M6 Այլընտրանքային ֆիլմերի հեղինակ, նկարիչ Հայկ Սայադյանը դեռ 2014-ի աշնանը  facebook-յան իր էջում կարճ տեղեկություն էր տեղադրել այն մասին, որ պատրաստվում է նոր ֆիլմ ստեղծել։ Միաժամանակ հրապարակել էր որոշ կադրեր, կերպարների նկարներ, որոնք անմիջապես գրավեցին Հայկի արվեստի երկրպագուներին ու նրան դեռևս չճանաչողներին։ Ակնհայտ էր, որ Հայկի նոր աշխանքի  պատառիկները ոճական, գեղագիտական ու գեղարվեստական բոլորովին նոր որակի մասին լիարժեք պատկերացում էին տալիս արդեն։ Ու շատերն արձագանքեցին, որ անհամբերությամբ կսպասեն այլընտրանքային նոր ֆիլմի ծնունդին։

 «Մոմիկ». Հայկ Սայադյանի հրապարակած այս վերանգիրն ու ֆիլմի հատուկենտ կադրերն արվեստի նոր ոլորտների հետ շփվելու սպասումներով համակեց շատերին։ Լրատվամիջոցներն անդրադարձան նոր ֆիլմի մտահղացման նախապատմությանը, նպատակներին ու իրականացման հնարավորթյուններին, ավելի ճիշտ՝ գաղտնիքներին. իսկապես, գաղտնիքներին, որովհետև դժվար է պատկերացնել, որ Հայկ Սայադյանը մեն-մենակ է ստեղծում իր ֆիլմերը, «Մոմիկը»՝ ևս։

Մի քանի ամիս տևած աշխատանքից հետո «Մոմիկի» թրեյլերն արդեն պատրաստ է։ Ինչպես և խոստանում էր Հայկն իր հարցազրույցներում,  այն ռիթմի, դինամիկայի, դրամատիկական գործողությունների նկարագրություն է. համենայն դեպս, թրեյլերը շատ ավելին է խոստանում, քան հարցազրույցներում սակավախոս Հայկն էր ներկայացնում  իր «Մոմիկը»։ Այլընտրանքային լիամետրաժ ֆիլմն ամբողջությամբ նկարվելու է ջրաներկով։ Թրեյլերի կադրերի մեծ մասը ձեռագործ ժանյակ է հիշեցնում՝ գույների, լույսերի խաղով, երաժշտության համակցությամբ շունչ ու ոգի առնող, հեքիաթ պատմող ձեռակերտ հյուսք, որը միջնադարի շարունակությունը կարծես լինի։ Հայկն ասես 7-8 դար հետ է գնացել, ավելի ճիշտ՝ միջնադարը բերել է  մեր ժամանակներ, որպեսզի ցույց տա նրա կատարելությունն ու խորհրդավորությունը։ Միջնադարյան հանճարի՝ ճարտարապետ Մոմիկի մասին պատմություն՝ ինքնատիպ մատուցմամբ ու ձեռագրով։

Ինչպես իր մյուս ֆիլմերը, «Մոմիկը» ևս Հայկ Սայադյանը նկարում  է մենակ։ Նրա աշխատանքների տակ միայն իր անունն է գրված. սա ինքնին դժվարացնում է ֆիլմարտադրությունը, որովհետև սովորաբար նման դեպքերում մի ամբողջ թիմ  է աշխատում։ Սակայն Հայկի համոզմամբ՝ այն, ինչ զգում, պատկերացնում, տեսնում է ինքը, ուրիշ ոչ ոք նույն կերպ զգալ, պատկերացնել ու տեսնել չի կարող։ «Մոմիկն» անցնում է միայն նրա ներաշխարհի ու երևակայության արահետներով, հետևաբար, ներկայանալու է որպես հեղինակային ֆիլմ։  Հայկ Սայադյանը և՛ ռեժիսոր է, և՛ սցենարիստ, և՛ նկարիչ, և՛ նկարահանող ու համակարգչային մոնտաժն իրականացնող, և՛  երաժշտական ձևավորող։

Թրեյլերից արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ մանրակրկիտ աշխատանք է արված, որը նույն ոճով շարունակվելու է  ամբողջ ֆիլմում:  «Մոմիկի» համար երաժշտություն է գրվելու, մի հատվածն արդեն հնչում է թրեյլերում. հեղինակը Գարեգին Առաքելյանն է։

https://www.youtube.com/watch?v=l9772ncPZ5Q

Հայկն ուսումնասիրել է Մոմիկի կյանքի ու սեղծագործության մանրամասները։ Միջնադարյան արվեստագետի մասին մեզ հասած տեղեկությունները սակավ են ու հաճախ՝ իրարամերժ։ Հեղինակը նպատակ չի դրել ճշգրտորեն ներկայացնել Մոմիկի կյանքը. ի վերջո, ոչ ոք ստույգ չի կարող ասել, թե պատմությունն ինչ ճշմարտություններ է թաքցնում և ինչն է փոխանցում սերունդներին։ Մոմիկի կյանքը հեքիաթի է նման. այդպես է հնչում նաև թրեյլերում։ Սա գեղարվեստական ֆիլմ է. պատմությանը հայտնի տեղեկությունները Հայկը մատուցում է գեղագիտական-գեղարվեստական ժանրում, որը թույլ է տալիս պատմական կերպարներին մոտենալ սեփական արժեհամակարգի տեսանկյունից։  Հայկը  ներկայացնում  է լեգենդ դարձած Մոմիկի մարդկային պարզ կերպարը. միջնադարյան հանճարը՝ որպես հասարակ մահկանացու, որը սիրում ու սիրվում է, դեմ առնում նախանձի ու արգելքների պատին, անասելի դժվարություններ կրում, միստիկական իրադրություններում հայտնվում։ Պալատական նկարիչ-ճարտարապետի կյանքը լեցուն է դրամատիկ ելևէջներով, սիրո ու հիասթափության պոռթկումներով, և այդ ամենը Հայկ Սայադյանը պատրաստվում է ներկայացնել հայրենական կինոարտադրության իր ձևաչափով։ Նման ձևաչափ, ի դեպ, մենք դեռևս չենք տեսել։ Շարժվող նկարներից հյուսված ֆիլմը մեզ արդեն ծանոթ ստեղծագործական ավանդական ոճերի հետ ոչ մի կապ չունի, այն հեղինակային դրոշմ է կրում։

Մոմիկը ոչ միայն կամրջելու է Միջնադարն ու 21-րդ դարը, այլև պատմականորեն կապելու էՎայոց ևԿիլիկիո աշխարհները։ Երկո ւտարբեր քաղաքակրթությունների՝ Կիլիկիո կանաչ դրախտում ու Վայոց հրաբորբ ժայռերի ծերպերին   հայտնված Մոմիկն այդպես երկատված էլ ապրում է. փորձությունների արդյունքը նրա հանճարեղ արվեստն է՝ եկեղեցաշինության աննախադեպ թռիչքը, մանրանկարչության ու խաչքարագործության կատարելությունը։Այս ամենին միանում է Մոմիկի սիրո պատմությունն, ու հեքիաթը հյուսվում է՝ սովորական թղթի ու ջրաներկի ներդաշնակ համակցությամբ՝ Հայկ Սայադյանի մտահղացումների և ուրույն ճաշակի ոճավորմամբ։

Մոմիկի մասին կան վավերագրական որոշ անդրադարձներ, սակայն առաջին անգամ գեղարվեստական ֆիլմով է ներկայացվում անվանի արվեստագետը։ Հայկը չի բացում փակագծերը. ֆիլմի կերպարները՝ գործող հերոսները, պատմական անձինքն են։ Հայկ Սայադյանը հանրությանն է ներկայացնում գեղարվեստական հերոսներ դարձած պատմական անձանց և առաջարկում  մեր պատկերացրած անիմացիայից շատ տարբեր սեղծագործություն։

«Մոմիկը» մեծ ջանքեր, հսկայածավալ աշխատանք ու էներգիա է պահանջելու՝ ձայնադրում, հնչյունավորում, երաժշտություն և ամանաբարդը՝ ձեռքով նկարված մի ամբողջ պատմություն՝ կադր առ կադր, շարջում առ շարժում։ Հայկը պատրաստ է ներդնել ստեղծագործական ավյունն ու շնորհքը, ներուժն ու երևակայությունը։ Սակայն նման ֆիլմ՝ կինոպատում ստեղծելը նաև ծախսատար է։ Իր նախորդ ֆիլմերը  նկարելիս Հայկ Սայադյանն ապավինել է սեփական միջոցներին, բայց դրանք կարճամետրաժ են եղել ու ոչ ստեղծագործական այսօրինակ բովանդակությամբ ու ձևաչափով։

Հայկն ուզում է և նպատակադրվել է ստեղծել մնայուն արժեք՝ Մոմիկի կյանքի գեղարվեստական դսևորումը, որտեղ հերոսների ներաշխարն ու հոգեկան ապրումները նկարչի ձեռքով վրձնած կլինեն։  Սա աննախադեպ  ոճ է, ասելիքն արտահայտելու ինքնատիպ ձեռագիր։ Պարզ է, որ նման ֆիլմ ստեղծելու համար ֆինանսական միջոցներ են պետք։ Հայկը ստեղծագործող է, նրա գործը մեր արժեքները թաքստոցներից վեր հանելն ու մատուցելն է։ Ժողովրդական բանահյուսության մի չկարդացված էջ է վերծանել նա՝ պատմությունը համեմելով շոշափելի պատկերնեորվ, մանրանկարչությամբ, գեղարվեսով ու յուրահատուկ գեղագիտությամբ։

«Մոմիկ» հեղինակայաին այլընտրանքային ֆիլմն ըստ արժանվույն գնահատելու մեր պատրաստակամությամբ  չափվելու է բարձր արվեստի ու  ազգային արժեքների  նկատմամբ մեր հարգանքն ու գիտակցումը։

M1

M2

M4

M5
M3

Պատրաստեց՝ Նաիրա Փայտյանը