Փարաջանովի հետ մեկ օր, որ մի ամբողջ կյանք արժե
Փարաջանովի մասին պատմություններն ու հուշերն անվերջ են։ Սերունդներին Փարաջանովը կարող էր ավելի մեծ կինոժառանգություն թողնել, եթե չլինեին նրա կինոյի նկատմամբ արգելքներն ու բանտային տարիները։ Փարաջանովի շուրջը մշտապես պտտվել են նրա արվեստով ու կերպարով հետաքրքրվածները, բայց ոչ բոլորին է տրված եղել նրա աշխարհ ներթափանցելու իրավունքը։ Ազգագրագետ Լևոն Աբրահամյանն իր մորուքի շնորհիվ է նկարահանվել Փարաջանովի «Նռան գույն» ֆիլմում. նա մարմնավորել է երիտասարդ քահանայի և կաթողիկոսի։ Ծանոթության առաջին պահից սկսած՝ Լևոն Աբրահամյանն առիթը բաց չի թողել՝ վայելելու Փարաջանովի ներկայությունը։ Ավելին. նա եղել է Վարպետի կողքին նաև որոշ դիպվածների ժամանակ։ Լևոն Աբրահամյանի հուշերը Փարաջանովի չնակարած ֆիլմերի մասին են։ Նա պատմում է ընդամենը մեկ օրվա մասին, որ անցկացրել է Փարաջանովի հետ։
Մեր կինոն կարող էր կունենալ պատերազմի մասին քննադատական ֆիլմ, բայց չունեցավ
-Հիմա դրան անվանում են թրեյլեր։ Այն ժամանակ ռեժիսորը պետք է փոքր ֆիլմ նկարեր ու ներկայացներ «վերևներին»։ Եթե հաստատվեր, նշանակում է ֆիլմն իրավունք ունի նկարահանվել։ Փարաջանովն ուզում էր Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմ նկարել։ Նրա սցենարում ներկայացվում էր, թե ով է պատերազմի իսկական հերոսը։ Օրինակ՝ գեներալի մի կերպար կար՝ բազմաթիվ մեդալներով։ Փարաջանովի ֆիլմում գեներալն իր մեդալներով կշռվում էր։ Մեկ այլ հերոս՝ ոտքերից զրկված մի վետերան, հաշմանդամի սովետական մեքենայով (տռտռիկ էին ասում) շրջում էր Կիևի «Հաղթանակի» հրապարակում։ Իսկ ամբողջ ֆիլմում անընդհատ անցնում էր մի բանվոր՝ ուսին ջրի խողովակ՝ խաչի ձևով։ Բանվորն ուզում է խողովակով մտնել մետրո, բայց թույլ չեն տալիս։ Չթույլատրեցին ֆիլմը նկարահանել՝ պատճառաբանելով, թե ռեալիստական չէ։ Որոշ կադրեր նրա մյուս՝ նկարահանված ֆիլմերում ընդգրկվել են, բայց ամբողջական ֆիլմի գաղափարն այդպես էլ չիրականացավ։
Սոֆիկո Չիաուրելիի չստացած «Օսկարը»
-Շուշանիկը Վարդան Մամիկոնյանի դուստրն է, որը թե՛ հայերի, թե՛ վրացիների սրբերից է։ Նա միակ հայն է, որը վրացիների ամենասիրելի, պաշտելի սուրբն է։ «Շուշանիկի տանջանքները» միջնադարյան գրքով սկիզբ է դրվել վրաց գեղարվեստական գրականությանը։ Փարաջանովը սցենար էր գրել սուրբ Շուշանիկի մասին։ Շատ հետաքրքիր սցենար էր՝ գրված հատուկ Սոֆիկո Ճիաուրելիի համար։ Թեև Սոֆիկոն բոլոր ֆիլմերում հրաշալի է խաղացել (չկար մեկը, որ սիրահարված չլիներ նրան), բայց նա խելացի կին էր, հասկանում էր, որ հենց Շուշանիկի դերն է իրեն «Օսկար» բերելու։ Սակայն «Շուշանիկի տանջանքներն» էլ դարձավ Փարաջանովի հերթական չիրականացած ֆիլմը։ Թբիլիսիի կինոգործիչների ժողովի ժամանակ չհաստատեցին սցենարը։ Սոֆիկոն շատ խիստ ելույթ ունեցավ ի պաշտպանություն ֆիլմի։ Պետք էր խիստ լինել ու խարազանել, ֆիլմն արգելողների երեսին ասել ճշմարտությունը։ Սոֆիկոն միշտ եղել է Փարաջանովի կողքին. նրա մուսան էր։ Ասեկոսեներ կային, որ այդ ելույթի պատճառով Սոֆիկոյի դիրքերը Վրաստանում մի քիչ թուլացան։ Կինոգործիչների ժողովի ժամանակ պարզ ասվեց, որ Շուշանիկի մասին ֆիլմը չպետք է հայ կինոռեժիսոր նկարի, այլ միմիյան վրացի։ Փարաջանովի վիրավորանքն այնքան խորն էր, որ երբ որոշվեց Երևանում ստեղծել նրա թանգարանը, Վարպետն անմիջապես համաձայնությունը տվեց։ Փաստորեն, «Շուշանիկի տանջանքները» ֆիլմն արգելելն ու Փարաջանովին հասցված վիրավորանքն են մեծ դեր խաղացել, որ մենք Երևանում ունեցանք Փարաջանովի թանգարան։ Փարաջանովն իր համաձայնության մասին առաջինն ինձ է հայտնել։ Զավեն Սարգսյանը քաղաքում չէր, Փարաջանովն ինձ ասաց, որ հաստատ որոշել է` իր թանգարանը լինի Հայաստանում և հենց Զավենը գա, նրան հաղորդեմ իր վճռի մասին։
Նամակ Բրեժնևին
– Շատ ֆիլմեր կան, որ Փարաջանովին թույլ չտվեցին նկարել. դրանք դառնալու էին գլուխգործոցներ՝ բանտային ֆիլմերը, այսինքն՝ բանտում գրված սցենարները։ 1974-ին Փարաջանովը կալանավորվեց։ Մոտ մեկ տարի նստեց։ 1978-ին դուրս եկավ բանտից ու 2 օրով եկավ Մոսկվա։ Ես հիմա պատմում եմ մեկ ամբողջ օրվա կատարվածը։ Դիմավորեցի նրան։ Ինձ տեսնելով՝ ասաց. «Դու ավելի կինեմատոգրաֆիկ ես դարձել»։ Պատասխանեցի. «Պատրաստ եմ խաղալ Ձեր ցանկացած ֆիլմում»։ «Ես այդ ֆիլմերը չեմ կարող նկարել. ընդհանրապես կինո էլ չեմ կարող նկարել. ինչ որ ես եմ տարել այս ընթացքում, դրանից հետո էլ կինո չեմ կարող նկարել»,- ասաց։ Եվ իսկապես, այդ ֆիլմերը նա չնկարեց։ Մենք գնացինք Ռուդոլֆ Խաչատրյանի արվեստանոցը։ Չեք հավատա, թե նա ինչի համար էր եկել Մոսկվա։ Եկել էր, որ շնորհակալական նամակը հանձներ Բրեժնևին, որն իրեն ազատել էր բանտից։ Իսկ Բրեժնևին այդ հարցով խնդրել էր Լուի Արագոնը, Լուի Արագոնին՝ նրա կինը, կնոջն էլ՝ քույրը, որը Լիլյա Բրիկն էր։ Չնայած շատերն էին պայքարել Փարաջանովին բանտից ազատելու համար, բայց ոչ մեկին բանի տեղ չէին դրել։ Լուի Արագոնը, որը հայտնի կոմունիստ էր, չնայած նեղացած էր սովետից, եկել էր Մոսկվա, որ շքանշան ստանար Բրեժնևից։ Չէր ուզում գնալ Մոսկվա, բայց գնաց. կինն ու նրա քույրն էին ստիպել։ Մեդալն առիթ էր, որ Լուի Արագոնն ասի Բրեժնևին. «Ես խնդրում եմ, որ Փարաջանովին ազատեք»։ Քանի որ Բրեժնևն էր ազատել, Փարաջանովն էլ որոշել էր նրան շնորհակալություն հայտնել։ Ռուդոլֆ Խաչատրյանի արվեստանոց եկան նաև նրա վրացի ընկերները։ Փարաջանովի հետ գնացինք՝ նամակը հանձնելու։ Նա մտավ ընդունարան. գնաց ու գնաց, երկար ժամանակ չկար։ Մտածեցինք՝ երևի էլի բռնել-տարել են։ Գիտեինք՝ նամակում Փարաջանովն ինչ է գրել՝ շնորհակալություն և թույլտվություն գնալ Իրան, քանի որ ինքը պարսկական արվեստը շատ է սիրում։
