15-parajanovՀայ մեծերի պանթեոնը հունվարի 9-ին այցելուներ անպայման ունենում է: Ամեն տարի այդ օրը Սերգեյ Փարաջանովի շիրմաքարին են դրվում նռան գինով լի թասեր, նուռ ու ծաղիկներ: Վարպետի մտերիմների ու ընկերների շարքերը տարեցտարի նոսրանում են, բայց նրա առեղծվածային կերպարի մասին հուշերը լեգենդի նման փոխանցվում են բերնեբերան, ու ամեն տարի՝ իր ծննդյան օրը, Փարաջանովի նկարագիրը վերընձյուղվում է կենդանի ոգեղենությամբ: Մի թաս նռան գինով արվեստագետները շնորհավորում են Վարպետի ծնունդը, խնկարկում նրա հիշատակն, այնուհետև շտապում Փարաջանովի թանգարան, որտեղ հյուրերին մատուցվում է ավանդական հարիսան: Այսպես են նշում Փարաջանովի ծննդյան օրը:

Ասում են՝ Փարաջանովն առանձնապես չի սիրել հարիսա, չի սիրել նաև իր ծննդյան օրը: Փոխարենը մեծ շուքով է տոնել որդու ծննդյան օրը: Իսկ առհասարակ նա կարող էր ամեն օրը տոն դարձնել:

Լրացավ Փարաջանովի 91 ամյակը: Վարպետի ծննդյան օրն առիթ էր՝ նորից թարմացնելու հիշողությունները և վերարժևորելու նրա արվեստը:

Ստեփան Անդրանիկյան– Փարաջանովին հանդիպել եմ շատ պատահաբար: Մոսկվայում տրոլեյբուսով գնում էի: Տոմսավաճառը մոտեցավ. մենք պետք է տոմս գնեինք: Հանկարծ մի երիտասարդ ասաց նրան, որ ինքը իսպանացի է ու ավելացրեց, որ ես, ևս մի քանի կապուտաչյա երիտասարդներ նույնպես իսպանացիներ ենք: Ես անակնկալի եկա: Հետո իջանք տրոլեյբուսից: Երիտասարդը մոտեցավ ինձ ու կոտրտված հայերենով հարցրեց. հա՞յ ես: Պատասխանեցի՝ հայ եմ: Ծիծաղելով ասաց՝ ես ել շուռ տված հայ եմ: Այդպես ծանոթացանք: Նա Փարաջանովն էր, ու անգամ տրամվայում իրեն դրսևորեց Փարաջանովի պես: Սովորում էր ՎԳԻԿ-ի 3-րդ կուրսում, իսկ ես այդ տարին էի ընդունվել բուհ: Այդպես մենք ընկերացանք: Երբ ուզում  էր նկարահանել «Նռան գույնը», եկավ Երևան ու ինձ ասաց. «Ես այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում: Բայց ուզում եմ ֆիլմ նկարել, կօգնե՞ս ինձ նկարահանող խումբ հավաքել»: Ես լավ էի ճանաչում երևանյան մասնագետներին: Դարձա «Նռան գույնի» բեմադրող-նկարիչը: Հետո շրջեցինք Հայաստանով մեկ, որպեսզի նա ընտրի ֆիլմի նկարահանման վայրերը: Այդպես սկսվեց մեր համագործակցությունը:

Իր ծննդյան օրերին նա ավելի շատ սիրում էր նվերներ տալ, քան նվեր ընդունել: Այդպիսին էր Փարաջանովը՝ ոչ սովորական ու անկանխատեսելի:

Դավիթ Մուրադյան –  Նա արդեն հայտնաբերված կինոն նորից հայտնաբերեց: Այն, ինչ արեց, իրենից առաջ արված չէր, և իրենից հետո էլ չի արվի: Փարաջանովը սովորեցրեց արվեստում լինել համարձակ, ազատ, նորարար լինելու համար հնարավորինս խորքերը գնալ:  «Մոռացված նախնիների ստվերները » ֆիլմը նորություն էր, նոր կինոլեզու էր: Նա հայտնաբերեց գուցուլմների կյանքի նախահիմքերը, նորությունը թեմայի խորքերը գնալն էր:  «Նռան գույնն» առաջին քրիստոնեական ֆիլմն է ամբողջ սովետական կինոյի պատմություն մեջ՝ առաջին ու միակ: Խորապես քրիստոներական  ֆիլմ է: Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյովում» դրա նշանները կան, բայց «Նռան գույնն»  ամբողջովին հայոց քրիստոնեական մշակույթի կենսահիմքերից է  բխում: Դարձյալ դեպի խորքերը գնացող հայացք է «Նռան գույնը»: Ոչ միայն հայկան մշակութային գիտակցության՝ ծեսի, ավանդույթի,  այլև մարդ արարածի հոգու խորքերը ցույց տվող ֆիլմ, որովհետև  կինոխցիկը մարդու հոգուն է նայում և ոչ թե մարդուց՝ աշխարհին: Աշխարհից նա նայում է մարդու հոգու մեջ: Պոետն ինչպես է իր հոգու մեջ դառնում պոետ: Ինչպես են երգն ու բանաստեղծությունը ծնվում նրա հոգու մեջ, ինչպես է անցյալն անջնջելորեն ապրում մարդու հոգու մեջ: Ինքը խորությունների պոետ էր, և իր բարձրությունն իր խորության մեջ էր:

Լևոն Իգիթյան – Զարմանալի է. մեր սերունդն ապրել է հանճարների կողքին, մենք քայլ ենք գցել հանճարների հետ, հասկանո՞ւմ եք: Դա բախտավորություն է. տեսնել Փարաջանովին, շփվել նրա հետ ու սովորել նրանից: Այդ հնարավորությունը մենք ունեցել ենք: Հիմա, ճիշտ է, տեղից վեր կացողը պատմություններ է պատմում Փարաջանովի մասին, բայց ախր  չեն տեսել, ծանոթ չեն եղել նրան:

Մի անգամ հավաքվել էինք Մինաս Ավետիսյանի արվեստանոցում: Հանկարծ Փարաջանովը ռուսերեն ասաց. «Տղերք, ախր էսօր ես ծնվել եմ»: Մեզանից ոչ ոք չէր հիշել, որ այդ օրը նրա ծնունդն է: Տղաներից ամեն մեկը մի կողմ վազեց. գնացին ուտելիք, խմիչք բերելու:  Փարաջանովն իր տարեքի մեջ էր: Իսկական տոն դարձրեց օրը: Տեղում ձեռքի տակ եղած իրերով հանպատրաստից կոմպոզիցիաներ արեց, շուրջբոլորն ամեն ինչ գործողության մեջ դրեց, ստեղծագործեց ֆանտաստիկ վարպետությամբ ու ճկունությամբ: Ափսոսում եմ, որ այդ պահին կինոխցիկ չունեի, այլպաես իսկական ֆիլմ կստացվեր:

 

Նաիրա Փայտյան