Վարկած կա, թե սա արված է միայն մի նպատակով՝ հարվածել «դավաճան» Զվյագինցևին, ներկայացնել նրան իբրև ազգի դավաճան, որի ֆիլմը ոչ միայն հակապուտինական է, այլև` ռուսատյաց: Չէ որ այդպես ֆիլմը կտեսնեն ոչ մեծ էկրանին, ոչ իր ողջ գեղագիտական հմայքով, այլ համակարգչով և ուշադրությունը շեղող անգլերենով, վարձույթում էլ քիչ գումար կհավաքվի:

Ի՞նչն է բազմաթիվ քննարկումների պատճառը, ինչի՞ մասին է ֆիլմը, և ով կամ ինչ է այդ Լևիաթանը:

Լևիաթանը (եբրայերեն՝ ոլորուն, գալարուն) հին դիցաբանական կերպար է՝ ծովային հրեշ, որ հիշատակվում է մի շարք ժողովուրդների դիցաբանությունում, Հին կտակարանում և հաճախ նույնացվում է սատանայի հետ:
Ըստ հին հայկական հավատալիքի, օրինակ, աշխարհը գտնվում է հսկայական Լևիաթան ձկան մարմնի վրա: Այդ հրեշ-ձուկը այնքան մեծ է. որ նրա պոչը հասնում է քթին: Լևիաթանը, տեսնելով իր պոչը, կարծում է, թե իր քթի տակ ուրիշ կենդանի է հայտնվել և անընդհատ ցանկանում է բռնել նրան: Այդ շարժումների հետևանքով երկիրը ցնցվում է, առաջանում են երկրաշարժներ, հրաբուխներ, ջրերը դուրս են գալիս ափերից և լցվում ցամաք: Եթե Լևիաթանը կարողանա բռնել իր պոչը, ապա աշխարհը կկործանվի, բայց նա երբեք չի կարողանում բռնել այն, որովհետև աշխարհի ստեղծման օրից ի վեր նա այլևս չի մեծանում: Հին եգիպտացիները հավատում էին, որ իրենց երկրի արևելյան սահմանը՝ Նեղոսը, պահպանում են կոկորդիլոսները: Գիտական կարծիք կա, որ հին հրեաները հավանաբար դրանց են նկատի ունեցել, երբ նկարագրել են Լևիաթանին: Լևիաթանը գիտական շրջանառության մեջ դրեց և այն պետության հետ զուգորդեց անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը, երբ գրեց պետության մասին իր նշանավոր «Լևիաթան» երկասիրությունը (Leviathan or The Matter, Forme and Power of a Common Wealth Ecclesiasticall and Civil, 1651):

Զվյագինցևն իր պատմության օրինակով ոչ միայն նկարագրեց պետության փտած համակարգը, այլև ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ այդ համակարգի զեռունները նոր ավարի ակնկալիքով դուրս են գալիս իրենց կաբինետներից: Նիկոլայը, որին փայլուն է մարմնավորում Ալեքսեյ Սերեբրյակովը, սովորական ռուս տղամարդ է: Նրա երջանկության համար շատ բան պետք չէ` դեռահաս որդին, կինն ու օղի խմող գյուղացի ընկերները: Բայց բանն այն է, որ Նիկոլայի տունը գտնվում է Ռուսաստանի հյուսիսային փոքրիկ քաղաքում՝ մի շատ գեղատեսիլ վայրում: Տնից բացվում է ծովի հիանալի տեսարան, որը կարող է հրապուրել նաև ուրիշներին: Ի՞նչ է պետք անել դրա համար. խլել «չեխովյան փոքր մարդու» տունը, հավասարեցնել հողին և դրա փոխարեն ինչ-որ հյուրանոց կառուցել կամ խաղատուն կամ գուցե ռեստորանային համալիր: Սա հենց այդ նույն քաղաքի տեր ու տիրակալ քաղաքապետի հղացումն է: Իհարկե, քաղաքապետը (որի նկատմամբ ատելություն է առաջացնում դերասան Ռոման Մադյանովի համոզիչ խաղը) և Նիկոլայը տիպական կերպարներ են:

