seg5

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մի խումբ հայ և թուրք երիտասարդներ շրջել են Վանում, Կարսում, Բայազետում, Գյումրիում, Երևանում և այլ վայրերում` տեսնելու ժամանակակից կյանքն այդ տարածքներում: Նրանց հետ ճամփորդել է նաև երիտասարդ ռեժիսոր Սեգ Կիրակոսյանը, որ վավերագրել է երիտասարդների ամեն մի օրն ու ակնթարթը: Կիրակոսյանի «Սահմանների արանքում» ֆիլմը էկրան կբարձրանա 2015-ին: Երիտասարդ ռեժիսորը մեզ հետ զրույցում խոսեց ֆիլմի մտահղացման ու առանձնահատկությունների մասին:

seg3

– Սեգ, ինչի՞ մասին է քո նոր ֆիլմը, և ինչու՞ ես այն այդպես անվանել: Ֆիլմի ցուցադրական տարբերակից երևում է, որ սահման ասելով` նաև նկատի ունես պատմության, կրոնի, մտածողության, մշակույթի և այլ սահմաններ: Ըստ քեզ՝ ի՞նչ է նշանակում լինել սահմանների արանքում:

– Կինոյում ինձ ամենից շատ հետաքրքրող երևույթներից մեկը փոփոխությունն է, լինի բնավորության, տարածության թե մտածելակերպի: Ծանոթությունը ևս փոփոխություն է. նոր տարածքներ, նոր մարդիկ, նոր միջավայր: Եվ երբ իմացա, որ մի խումբ հայ երիտասարդներ առաջին անգամ հանդիպելու են թուրքերի հետ ու համերգային ծրագրով շրջելու են Արևմտյան Հայաստանում, հասակացա, որ այդ ճամփորդությունը վավերագրական կինոյի լավ նյութ կարող է դառնալ: Շուրջ կես տարի ֆիլմի նախագիծը մշակելուց հետո համերգներով ներկայացող երիտասարդների հետ 15 օր շրջեցի Դիարբեքիրում, Բայազետում, Վանում, Մուշում, Կարսում, Անիում, ապա նաև Իջևանում, Գյումրիում, Երևանում: Սրանք այն քաղաքներն էին, որտեղ հայ և թուրք երիտասարդները միասին պետք է մեկժամանոց պարային ծրագիր ներկայացնեին:
Իհարկե, գունավոր տարազներով պարերը հետաքրքիր են դիտվում էկրանին, բայց ինձ հետաքրքրողը մի համերգի ավարտից մինչև մյուս համերգի սկիզբն ընկած ժամանակահատվածն էր, այսինքն` նախապատրաստություն, շփումներ խմբի ներսում, շփումներ տեղացիների հետ, ժամանց, ճաշ և այլն: Ֆիլմը ստացվեց հայ և թուրք երիտասարդների խմբի մասին, որոնք Ցեղասպանության 100-ամյակի շեմին միասին փորձում են բացահայտել իրենց հարևան երկրների ժողովրդի առօրյա կյանքը:
seg1Առաջին երկու օրը մի քիչ դժվար էր, որովհետև մասնակիցները տեսախցիկին վերաբերվում էին, ինչպես իրենց ընկերոջ հեռախոսին, որով նկարահանում են սեփական արխիվի համար: Այսինքն` տեսախցիկի առջև հայտնվելով` սկսում էին ձեռքով անել և ժպտալ: Քանի որ նկարահանման համար ընդամենը 15 օր ունեի, խնդրեցի, որ տեսախցիկին ուշադրություն չդարձնեն: Նախորդ ֆիլմերս նկարահանելիս մի քանի շաբաթ անընդհատ նկարում էի, մինչև որ հերոսները սկսում էին չնկատել խցիկը: Բարեբախտաբար այստեղ այդ գործընթացն ավելի արագ տեղի ունեցավ, ու մասնակիցները սկսեցին ինձ հետ համագործակցել` չքաշվելով տեսախցիկի ներկայությունից: Դրա շնորհիվ կարողացա արձանագրել մարդկային անկեղծ զգացմունքներ ու հարաբերություններ: Վերնագրի մասին երկար եմ մտածել: Նկարահանումների ժամանակ որոշել էի ֆիլմն անվանել «Բառերից ավելին»: Հետո, երբ մոնտաժում էի ֆիլմի 5-րոպեանոց ցուցադրական կամ դեմո տարբերակը, փոքրիկ հետազոտություն անցկացրի, թե ինչպես է ընկալում այդ վերնագիրը ֆիլմի մասին ոչինչ չիմացող մարդը: Շատերն ասում էին, որ ռոմանտիկ մելոդրամայի ակնկալիք է ստեղծում: Հետո ուղեղիս մեջ սկսեցին պտտվել սահմանները, որոնք ավելի բնութագրական էին ֆիլմին: Հայաստանի և Թուրքիայի սահմանալարերի միջև չեզոք գոտիներ կան, որտեղ մտնելու դեպքում կյանքդ վտանգի տակ ես դնում: Իմ կարծիքով՝ մեր հասարակություններում ևս գիտակցության ու մտածողության սահմանալարեր կան: Այս ծրագրի երիտասարդները, իմ դիտարկմամբ, միմյանց պարերը միասին պարելով, նմանատիպ սահմանալարեր էին հատել, այդտեղից էլ ծնվեց «Սահմանների արանքում» վերնագիրը:seg2
Այս ֆիլմը լավ միջոց է Ցեղասպանության 100-րդ տարելիցին թեման նոր լսարանի հասցնելու համար: Պատմական փաստերը ներկայացնող բազմաթիվ ֆիլմեր են ստեղծվում, որոնք հիմնականում դիտում են հայերը կամ պատմությամբ հետաքրքրվող մարդիկ: Իսկ այստեղ ժամանակակից կյանքը մենք ներկայացնում ենք ապրող ժողովրդի կերպարով: Այստեղ ցեղասպանությունը ներկայացված է որպես փաստ, երբ օրինակ` Բայազետում մի պարոն պատմում է, որ իր պապը 1915 թվին ողջ մնացած ընտանիքի միակ անդամն է եղել, կամ թուրք մասնակիցը Մուշում ցույց է տալիս ավերված պարիսպներ ու ասում, որ այդտեղ հայեր են ապրել: Էլ չեմ ասում Անիի մասին, որի հայկականությունն ակներև է: Մի խոսքով, սա նաև արտերկրի փառատոնային հանդիսատեսին հասնելու փորձ է:

– Ի՞նչ էիր զգում ֆիլմը նկարելիս, ի՞նչ զգացողություններ ունեիր հայկական հողերով անցնելիս:

seg4– Անկեղծ ասած, ի սկզբանե օտարության զգացողություն չունեի, ինչ-որ հայկականություն էի զգում այդ սարերում ու դաշտերում: Միայն թե Աղթամար կղզի և Անի այցելելիս պետք է մուտքի վճար տայինք: Մի քիչ ընդդիմանալու զգացում էր առաջացնում, բայց դա ավելի նախընտրելի տարբերակ է, քան Ջուղայի խաչքարերի հետ ադրբեջանական իշխանությունների հաշվեհարդարը: Թուրքերը գոնե պահում են: Ես ինձ այնքան էլ զգացմունքային մարդ չեմ համարում և կարողանում եմ հույզերս թաքցնել: Բայց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, երբ հայ մասնակիցները հուզվել էին, իսկ ես էլ նկարում էի, նկատեցի, որ իմ տեսախցիկն էլ թրջվեց: Օտար կինոդիտողի համար հնարավոր է` անհասկանալի լինի, թե ինչու են հայերը հուզվել այդ տարածքում, բայց պարզունակ լուծում կլիներ մոտենալ և նրանց հարցեր տալ: Փոխարենը, երբ արդեն եկել էինք Հայաստան ու Սևանում էինք, թուրք մասնակցին հարցրի, թե իր կարծիքով ինչու էին հայերն արտասվում: Հետաքրքիր պատասխան եղավ:

– Ի՞նչ պատասխան:

– Պատասխանը ֆիլմը դիտելիս կիմանաք:

– Սեգ, Ցեղասպանության տարելիցին ընդառաջ բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվում, ինչո՞վ է առանձնահատուկ քո ֆիլմը, ի՞նչ կարող է փոխել:

– Այո, շատ ֆիլմեր են նկարահանվում, բայց դրանք խաղարկային են, այսինքն` սցենարական և դերասանական միջամտություն կա, իսկ վավերագրականներն էլ հիմնականում պատմում են մեկ դար առաջվա ողբերգական դեպքերի մասին: Ու քանի որ դա կար, իմ ֆիլմի նկարահանումների ժամանակ անհանգիստ չէի, եթե որևէ կոնկրետ պատմական վայրում մասնակիցները տարածքը երկար ուսումնասիրելու և նոր պատմական փաստեր բացահայտելու ժամանակ չէին ունենում: Ինձ համար ավելի կարևոր էր կենդանի կյանք ցույց տալը, ապրող հայ երիտասարդին ցույց տալը: Եվ այդ համատեքստում չշեշտադրված պատմությունները հայերի տների, եկեղեցիների ավերակների ու ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց մասին իրենց իսկ ժառանգներից ավելի անկողմնակալ, անմիջական տպավորություն կարող են թողնել ոչ միայն հայերի ու արտասահմանցիների, այլև հենց թուրք ազգայնականների վրա, որոնք մանկուց այլ պատմություն են սովորել ու դրան են հավատում:
Արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը վերջերս ինձ նվիրեց իր «Լոռվա բանահյուսության ափերին» գիրքը և առաջին էջում գրեց. «Սերգեյ, գիտե՞ս, որ պատահական խոսքի մեջ է ճշմարտությունը»: Կարծում եմ` հենց այս բանաձևն է իմ ֆիլմի առանձնահատկությունը:

– Ի՞նչ փուլում է կինոնկարը:

– Ֆիլմը հիմա հետարտադրական փուլում է, ավարտելու և տարածելու համար ֆինանսական աջակցության կարիք կա:

– Ե՞րբ ես նախատեսում ավարտին հասցնել բոլոր աշխատանքները և այն ներկայացնել հանրությանը:

– Ամեն ինչ կանեմ, որ մինչև ապրիլ ավարտեմ, ուղղակի հետարտադրական փուլը, ապա նաև ֆիլմի տարածումն ապահովելու համար պետք է միջոցներ գտնեմ: Նկարել եմ պրոֆեսիոնալ տեսախցիկով ու չեմ կարող այդ հսկայական նյութն իմ համակարգչով մոնտաժել: Բացի այդ, հմուտ մոնտաժողների կարիք ունեմ: Ի դեպ, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել HD Studio-ի ղեկավար Կարեն Խաչատրյանին, որ իր պրոֆեսիոնալ տեխնիկան վստահեց ինձ, այն էլ անվճար: Չնայած լավ չէր պատկերացնում, թե ինչ կստացվի վերջում, բայց տեսավ, որ այրվում եմ ֆիլմի գաղափարով: Որոշել էի՝ ինչ էլ լինի, նկարել, թեկուզ իմ MiniDV տեսախցիկով, բայց գիտեի, որ կինո կդառնա: Երբ մի տեղ շատ զգացմունքներ ու զգացողություններ կան, որոնք անկեղծ ու ազնիվ են արտահայտվում, այդտեղ կինո փնտրելը հետաքրքիր է:

https://www.youtube.com/watch?v=4yRqHSqT4ow&feature=youtu.be

Գ․Ռ․Գ․


Վենետիկի կինոփառատոնը կկայանա նախատեսված ժամկետներում

Վենետիկի կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը՝  նախատեսված ժամկետներում, քանի որ երկրում   կորոնավիրուսի տարածումը հասել է նվազագույնի։ Ինչպես հայտնում է Deadline-ը,...

|25 Մայիս 2020,13:59