Բանտային սցենարները՝ բանտարկված
– Ռուդոլֆ Խաչատրյանի արվեստանոցում մենք ուշադիր լսում էինք նրա բանտային պատմությունները, սցենարներն ու պարզ տեսնում էինք այդ ֆիլմերը։ Բայց դրանք նա այդպես էլ չնկարեց։ Ասում էր, որ այդ ֆիլմերի սցենարները տվել է Տոնինո Գուրեային. ինչպես ուզում է, թող նկարի։ Իսկ Գուրան ասել էր. «Սրանք միան դու կարող ես նկարել, որովհետև այստեղ գործողությունները կարծես լուսնի վրա կատարվելիս լինեն։ Ես չեմ կարող հասկանալ»։ Չնայած Տոնինո Գուերան նացիստական ճամբարներում է ապրել ու լավ պատկերացնում էր, թե ինչ է ուզում Փարաջանովը, այնպիսի սարսափելի բաներ են գրված եղել սցենարներում, որ նա հրաժարվել է նկարել։
Փարաջանովի ֆիլմն՝ առանց Փարաջանովի
– Եվ ահա այդ ֆիլմերից մեկը նկարահանվեց՝ «Կարապի լիճը. զոնա»։ Յուրի Իլենկոն նկարեց. Փարաջանովն էր նրան սցենարը նվիրել։ Այդ ժամանակ հաշտվել էին, հաճախ էին վիճում, նորից հաշտվում։ Իլենկոն հաճախ էր հայտարարում, թե ինքն է նկարում Փարաջանովի ֆիլմերն ու դրանք իր ֆիլմերն են, ոչ թե Փարաջանովինը։ Մի խոսքով՝ Իլենկոն նկարեց «Կարապի լիճը. զոնան»։ Ես տեսել եմ այդ ֆիլմը և մեծ հիասթափություն ապրել։ Իլենկոն նկարել էր այնպես, ինչպես գրված էր սցենարում։ Փարաջանովն այդպես չէր տեսնում այդ ֆիլմը։ Ես գիտեի, թե ինչպես է պատկերացնում Փարաջանովը, չէ՞ որ լսել էի նրա պատմած ամեն կադրը։
Կինոժապավենից դուրս մնացած գլուխգործոցներ
– Փարաջանովի վիճակը բանտում մի քիչ լավացել էր։ Բանտում նստած հայտնի գողերից մեկը սկսել էր նրան հովանավորել այն օրվանից հետո, երբ Փարաջանովը նրա համար գլխարկ էր ճարել. ընկերներն էին ուղարկել նրան։ Գլխարկը մեծ էր, գողն էլ՝ նիհար։ Գլխարկն ընկնում էր աչքերին։ Ես պատկերացնում եմ, թե ինչպե՜ս էր նկարելու Փարաջանովն այդ գողի սերը։ Գողի ատամները փչացել են. տանում են ատամնաբույժի մոտ։ Ատամնաբույժը կին է. նրանք սիրահարվում են առաջին հայացքից։ Կինը միշտ սպասում է, թե երբ է վերջապես իր սիրեցյալն ազատվելու բանտից։ Գողը Փարաջանովից վարդի պատկերներով բացիկներ է խնդրում։ Ընկերները բացիկներն ուղարկում են Փարաջանովին, նա էլ դրանք տալիս է գողին։ Ատամնաբույժն այդ բացիկները փակցնում է այն սենյակի պատերին, որտեղ նրանք պիտի ապրեին։ Իսկ կինը պատասխան նամակներում ամեն անգամ ուղարկում է նաև իր մազերից մի փունջ։ Գողն էլ իր բարձն այդ մազափնջերով է լցնում։ Նա Փարաջանովին ցույց էր տվել այդ բարձը։ Պատկերացնում եմ՝ եթե Փարաջանովը նկարեր այս բոլորը, ի՜նչ կադրեր, ի՜նչ ֆիլմ էր լինելու։ Գալիս է գողի բանտից ազատվելու օրը։ Նա իր մեծ գլխարկով դուրս է գալիս դռնից։ Մյուս բանտարկյալները, նրանց հետ և Փարաջանովը պատուհանից տեսնում են, որ շտապօգնության մեքենայով կինը գալիս է, իջնում։ Գողը մինչև քիթը հասնող գլխարկը բարձրացնում է, համբուրում կնոջը, նստում մեքենան ու գնում։
Մի պատմություն էլ կա մեկ այլ գողի մասին, որը շատ ծանր կյանք է ունեցել։ Փարաջանովը մի անգամ հարցնում է նրան. «Ի՞նչն է ամենից շատ տպավորվել քո կյանքում»։ Գողի պատասխանը շատ հետաքրքրիր, փարաջանովյան է լինում։ Պատմում է. «Պատերազմի տարիներն են. ես երիտասարդ եմ։ Սոված եմ. գնացքով անցնում եմ Սիբիրով։ Գնացքում մի մեծ ճամպրուկ կա. ենթադրեցի, որ մեջն ուտելիք կլինի, գողանամ ուտեմ։ Գողանում եմ ճամպրուկն ու պատուհանից դուրս գցում։ Ֆոտոհիշողությամբ մտապահում եմ, թե որտեղ ընկավ ճամպրուկը, ու կյանքիս գնով ինձ գնացքից դուրս եմ նետում։ Ձնաշաղախ, ինքնամոռաց գլորվելով՝ հասնում եմ ճամպրուկին։ Ու հենց այդտեղ տեսնում եմ գեղեցկությունը. ճերմակ ձյան վրա թափվել է մի ամբողջ ճամպրուկ լոռամրգի՝ ձյունը կարմիր ներկելով։ Ահա իմ կյանքի ամենատպավորիչ պահը»։
Փարաջանովի ֆիլմն ահա այսպիսի պատմություններ էր ունենալու, բայց սցենարում դրանք չկային. նա չէր գրել։ Իլենկոն շատ ճշգրտորեն էր նկարել սցենարը, բայց ֆիլմը չէր հուզում։ Եթե ես լսած չլինեի Փարաջանովից այս պատմությունները, միգուցե Իլենկոյի նկարած ֆիլմն ինձ դուր գար, բայց Ռուդոլֆ Խաչատրյանի արվեստանոցում նա պատմել էր ավելին, ու մենք այլ պատկերացում ունեինք նրա ֆիլմերի մասին։
Մի ուրիշ պատմություն էլ եմ հիշում։ Քանի որ Փարաջանովը նստած էր վտանգավոր հանցագործների հետ. դա հատուկ զոնա էր, որտեղ կրկնահանցագործներն էին։ Այնտեղ եղել է մեկը, մականունը՝ Ցիրկուլ. մի ոտքը չկար։ Ցիրկուլը մարդասպան էր, Ուկրաինայում կինոթատրոն էր հրդեհել, ինչի պատճառով մարդիկ էին զոհվել։ Զատկի տոնին ընդառաջ՝ տեղի փոքրիկ եկեղեցու գմբեթը բանտարկյալները ներկում են: Փարաջանովն ու Ցիրկուլն էլ են ներկում։ Գյուղի կանայք, որպես շնորհակալություն, Զատկի տոնին փշալալերից ներս ներկած ձվեր են շպրտում։ Այսպիսի գեղեցիկ կադրեր կարող էր նկարել Փարաջանովը, եթե նկարեր։
Իր վերջին ֆիլմի վրա նկարահանման հրապարակում Փարաջանովն աշխատեց ընդամենը 2 օր. առողջությունը կտրուկ վատացավ, մի թոքը հեռացրին։ Փարաջանովն այլևս չնկարեց, բայց այդ 2 օրվա նկարահանած կադրերը նրա գանձերի շարքում են։
Պատրաստեց Նաիրա Փայտյանը
Լուսանկարները «Կինոաշխարհին» է տրամադրել Ս.Փարաջանովի թանգարանը