Զվյագինցևն ու տաղանդավոր օպերատոր Միխայիլ Կրիչմանը, որ ռեժիսորի հավատարիմ աչքն է նրա բոլոր ֆիլմերում, ստեղծում են հուսահատության և ընկճախտի ծանր մթնոլորտ: Սև հումորով, հայհոյանքներով, կենցաղային ամենապարզ, հասարակ, սովորական ապրումներով պատմությանը պարզապես չես կարող չհավատալ: Գլխավոր դերակատարներ Ալեքսեյ Սերեբրյակովը, Ելենա Լյադովան, որ մարմնավորում է Նիկոլայի կնոջ կերպարը, Վլադիմիր Վդովիչենկովը (մոսկվայաբնակ պիժոն իրավաբանը, որը եկել է բանակային ընկեր Կոլյայի խուլ բնակավայր, որպեսզի փրկի վերջինիս լևիաթանի սուր ժանիքներից), բոլոր հերոսներն անգամ ամենախստապահանջ դիտողին տեղափոխում են ցուրտ ու հեռավոր քաղաքի ծովափ՝ կետի կմախքի մոտ: Աշխատավոր դասակարգի ներկայացուցիչը, գիտակցելով պետության ուժն ու կարողությունները, ամեն դեպքում պայքարում է, չի ցանկանում հանձնվել: Նրա մենամարտը վերածվում է ողբերգության. կորցնելով տունը, ընկերոջը, սիրելիին՝ նա զրկվում է նաև ամենաթանկ բանից` ազատությունից:

Ռեժիսորը չի վախեցել պատկերել նաև կաշառակեր և անարդարության վրա աչք փակող ռուս ուղղափառ եկեղեցուն, որը նույնպես դաժան և աներեր համակարգի մի մասն է: Փայլուն սարկազմով է պատկերված չինովնիկը, որն այցելում է եկեղեցի իր ընտանիքի հետ և զգուշացնում է իր փոքրիկ տղային, որ աստված ամե՜ն ինչ տեսնում է: Հավանաբար աստված տեսնում է նաև հարյուրավոր Նիկոլայներին, որոնք ոչ միայն դժբախտ են, այլև հայտնվում են անելանելի իրավիճակում: Վերջ: Ամեն ինչ վատ է: Չկա լույս թունելի վերջում։ Ուժն ու բոլոր լծակներն այսօր իշխանավորի ձեռքում են, նրա, որ հարբած խոզի պես գիշերը գալիս է քո տուն, վախեցնում կնոջդ ու որդուդ, քեզ անվանում միջատ, նրա ձեռքում, ով չունի ոչ մի սրբություն, ով մտածում է միայն սեփական ստամոքսի պարունակության մասին:

Սա դասական, հավերժական թեմա է, որ արծարծվել է հազար անգամ և դեռ կարծարծվի: Բայց Զվյագինցևը և հրաշալի դերասանական կազմն իրենց վարպետությամբ նորից են ստիպում մտածել այս մասին և հետևել այս պարզ պատմությանը, պարզ, բայց ոչ պարզունակ, իրական, փնթի, էրոտիկ, զգացմունքային, կրքոտ, տեղ-տեղ զզվելի, բայց իրական:

Սա իսկական Ռուսաստանն է, իր «Վլադիմիրսկիյ ցենտրալներով», սպորտային հանդերձանքով իշխանական ստրուկներով և դեռ չմոռացված երկրի ղեկավարներով, որոնց դեմքներին չպետք է թքել, դա վաղուց արդեն ոչինչ չի տալիս, պետք է հանել նրանց դիմանկարները պատերից և … սկսել կրակել: Սա ավելի օպտիմիստական մոտեցում է, չպետք է նետվել ալեկոծ ծովը. լևիաթանը, երախը բաց, հենց դրան է սպասում:

Դիանա Մարտիրոսյան


Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի հայկական սերիալների տարածմանը միջազգային շուկաներում

Կառավարությունը հավանություն կտա «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու...

|10 Հոկտեմբեր 2026,15:05