_ZAS20682014-ը փարաջանովյան էր: Վարպետի 90 ամյանկին նվիրված հանդիսություններ՝ հոբելյանական երեկոներ, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ կազմակերպեցին Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում: Տարիների հետ ավելի ու ավելի է կարծրանում համոզմունքը՝ փարաջանովյան արվեստի նկատմամբ հետաքրքրությունն աճում է, նրա դասական անունն այցեքարտ է Հայաստանի համար:

Փարաջանովյան արվեստի հանրահռչակումը Վարպետի թանգարանի առաջնային նպատակներից է: Թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը քաջատեղյակ է Փարաջանովին նվիրված ցանկացած միջոցառմանը. ինքը ևս հանդես է գալիս նախաձեռնություններով: Անցյալ տարվա հոբելյանական միջոցառումներից Զավեն Սարգսյանն առանձնացնում է ամենանշանակալից իրադարձությունները, որոնք փարաջանովյան արվեստի ընկալումների շրջանակներն ավելի են ընդարձակել:

Իտալացի աշխարհահռչակ սցենարիստ, գրող Տոնինո Գուերայի ու Սերգեյ Փարաջանովի մտերմության մասին ինքը՝ Տոնինո Գուերան հայաստանյան այցերի ժամանակ հուզմունքով էր հիշում: «Փարաջանովը հանճար էր, ու ես ամեն վայրկյան այդ գիտակցումով եմ  դիտում նրա ֆիլմերն ու կոլաժները, որ ուղղակի ֆանտաստիկ են»,-ասում էր Գուերան:

Ռաֆայելի ծննդավայրում՝ Ուրբինոյում, բացվել էր Գուերայի ցուցահանդեսը: Ներկայացված աշխատանքների մեջ էին նաև Փարաջանովի երեք կոլաժները, որոնք նա նվիրել էր իր իտալացի ընկերոջը: Ցուցահանդեսի կատալոգի մի ամբողջ գլուխը նվիրված է եղել Փարաջանովին: Արվեստագետի այրին՝ Լորան, հրավիրել էր նաև Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին: Նա պատմում է, որ հանդիսությանը ներկա էին եվրոպացի հայտնի արվեստաբաններ: Նրանցից Վիտորիո Սկարբին Զավեն Սարգսյանից խնդրել է Փարաջանովի ստեղծագործությունների ալբոմը: Ելույթների ժամանակ կատալոգի հեղինակներից մեկն իր խոսքում ասել է՝ վրաց ռեժիսոր Փարաջանով: Զավեն Սարգսյանն արվեստաբանին տեղեկացրել է, որ Փարաջանովն ազգությամբ հայ է:  Իտալացին ներողություն է խնդրել և ասել, որ ինքը չգիտեր դրա մասին: Զավեն Սարգսյանը նկատում է, որ չի կարելի անգամ արվեստաբաններին մեղադրել անտեղյակության մեջ, որովհետև Փարաջանովի կենսագրության մեջ նշված է՝ Փարաջանովը ծնվել է Վրաստանում: Ուստի և ընթերցողը ենթադրում, որ նա վրաց արվեստագետ է: Օտարազգի շատ արվեստագետներ գրավոր և բանավոր նշում են՝ ռուս ռեժիսոր, վրաց ռեժիսոր, ուկրաինացի ռեժիսոր Փարաջանով: «Մեր խնդիրն է բոլոր հնարավոր դեպքերում տեղեկացնել մարդկանց, որ Փարաջանովը հայ է: Սա շատ կարևոր է: Փարաջանովի հայ լինելը պետք է անընդհատ շեշտվի: Յուրաքանչյուր ազգ հպարտ կլիներ, եթե նման արվեստագետ ունենար»,- նշում է Զավեն Սարգսյանը:

Անցյալ տարի Փարաջանովի հոբելյանին նվիրված ցուցահանդեսներ կազմակերպվեցին Մոսկվայում, Նյու-Յորքում: Զավեն Սարգսյանը հիացած է այն ցուցահանդեսով, որ ներկայացվեց  մեր Ազգային Ժողովում: Անցյալ տարի Հայաստանի մարզերի ու Արցախ աշխարհի դպրոցականների համար այցելություններ կազմակերպվեցին Փարաջանովի թանգարան: Ճանաչողական այցից հետո, ըստ պայմանավորվածության, երեխաները պետք է իրենց զգացածն ու ընկալածն արտահայտեին. ազատ ստեղծագործություն՝ Փարաջանովի արվեստի ազդեցությամբ: Բազմաթիվ աշխատանքներից ընտրվել էին 70 լավագույնները և ներկայացվել ԱԺ-ի ցուցասրահում: Փարաջանովի թանգարանի տնօերնն ուղղակի հիացած է 10-12 տարեկան երեխաների ստեղծագործական երևակայությամբ ու գեղեցիկի ընկալման ունակություններով: Նա նույնիսկ առաջարկել է, որ որոշ աշխատանքներ տեղ գտնեն Փարաջանովի թանգարանում: Զավեն Սարգսյանն իր համակարգչով անընդհատ թերթում էր երեխաների պատրաստած կոլաժների լուսանկարները՝ չզսպելով հրճվանքն ու գոհունակությունը: Երեխաներն իրենց մանկական անաղարտ ընկալումներով ու չմիջնորդավորված զգացողությամբ ներթափանցել են փարաջանովյան աշխարհ ու սովորել ամենադժվարն ու կարևորը՝ Փարաջանովի հետ հաղորդակցվելու յուրահատուկ լեզուն:

Հոբելյանական տարին անցավ, սակայն Փարաջանովի արվեստի նկատմամբ նվիրումն ու խոնարհումը շարունակում է արվեստասերների ուշադրությունը հրավիրել նորանոր նախաձեռնությունների վրա: Հունվարի 5-ին Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել Սերժ Ավետիքյանի «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Հետաքրքիր է, որ երբ 1988-ին Փարաջանովը եկել է Փարիզ, վրացական կինոյի օրերի շրջանակում հենց այդ կենտրոնում  է ցուցադրել «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմը: Զավեն Սարգսյանը  Փարիզ է տարել իր  «Փարաջանովի աշխարհ»  լուսանկարների շարքը: Ցուցահանդեսը բացվել է Պոմպիդուի ճեմասրահում: Երկու օր անց «Փարաջանով» ֆիլմի պրեմիերան եղել է նաև Լիոնում, այնուհետև Բոդոյում, Մոնպելեում: Փաստորեն, Ֆրանսիայում սկսվեցին ֆիլմի կինոթատրոնային ցուցադրումները: Զավեն Սարգսյանը պատմում է, որ մի փոքր խանգարեց Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը: Մարդիկ դեռ վախենում էին անգամ փողոց դուրս գալ ու կինոթատրոններ հաճախել:

Սերժ Ավետիքյանն օրերս զանգել է Զավեն Սարգսյանին ու տեղեկացրել, որ փարիզյան պարբերականներից մեկը ցանկություն է հայտնել տպագրել Փարաջանովի բանտի տարիների  նամակներից: Զավեն Սարգսյանը մի քանիսն ընտրելու, թարգմանելու և ուղարկելու է Փարիզ՝ հրատարակության:

Բրյուսելից ցանկություն են հայտնել այս տարի  Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառում կազմակերպել ու նպատակային են համարել այդ առիթով Փարաջոնվի ցուցահանդեսը կազմակերպել: Անցյալ տարի Բրյուսելից արվեստաբաններ են եկել Երևան, այցելել Փարաջանովի թանգարան: Զավեն Սարգսյաը նրանց ավելի հանգամանալից է ծանոթացրել փարաջանովյանի արվեստին, ուղեկցել Հաղպատ ու Սանահին, որպեսզի նրանք տեսնեն, թե որտեղ է նկարահանվել «Նռան գույն» ֆիլմը: Պատվիրակության կազմում է եղել ֆրանսիացի հայտնի կինոքննադատ, արվեստաբան Էրիկ Բուլոն, որը Փարաջանովի մասին գիրք է գրել: Ամենայն հավանականությամբ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը կկայանա Բրյուսելի «Պողոսյան» հիմնադրամի շենքում: Նախաձեռնության հեղինակները Փարաջանովի արվեստի միջոցով ուզում են եվրոպացիների ուշադրությունը հրավիրել հայ ժողովրդի մեծագույն ողբերգության պատմական փաստի վրա՝ ցույց տալու համար, թե ինչ հանճարներ է ծնել  ցեղասպանության դատապարտված հայ ժողովուրդը:

_ZAS2171

_ZAS2156

_ZAS2125a

_ZAS2123

_ZAS2120

 Պատրաստեց՝  Նաիրա Փայտյանը

Լուսանկարները տրամադրել է  Զավեն Սարգսյանը։