54d269e40b8f6_mediumՀայկական կինոմատոգրաֆի ամենաշովինիստական կինոկատակերգությունը. հենց այս բնորոշումն է իր նոր՝ «Ժաննա» ֆիլմին տալիս ռեժիսոր Արա Երնջակյանը: Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ լեցուն դահլիճում: «Ժաննա» կինոնկարում բացեիբաց խոսվում է հայի բարոյական կերպարի մասին, որն ավելի բարձր է, քան շատ եվրոպացիներինը:
«Առաջին հայացքից ծանոթ պատմություն է. 600 տարի առաջ Ժաննա դ՛Արկն ազատագրեց Օռլեանը, իսկ հետո նրան այրեցին: Իրականում ֆիլմը մեր՝ հայերի մասին է: Այս ֆիլմը յուրահատուկ գովազդ է: Այն հայ տղամարդու գովազդն է: Դրա կարիքը վաղուց էր հասունացել. ֆեմինիստական շարժումները հանգեցրին նրան, որ հայ տղամարդը սկսեց վերանալ: Մենք կհասնենք նրան, որ հայ տղամարդիկ դինոզավրի նման կվերանան, ինչն իսկապես սպառնալիք է: Ֆիլմում լուրջ բաների մասին անլուրջ ձևով ենք խոսում»,- նշեց Արա Երնջակյանը: Ապա կես կատակ-կես լուրջ ասաց, որ հաջորդ ֆիլմը հայ կանանց մասին է նկարահանելու:
Դերասան Ռաֆայել Երանոսյանն էլ հայտնեց, որ ֆիլմը նկարահանվել է կամերային թատրոնի դերասանների ուժերով. «Ֆիլմում կա ճիշտ հումոր, ճիշտ կերպարներ, ճիշտ է նկարահանված, հանդիսատեսին մտածելու տեղիք կտա: Հայ տղամարդն ապացուցում է, որ իրոք տղամարդ է, ընտանիքի հայր»:
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպիսի բարքեր են այժմ Եվրոպայում, ինչպես է այն լցվել համասեռամոլներով: Դրան հակառակ՝ հայը հավատարիմ է մնում իր արժեհամակարգին և բարոյական կերպարին: Արծարծվում են նաև հայաստանյան արդիական խնդիրներ ու երևույթներ՝ Լեռնային Ղարաբաղի հարց, «Դեմ եմ» շարժում և այլն: Ֆիլմում նկարահանվել են դերասններ Անի Գրիգորյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Սենիկ Բարսեղյանը: Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն Արա Երնջակյանն է, կոմպոզիտորը՝ Վահե Գրիգորյանը: