Nikolay-Davtyan_2«Պատերազմի վավերագրողները» շարքի հերթական հերոսը՝ Նիկոլայ Դավթյան. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը, հետագայում Մոսկվայում հետևել է հեռուստատեսության բարձրագույն դասընթացի: Հեռուստատեսությունում է 1969 թվականից, աշխատել է Մոսկվայի կենտրոնական, Հայաստանի հանրային, Եկատերինբուրգի և Լեռնային Ղարաբաղի մարզային հեռուստատեսություններում, ինչպես նաև ՀՀ պետական կառույցներում: Մասնակցել է մի շարք համամիութենական ու միջազգային մրցույթների և արժանացել տարբեր մրցանակների ու պետական պարգևների:

«Ուրախ Գյումրիում», «Մեղապարտը», «Ասում են, թե… », «Մարդ կոչվելու իրավունք», «Բերքի տոն», «Փախստականները», «Երևան-Բաքու», «Քեռի, Վալյա», «Ստեղծագործելու բանաձև», «Գյուրջիևի գաղտնագիրը», բազմաթիվ այլ փաստագրական ֆիլմերի հեղինակ:
Հեռուստատեսություն եկավ 1969 թվականին: 1983 թվականին վիրավորված հեռացավ Հայաստանից: Վիրավորվել էր, որովհետև «Հայֆիլմում» մերժել էին վավերագրական ֆիլմ նկարահանելու մեծ ցանկությունն ու առաջարկը: Մեկնեց Եկատերինբուրգ, ուր երեք տարի զբաղվեց սիրած գործով՝ ֆիլմեր նկարահանելով: «Ի՞նչը Ձեզ ստիպեց կրկին վերադառնալ Հայաստան», հարցին ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը պատասխանում է.

– Հայաստանից մեկնելիս հետս մի աղջիկ կար՝ ապագա կինս: Երբ նա հարցրեց, թե ինչու եմ հեռանում Հայաստանից, վերցրի թուղթն ու գրեցի 99 պատճառ: Իսկ երբ արդեն կինս, տղաս և ես վերադառնում էինք, հարցրեց, թե ինչու եմ որոշել վերադառնալ, ես կրկին վերցրի թուղթն ու գրիչը և արձանագրեցի Հայաստան վերադառնալու 106 պատճառ»:

– Շատ հետաքրքիր է իմանալ պատճառնելից գոնե մեկը:

– Երբ հեռանում էի Հայաստանից, վրդովված մտածում էի՝ հայը հային ո՞նց կարող է խաբել: Վերադառնալիս մատածում էի՝ գոնե հայը խաբի:
Եկատերինբուրգից վերադառնալուց հետո մի զրույց ունեցա Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ Ստեփան Կարպիչի հետ: Նա ինձ առաջարկեց աշխատանքի անցնել Գյումրիում կամ Ստեփանակերտում, որտեղ ցանկանում էին բացել հեռուստատեսության ստուդիա: Ընտրությունս կանգ առավ վերջինի վրա:
1988-ի փետրվարի 1-ին՝ հանրահավաքներից ընդամենը օրեր առաջ, աշխատանքի անցա Արցախի նորաբաց հեռուստատեսությունում: Ստեփանակերտի հրապարակում անցկացվող հանրահավաքների առաջին կադրերը իմ և Գագիկ Սիմոնյանի աշխատանքներն էին: Շատ հետաքրքիր էր, ամեն ինչ ուզում էինք նկարել: Հեռուստատեսությունում երբեմն խորամանկության էինք դիմում. մի անգամ ռազմագիտության մասնագետի էինք հրավիրել, որը եթերում բացատրում էր, թե ինչպես կարելի է ինքնաշեն նռնակ պատրաստել: Հաջորդ օրը, երբ հատուկ կառավարման կոմիտեի ներկայացուցիչը եկավ ու սկսեց նախատել, պատճառաբանեցինք, որ երեխաների անվտանգության համար ենք արել, որպեսզի նրանք նռնակներ գտնելու դեպքում կարողանան ճիշտ վարվել և չվնասվել: Պատկերացրեք, որ հաճախ կարողանում էինք համոզել:
1991 թվականին Արցախի հեռուստատեսությունը ռմբակոծության ենթարկվեց, ու դադարեց աշխատանքը: Ես վերադարձա Երևան, պաշտպանության նախարարությունում հիմնեցինք վավերագրական ֆիլմերի ստուդիա:

1529913_10203873039850083_6989492039389205504_o

– Ուրեմն պատերազմի վավերագրությունը կարելի է համարել Ձեր կենսագրության արցախյան շրջանի երկրորդ փուլը: Եղե՞լ եք բոլոր ռազմաճակատներում:

– Ներկա պաշտպանության նախարար, այն ժամանակ շտաբի պետ Սեյրան Օհանյանն ինձ մի ազդեցիկ փաստաթուղթ էր տվել, որի շնորհիվ իմ ղեկավարած նկարահանման խումբը կարող էր մուտք գործել ամենուր: Դա մեզ համար կանաչ ճանապարհ էր բացել: Սեյրան Օհանյանի հետ հիմնականում Ստեփանակերտում եմ հանդիպել, շատ բանիմաց, գրագետ ու հետաքրքիր անձնավորություն է:

Առաջին անգամ կրակահերթի տակ ընկա Շահումյանում: Հիշում եմ՝ երբ կրակում էին ռուսական ուղղաթիռից, ես մի քար էի փնտրում, որի տակ կարողանայի պաշտպանվել, քիչ էր մնում հողը փորեի ու գետնի տակն անցնեի: Ասեմ, որ միայն հիմարը չի վախենում փամփուշտներից, բայց պատերազմ էր, իսկ մենք պետք է նկարեինք, խոշոր պլանով նկարելու համար հաճախ առաջնագծում պիտի լինեինք:

Հանգուցյալ Տիգրան Գևորգյանի հետ մի շատ հետաքրքիր գործողության էինք մասնակցում: Բոյ-Ախմեդլի գյուղի գրավման ժամանակ Սամվել Օհանովի ջոկատի կազմում էինք, որտեղ, կարելի է ասել, մահապարտներ էին, որովհետև գնում ես ու չգիտես՝ առջևում ինչ ծուղակ է պատրաստել թշնամին: Տիգրանի ձեռքին տեսախցիկ կար, նկարում էր, իսկ ես զենքով էի, առջևից նրան պաշտպանելով՝ առաջ էինք շարժվում: Բաց դաշտ, երկու կողմերից կրակում են, իսկ մենք կրակի տակ վազում ենք: Երբ գյուղ հասանք, Տիգրանը տեսախցիկն անջատեց, հարցրի՝ ինչքան է նկարել, ասաց՝ 42 րոպե: Շատ զարացա, ինձ թվում էր, որ վազել ենք հինգ ժամից ոչ պակաս:
Եթե հետ նայենք մեր անցած ողջ պատմությանը, կհասկանանք, որ այս ազգը պարզապես չի կարող պարտվել: Մեզ Աստված է պահում, այս ամենն անբացատրելիի տիրույթից է: Այդ թեմային ինչ-որ կերպ փորձել եմ մոտենալ «Գյուրջիևի գաղտնագիրը» ֆիլմում:

10384015_10204325124591919_492466859888164281_n

Արցախյան թեմային նվիրված ռեժիսորի առաջին ֆիլմը կոչվում է «Պրկված ճոպան»: Այն ցուցադրվել է խորհրդային բոլոր հանրապետություններում՝ բացառությամբ Հայաստանի: Աբսուրդը Նիկոլայ Դավթյանը դժվարանում է մեկնաբանել: Արցախյան թեմային է նվիրված նաև «Ասում են թե…» ֆիլմը, որը հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվել է մոտ 20 անգամ: Արցախը ներկայացնող այս ֆիլմը 1988-ին Քիշնևի փառատոնում հաղթանակի արժանացավ: Մրցողների թվում նաև Հայաստանն էր: Ադրբեջանցիները ցուցադրաբար լքել էին դահլիճը, որովհետև ֆիլմում նրանց համար ցավոտ դրվագ կար՝ պատռված քարտեզ, որտեղ արցախյան հատվածն ինքնաբերաբար միավորվում է Հայաստանի հետ:

– Ստեփանակերտում ֆիլմ նկարեցի մի կույր ծերունու մասին: Փախստական էր, Բաքվից: Աղջիկը, թոռն ու փեսան նրան ինքնաթիռով բերել էին Երևան, թողել օդանավակայանում ու ասել՝ կգնաս Ստեփանակերտ: Կույր ծերունին մնացել էր միայնակ՝ Երևանի օդանավակայանում կանգնած: Հետո ինչ-որ կերպ նրան հասցրել էին Ստեփանակերտ: Հիմա էլ այստեղ էր մենակ մնացել օդանավակայանում: Անահիտ անունով մի կին նկատել էր ծերունուն, օգնել ու տեղավորել: Նրա հետ հարցազրույց արեցի, դաժան պատմություն էր, բայց ամենադաժանը ոչ թե թուրքերի, այլ հայի՝ նրա հարազատ աղջկա արածն էր:

Նիկոլայ Դավթյանի ֆիլմերում իրենց հերոսությամբ ու մարդկային անկրկնելի տեսակով անմահացել են Շահեն Մեղրյանը, Մոնթեն, արցախյան հայտնի ու անհայտ այլ հերոսներ ևս: Ֆիլմերից շատերը, ցավոք, ոչնչացել են Ստեփանակերտի հեռուստաստուդիայի պայթյունի հետևանքով: Կինոարարման գործը ռեժիսորն այսօր էլ շարունակում է՝ հերոսներ գտնելով արվեստի, գիտության ու այլ բնագավառներում: Նկարահանած վերջին ֆիլմը, որի պրեմիերան կկայանա փետրվարի սկզբին, նվիրված է հայ կինոյի լեգենդ, կինոօպերատոր Լևոն Աթոյանցին, որ նույնպես արցախյան պատերազմի վավերագրողներից է:

– Ֆիլմը կոչվում է «Հիշողության ֆիլմադարան»: Ինձ շատ հետաքրքիր էր՝ ի՞նչը Լևոն Աթոյանցին բերեց ու դարձրեց օպերատոր: Շատ հետաքրքիր, անգամ տարօրինակ է նրա ուղին դեպի կինո: Թիֆլիսեցի փոքրիկ խուլիգան մի տղա, որը Քուռի ափին մի անգամ տեսել էր, թե ինչպես են «Գիքոր» նկարում, հետո էլ «Պեպոն» է իրենց փողոցում նկարվել: Տան շքամուտքում երեխաների համար ֆիլմեր է ցուցադրել, անձամբ կինոպռոեկտոր (կինոանդրադարձիչ) է պատրաստել: Առաջին դասարանում, երբ դիտել է «Տասներեքը» ֆիլմը, բոլորը դահլիճից հեռացել են, իսկ ինքը թաքուն մնացել է, որպեսզի սավանի հետևում ստուգի՝ որտեղ են թաքնված ձիերը: Այս ամենին գումարած՝ բազմաթիվ խուլիգանություններ, որոնք նա կարողանում է անել:

– Մի՞թե կինոն մի մեծ խուլիգանություն չէ, իսկ ռեժիսորն ինքը՝ իսկական խուլիգան: Ո՞վ է ռեժիսորը, եթե ոչ մեկը, որ բոլորովին այլ հայացքով է դիտում և վերարտադրում կյանքը:

– Այսօր ես դասավանդում եմ հեռուստատեսային ստուդիայում, ռեժիսորական կուրս ունեմ: Իմ ուսանողներին հիմնականում մի քանի բան եմ ուզում սովորեցնել՝ լինել ուշադիր, նկատել մանրուքները և նկատածը գրի առնել: Եթե ինչ-որ մեկն այդքանն անում է, 50 տոկոսով արդեն ռեժիսոր է, եթե մի փոքր ավելին է նկատում, նաև օպերատոր է: Այո՛, օպերատորն ավելին է նկատում: Մենք ինչքան շատ ենք նկատում, այնքան շատ ենք տալիս: Հայ կինոյի այսօրվա վիճակը պայմանավորված է նաև նրանով, որ քիչ են նկատում, անտարբերություն կա ընդհանրապես:

1381163_10202199505892780_1839072247_n

Նիկոլայ Դավթյանն այսօր միաժամանակ մի քանի նախագծերի վրա է աշխատում: Մեկը նվիրված է հայկական այբուբենի առեղծվածին, որը, ըստ ռեժիսորի, կրում է նաև հայկական գենի անմահության գաղտնագիրը: Մյուս ֆիլմը նվիրված է Հայրենական պատերազմին:

– Ես մարդ եմ, որը սիրում էր Խորհրդային Միությունը: Հիմա էլ եմ սիրում, որովհետև այն ժամանակ կային շատ դրական բաներ: Այս տարի նշվում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը: Իմ պապն էլ մասնակցել է այդ պատերազմին, հետևաբար ես չեմ կարող անտարբեր անցնել այդ պատմության կողքով:
Ղրիմում կա մի փառատոն, որը կոչվում է «Հաղթեցինք միասին»: Ես հրավեր ստացա այդ փառատոնից ու ֆիլմ եմ պատրաստում՝ «Իսկ գերեզմանատանն ամեն ինչ խաղաղ է»: Ֆիլմի հերոսները մարդիկ են, որոնք պատերազմի տարիներին մահացել են այնտեղ՝ հոսպիտալներում: Զրույցը գերեզմանոցում է: Օրինակ՝ մահացածներից մեկին դիմում եմ՝ հայրի՛կ, իսկ նա ասում է՝ ի՞նչ հայրիկ, ես 22 տարեկան եմ: Ասում է՝ դու ռազմաճակատում չես եղել, իսկ ես պատասխանում եմ՝ եղել եմ: Հարցնում է՝ ո՞ր թվականին ես ծնվել, ասում եմ՝ 1953: Հարցնում է՝ ի՞նչ է, գերմանացին նորից հարձակվե՞լ է: Ո՛չ, գերմանացին չի հարձակվել, սա ուրիշ պատերազմ է: Որքան էլ նա ստիպում է, ես չեմ պատասխանում, չեմ ուզում նրան պատմել ղարաբաղյան պատերազմի մասին, որովհետև նրանք այնտեղ պիտի հանգիստ ապրեն: Նրանք միմյանց հետ չեն կռվել: Այնտեղ հայ կա, վրացի կա, ռուս ու ադրբեջանցի: Ինչպե՞ս բացատրեմ նրանց, որ ռուսն ու ուկրաինացին, հայն ու ադրբեջանցին այսօր իրար սպանում են:

Ալիսա Գևորգյան

 

 

 

 

 

 


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը

«Մենք կապող օղակ էինք քաղաքի ու ճակատի միջև». Արթուր Ներսիսյան

 Արթուր Ներսիսյանը  1988-2005 թթ. աշխատել է Արցախի հեռուստատեսությունում որպես օպերատոր, 1995-96 թթ.` գլխավոր օպերատոր, ներկայումս գործադիր տնօրենն է, մի շարք հեռուստաֆիլմերի...