download (4)«Անկախ ոգի» (Independent Spirit Awards) անկախ կինոյի 30-րդ մրցանակաբաշխությունը, ինչպես միշտ, տեղի ունեցավ «Օսկարի» մրցանակաբաշխության արարողության նախօրեին՝ փետրվարի 21-ին, Լոս Անջելեսում:

Այս մրցանակը հիմնադրվել է 1984 թ. հեղինակային, անկախ կինոյի կողմնակիցների կողմից և շնորհվում է 16 անվանակարգերով: Մրցանակակիրները ստանում են թռչունի արձանիկ, որը լայն բացած թևերով նստած է կինոժապավենով փաթաթված սյան վրա: Ավանդաբար հաղթողներին հայտարարում են «Օսկարից» մի օր առաջ:

Ինչպես հաղորդվում է մրցանակաբաշխության կայքում, գլխավոր մրցանակն այս տարի ստացել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմանը»:  Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ռիչարդ Լինկլեյտերը «Պատանեկություն» ֆիլմի համար, լավագույն դերասան՝ Մայքլ Քիթոնը («Բըրդմանում» խաղացած գլխավոր դերի համար), լավագույն դերասանուհի՝ Ջուլիանա Մուռը («Մինչև հիմա Էլիս»): Լավագույն արտասահմանյան ֆիլմի կոչման համար հաղթանակ է տարել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդան»: Լավագույն օպերատորական աշխատանքի մրցանակը դարձյալ շնորհվել է «Բըրդմանին»՝ նրա օպերատոր Էմանուել Լուբեցկուն: